Դեղձանիկը և բանաստեղծը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Դեղձանիկը և բանաստեղծը
Երկուքս էլ միակերպ դրություն ունինք,
Ցավերս մեկ տեսակ, սիրուն դեղձանիկ,
Բանտի չոր քարերը եղան ինձ կողինք,
Քեզ վիճակվեց վանդակ, սիրուն դեղձանիկ։
Մենք երկուսս էլ գեղգեղում ենք անդադար,
Չարչարվում ենք ազատ լինելու համար,
Մենք ժայռի սերունդ ենք լեռան սիրահար,
Քարանձավի զավակ, սիրուն դեղձանիկ։
Բախտակից ընկերս, հավատարիմս,
Դու սրտիս սիրելին, դու մտերիմս,
Եթե համեմատենք քո կյանքդ, իմս,
Քո գործն է աջողակ, սիրուն դեղձանիկ։
Դժոխք է վանդակդ, հանգչել չես կարող,
Աշխատում ես սակայն փախչել չես կարող,
Թևերդ ուժ չունեն, թռչել չես կարող,
Դու էլ չես ընդունակ, սիրուն դեղձանիկ։
Ջիվանի, ջահերի նման վառվռում ես,
Դիպչում ես պատեպատ, շատ չարչարվում ես,
Դու քո ընկերովդ մխիթարվում ես,
Ես անընկեր տատրակ, սիրուն դեղձանիկ։