Jump to content

Դասթան (1899) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դասթան
Կյանքի դասը

Դասթան


Որի շուրջը դժնիկ փշով է պատած,
Մի մտիր այն այգին, անփորձ պատանի,
Նրա ստվերի տակ օձեր կան պառկած,
Ապահով չէ ամեն ծառի հովանի։
Շատ է այս աշխարհի ճարպիկ խաբեբան,
Հազարից մեկը չէ ուզածիդ նման.
Ակը կեղծ քարից է մեծամասնության —
Ադամանդ չէ ամեն փայլող մատանի:
Երբեմն կդառնա սագը փոքրիկ հավ,
Աչքերդ բաց, ուշի ուշով զննե լավ.
Արտաքինով մի շլանար դու բնավ,
Կարծածիդ պես դուրս չի գալ շատ գեղանի։
Հավերու մեջ աքլորը մեծ ըմբիշ է,
Ճգնավորին քարը փափուկ բալիշ է.
Աշխարհաշեն խելոք մարդը ուրիշ է,
Շատ կա խոսուն, մարդու նման կենդանի:
Փող է ծախսել, ման է եկել Եվրոպա,
Հագել, կապել, ծածկել է թանկ շլյապա.
Գլխարկը մեծ, տակը մեծ գլուխ չկա,
Շատ կգտնիս այդ տեսակ մարդ անվանի:

Փառավորված, փայլող մարդ գերազանցը,
Կաշկանդված է, նա էլ ունի յուր ցանցը.
Թե լավ քննես, երջանիկ չէ այն անձը,
Ում որ կասեն՝ երանի քեզ, երանի։
Աստծո գաղտնիքը մարդ չի իմանա,
Փրկիչը մսուրի մեջը կերևա.
Շատ անգամ՝ մեծ տանից մեծ մարդ դուրս չի գա,
Խուղերից կծնեն քաջեր պիտանի։
Ջանա գտնես անանց կյանքը երկնային,
Վաղանցուկ է շուքն ու փառքը մարդկային.
Առողջություն չի տալ հիվանդ արքային,
Ոսկով պատած յուր զգեստը ծիրանի։
Ճանաչե լավ բանի արժեքը, գինը,
Ներսինին չի հասնիլ գոված դրսինը.
Մինչև նորը ճարես, կկորչի հինը,
Կսառնանա բարեկամդ ընտանի։
Սիրունը տգեղին կլինի արժան,
Առողջ տղամարդը կառնե խեղ կնկան,
Աշխարհի մեջ հակառակ է ամեն բան,
Չեն հանդիպել ով որ ում է արժանի։
Քարոզիչը թե չլինի անարատ,
Նա սրբության մասին չի խոսիլ ազատ,
Թե մեկը գործ չունի խոսքին համեմատ,
Կհամարվի թութակի պես լեզվանի։
Ժողովուրդն է թե գյուղ, թե քաղաք շինող,
Նա է անշունչ առարկային կյանք տվող.
Ոչ աղոթող ունին, ոչ կարգ կատարող,
Շքեղ եկեղեցիք շատ ունի Անի։

Ամեն ոք բարի չէ, վրադ չի խղճալ,
Բան մի ասիլ, զուր տեղը մի մերկանալ.
Ամեն մարդու քու վերքերդ մի ցույց տալ,
Բժիշկ ճարե, որ դնե սպեղանի։
Հպարտ մեռիր, գաղտնի պահե սրտինդ,
Թող թշնամին չիմանա քու ներսինդ.
Քանի ողջ ես, դառնություն է բաժինդ,
Երբ մահացար՝ կքաղցրանաս, Ջիվանի։

1899