Դավիթ-բեկ/Երկրորդ/ԺԷ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԺԶ Դավիթ-բեկ

Րաֆֆի

Երրորդ գիրք - Ա
[233]
ԺԷ

Բեկը ամենը հասկացավ։ Թամարի խառնված գիսակները, ծվատված, արյունոտ ձեռքերը, ցեխոտված, փոշոտված հագուստը, գունաթափ դեմքը, բոցավառ աչքերը ավելի պարզ խոսում էին այն սաստիկ հոգեկան վրդովմունքի մասին, որ նրան այն ահագին գիշերային պահուն բերել էր իր բնակարանը։ Նա խելագարի նման կախվեցավ Բեկի պարանոցից և երկար բաց չէր թողնում իր գրկից։ Սրտի սաստիկ հուզմունքը խլել էր նրանից լեզվի ընդունակությունը․ նա մի բառ անգամ չկարողացավ արտասանել․ միայն ալեկոծված կուրծքից երբեմն դուրս էին թռչում խուլ հառաչանքներ և լսելի էին լինում մթին, անորոշ բացագանչություններ։ Աչքերում արտասուք չկար։

— Եթե կարողանայի լաց լինել, ես կհանգստանայի, — ասաց նա, թաքցնելով իր երեսը Բեկի կուրծքի վրա։

Երիտասարդը նույնչափ խռովության մեջ լինելով, ոչինչ չպատասխանեց, միայն նստեցրեց նրան թախտի վրա, ինքն էլ տեղավորվեցավ նրա մոտ, օրիորդի դողդոջուն ձեռքերը բաց չթողնելով իր ձեռքերի միջից։

[234]
— Դու ամեն բան լսել ես, Թամար, բոլորը գիտես, — վերջապես խոսեց նա բավական հանգիստ ձայնով։ — Դու ուրիշներից լսեցիր այն, ինչ որ ես ուղղակի պիտի ասեի քեզ։ Այդ մի կողմից լավ է, որ դու արդեն նախապատրաստված ես, որ դու արդեն փորձել ես դառն տանջանքի ամենածանր մասը։ Բայց ես ավելին պիտի ասեմ քեզ, և հավատացա եմ, որ դու այնքան սրտի ամրություն ունես, որ սառնությամբ կլսես ինձ։ Մի կողմ դնենք մեր զգացմունքների թուլությունները, որ կարողանանք հասկանալ միմյանց։

Օրիորդը գլուխը քարշ գցած լսում էր։ Բեկը շարունակեց։

— Դու դեռ բոլորը չգիտես, Թամար, դու լսել ես միայն, որ ես գնում եմ, բայց ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար, — այդ չգիտես դու։ Ես բոլորը կասեմ քեզ, հավատացած լինելով, որ քեզ հայտնած ամեն գաղտնիք, դարձյալ իմ սրտումը կմնա։ — Ես գնում եմ իմ հայրենիքը, Թամար, և գուցե հավիտյան բաժանվում եմ քեզանից, գուցե այլևս չպիտի տեսնենք միմյանց։ Ես զգում եմ, թե այդ խոսքերը որքան ծանր են քո սրտին, զգում եմ, թե որքան դառն պիտի լինի քեզ համար ինձանից բաժանվելը։ Բայց ես հենց քեզ դատավոր պիտի ընտրեմ, և գիտեմ, որ արդար դատավոր կլինես։ Եթե դու ասելու լինես՝ «մի’ գնա», — ես չեմ շարժվի իմ տեղից։ Կամենո՞ւմ ես դատավոր լինել։

— Խոսիր, — ասաց օրիորդը գլուխը վեր բարձրացնելով։

— Մենք սիրում ենք միմյանց, Թամար։ Ես այդ «սիրում ենքը» այդպես եմ հասկանում, թե մեր երկուսիս մեջ կա մի սիրտ, կա մի հոգի — այն, ինչ որ կրոնավորը այր և կնոջ մասին ասում է՝ երկու անձինք մի մարմնի մեջ միացած։ Եթե այդպես է, եթե մենք երկուսս միևնույն հոգին, միևնույն սիրտն ենք կրում, ուրեմն, ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում, իսկ դու պիտի սիրես այն, ինչ որ ես եմ սիրում։ Ուրիշ կերպ ներդաշնակություն կայանալ չէ կարող։ — Այդպե՞ս է։

— Այդպես է, — պատասխանեց օրիորդը։ — Հիմա այն ասա՜, թե ի՞նչ ես սիրում դու, որ ես էլ նույնը սիրեի։

— Ես սիրում եմ իմ հայրենիքը և իմ ազգը։ Ես իմ անձի մասին շատ բան պատմել եմ քեզ, Թամար, դու գիտես իմ կյանքի բոլոր մանրամասները, սկսյալ իմ մանկությունից մինչև այժմ։ Բայց իմ ազգի, իմ հայրենիքի մասին դեռ ոչինչ չեմ պատմել քեզ։ — Եվ նա սկսեց նկարագրել Հայաստանը այնպիսի ազդու, կենդանի գույներով, որ չէր կարելի սառնասրտությամբ լսել։ Նկարագրեց
[235]
նրա անցյալ փառքը և ներկա անբախտ դրությունը։ Նկարագրեց մահմեդականների անգութ բարբարոսությունները և ստրուկ ժողովրդի սարսափելի նեղությունները։ Եվ որպես կնոջ՝ Թամարի զգացմունքների վրա ավելի ազդելու համար, նկարագրեց հայ կնոջ թշվառ վիճակը․ — կինը այնտեղ իր ամուսնի սեփականությունը չէ, պատահած սրիկան կարող է նրան իր կրքերին ծառայեցնել։ Մի փոքր ընդդիմությունը բավական էր, որ մոր երեխան իր կուրծքի վրա մորթեին։ Աղջիկը այնտեղ իր տասն տարեկան հասակում զոհ է դառնում մի որևիցե անզգամի բռնաբարությանը։ Նրան խլում են հայրենական օջախից և ոչխարի նման վաճառում են, կամ բարեկամը բարեկամին ընծա է ուղարկում։

Եվ ուրիշ շատ սոսկալի դեպքեր պատմելով ժողովրդի ընտանեկան և տնտեսական դրությունից, նա ասաց․

— Ահա այդ ողորմելի ժողովուրդը փրկություն է որոնում, աշխատում է ազատվել բռնակալի լծից և ինձանից օգնություն է խնդրում։ — Ի՞նչ ես ասում, Թամար, գնա՞մ, թե ո՜չ, ես սկզբից քեզ դատավոր ընտրեցի։

— Գնա՜, աստված քեզ հետ, — պատասխանեց օրիորդը և միևնույն ժամանակ նրա դեմքը, որ մինչև այն րոպեն տխուր էր, պայծառացավ խիստ ուրախ զվարթությամբ։ — Բայց ես քեզանից մի բան պիտի խնդրեմ, Դավիթ, պետք է ինձ էլ քեզ հետ տանես։ Դու ինքդ ասացիր, որ ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում։ Ես սիրեցի քո ազգը և քո հայրենիքը։ Ինչո՞ւ միասին չկռվենք, ինչո՞ւ միասին չմեռնենք։

— Այդ շատ գեղեցիկ կլիներ, Թամար, բայց ես ցավում եմ, որ կռվի արյունոտ դաշտը կնիկների համար չէ։

— Ես գիտեի, որ այդպես պիտի ասես, — խոսեց օրիորդը փոքր-ինչ վիրավորված եղանակով։ — Բայց դու ինձ բավական ճանաչո՛ւմ ես, Դավիթ։ Դեռ փոքրիկ աղջիկ էի, սիրում էի լեռը, դաշտը, անտառը։ Դու շատ անգամ տեսել ես ինձ միայնակ լեռների մեջ, երբ դեռ հովիվ էիր։ Գազանների մռնչյունը, հեղեղատների կատաղի հոսանքը չէր վախեցնում ինձ։ Ինձ միշտ մեծ զվարճություն էր պատճառում, երբ անապատում գտնված ժամանակ մրրիկի կամ փոթորիկի էի հանդիպում։ Դեռ տասն տարեկան հազիվ կլինեի, որ հայրս ինձ ձիու վրա նստեցնելով, տանում էր իր հետ որսորդության։ Շատ անգամ անձրևից թրջված, կարկուտից ծեծված, տուն էի վերադառնում։ Գուցե ես այսպես չդաստիարակվեի, եթե մայրս վաղ մեռած չլիներ։ Բայց խորթ
[236]
մոր անհոգությունը ավելի ազատություն էր տալիս ինձ։ Ես աճեցի, զարգացա, որպես մի վայրենի եղջերու։ Բոլոր հեքիաթների, բոլոր պատումների մեջ ինձ ոչինչ այնքան չէր հետաքրքրում, որպես լեզգիների, չեչենների և չերքեզների կնիկների սովորությունները։ Ես հիանում էի նրանց քաջագործությունների պատմությունները լսելիս, և միշտ մի առանձին նախանձով ասում էի ինձ ու ինձ․ «Ի՞նչու ես էլ լեզգու կամ չերքեզի աղջիկ չեմ»։ Այդ բոլորը դու ինքդ լավ գիտես, Դավիթ։ Հիշո՞ւմ ես, շատ անգամ ասում էիր ինձ․ «Ես սիրում եմ քեզ, Թամար, ավելի նրա համար, որ իշխանական տան թուլությունների մեջ չփչացար դու»։ Այժմ ի՞նչ ես կարծում, թե ես քեզ հետ գալով, կարող եմ քո վրա մի ծանր բեռ դառնալ։

Բեկը մեծ ուրախությամբ լսում էր մանկահասակ հերոսուհու խոսքերը, հիանում էր նրա սրտի անկեղծ զեղմունքով։ Նա գիտեր բոլորը, ինչ որ այնպես հպարտությամբ պատմում էր Թամարը, ճշմարիտ էր։ Բայց տանել իր հետ նրան, սարսափելի փորձանքների ենթարկել այդ պատվական գանձը, նա անկարող էր։ Օրիորդը նկատելով նրա լռությունը, երես առած երեխայի նման, կախվեցավ նրա պարանոցից, և անհագաբար նրա երեսը, աչքերը, շրթունքը համբուրելով, սկսեց ավելի և ավելի թախանձել նրան, ասելով․

— Տա՜ր, քո հոգուն մատաղ, ինձ էլ տա՜ր, աղաչում եմ, խնդրում եմ, պաղատում եմ, ինձ էլ տա’ր։ Մի քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե ինչ որ դու սիրում ես, ես էլ պիտի սիրեմ, թե մեր երկուսի մեջ միևնույն սիրտը պետք է լինի։ Ինչո՞ւ ես էլ չպիտի սիրեմ քո հայրենիքը, երբ որ դու սիրում ես․ ինչո՞ւ ես էլ չպիտի արյուն թափեմ նրա համար, երբ դու քո արյունը զոհում ես։ Չէ՞ որ մեր երկուսի մեջ միևնույն սիրտն է բնակվում։

Բեկը վերջին խոսքից բռնելով, պատասխանեց նրան։

— Հենց այդ պատճառով, էլ մեր երկուսիս մեջ միևնույն սիրտն է բնակվում, հենց այդ պատճառով, որ մենք երկուքս մի մարմին ենք կազմում, քո ինձ հետ լինելը ավելորդ է, այսինքն կամենում եմ ասել՝ իսկապես դու ինձ հետ կլինես։ Որովհետև ես սրտով, հոգով, մարմնով բաժանված չեմ լինի քեզանից։ Դարձյալ քո հոգին պիտի ոգևորե ինձ, դարձյալ քո սիրտը պիտի սիրտ տա ինձ։ Ես պիտի ուժ և զորություն ստանամ, միշտ այն տպավորության տակ գտնվելով, թե Թամարը ինձ հետ է։ Մի՞թե դու չես հավատում այդ խոսքերին, որ այդ իսկապես այդպես է։ Մենք հրեշտակներին
[237]
չենք տեսնում, բայց հավատացած ենք, որ նրանք աներևութապես գործում են մեզ հետ․ օգնում են մեզ, երբ նրանցից օգնություն ենք խնդրում, զորություն են տալիս մեզ, երբ նրանց աջակցությանն ենք դիմում։ Դու կլինես իմ պահապան հրեշտակը, Թամար, դու այստեղից ևս կարող ես հովանավորել և պաշտպանել ինձ։ Դու գիտե՜ս, Թամար, որ ես մինչև այսօր կատարած իմ ամենամեծ հաղթություններով պարտական եմ քեզ, միայն քեզ։ Երբ ես վերադառնում էի կռվի դշտից գերիներով և պատերազմական անհուն ավար ինձ հետ բերելով, ոչ մի վարձատրություն, ոչ մի գովասանք ինձ համար այնքան քաղցր, այնքան թանկագին չէր, որպես քո ժպիտը, որպես քո համբույրը, Թամար, երբ ինձ գրկելով ասում էիր․ «Իմ քա՛ջ, իմ հերոս․․․»։ Այդ խոսքերը լցնում էին իմ սիրտը անսահման բերկրությամբ, ինձ ավելի ուժ և զորություն էին տալիս, երբ մտածում էի, թե կա մեկը, որ անկեղծությամբ համակրում է իմ գործունեությունը, և ես աշխատում էի քեզ ավելի ու ավելի հաճելի լինել, և ավելի մեծ գործեր գործել։ Եվ իմ այժմյան արշավանքը դեպի իմ հայրենիքը դարձյալ քո սիրո համար է, Թամար։ Լսիր, այդ մասին մի փոքր երկար պիտի խոսեմ քեզ հետ։ — Իմ կյանքի պատմությունը ուսուցել է ինձ հավատալ ճակատագրին, հավատալ բախտին։ Իմ նախազգացումները միշտ կատարված են եղել, երբ ես մի բանի վրա հույս և հավատ եմ ունեցել։ Մենք սիրեցինք միմյանց դեռ այն ժամանակ, երբ ես հովիվ էի։ Այդ իմ կողմից մի տեսակ լրբություն էր, բայց ես հավատացած էի, որ իմ վիճակը կբարձրանա և քեզ արժանի կլինեմ։ Այդպես էլ եղավ։ Անակնկալ դեպքեր ինձ հաջողեցրին մտնել պալատը և քեզ ավելի մոտ լինել։ Ես դեռ խիստ ստոր աստիճանի վրա էի կանգնած, երբ քո խորթ մայրը աշխատում էր քեզ ձգել իմ գիրկը, որպեսզի ինքը ավելի դյուրություն ունենա իր հարազատ աղջիկը տալ Լևանին, որ քեզ սիրում էր։ Բայց ես միշտ հետաձգում էի մեր ամուսնությունը, որովհետև ինձ դեռ բավական անարժան էի համարում քո ամուսինը լինելու։ Այնուհետև իմ դիրքը շատ բարձրացավ, բայց ես դարձյալ մնացի այն համոզմունքի վրա, թե դեռ մի բան, և ամենագլխավոր բանը պակաս է։ Այժմ մնում է լրացնել այդ պակասը։ Ես վաղուց մտածում էի իմ հայրենիքի մասին, բայց սպասում էի, մինչև հաջող հանգամանքները նպաստեին իրագործելու իմ նպատակը։ Այժմ հանգամանքները նպաստավոր են, և ես դիմում են այն նպատակին։ Ազատել հայրենիքս, ազատել իմ ազգը
[238]
և Հայաստանի թագուհու թագը քո գլխին դնել, — ահա այն մեծ նպատակը, Թամար, որի մասին խոսում եմ։ Ես այն ժամանակ միայն պիտի պսակվեմ քեզ հետ, երբ հայոց թագավորների և թագուհիների թագերով կպսակեն մեզ։ Այդ ցնորք չէ, Թամար, դա կախված է իմ քաջությունից և իմ սրի հաջողությունից։ Իսկ քո սերը բավական է, Թամար, որ վառե իմ քաջությունը, որ առաջնորդե ինձ, որ լուսավորե իմ ճանապարհը այն հրեղեն սյունի նման, որ աստված ուղարկեց Իսրայելը Եգիպտոսի գերությունից ազատող Մովսեսի ճանապարհը լուսավորելու համար։

Մի ուրիշը Թամարի տեղ, լսելով այդ խոսքերը, կգրկեր իր սիրելիին, կհամբուրեր նրան, անվերջ, անթիվ կերպով կհամբուրեր, կթափեր նրա առջև իր հոգու ամենաջերմ զգացմունքները, և մարդկային լեզվի ամենաբարձր, ամենավսեմ խոսքերով կհայտներ իր սրտի անսահման ուրախությունը, թե որքան բախտավոր է ինքը, թե որքան երջանիկ է, որ ունի մի այսպիսի քաջ, անձնվեր և ազնիվ տղամարդ։ Բայց Թամարը իր սովորական գեղեցիկ ժպիտը գեղեցիկ դեմքի վրա, դարձավ դեպի Բեկը, ասելով․ — Այդ բոլորը շա՛տ լավ է, շա՛տ սքանչելի է, բայց ես դարձյալ կրկնում եմ իմ աղաչանքը, որ ինձ էլ քեզ հետ տանես, որ ես էլ մաս ու բաժին ունենամ այն սուրբ գործի մեջ, որ պիտի կատարես դու։

— Անկարելի է, Թամար։ Եթե մի բան, որ պիտի խնդրեմ քեզանից իմ բաժանման րոպեում, թող այդ լինի․ մնացի՜ր քո հոր տանը։ Պատերազմական գործն ունի իր այլ և այլ խորամանկությունները։ Դու բոլորովին կփչացնես իմ կարգադրությունները, եթե ինձ հետ գալու լինես։ Պատճառները կբացատրեմ քեզ։ Դու գիտես, որ ես հեռանում եմ այստեղից ուխտավորի անունով։ Իբրև ամուսին քեզ ինձ հետ տանել չեմ կարող, որովհետև դու դեռ իմ նշանածն ես։ Իսկ եթե իբրև նշանած տանելու լինեմ, դա մի կողմից անպատշաճ է, մյուս կողմից, հազիվ թե թույլ կտային։ Բայց եթե թողնելու ևս լինեին, անպատճառ կշրջապատեին քեզ մի ամբողջ խումբ կնիկներով, աղախիններով և ծառաներով։ Դրանց մոտ կբացվի իմ հնարած ուխտագնացության գաղտնիքը, որը ես ամենայն զգուշությամբ պետք է ծածուկ պահեմ։ Մնում է մի ուրիշ հնար, այն է՝ քեզ փախցնել այստեղից։ Այդ ես կանեի, բոլորովին ուշադրություն չդարձնելով բամբասանքի վրա, որովհետև սերը ավելի բարձր է, քան հասարակության նախապաշարմունքը։ Բայց դարձյալ մի այսպիսի վարմունք կվնասեր գործին։ Ես իսկույն կմերկացնեի այն պատրվակը, ինչ անունով որ այստեղից դուրս եմ գալիս։ Իսկույն
[239]
կսկսեին այստեղից հետամուտ լինել ինձ և լրտեսել իմ գործողությունը։ Իմ պլանները այնուհետև բոլորովին կխախտվեին։

— Ես այժմ համաձայն եմ քեզ հետ, ես այստեղ կմնամ և կսպասեմ քո հաջողությանը․․․։ -Վերջին խոսքերը այնպիսի մի եղանակով արտասանեց Թամարը, կարծես, նույն րոպեում նրա գլխից անցավ մի նոր և ավելի գործնական միտք։ Բեկը ոչինչ չնկատեց, միայն գրեց նրան և համբուրեց, ասելով․ — իմ խելացի՛, իմ հրեշտա՜կ․․․ — Բայց ի՞նչ միտք էր այդ․ ի՞նչը համոզեց նրան հրաժարվել իր համառ պահանջից և այդպես շուտ համաձայնվել Բեկի հետ։ Թամարը կամքի տեր աղջիկ էր, նա հեշտությամբ կոտրվող պտուղներից չէր։ Չի՞ցե թե նա մտածեց․ «Թո՜ղ գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի․․․ ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի․․․»։ Ի՜նչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան։

— Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել, — հարցրեց օրիորդը։

— Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ, — պատասխանեց Բեկը․ — ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է՝ ստանալ քո համաձայնությունը․ այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք։ Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից։

— Ուրեմն մի՜ ուշացիր, — շտապեցնում էր օրիորդը։ — Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր մի թուղթ, ի՞նչ թուղթ էր այն։ Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ, մի շատ կարևոր բան պիտի լիներ։

— Որքան հետաքրքիր ես դու, Թամար, ամեն բան ուզում ես գիտենալ, — ասաց Բեկը ծիծաղելով։ — Ես գրում էի իմ կտակը։

— Կտա՞կ․․․-բացականչեց օրիորդը շփոթվելով․ — Ինչո՞ւ համար է կտակը։

— Որ կնքած քեզ հանձնեմ, որ դու նրա կնիքը լուծես միայն այն ժամանակ, երբ իմ սպանման լուրը քեզ կբերեն։ Խո կարո՞ղ է պատահել, որ ինձ սպանեն։

— Կարող է պատահել․․․-տխրությամբ ասաց օրիորդը։ — Բայց դու կասե՞ս ինձ այդ կտակի բովանդակությունը։

— Այժմ ոչ, բայց երբ կմեռնեմ, բոլորը կարող ես գիտենալ։

— Երևի քո կայքերի, քո ճորտերի մասի՞ն է, — դարձյալ հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը։
[240]
— Ավելի լավ է չհարցնես, իմ մահը միայն իրավունք կտա քեզ բաց անել այն ծրարը, որ պիտի հանձնեմ քեզ։

Այդ միջոցին Կատոն, որ ընդունարանում քնած էր, հանկարծ զարթեցավ, և նկատելով երդիկից վաղորդյան լույսը, վազեց Բեկի ննջարանը, ասելով․

— Թամար, շուտով փողոցները կլցվեն մարդիկներով, դու շատ ես ուշանում։

— Լավ, դրսում սպասիր, ես այս րոպեիս կգամ, — ասաց նրան օրիորդը փոքր-ինչ բարկացած ձայնով և դարձավ դեպի Բեկը։

— Մենք էլի կտեսնվենք, այնպես չէ՞։

— Անպատճառ, ես առավոտյան կգամ մեծ պարոնին իմ վերջին մնաք բարյավը ասելու, հետո կանցնեմ քեզ մոտ։ Միայն այնպես կարգադրիր, որ քո սենյակում ուրիշ ոչ ոք չլինի, բացի քեզանից։

Օրիորդը վեր կացավ։ Բեկը բռնեց նրա երկու ձեռքերից և սարսափելով նկատեց, որ նրանց վրա արյան բծեր կային։

— Այդ ի՞նչ է, — հարցրեց նա, ավելի ուշադրությամբ նայելով օրիորդի կեղեքված ձեռքերի վրա։

— Ես այսօր ինձ նախապատրաստեցի արյան համար, — ասաց նա ժպտելով․ — պարտեզի ցանկապատից անցնելու ժամանակ ձեռքերս ծվատեցի։

Երիտասարդը խորին հափշտակությամբ նրա ձեռքերը սեղմեց իր շրթունքի վրա, ասելով․

— Ես ավելի մեծ հաճությամբ կհամբուրեի այդ ձեռքերը, եթե մեր թշնամիների արյունով ներկված լինեին։

— Այդ էլ կլինի․․․-պատասխանեց օրիորդը խորհրդավոր ձայնով և փաթաթվեցավ երիտասարդի պարանոցին։ Նրանք երկար չէին բաժանվում միմյանցից, մինչև նախասենյակից կրկին լսելի եղավ Կատոյի անախորժ կանչյունը․ «Բավակա՛ն է․․․ ուշանում ես, օրիորդ․․․»։

Օրիորդը փաթաթվելով իր շալի մեջ, Բեկի տան ետևի դռնով դուրս եկավ պարտեզը․ Բեկը ճանապարհ դրեց նրան մինչև պարտեզի ցանկապատի չարչվան[1]։ Երկինքը բոլորովին ամպամած լինելով, նոր ծագող առավոտը դեռ մթին էր։ Մոխրագույն մառախուղը պատել էր ամենուրեք։ Օրիորդը բաժանվեցավ իր սիրելիից, կրկին և կրկին անգամ հարցնելով․
[241]
— Կգա՞ս ինձ մոտ, կգա՞ս․․․ չուշանաս, սիրելիս․․․

— Չեմ ուշանա, իմ հրեշտակ․․․

Նույն ավուր երեկոյան պահուն Դավիթ բեկը թողեց Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթը, և դուրս գալով վրաց Շահնավազ իշխանի ծառայությունից, իր քառասուն քաջերի հետ ուղևորվեցավ դեպի Սյունյանց աշխարհը։

Երկրորդ գրքի վերջը

Տողատակեր[խմբագրել]

  1. Չարշվա նշանակում է կալիտկա։