Դոկտոր Բուրբոնյան
[ 389 ]
առանց դիմադրության, պիտի ընդունեին մահապատժի
չարչարանքը, եթե անոնց թույլ տրվեր կառափնատի
բարձունքեն ճոռոմ ճառախոսություն մ'արաասանել՝
առանց երկյուղի, թե Սանտերի թմբուկները պիտի
ընդհատեին իրենց ճարտարաբանությունը»:
1
Թեև առասպելներ և զրույցներ չկապվեցան իր հայտնության շուրջը նախօրոք, բայց մանուկի ծնունդը բոլորովին աննշան չանցավ։
Մայրը ծննդաբերությենե յոթ ժամ առաջ ֆիզիկական անխուսափելի ցավեր զգաց, որուն համար մոտիկ հարևանները կանչվեցան, ինչպես և ժողովրդական դայեկ մը (մանկաբարձուհի), և գիշերվան ժամը 11-ին ծնավ մանուկը Խարբերդի Չմշկածագ ավանին ամենաբուրժուա տան ներքնահարկին մեջ։ [ 390 ]
Մանուկը իր արևային կյանքի առաջին րոպեին իսկ... զայրացավ և դայեկին գրկին մեջ, աղված ժամանակ, ռազմական ճիչեր արձակեց։
Դայեկը, որ շատ փորձված կին էր՝ զարմացավ...
— Զալըմ տղա է, ըսավ դայեկր, եթե մեծնա, ի՞նչ պիտի ըլլի։
Ըստ հայկական քրիստոնեական սովորության՝ ծնունդեն ութն օր հետո մկրտեցին մանուկը և անվանակոչեցին զայն Տիրատուր։
Տիրատուր չէր լար, այլ կը զայրանար և կը ճչեր իր հայտնությունը զգացնելով ոչ թե միայն տան անդամներուն, այլև հարևան բոլոր տուներուն։
Եթե անիկա լեզու գիտնար՝ պիտի աղաղակեր։
— Ահա ես եմ որ հայտնվեցա։
Իր ծնունդի գիշերը պատահեցավ դեպք մը, որ անմիջապես կերպարանափոխվեցավ... զրույզի։ Իր ծնողները, քույրերը, եղբայրները և բոլոր հարևանները ապշեցան-մնացին։ Զրույցը բնականորեն խոշորացավ և սկսավ պատկառանք ներշնչել։
Իր ծնունդի գիշերը աքլորները իրենց բույներուն մեջ կանչեցին... մինչև առավոտ։
Ահա այդ դեպքը...
Շատերը կես-գիշերեն հետո արթնացան և նստեցան իրենց անկողիններուն մեջ, խաչ հանեցին և մրթմրթացին քիթներուն տակ։
— Օր մը օրանց աքլորները այսպես չէին կանչեր, ի՞նչ է պատահեր։
Անոնք չէին գիտեր, որ ծնած էր... Տիրատուրը։
Բայց հաջորդ առավոտ դայեկը մեկնաբանեց աքլորներու կանչը.
— Ակոբ աղային նոր ծնած տղուն համար էր, ըսավ դայեկր, հայվանները մեզմե աղեկը գիտեն, ատոր համար կը կանչին։
Բոլորն ալ հավատացին դայեկին և իրարու ալ հավատացուցին։
Այս եղավ Տիրատուրի կյանքին առաջին զրույցը, որուն [ 391 ] մասին այնքան խոսվեցավ, որ իր մեծնալեն հետո՝ ինքն ալ լսեց և հավատաց անոր։
Երբ մեկ քանի օր հետո մայրիկը առավ երեխան իր գրկին մեջ ծիծ տալու՝ միացավ դայեկի կարծիքին, որովհետև իր մանուկներեն և ոչ մին այդպիսի խոժոռ նայվածքներ ուներ և այդպիսի գոռոզ և ռազմընդունակ ճիչ։ Իր մեծ քույրերը, որոնք անհունորեն ոգևորված էին նոր մանուկով՝ նույն դիտողությունն ըրին։ Հայրն ալ մոտենալով իր կնոջ անկողնին, նստեցավ անոր ոտքերուն քովիկը, բռնեց անոր ձեռքը և ըսավ.
— Այս նոր տղանիս ուրիշ բան է․․․
— Չեմ կարծեր, պատասխանեց կինը մայրական կոկետությամբ, Տիգրանս ալ այդպես էր, բայց հետո հանդարտեցավ, ակնարկելով իր անդրանիկ զավակին։
Հայրը չհամոզվեցավ։
— Տիգրանը ուր, սա ուր, աքլորները մեզմե աղեկը գիտեն, այս տղան նշանավոր մարդ պիտի դառնա։
Մորը աչքերուն մեջ հայտնվեցան երջանկության լայն ցոլքեր, գլուխը ծռեց երեխայի վրա, դուրս ձգեց իր լեփ-լեցուն ծիծերը և հանձնեց Տիրատուրին, որ ատեն Ակոբ աղան ծռեցավ և մանուկը համբուրել ձևացնելով՝ համբուրեց կարոտագին Տիրատուրի մոր ծիծը։ Տիրատուրը կաթը ծծած ժամանակն իսկ փոքրիկ մռնչյուններ կարձակեր և ոտքերը անհանգիստ էին։
Մինչև անգամ Տիրատուրը մկրտող քահանան երբ տուն եկավ և աղոթք մը կարդաց՝ հարեց.
— ․․․Եվ ծնավ մանուկ մեծ և սքանչելի։
Այս զրույցի ազդած պատկառանքին տակ Տիրատուր մեծացավ դառնալով իր ծնողներու առանձին գուրգուրանքի առարկա։ Նախքան ծխական վարժարան մտնելը անիկա արդեն ծանոթ էր բոլորին իբրև արտակարգ տղա։ Հայրը, որ քիչ շատ գրել-կարդալ գիտցող մարդ էր և նաև կը հասկնար եվրոպական պատմութենե՝ իր Տիրատուրի մասին խոսած ատեն մը զայն կոչած էր Բուրբոն։ Այս նոր անվանակոչությունը այնքան ալ պատահական չէր։ Հայրը կարդացեր էր Ալեքսանդր Դյումայի վեպերը և ծանոթ էր ֆրանսական միապետության [ 392 ] պետության Բուրբոնյան արքայական տան պատմության, որուն մեջ հատկապես իր ուշադրությունը գրաված էր Լյուդովիկոս ԺԴ, նշանավոր Լուի Կատորզը։
Հայրը պատահականորեն չկոչեց իր տղան Բուրբոն։ Փոքրիկ Տիրատուրը հինգ տարեկանեն սկսավ տանը մեջ պոռալ.
— Ես եմ...
Ակոբ աղան անմիջապես հիշեց Լյուդովիկոս ԺԴ-ի խոսքը՝ «L’étai c'est moi-» (պետությունը ես եմ) և երբ գտավ, որ իր Տիրատուրն ալ միևնույն ծանրությամբ և գոռոզությամբ «ես եմ» կը հայտարարե՝ զայն կոչեց Բուրբոն։ Տան բոլոր անդամները և հարևանները, առանց հասկնալու Բուրբոն անունին պատմական նշանակությունը՝ հետևեցան Ակոբ աղային և հետզհետե ամբողջ ավանն ալ։
Ահա թե ինչպես Ֆրանսական մեծ հեղափոխությամբ, արյան հեղեղներով վերջ գտած ամենահզոր արքայական տուներեն մեկը դարձյալ հարություն առավ Փոքր Ասիայի ամենախուլ և ետ ինկած ավանի մը մեջ հանձին... փոքրիկ Տիրատուրի։
Ատենե մը հետո միայն տան անդամները, ընտանիքի մոտիկ բարեկամները և Տիրատուրը մկրտող քահանան գիտեին անոր իսկական անունը։
Երբ քիչ մրն ալ մեծցավ Բուրբոն, հետամուտ եղավ հասկնալու հորմեն իր անունին նշանակությունը։ Հայրը անոր պատմեց Լուի Կատորզի պատմությունը։ Փոքրիկ Բուրբոնի մատաղ իմացականության վրա խոր տպավորություն ներգործեց «պետությունը ես եմ» հայտարարությունը և անկե հետո ինքն ալ ավելի շեշտավոր և ավելի կոկոզավիզ կրկնեց զայն տան մեջ և ընկերներու առջև։
Երբ անիկա հայտարարեց՝ «ես եմ», իր տունը արձագանքեց. «դուն ես»։ Կամաց կամաց բոլորն ալ հավատացին որ՝ անիկա է։
Ծխական վարժարանի մեջ խաղի ժամանակ Բուրբոն կը հրամայեր. «Ես պիտի ըլլամ ձեր առաջնորդը»։ Եվ առանց հավանություն ստանալու՝ «Բերդ» խաղալու համար կձեռնարկեր [ 393 ] կարգադրությանց, կը ցատկեր, կելլեր քարակույտին գագաթը և կը հրամայեր.
— Շղթա կազմեցեք, ուշադրություն, բերդը մտնողներ կան, դուն դո՛ւրս ել, երկու հոգի նե՛րս, հինգ հոգի դո՛ւրս։
Իր ընկերները կը մոռնային, որ ինքնակոչ կերպով Բուրբոն ղեկավարած էր խաղը՝ կհնազանդեին։ Եթե պատահեր որ մեկն ու մեկը հարց բարձրացներ անոր ղեկավարության շուրջը, փոքրիկ Բուրբոն արհամարհանքով կը նայեր ըմբոստին վրա և կը հրամայեր ծեծի ենթարկել և զրկել զայն խաղի հաճույքեն։
Եթե խաղի պատեհություն չըլլար՝ Բուրբոն կստեղծեր բան մը, որուն առաջնորդը հանդիսանար։
Օր մը փողոցին մեջ հանդիպեցավ իր ընկերներու մեկ քանիին։
— Եկեք իմ ետևես, աղաղակեց անիկա գլուխը վեր բռնած և խիստ հրամայողական եղանակով։ Անոնք անմիջապես հնազանդեցան։ Մեկ երկու փողոց քալելե հետո՝ Բուրբոն նշմարեց որ մեկ քանի հոգի ալ ավելցան, այն ատեն հանկարծակի ետ դարձավ, զինվորական շարքի կանգնեցուց զանոնք և դարձյալ հրամայեց քայլել։ Որքան առաջ գնաց, այնքան շարքը խտացավ, մինչև անգամ փողոցի շները հետև եղան անոնց։ Փոքրիկ Բուրբոն միշտ առջևեն, գլուխը հրացանի մը կոթին պես ուղիղ ու անճկուն։ Մինչև անգամ շները իրմե առաջ չի քալեցին հառելով Բուրբոնին և երերցնելով իրենց պոչերը։ Կամաց-կամաց խումբը փոխվեցավ փոքրիկ ամբոխի մը։ Լուսամուտներե գլուխները դուրս ցցվեցան և տանիքներու քիվերուն վրա մարդիկ հավաքվեցան դիտելու։ Հետզհետե բարձրացան աղմուկներ, ուրախության և արտակարգ դեպքի մը կանչվռտուքներ լսվեցան։ Ուրիշ փողոցներե և թաղերե մարդկանց հոսանք մը եկավ տեսնելու իրարանցումը։
— Դարձյալ Բուրբոնն է, զարմանալի տղա է, եղբայր, մեծ մարդ պիտի ըլլա, կըսեին շատերը։
Երբ Բուրբոն թափորը հասցուց մինչև իրենց տան մեծ դուռը, բարձրացավ սանդուղներուն վրա, աջ ձեռքը բարձրացուց վեր իբրև լուռ հրաման, որ թափորը կանգ առնե։ Թափորը [ 394 ] կանգ առավ և տիրեց ծանր լռություն։ Բուրբոն պահ մը խոժոռ նայվածքներ պտտցուց իր շուրջը, կուրծքը ցցեց, ձեռքը դարձյալ բարձրացուց, աչքերը հառեց երկնքին և պոռաց․
—Ցրվեցե՛ք։
Ժխոր, աղմուկ: Թափորին մեջ մինչև անգամ կարելի էր նշմարել տարիքոտ մարդիկ։
Փոքրիկ Բուրբոն ներս մտավ ծանր քայլերով, քույրերը հավաքվեցան իր շուրջը, մեկը գրկեց, մյուսին տվավ։ Երջանկությունը անչափ էր իր ծնողներուն համար։ Բուրբոն խոսելով թափորի մասին՝ ըսավ․
— Ես կազմակերպեցի․․․
Փոքրիկ Բուրբոն հետզհետե սկսավ իր հեղինակությունը տարածել ծխական վարժարանի մեջ։ Փոքրիկ տղոց մեջ ծագած բոլոր վեճերը կը լուծվեին Բուրբոնի հեղինակավոր վճիռովը։
Անիկա շուկայի մեջեն կանցներ հեծանիվի պես արագ։ Խանութպանները կը դառնային իրարու և մատով Բուրբոնը ցուցնելով՝ կըսեին։
— Բուրբոնը․․ կանցնի։
Բուրբոն չէր քալեր, կսուրար․․․
Օր մը երբ ճանապարհի վրա մեկը անզգուշությամբ իրեն զարնվեցավ՝ կեցավ Բուրբոն, ոտքեն մինչև գլուխը լավ մը դիտեց արհամարհական նայվածքով և․․․ անցավ։
Իր անցքը փողոցներուն մեջ երբեք աննշմարելի չէր։
Ծխական վարժարանը տակավին չավարտած՝ իր ծնողները մտածեցին Բուրբոնը ուղարկել կոլեջ։ Այո որոշումը անմիջապես գործադրության դրվեցավ։ Բուրբոնը կուղարկվեր Խարբերդ, Եփրատ Կոլեջ մեծ և ահավոր հույսերով, իբրև գիշերօթիկ աշակերտ։ Փոքր Ասիայի այդ կողմերը այն ատեն, ինչպես այժմ, կանոնավոր շոսեներ չկային և գավառի զանազան գյուղերե և քաղաքներե կենտրոն գալու համար պետք էր տաժանելի և երկար ճամփորդություն մ'ընել ձիերու, էշերու և ջորիներու վրա նստած։
Բուրբոնի ճամփորդությունը որոշված օրեն օր մը ուշացավ, որովհետև խեղճ հայրը, առանց նկատի առնելու իր [ 395 ] տղու ասպետական ոգին, փոխանակ ձիեր վարձելու՝ երկու խոշոր էշեր վարձած էր, մեկը՝ նստելու և մյուսն ալ՝ իրեղենները բեռցնելու։
Բուրբոն երբ տեսավ էշերը՝ զայրացավ և մերժեց իշու վրա նստիլ։
— Ձի կուզեմ, գեղեցիկ ձի կուզեմ, աղաղակեց Բուրբոն և ասպետի մը անվայել կերպով լացավ։
Քույրերը միացան իրենց գոռոզ և բողոքող եղբոր հետ և պահանջեցին անպայման երկու միագույն ձիեր վարձել։ Մայրը ուրախութենեն գրկեց փոքրիկ Բուրբոնը, ժպտեցավ և ըսավ.
— Մի լար, աննման յավրուս, քեզի համար ձիեր կը վարձենք, երկու կարմիր ձիեր անպայման, մի լար։
Բուրբոն աչքերը սրբեց, ամոթեն չնայեցավ ոչ ոքին երեսը և սպասեց հոր վերադարձին, որ անմիջապես գացած էր դուրս իր տղուն կամքը կատարելու համար։
Հայրը հրաժարեցավ իշապանին վճարած կանխավճարեն և վարձեց երկու ձիեր, ոչ կարմիր սակայն, անկեղծորեն առարկելով որ ձիապանները երկու կարմիր ձիեր չունեին։
Ձիերեն միայն մեկը կարմիր էր։ Բուրբոնը ներքուստ չհամոզվեցավ, բայց համակերպեցավ պայմանով, որ ինք պիտի նստեր կարմիր ձիուն վրա, իսկ մյուսին՝ պիտի բեռցնեին իրեղենները։
Իրեղենները բեռցուցած ատեն Բուրբոն նշմարեց, որ իր սուրը չիկար։ Հրամայեց իր մեծ քրոջ գտնել սուրը և անմիջապես բերել։ Քույրը վազեց և բերավ։ Ձիապանը առավ սուրը և կատակելով երեխայի հետ՝ կախեց սուրը անոր վրայեն։ Բուրբոն չի հասկցավ ձիապանի հոգեբանությունը։
— Ձիապան մը չի կրնար կատակել ինծի հետ, մտածեց անիկա։
Բուրբոնի սուրը փայտե էր, թեև անիկա շատ լավ գիտեր տարբերությունը փայտին և պողպատին, բայց անոր համար անհրաժեշտը սուրին ձևն էր՝ երկար և կոր, վրան թիթեղյա աստղիկներով զարդարված։
Բոլորին համբուրելե և բոլորեն համբուրվելե հետո՝ գնաց և կանգնեցավ ձիուն քով առանց ցույց տալու, թե չէր [ 396 ] կրնար վրան բարձրանալ։ Հայրը գրկեց և նստեցուց զայն անասունին վրա։ Բուրբոն երկարեցավ և բռնեց ձիուն բաշը, իսկ սանձը մնաց ձիապանին ձեռքը։
— Կեցեք բարով, աղաղակեց Բուրբոն գլուխը վեր ցցած և աչքերը հառած... երկնքին։
Ձիապանը ճանապարհին քանի մը անգամներ նշմարեց, որ փոքրիկ Բուրբոն ձիուն վրա, տարված իր մանկական երազներով, կը քաշեր իր փայտե սուրը և տեսակ մը հրամաններ արձակելու նշաններ կըներ օդին մեջ, սպառնագին պտտցունելե վերջը՝ կը դներ դարձյալ պատյանին մեջ։
Ձիապանը այն ատեն չէր կարող գիտակցիլ թե ով էր իր ձիուն վրա նստողը...
Երբ Խարբերդ հասան, ըստ իր ստացած պատվերին՝ ձիապանը առաջնորդեց Բուրբոնը Ամերիկյան Եփրատ Կոլեջը իր իրեղեններով միասին և հանձնեց զայն գիշերօթիկ հարկաբաժնի գլխավորին, որ ընդունեց փոքրիկ և սիրուն նորեկը սիրալիր ժպիտներով և անմիջապես կարգադրեց 10—15 տարեկան աշակերտներու ննջարանին մեջ մահճակալ մը սարքել անոր համար։
Երբ ծառան շալկեց իրեղենները և տարավ, Բուրբոն հետևեցավ անոր իր փայտե սուրը վրան կախած։ Աշակերտները զարմանքով և հետաքրքրությամբ դիտեցին այս փոքրիկ տղան, իր սուրը և գլուխին բռնած ձևը՝ աքլորի պես հպարտ և առնական։
Երբ իր ննջարանը տեղավորվեցավ, մեկ քանի րոպե հետո՝ ոտքի կանգնեցավ և իր առանցքին վրա կիսաբոլորակի ձևով դարձավ և սկսավ արհամարհանքով դիտել շուրջը։ Մեկ քանի հասակակից աշակերտներ մոտեցան անոր և բաղձացին տեսնել... սուրը։ Բուրբոն քմծիծաղով և մեծ մարդու մը ծանրությամբ տվավ սուրը։ Աշակերտներեն մեկը դուրս քաշել փորձեց զայն պատյանեն, բայց չհաջողեցավ, Բուրբոնը առավ անոր ձեռքեն, քաշեց սուրը պատյանեն, բարձրացուց վեր և պոռաց.
— Պատրա՜ստ, о՜ն...
Պզտիկ աշակերտները ի սրտե նախանձեցան, այս նորեկի այդքան վարժ սուսերախաղի վրա։ [ 397 ]
Իրիկվան Բուրոն կանչվեցավ գլխավորի գրասենյակը։ Գացած ատեն իր մահճի քովի ընկերը, որ այլևս մտերմացած էր նորեկի հետ և մինչև անգամ անոր անունը գիտեր, զգուշացուց, որ սուրը վար առնե ուսեն և ապա երթա գլխավորի մոտ, բայց Բուրբոն արհամարհական և խիստ նայվածքով մը «ոչ» պատասխանեց և գնաց... սուրով. Բուրբոնը շատ զարմացավ այդ զգուշավորության վրա, որովհետև անիկա իր մտքին մեջ միայն մեկ մտածում ուներ՝ սուրը ցուցնել վարժարանի գլխավորին, մտածում մը, որ մանկորեն և ջերմագին գորովանքով փայփայած էր։ Անիկա կրնար լաց լինիլ, և հիվանդանալ եթե համոզում գոյացներ վայրկյան մը, որ առիթը չպիտի ունենար իր սուրը վարժարանի գլխավորին ցուցնելու։
Գլխավորը ապշությամբ նայեցավ նորեկի վրա և դիտեց զայն ոտքեն մինչև գլուխը։
— Այդ ի՞նչ բան է, հարց տվավ գլխավորր ցուցունելով անոր ուսեն կախված սուրը։
— Իմ սուրս է, ես սուր ունիմ, պատասխանեց Բուրբոն։
— Բայց դպրոցին մեջ այլևս չպիտի պտտցնես, հարեց գլխավորը, այդպիսի բաներ վնասակար են և հակառակ բարի և քրիստոնյա մանուկի մը ոգիին։
Բուրբոն ոչինչ չհասկցավ գլխավորի քրիստոնեական փիլիսոփայութենեն։
Բուրբոն աչք մը պտտցուց իր ուսեն կախված ահեղ գործիքին վրա և մտածեց.
— Ես կսիրեմ սուրը և կպահեմ զայն։
— Ի՞նչ է անունդ, հարցուց գլխավորը։
— Բուրբոն... պատասխանեց անիկա թավ և ծանր շեշտով։
— Բուրբո՞ն։
— Այո։ Բուրբոն...
Գլխավորը ոտքեն մինչև գլուխը դարձյալ զննողական ակնարկ մը պտտցուց։ Բուրբոն շատ լուրջ ընդունեց այդ զննողությունը, անիկա մեծ հավատք ուներ իր անունի պատմականության [ 398 ] մասին։ Իր սուրեն առաջնագույնը իր... անունն էր։
— Բուրբոն... ես եմ, կը կրկներ անիկա անդադար իր մտքին մեջ և հաճախ անգիտակցաբար կարտասաներ բարձրաձայն ուրիշներու ներկայության։
Բուրբոն շուտով դարձավ աչքի զարնող աշակերտ մը վարժարանին մեջ, ոչ թե առաջդիմական ընդունակություններուն համար, այլ իբրև կոկոզավիզ տղա և իբրև... ճարտասան։
Եփրատ Կոլեջի մեջ սովորություն կար, որ նախակրթարանին մեջ աշակերտին գոց սովրեցնել կուտային գրական արտասանելի կտոր մը և շաբաթ օրերը աշակերտը կարտասաներ զայն ցուցնելով իր առոգանության և ճարտասանության ձիրքերը։ Բուրբոն առաջինը հանդիսացավ ճարտասանության մեջ իբրև բնատուր տաղանդ։ Իր ուսուցիչները զինքը սկսան կոչել... պերճախոս։ Երբեմն կը պատահեր, որ Բուրբոն կը մոռնար բուն հեղինակին խոսքերը, բայց անիկա բառ մը, շատ խոշոր և իր խելապատակին մեջ չպարփակվող բառ մը կավելցներ, շարժելով հեղինակը հասկցողներուն ծիծաղը և չհասկցողներուն հիացումը։
Բուրբոն ինք առաջինն էր, որ կը հիանար իր վրա և կը թուլացներ ուրիշներու հիացման զգացումը։
Բուրբոն կերթար ճարտասանության ուսուցչի մոտ և ժամերով կը խնդրեր որ ամեն շաբաթ զինքը բեմ բարձրացնե, մինչդեռ ուրիշ աշակերտներ խույս կուտային։ Կը պաղատեր Բուրբոն, որպեսզի իր համար ընտրեին անպայման ռազմաշունչ ոտանավոր մը։ Օր մը անոր բաժին ինկավ արտասանել Վիկտոր Հյուգոյի մեկ նշանավոր ճառը՝ ուր, ի միջի այլոց, կըսե. «Մարսեյլ, ոտքի հանե քու զավակներդ և դու, Տիժոն, բարձրացուր սուրդ»։ Բուրբոն գիշերներով երազեց հնար գտնել սուր կախելու և «Տիժոն, բարձրացուր սուրդ» արտասանած ատեն քաշելու սուրը և ճոճելու օդին մեջ՝ աշակերտներու գլխներուն վրա սպառնագին և... ծափեր խլելու, բայց արդեն երկու տարվան աշակերտ էր և գիտեր, որ անկարելի էր այդ երազը կյանքի կոչել, բայց անիկա չի դադրեցավ... երազել, քունին մեջ վեր-վեր [ 399 ] ցատկելով և շաբաթ օրվան ճառեն բառեր արտասանելով։
Արտասանության ատեն, համենայն դեպս, սուր քաշելու ձևը փորձեց աջող կերպով առանց․․․ սուր ունենալու։
Բուրբոն բարձրացավ վարժարանի բարձրագույն դասընթացքը երբ տակավին տասնևվեց տարեկան էր։ Անիկա ճարտասանության մեջ ցույց տվավ արտակարգ կարողություն, գրեթե չտեսնված տաղանդ մը Կոլեջի տարեգրության մեջ։ Շնորհիվ իր ճարտասանական բնատուր տաղանդին՝ անիկա երևութական կարողություն ցույց տվավ նաև լեզուներու մեջ, իսկ մնացյալ դասերը կանցներ ու չէր անցներ։
Կոլեջական մթնոլորտը, սակայն, հեղաշրջեց Բուրբոնի հիմնական երազները։ Կամաց-կամաց անիկա մոռցավ սուրերը, հաղթությունները, բայց միշտ պահելով իր ասպետական․․․ ձևերը։ Բուրբոնի հոգին սկսավ տանջվիլ տիտղոսներու համար։ Դժբախտաբար Բուրբոնի միտքը օգնության չէր հասներ անոր հոգեկան թռիչքներուն։
— Ի՞նչ կոչվիլ, հարց կուտար ինքնիրեն, դոկտո՞ր թե պրոֆեսոր։
Օրվա դասերը լրացնելե հետո՝ երկար և առանձին՝ պտույտներ կըներ Կոլեջի պտույտի ճամփուն վրա և անդադար կը մտածեր — դոկտո՞ր թե պրոֆեսոր։ Շատ անգամ ուսուցիչներ և ուսանողներ կը տեսնեին զինքը, որ աչքին կապույտ monocle մը անցուցած, մազերու գանգուրները սանտրած ջրով, որ արևուն տակ կը փայլեին, ընդունելու և մերժելու շարժումներ կըներ, որոնցմե միայն երբեմն լսելի կըլլային — այո՛․․․ ո՛չ․․․ պիտի ըլլա՛մ․․․ պիտի երթա՛մ․․․ ես մե՛ծ եմ․․․— բառերը։
Բոլորը միամտորեն կը կարծեին, որ Բուրբոնը ճառ կպատրաստեր։ Ոչ. անիկա ճառը կարտասաներ արդեն։
Բուրբոն, ինկած ձևերու և փառասիրությանը հետևե, ժամանակ չունենալով գիտական հմտություններ ամբարելու իր այնքան պարապություն հորանջող գանկին մեջ՝ դարձավ բացականչությանց և պլաստիկ ձևերու խրտվիլակ մը։ Իր ճառած ատեն բառերը բերնեն դուրս կխուժանավարեին [ 400 ] «ինքնաբուխ» և անկարգապահ վայրագությամբ։ Իր ճառերը կամաց-կամաց ստացան տասներորդ և հիսուներորդ «տպագրություններ»։ Օրինակները կը բերեր Հին Դարեն, Նոր Դարեն է միշտ արհամարհելով Միջին Դարը, կաթոլիկ եկեղեցին, օրինակներ կը բերեր... Ապագա Դարեն։ Դժվար էր գուշակել թե Բուրբոնի մտքին մեջ ի՞նչպես կպատկերանար Ապագա Դարը, մշակույթի, փիլիսոփայության, հասարակական իրավակարգի, գիտության և գեղարվեստի (կը ճառեր այս բոլորի մասին) ի՞նչ ձևն էր, որ կը ներկայանար անոր ահավոր երևակայության առջև և արդյոք կը հասկնա՞ր «Ապագա Դար» բացատրությունը, որովհետև իր ճառերուն մեջ իմաստուն ունկնդիրներ ապշած կը լսեին այսպիսի խոսքեր. «Ապագա հսկա և երկար դարերն անգամ կը վկայեն իմ գաղափարներուս ճշտությունը». Բուրբոնի երևակայությունը այնքան էր թռչած առաջ, որ կը գտնվեր ապագա դարերու ներկայության և անոնք իբրև սահմանական եղանակ, ներկա ժամանակ... կը վկայեն։
Մեր դարեն հեռու այս ճառերը իրենց վերջավորության մեջ հիասթափության չէին արժանանար, որովհետև անոնք զարդարված կըլլային զգայացունց աղաղակներով, կիկերոնյան դասականությամբ և անսահման ոգևորությամբ։
Ոչ ոք կրնար հաղթել Բուրբոնին polemic-ի մեջ, որովհետև անիկա իր պատասխաններուն մեջ տեսակետի հետևողականություն չէր հետապնդեր, տրամաբանության գրոշ չէր տար, այլ մեկը մյուսին ետևե կը շարեր անուններ և թվականներ, նախքան զՔրիստոսը չէր տարբերեր Քրիստոսե ետքը կատարված իրողություններեն, իր համար ամեն ինչ մեկ էր, միայն թե արտասանությունը ըլլար բարձրագոչ, հռետորա-ասպետական և ամբոխավարային։ Եթե ամենքն ալ համաձայնեին, որ Բուրբոնի ճառի մեջ տրամաբանություն չիկար և պատմական փաստերը խեղաթյուրված էին, բայց ամենքն ալ կխոստովանեին, որ ճառը ինքնին... պերճախոսական էր։ Բուրբոն կը ճգներ աջողիլ իր բուն նպատակին մեջ՝ հռետորություն։
Նեխած էր Եփրատ Կոլեջի մթնոլորտը։ Կոլեջի միսիոնարական [ 401 ] իշխանությունը ամեն ժամ քրիստոնեական աղոթքներով և Ս․ Հոգու և Որդի Մարդո առասպելներով կուռեցներ ուսանողությունը։ Բուրբոն ներքին մեծ կռիվներով էր զբաղված, իր երևակայության սուրերն ու նիզակները պատերազմ էին հայտարարած քրիստոնեական վարդապետությանը դեմ․ «Սուրը քաշողը սուրով պիտի հատուդվի։ Մեկ երեսիդ որ զարնեն՝ մյուսը դարձուր»։
Սո՜ւրը․․․ Բուրբոնի երևակայությանը մեջ միշտ փայլակնաձև և պատյանեն դուրս, աղիողորմ և ահավոր։
Անիկա եկավ վերջնական եզրակացության, որ կարելի էր դոկտոր կամ պրոֆեսոր դառնալ և սուր ունենալ։
— Տիտղո՜ս, անպայման պետք է կրեմ, կը մտածեր ինքնիրեն։ Իր սենյակին մեջ նստած՝ մատիտը կառներ ձեռքը և սպիտակ թուղթի վրա կը գրեր՝ Դոկտ․ Բուրբոն — զանազան ծաղկագրերով կզարդարեր այս ստորագրությունները, կը ճգներ հարմարցնել իր ստորագրությունը մեծ մարդոց ստորագրությանց և միշտ անընթեռնելի (այդպես էին մեծ մարդոց ստորագրությունները)։
Իր դասընկերները զբաղած էին իրենց առօրյա դասերով և աղջիկներու հետ դարպասելով։ 17—18 տարիքին ասիկա անխուսափելի է կավով շինված մարդոց համար։ Բայց Բուրբոնի հոգին բռնված էր այլ կրակով, և աղջիկներու հրապույրը կարժանանար իր խորագույն արհամարհանքին, սակայն հրճվանքով լսած էր, որ Կոլեջի հարկաբաժնի շատ աղջիկներ սիրահարված էին իր վրա։ Այս բանը Բուրբոնին չէր պատմված, բայց լսած էր։ Բուրբոն իմացականության փոխարեն օժտված էր երևակայությամբ։ Լսած էր անիկա, որ Սիրանուշ անունով ուսանողուհի մը սիրահարված էր իր վրա։ Այսպես էր երևակայած։
— Ես չեմ կրնար սիրել Սիրանուշը կամ որևէ ուրիշ գեղեցկուհի, տրամաբանեց Բուրբոնը, մեծ մարդիկ կիները չեն սիրեր, ինչպես Սոկրատ, Պլատոն և... Ժան դ'Արկ։ Ես չեմ կրնար իմ երիտասարդությունս․․․ զոհել աղջկան մը համար։
Կամաց-կամաց անոր երևակայությունը «թանձրացավ», և որոշեց նամակ մը գրել օրիորդ Սիրանուշի, պարզելով սիրո մասին իր ունեցած տեսակետները։ [ 402 ]
Սիրանուշ Կոլեջին աղջկանց հարկաբաժնի մեջ ամենեն գեղեցիկ աղջիկն էր։
Ահա այն նամակը, որ Բուրբոն ուղարկեց Սիրանուշի, առանց մտածելու անոր հետևանքներու մասին։
- Օրիորդ Սիրանուշ,
- Մեծափարթամ գեղեցկուհի,
- Ստացա ձեր նամակը, որով սեր կը հայտնեիք իմ հանդեպ: Կընդունիմ որ ես ալ գեղեցիկ եմ և ձեզի հարմար, բայց դժբախտաբար չպիտի կրնայի ձեր բոցավառ սիրույն դրականորեն պատասխանել: Ես, որոշ պատճառներով ստիպված եմ ոտքի տակ տալ բնության անհաղթելի և ամենազոր հզորությունը և մերժել ձեր աղերսանքները: Իմ մեջ եռացող ազնվական արյունը չի կրնար զոհ ըլլալ փոքր նպատակներու, որովհետև ես կոչված եմ կյանքի մեջ մեծ գործեր տանելու:
Այս նամակը ստանալուն Սիրանուշի գլուխը սկսավ պտույտ գալ, շփոթեցավ, ձեռքերը զարկավ ճակատին և չկրցավ եզրակացության մը գալ։ Առաջին անգամ կարծեց զոհ ըլլալ թյուրիմացության մը, բայց ծրարին վրա կարդաց իր անունն ու ազգանունը, հետո մեջտեղն էր այն իրողությունը, որ նամակը տրված էր քրոջը։ Թյուրիմացություն չկար։ Բավական մտածելե հետո՝ որոշեց նամակը տանիլ և հանձնել Միս Տենեսին։
Միս Տենես Կոլեջի աղջկանց բաժնի պառավ տեսչսւհին էր և սարսափելի տեսակեն տղամարդատյաց մը՝ ինչպես ծերացած կույսերը կըլլան։
— Բայց ձեր սիրո արտահայտության պատասխանն է այս նամակը, օրիորդ Սիրանուշ, ըսավ առաջին առիթով Միս Տենես նամակի ընթերցումեն հետո, խոժոռ, բարկացած և ատելությամբ լեցված պառավի աչքերով։
— Ես որևէ նամակ չեմ գրած և որևէ սիրո մասին ալ չեմ մտածած, Միս Տենես, պատասխանեց Սիրանուշ և սկսավ դառնորեն արտասվել։
Միս Տենես պահ մը լռեց, ապա հարցումներ ըրավ թե ո՞վ բերավ, ե՞րբ, ինչպե՞ս, ապա նայեցավ ծրարին վրա և տեսնելով, որ նամակը ուղղված էր ճիշտ ու ճիշտ Սիրանուշին՝ [ 403 ] սկսավ գլուխը երերցնել և համոզվիլ, որ Սիրանուշ սուտ կը խոսեր։
— Օրիորդ Սիրանուշ, շարունակեց Միս Տենես, եթե պ․ Բուրբոն ձեզ չի սիրեր, ձեր հեկեկանքները օգնության չեն կրնար հասնիլ ձեզի։
Սիրանուշ ընդոստ իր աչքերը սրբեց և փութաց թյուրիմացությունը պարզել։
— Միս Տենես, դուք ինձ չհասկցաք, կը կրկնեմ, որ ես որևէ մեկին նամակ գրած չեմ, այդ նամակը բերած եմ ձեզ, որպեսզի դուք դատեք և պատժեք այն տղան, որ այդպիսի անիրական նամակ մը գրած է։
Միս Տենես բոլորովին մատնված էր շփոթության, որովհետև չէր կարող ըմբռնել, որ աշխարհի մեջ, և ան ալ իրենց վարժարանի սահմանին մեջ, գոյություն ուներ մի մարդ, որ կապրեր երևակայությամբ։ Անիկա երկար լռութենե հետո՝ ըսավ.
— Դուք գացեք, ես խնդիրը կը հասկնամ։
Հաջորդ օրն իսկ Միս Տենես մարդ ուղարկեց Բnւրբnնի ետևեն հրավիրելու զայն իր գրասենյակը «շատ կարևոր և անհրաժեշտ գործի մը համար»։ Բուրբոն երբեք մտքեն չանցուց, որ Սիրանուշի նամակին առթիվ կարող էր կանչված ըլլալ։ Անիկա աղջկանց հարկաբաժինը մտնելու ատեն մասնավոր հոգածությամբ գլուխը վեր բռնեց, նայվածքը շեշտակի, արհամարհելով իրեն ուղղված բոլոր բարի կամ չար նայվածքները։ Միս Տենեսի գրասենյակը մտնելե, բարևելե և նստելե հետո՝ տիրեց լռություն։
— Պր. Բորբոն, սկսավ ամերիկուհի պառավը, այս նամակը դո՞ւք եք գրած օրիորդ Տիգրանյանին, ցուցնելով Բուրբոնի գրած նամակը։
— Այո, պատասխանեց Բnւրբոն առանց տատամսելու։
— Ինչո՞ւ գրած եք այս տեսակ նամակ օրիորդի մը, որ ձեզի ոչ մի արտահայտություն չէ ըրած սիրո մասին, դուք մինչև անգամ ծանոթ չեք այս օրիորդին։
— Ես պատասխանած եմ իր նամակին, օրիորդ Տենես, հարեց Բուրբոն առանց որևէ մտահոգության։
Օրիորդ Տենես շփոթեցավ և սկսավ ջղային գրգռումներ [ 404 ] ունենալ, որովհետև հաստատ համոզված էր, որ Սիրանուշ կը ստեր պարզապես։
— Գացեք, պ. Բուրբոն, պատասխանեց տարօրինակ շեշտով մը օր. Տենես ինքզինքը գտնելե հետո։
Բուրբոն ելավ սենյակեն դուրս, միշտ քիթը դեպի երկինք և քալեց փողոց։
Բուրբոնի երևակայության մեջ թանձրացյալ կերպով գոյություն ուներ այդ սերը։ Անիկա ընդունած էր այդ սերը, մերժած, տառապած, գիշերներ անքուն անցուցած։ Վատ նպատակ մը չուներ Բուրբոն։ Երևակայած էր, ուրեմն իրական էր։
Երևակայությունը Բուրբոնի ներքին բովանդակությունն էր։ Համաձայն Դեկարտի փիլիսոփայական հայտարարության թե՝ «Քանի որ կը խորհիմ՝ գոյություն ունիմ», Բուրբոն պիտի հայտարարեր. «Քանի որ կերևակայեմ, կը գործեմ»։
Երևակայությունը իր աներևակայելի ոլորտին մեջ, ահա Բուրբոնի ապրումներուն ամենեն իրական պատկերը։ Անիկա քաղաքի փողոցներուն մեջ քալած ժամանակ կերևակայեր, որ ունկնդիրներու ամբոխ մը կսպասեր իր ճառախոսության, կը լսեր որոտընդոստ ծափեր, պատուհաններեն ծաղիկներ կը թափեին իր վրա, և ինք ոգևորված և տեղի տալով ամբոխի պահանջին՝ կը կենար փողոցի մեջտեղը, հպարտությամբ շուրջը կը դիտեր, ծնոտը կուղղեր երկնքին, լուռ ճառախոսություն մը կըներ հռետորական շարժումներով և ապա կը շարունակեր իր ճանապարհը։ Զինք տեսնողները ամեն տեղ և միշտ կըսեին. «Ճառ կը պատրաստե»։ Բայց միամիտները չէին գիտեր որ Բուրբոն ճառ չէր պատրաստեր, այլ ճառ կարտասաներ իրենց՝ զինք տեսնողներուն։
Մեկ քանի օր հետո օր. Տենես խնդրեց պ. Բուրբոնին Միրանուշի գրած նամակը բերել, բայց Բուրբոն շատ փնտրեց իր թուղթերուն մեջ, գրքերու և թերթերու մեջտեղերը և հակառակ իր անկեղծ... ցանկության, Սիրանուշի «նամակը» չկրցավ գտնել և հայտնեց, որ կորսնցուցած է։ Կոլեջի քրիստոնյա տեսչությունը վռնդեց Սիրանուշը վարժարանեն «անբարոյական արարքի մեջ գտնված ըլլալուն» համար։ [ 405 ]
Ավարտական տարին Բուրբոն ընդհարումներ ունեցավ ուսուցիչներու հետ «Քրիստոսի աստվածության և մարդեղության» շուրջը։ Հայտնի չէր թե այդ ուղղությամբ ի՞նչ գիրք էր կարդացած, պատահմամբ անիկա հարց բարձրացուց Քրիստոսի էության մասին։ Բուրբոնի մտահոգությունը Քրիստոսի ինչ ըլլալը չէր, անոր միակ նպատակն էր... ճառ արտասանել։ Քրիստոս մա՞րդ թե Աստված, միևնույնն էր անոր համար։
Բուրբոնի կողմեն Քրիստոսի աստվածության շուրջ կասկածելը՝ պատճառ դարձավ, որ զայն արգիլեն վարժարանի շրջափակին մեջ ճառ խոսելու։
Եփրատ Կոլեջը գրեթե միջնադարյան համալսարան մըն էր։ Գիտության և արվեստի պրոֆեսորներ կիրակի օրերը իրենց շուրջը կը հավաքեին կանայք բողոքական ժողովարանին մեջ և դասախոսություն կը կարդային «Քրիստոսի անքննելիության» մասին, և «Սուրբ հոգի» կը բաժնեին։
Բուրբոն ըմբոստացավ այս փիլիսոփայությունների դեմ։ Ժողովարանի մեջ մարդիկ ազատ էին զանազան կարծիքներ հայտնելու։ Կիրակի օր մը Բnւրբոն ձայն ուզեց խոսելու։ Անիկա փաստեր չուներ։ Միայն կը ճառեր։ Մեջբերումներ կըներ այնպիսի գրքերե և այնպիսի խնդիրներու շուրջը, որոնք երբեք կապ չունեին շոշափված հարցի հետ։ Պրոֆեսորները մեծ բողոք սարքեցին Կոլեջի Ամերիկյան տեսչության մոտ Բուրբոնի դեմ, որովհետև վստահ էին, որ հասարակությունը կրնար համոզվիլ Բուրբոնի ըսածներուն այնքան քննադատորեն, որքան իրենց կեղծ քարոզներուն։ Քիչ մնաց Ամերիկյան տեսչությունը վռնդեր Բուրբոնը վարժարանեն եթե քաղաքի ազդեցիկ մարդոց միջամտությունը չըլլար, բայց Բուրբոնի վիճակվեցավ տոկալ ահավոր զրկանքի մը — արգիլեցին Բուրբոնի շրջանավարտից ճառ արտասանելը։
Եփրատ Կոլեջի ավանդություններեն մեկն էր վկայական առնողներուն ճառ արտասանել տալ չորս հինգ լեզուներով։ Բուրբոն զրկվեցավ այս շնորհեն։ Պետք է ուժ տալ երևակայության [ 406 ] կարենալ ըմբռնելու համար այս ահարկու զրկանքը, որ եղավ Բուրբոնին, որուն համար անիկա պատրաստված էր մեկ քանի տարիներե ի վեր։ Բուրբոնի մտադրությունը եղած էր երևան գալ հռետորական գերագույն թափով, խոսիլ զանազան լեզուներով։
Բայց դժբախտաբար ուսանողի մը թույլ կը տրվեր միայն ճառախոսել մեկ լեզվով։
Բուրբոնին խորհուրդ տրվեցավ դիմել Կոլեջի նախագահության ներողության արժանանալու համար, և այս «հերետիկոսության» կը ներվեր, բայց անիկա երբեք չի ցանկացավ զիջանիլ։
Արդյոք Բուրբոն մոռացա՞վ և հաշտվեցա՞վ այդ զրկանքին հետ։
Կը մոտենար շրջանավարտից հանդիսի օրը։ Ծաղիկներով և դալարյա ճյուղերով կամարներ շինելու կը պատրաստվեին։ Իգական հարկաբաժնի օրիորդներ ծաղկեփունջերու և ծաղկեպսակներու նորագույն տեսակներ կը մտածեին հնարել, նվիրելու համար վկայական ստացողներուն։
Փառքի համար ալեկոծվող Բուրբոնի հոգու մեջ ահեղ փոթորիկներ կառաջանային, բայց ոչ ոք չէր տեսներ այս։ Թեև Բուրբոնի հոգու բոլոր արարվածները պարզ էին բոլորի առաջ, բայց անիկա այս անգամ ծածկեց իր բոլոր հուզումները, այս անգամ անիկա լռություն պահեց, ատելություն ու խորամանկություն չի մատնող լռություն մը։
Մինչև այդ թվականը գավառը անտեղյակ էր ազգային ամբոխավարության։ Բուրբոն առաջինն էր, որ հիմք պիտի դներ ամբոխավարության յուրահատուկ ձևին, որ վերջը արդեն դարձավ ընդհանուր ձև։ Բուրբոն ամբոխավարության փորձեր ըրած էր — գրքերու մեջ կարդացած զանազան հակադիր վարկածներ իրարու խառնելով, պատմական թվականներ մեկը մյուսի ետևեն շարելով առանց կապակցության,— բայց գործնական ամբոխավարության փորձին չէր մղված։
— Եգիպտական փարավոն Ռամսեսեն մինչև Բիսմարկ և Նապոլեոն Բոնապարտ և Շեքսպիր, կաղաղակեր նա իր ճառերուն մեջ առանց մտահոգվելու այդ անձնավորություններու տարբերության և անոնց ժամանակագրության։ [ 407 ]
Օրինակի համար կըսեր. «Սուռբ Օգոստինոսը և Սավոնարոլան, Ռիշլյո և Միրաբո, Շեքսպիր և Տոլստոյ»։
Այս կարգի ամբոխավարությունը չի կրցավ գոհացնել մեր Բուրբոնի հոգին և դիմեց ազգային ամբոխավարության։
Անիկա հավաքեց չմշկածագցի հայրենակից ուսանողներեն մեկ քանին իր սենյակին մեջ և անոնց խոսեցավ իր խորունկ ճառերեն մեկը։ Թեև Բուրբոնի սենյակին մեջ գտնվող ուսանողները թվով 4 հոգի էին, բայց Բուրբոն հանդիսավոր կերպով ոտքի կանգնեցավ, սեղանին տեղը փոխեց և բարձրաձայն արտասանեց հետևյալ ճառը.
— Հայրենակիցներ և ընկերներ, սկսավ անիկա, ես չմշկածագցի եմ և ատոր համար է, որ բոլորը ինձ կը նախանձին։ Դուք գիտեք, թե ինչպես ես կարողացած եմ պապանձեցնել բոլորը իբրև... չմշկածագցի, դուք գիտեք թե ես փառքն ու պարծանքը եղած եմ մեր հայրենի գավառին, թերևս դուք չեք գիտեր, որ միայն իմ, Բուրբոնիս, մղած ջանքերով դուք չվռնտվեցաք վարժարանեն (բոլորը իրարու երես սկսան նայիլ, տեղեկություն չունենալով մի այդպիսի հարցի)․ դուք գիտեք թե ինչպես ես, Բուրբոնս, հակաճառած եմ բոլորին և հաղթած անոնց, ճակատներուն տալով արդարության թուքն ու մուրը, դուք գիտեք, թե ես ինչպես պաշտպանեցի երկու ամիս առաջ խաչյալ... Քրիստոսը, դուք չեք գիտեր, թե ի՞նչ ստորին զրպարտություններ եղան մեր հայրենակից ուսանողներու հասցեին, բայց ես պաշտպանեցի, եթե ես չըլլայի, ես, ես, ես չըլլայի, հիմա դուք փողոցները կը թափառեիք։ Այս բոլոր ահռելի ճակատամարտներու համար Կոլեջի ֆակուլտետն ինձ կը զրկե կիրակի օրվան շրջանավարտից հանդեսի ճառախոսության փառքեն։ Այս բոլոր զրկանքը ձեր երեսեն։ Ահա կը դիմեմ ձեզ պաշտպանել ինձ, կը հրամայեմ ձեզ պաշտպանել ինձ։
Ուսանողները իրարու երես նայեցան։ Բոլորն ալ համոզված կը թվեին Բուրբոնի փաստերով։ Մեր մոլորակի մարդոց շատ ընտրյալ թիվ մը կարող է դիմանալ ուժեղ ամբոխավարության։ Անոնք արդեն համոզված էին, որ իրենք պետք էր վռնդված ըլլային, եթե Բուրբոն «ահռելի ճակատամարտներ» [ 408 ] չի մղեր հօգուտ իրենց։ Հայրենասիրական զգացումը սկսավ եռալ իրենց արյունին մեջ։
— Պր. Բուրբոն, հարեց անոնցմե մեկը, մենք կը պաշտպանենք քեզ, եթե ցույց տաս մեզ այն կերպ, որով կարող կըլլանք օգտակար ըլլալ։
— Իհարկե, իհարկե, ավելացուցին մյուսները գրեթե միաբերան։
Բուրբոն հրահանգեց անոնց, որ ամեն մեկը հանձն առնի գտնել տասնական հայրենակիցներ և բերել հանդեսի սրահը և պատվիրել անոնց, որ մյուսներու ճառերը ավարտելե հետո բոլորը միասին սկսին պոռալ և աղմկել. «Բուրբոնը թող խոսի, մենք Բուրբոնը կուզենք լսել», իսկ մնացածը թողուլ իրեն՝ Բուրբոնին։
Ուսանողները խոստացան և հրաժեշտ առին իսկույն ևեթ գործի սկսելու։
Բուրբոնի ճառ արտասանող ընկերները ներքին կեղտոտ գոհունակությամբ կը դիտեին Բուրբոնը, որուն զրկված էր հանդեսի շնորհը, բայց անիկա ծանր արհամարհանքի նայվածքով կը պատասխաներ անոնց գոռոզություններին։
Հասավ հանդեսի մեծ օրը։ Բուրբոնի հայրենակիցներեն հավաքված էին երկու հարյուրե ավելի բազմություն, բացի Բուրբոնի անձնական ոչ հայրենակից համակիրներեն։ Անոնք իրենց հետ բերած էին տասնե ավելի ծաղկեփունջեր։ Բուրբոն իր բաղդավոր դասընկերներու հետ միասին եկավ և բազմեցավ բեմին վրա։ Ամեն անոնք, որոնք լուր չունեին, որ Բուրբոն զրկված էր ճառ խոսելու իրավունքեն, կարծեցին, որ Բուրբոն առաջին ճառախոսը պիտի ըլլար, որովհետև հաճախ կոկորդը կը մաքրեր բարձր աղմուկով։ Ֆակուլտեն ապշեցավ, որ Բուրբոնի վրա ոչ մի ազդեցություն չէր գործած այդ զրկանքը. անոնք համոզված էին, որ Բուրբոնը ներկա չէր ըլլար և մինչև անգամ որոշած էին հանդեսեն հետո իր վկայականը մեկի մը միջոցով ուղարկել։ Այդ թվականին գավառի մեջ ոչ ոք ամբոխավարության մասին ծանոթություն չուներ։
Կեցցեներու մեջ բեմ հրավիրվեցան վկայական առնող [ 409 ] պարոնները, թվով 7 հոգի, որոնք արտասանեցին իրենց ճառերը մեջ ընդ մեջ թրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Երբ յոթ ճառախոսներն ալ վերջացուցին իրենց ճառերը և իրենց բարեկամներեն կանխորոշված ծաղկեփունջերը ստացան՝ Բուրբոն ահավոր անհանգստության մեջ էր, սպասելով... ցույցին։ Երբ Կոլեջի նախագահը կը պատրաստվեր վկայականները բաժնելու կոպիտ մարդու մը ձայնը լսելի եղավ, որ կը պոռար.
— Պր. Բուրբոնը պետք է խոսի, մենք Բուրբոնին ճառը կուզենք։
Այդ կոպիտ ձայնին հետևեցան հարյուրե ավելի ձայներ։ Տիրեց ընդհանուր շփոթ, իրարանցում, աղմուկ, շարժումներ, կանչվռտուք։ Կոլեջի ֆակուլտեն, որ բեմի մոտը տեղ էր բռնած, մատնվեցավ ապշության, բայց հանկարծ հասարակությունը լռեց, որովհետև Բուրբոն արդեն ցատկած էր բեմը և կը... ճառեր։
— Հանդիսականներ, կաղաղակեր անիկա, այսպես է տիեզերական պատմությունը, արդարություն, գիտություն, միշտ գիտություն Արարչին հետ և Արարիչն ալ մարդուն հետ միշտ հաշտ, ուրեմն կեցցե՛ գեղարվեստը և գեղարվեստի հանճարեղ ներկայացուցիչներ Դարվին և Լութեր (ծափեր)։ Եվ օր մըն ալ աստված խոսեցավ և ըսավ մարդուն. «Դուն պիտի ըլլաս աստված, եթե ինծի չափ խելք ունենաս», հետևաբար, պետք է ունենալ խելք, միտք, ուղեղ և իմացականություն, ով այս բոլորեն չունի՝ չի կրնար աստված ըլլալ։
Բուրբոն ճառախոսած ժամանակ վեր-վեր կը ցատկեր, բազուկները բացած, կը նայեր առաստաղին, մազերը թափած իր ճակատին վրա, երբեմն մեջբերումներ կըներ Դուրյանի բանաստեղծություններեն.
«Փշրե խոկն հսկա, Աստված ոխերիմ»։
Բուրբոն թերևս այսպիսի ճառ արտասանելու որոշում տված չէր մինչև անգամ... ապագային։ Դուրյանեն կը ցատկեր Բայրնին «Roll thou ocean roll», կարտասաներ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Իր ըսածներուն շեշտ և ուժգնություն տալու համար կը հայտարարեր. «Այսպես կը [ 410 ] մտածե նաև ֆրանսացի նշանավոր փիլիսոփա մը։ Բուրբոնի համար գրականության, գեղարվեստի, գիտության և փիլիսոփայության մեջ տարբերություն չի կար, անոր համար ամեն ինչ փիլիսոփայություն էր, բոլոր մեծ մարդիկ փիլիսոփա էին, որևէ պատմական անուն, որուն հանդիպեր գրքի մը անկյունը՝ անիկա Բուրբոնի համար ամպայման փիլիսոփա էր։ Ավելորդ է լսել, որ Բուրբոնի ճառին գլխավոր պակսածը նյութն էր — ինչպե՞ս սկսավ, ինչպե՞ս ընթացք տվավ իր ըսելիքներուն և ո՞ւր վերջացուց և ինչո՞ւ վերջացուց։
Երբ Բուրբոն հոգնած և քրտնած լրացուց իր խոսքերը՝ ծաղկեփունջերու տարափ մը սկսավ զինք ողողել։ Իր հայրենակիցները չափազանց գոհ մնացեր էին այդ ճառեն։ Ֆակուլտեի այն անդամները, որոնք ամերիկացի էին և լավ չէին տիրապետեր հայերեն լեզվին՝ հիացեր էին այդ ճառին վրա։
Բուրբոն վկայականը և տիտղոսը առավ և դուրս ելավ քոլեջի շրջափակեն անգամ մըն ալ չվերադառնալու երդումով։
Բուրբոն այդ օր մեծ ճաշկերույթ սարքեց իր հայրենակիցներուն համար, որոնցմե ներկա էին 30-է ավելի, անոնց ներկայության շարունակեց իր հաղթական ճառախոսությունները անվերջանալի ոգևորությամբ։
Երբ անիկա վերջացուց իր ճաշկերույթները՝ մտածեց իր տիտղոսի մասին։ Բուրբոն արդեն երկար մտածելե ետք՝ հասած էր եզրակացության — պիտի կոչվեր դոկտոր և դոկտոր կոչվելու համար պետք էր անպայման մեկնիլ Բեյրութ բժշկական վարժարան։
Եփրատ քոլեջի իր վկայականը առնելե հետո՝ անիկա նամակ գրեց իր հորը և մորը և հայտնեց իր մտադրությունը։ Բուրբոն նամակին տակ ստորագրեց «Ձեր որդին Տ. Բուրբոնյան»։ Ամբողջ տունը հավաքվեցավ այդ լատինական տառերու իմաստը հեգելու, բայց բան մը դուրս չեկավ։ Բուրբոնի հայրը կանչեց ավանի քահանան և անոր հմտության հանձնեց լատինական գրերը, բայց քահանային ալ անիմանալի թվեցավ, մեկու մը, որ կրնար լուծել քրիստոնեական խորհուրդները և մեկնաբանել ավետարանական առասպելները, մինչև անգամ... անապական հղությունը։ [ 411 ]
Վերջը վերջը Բուրբոնի ոչ պակաս խելացի հայրն էր, որ գտավ այդ լատինական տառերու իմաստը։
— Քրիստոսի խաչին վրա գրված Հ. Ն. Թ. Հ.-ի պես բան մըն է, ըսավ անիկա։
Բուրբոն իր նամակին մեջ գրած էր, որ չէր կրնար այցելել իր հայրենի գյուղը, որովհետև անմիջապես պիտի մեկներ գեպի Բեյրութ։ Ծնողները շատ խնդրեցին իրենց պատասխանին մեջ գալ և զիրենք տեսնել և ապա մեկնիլ, բայց Բուրբոն չլսեց։
Բուրբոն մեկնեցավ Բեյրութ, ճանապարհին հանդիպելով Տիգրանակերտ, Ուրֆա, Այնթապ, Հալեպ, արտասանելով ամեն մեկ քաղաքի մեջ ոգևորիչ ճառեր, թողելով խոր տպավորություն։
Բեյրութ հասնելուն՝ Բուրբոն զարմացավ. անիկա կսպասեր տեսնել գավառական քաղաք մը, ուր կարենար աչքի իյնալ, Բեյրութ իր տեսած բոլոր քաղաքներեն ավելի աղմկոտ և բազմամարդ էր, անոր պակսեցան այնտեղ ճառի ամենօրյա առիթներ։ Բուրբոն իր ստացած A.B. տիտղոսով, առանց քննության ընդունվեցավ Բեյրութի ամերիկյան բժշկական համալսարանը իբրև ներքին հիվանդություններու ուսանող։ Իր դասընկերներն ալ դրսեն եկած էին և անծանոթ էին քաղաքին։ Օր մը այցելեց իր դասընկերներեն մեկուն սենյակը և տեսավ օրիորդի մը լուսանկարը անոր սեղանին վրա։
— Ի՞նչ լուսանկար է այս, հարց տվավ իր դասընկերին։
— Իմ սիրուհիս է, պատասխանեց դասընկերը։
Բուրբոն այս պատասխանին վրա հիշեց Սիրանուշը, որուն իզուր մերժած էր իր սերը։ Իր երիտասարդի արյունը սկսավ եռալ և սկսավ կարոտիլ... սիրո՜։
Անոր համար պուրակները լեցուն էին սիրով, թավուտներու ճիչերը կը դողդողացնեին անոր սիրտը։ Մեկ քանի անգամ փորձեց երթալ ծովի ափը և հռետորություն ընել, բայց ծափահարություններ չլսեց։ Միայն արժանացավ ալիքներու արհամարհանքին։
Սիրել կը ցանկար... [ 412 ]
Բուրբոն երկարորեն Սիրանուշի նամակը փնտրեց Խարբերդեն բերած իր նամակներուն մեջ, դժբախտաբար չգտավ։
Օր մը, երբ իր սենյակին լուսամուտին առջև նստած էր, սուրիացի աղջիկ մը երևցավ դիմացի պատուհանին մեջ։ Բուրբոն խռովվեցավ, հուզվեցավ, կարմրեցավ, տժգունեցավ, սենյակին մեջ գնաց և եկավ և զգաց, որ... կը սիրե։
Գիշերը հայելիին դեմ կանգնած՝ վեր առավ թևերը, օդը սեղմեց իր կրծքին, սիրո երդումի երկար ճառ մը արտասանեց։
Այս ճառեն հետո անիկա արդեն բուռն կերպով սիրահարած էր։ Կը սիրեր մեկը, որ գեղեցիկ էր Բեատրիչի պես, որ զինք կառաջնորդեր լուսեղեն ոլորտներ, ուր կունկնդրեր երկնային նվագներու։
Բայց ի՞նչ էր սուրիացի գեղեցիկ աղջկան անունը — չէր գիտեր։ Եթե հարցներ, այդ կըլլար իրական, բայց Բուրբոն պետք էր երևակայեր, որպեսզի իրական դառնար։
Հանիֆե... այսպես երևակայեց սուրիացի աղջկան անունը։
Բուրբոն պատրաստ էր զոհվելու Հանիֆեի համար։
Մեկ քանի օր հետո երևակայեց, որ իր սիրուհին կակնկալեր իրմե սիրո համար ծովը նետվիլ։ Գնաց ծովեզերք, որոշեց անմիջապես ինքզինք հանձնել ծովի անգութ ալիքներուն, բայց վերջին րոպեին մտածեց, որ գեթ վերջին անգամ պետք էր տեսնել Հանիֆեն և ապա... մեռնիլ։
— Ո՛չ, ո՛չ, պետք է վերջին անգամ տեսնել, աղաղակեց ինքնիրեն և վերադարձավ ծովեզրեն դեպի սենյակը։
— Հավիտյան, հավիտյան հավատարիմ կը մնամ քեզ, կը փոխեմ ծովերու և գետերու ընթացքը, եթե այդպես կամենաս, ո՜վ Հանիֆե, կը մռլտար ինքնիրեն կեսգիշերեն հետո։
Օր մը, երբ իր առանձնասենյակին պարտեզի կողմի լուսամուտը նստած վերջալույսը կը դիտեր՝ սկսավ թևի հանդիսավոր շարժումներ ընել, կարծես մեկու մը հետ խոսակցության մեջ էր։ Երբ բավական մթնեց և լուսինն ալ կորսվեցավ ամպին ետև՝ ճրագ վառեց և իր այդ օրվան օրագրության մեջ արձանագրեց հետևյալը. [ 413 ]«Այսօր Հանիֆեի հետ էի մեծ խնջույքի մը մեջ: Անիկա իմ կողքիս նստած՝ սիրագին կը հևար և կերգեր: Ես կատաղի կերպով կը սիրեի զինքը և մեղմիվ կը շոյեի իր վարսերը: Բոլորը կը նախանձեին ինձ: Ես բաժակ առաջարկեցի իմ Հանիֆեի կենացը և իր շրթունքներուն մեջեն խմեցի երկնային նեկտարը: Երբ ես խոսեցա, բոլորը կը ծափահարեին: Ես հուզված էի, իսկ Հանիֆեն երջանկութենեն խելահեղ կարտասվեր, լեցնելով իր ձեռքին բռնած ոսկյա բաժակը: Ո՜վ Հանիֆե, երկնային թևավոր հրեշտակ, դուն իմս ես հավիտյան և ես, ես, ես քուկդ եմ հավիտյան...»։
Բուրբոն վերևի օրագրած դեպքը միայն երևակայեց...
1908-ի գարնան, Բեյրութ ժամանող ֆրանսական շոգենավեն դուրս կելլեր միջահասակ, նիհար, սև և իմասաուն աչքերով, արտաքինով չափազանց խեղճ, 40-ի մոտ մարդ մը։ Մոտիկեն զննող աչք մ'իսկ չէր կարող գուշակել այս մարդու ներքինը և իր առաքելության նպատակը։ Անիկա իր ձեռքին կը կրեր պայուսակ մը, որուն մեջ իր ճերմակեղեններեն և անցագրեն բացի ոչինչ չկար։ Այս մարդը շոգենավեն դուրս գալուն պես, իր քայլերը ուղղեց դեպի քաղաքամեջը, վարձեց անշուք հյուրանոցի մը փոքրիկ սենյակը և ըլլալով հոգնած, պառկեցավ ու քնացավ։
Հաջորդ առավոտ իր առաջին գործը եղավ հասկնալ Բեյրութի մեջ հաստատված ֆրանսական և ամերիկյան բժշկական վարժարաններու հասցեները և ուղղվեցավ դեպի ամերիկյանը։
Այս մարդը, որ կը կոչվեր Սարգիս Սավարյան, հայ մըն էր, ուղարկված Շվեյցարիայի Ժընև քաղաքի մեջ հրատարակվող «Դրոշակ» թերթի խմբագրության կողմեն Բեյրութի հայ ուսանողության մեջ հեղափոխական սերմեր ցանելու համար։ «Դրոշակ» թերթը պաշտոնական օրգանն էր Հայ Հեղափոխական Դաշնակցության, որուն գործունեությունը կը տարածվեր Կովկասի և Տաճկական Հայաստանի հյուսիսային գավառներու մեջ։ Սարգիս Սավարյան կուգար իր կուսակցության համար նոր դաշտեր գտնելու։ Այս մարդը նվիրված [ 414 ] էր այդ կուսակցության հոգևին, լինելով կուսակցության հիմնադիրներեն մեկը։
Սավարյան քիչ խոսող մարդ էր, իր խոսելակերպը՝ համակրելի և գրավիչ։
Այդ առավոտն իսկ անիկա ծանոթացավ հայ ուսանողի մը, որ իր կարգին զինքը ծանոթացուց մեկ քանի ուրիշ ուսանողներու։ Սավարյանը երբեք չտատամսեցավ իր առաքելության նպատակը բացորոշ դնելու այդ մի քանի նոր ծանոթացած ուսանողներու առջև, որոնք բուռն խանդավառությամբ ընդունեցին զայն։ Սավարյան առաջարկեց այդ ուսանողներուն իր նպատակը պարզել ընկերներու և առաջարկեց գաղտնի ժողով մը սարքել, ուր պիտի խոսեր ինքը հայ ժողովուրդը թրքական լուծեն ազատելու մասին։
Գաղտնի ժողովը տեղի ունեցավ։ Երեք ժամ ամբողջ Սարգիս Սավարյան խոսեցավ աշխարհի բոլոր հեղափոխությանց պայթման պատճառներու և գործելակերպի մասին։ Ամփոփ կերպով ներկայացուց իր պատկանած կուսակցության պատմությունը, իր ընկերներու հերոսական սխրագործությունները, տեռորները, պետությանց հետ ունեցած բանակցությունները, 1905 թ․ Պոլսի մեծ մահափորձը, Ծովասարի կռիվները, իր կուսակցության առժամյա և ապագա ծրագիրները։ Ուսանողները անկեղծ խանդավառությամբ մտիկ ըրին Սարգիս Սավարյանը։
Սավարյան իր ըսելիքները լրացնելե հետո՝ խոսք տվավ նաև ունկնդիր ուսանողներու իրենց տպավորությունը հայտնելու և առհասարակ արտահայտվելու։ Ուսանողները բոլորն ալ լուռ էին և ինկած խոր խոհերու մեջ, բայց անոնցմե մեկը, որ Սավարյանի զրույցի ամբողջ ընթացքին անհանգիստ շարժումներ կ'ըներ, ոտքի կանգնեցավ շատ հանդիսավոր կերպով և խոսելու պատրաստ՝ իր շուրջը սկսավ դիտել։ Այդ ուսանողը կ'ըլլար քսանևհինգը անցած, կարճահասակ, սրունքները անհամեմատ կարճ քան իրանը, բայց չորցած սյունի պես ուղիղ, թևերը անհանգիստ շարժման մեջ, աչքերը խոշոր և բոցավառ, պեխերը գլխիվայր դարձված հսկա ստորակետներ ու նման իր քթին երկու կողմերը անկված։ [ 415 ] Հակառակ այս նկարագրության անիկա մինչև անգամ գեղաdեմ երիտասարդ էր։
— Հայաստանի ազատագրության մեծ ուխտավոր, սկսավ անիկա, և դուք, ուսանող պարոններ, Ես․․․ ես անհուն տենչանքով կսպասեի այս երջանիկ օրվան տարիներե ի վեր։ Հայաստանի ազատագրության իդեալը եղած է իմ երազներուս բոցավառության բուն շարժառիթը։ Ես երջանիկ եմ այսօր և ես կուզեի, որ բոլորդ ալ ըլլաք երջանիկ։ Մեզ մոտ եկած է հայ ազգի պարծանքը, մեծն Սավարյանը (Բեյրութի մեջ ոչ ոք լսած էր Սավարյանի անունը և Սավարյան ինքը ոչինչ խոսած էր իր մասին), մենք կերդնունք, ես կերդնում իր առջև մնալ հավատարիմ այն սրբազան կրակին, որ այսօր վառեց պարոն Սավարյանը մեր հոգիներու մթության մեջ։ Մենք կ'երթանք, ես կ'երթամ վրեժ լուծել, գավաթ-գավաթ խմել տուշմանի արյունը և ապա ես կը մեռնիմ։
Ավելի պիտի շարունակեր, եթե Սարգիս Սավարյան չընդհատեր ճառը՝ հիշեցնելով, որ գաղտնի ժողովի նստած էին և կարելի չէր այդքան բարձրակոչ արտահայտվիլ։
— Ես շնորհակալ եմ, ընկեր ստուդենտ, ձեր ցույց տրված խանդավառության հանդեպ, երբ ինձ ուղարկում էին Ժընևից այստեղ՝ զգում էի հեռվից այս խանդավառությունը, ես շատ ուրախ եմ, որ իմ և իմ ընկերների հույսերը ի դերև չպետք է ելլեն, պատասխանեց Սավարյան։
Սարգիս Սավարյան կը խոսեր հեղափոխորեն — կովկասյան հայ բարբառով։
Սարգիս Սավարյան դարձյալ դիմեց ուսանողներու արտահայտվելու համար, բայց ոչ ոք ուզեց տեղեն շարժիլ, այս անգամ դարձյալ միևնույն անհանգիստ ուսանողը ուզեց ցատկել և խոսիլ, բայց իր ընկերները չթողուցին. Սավարյան տեսնելով այդ՝ ուզեց հանդարտեցնել և ըսավ.
— Բավական է, ընկեր, արդեն մենք առիթը ունեցել ենք լսելու ձեզ և թափանցելու ձեր եռանդին։
Այս անհանգիստ ուսանողը մեր Բուրբոնն էր։ Բայց Սարգիս Սավարյանի «ընկեր» հորդորումը եռացած ջուրի վրա սառ ջուր լցնելու պես բան մըն էր, որովհետև Բուրբոնը թեև [ 416 ] վեց ամսվան բժշկական ուսանող էր, բայց արդեն տունը գրած նամակներուն մեջ «Ես, ձեր որդին, կամ ձեր եղբայրը՝ դոկտոր Բուրբոնյան» կստորագրեր:
Սարգիս Սավարյան ուսանողական կոմիտե մը ընտրեց, որ կոչվեցավ — Ջրաքաղաքի Կոհակ Կոմիտե։
Երեք օր հետո Սարգիս Սավարյան գնաց ֆրանսական հյուպատոսարանը, անկից Ժընևեն ստացված «Հեղափոխական» հրատարակությունները առավ և բերավ հանձնեց Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեին և ինքը մյուս օրը մեկնեցավ դեպի Կիլիկյան ափեր միևնույն ոգին տարածելու համար, ուր հայ հեղափոխության նվիրված մյուս կուսակցությունները արդեն կենտրոնացուցած էին իրենց ուժերը:
Սարգիս Սավարյան շատ խոր տպավորություն ստացավ հայ ուսանողությունեն, բայց Բուրբոնյանը գամված մնաց իր մտքին մեջ իբրև իր կուսակցության «տիպիկ» շրջուն պրոպագանդիստ:
— Ամենահարմար տիպն է դա, կը մտածեր Սավարյան, պիտի գործածել դրան:
Սարգիս Սավարյանի առաքելությունը Բուրբոնի երևակայության մեջ ստեղծեց նոր փոթորիկներ:
Բուրբոնը կը շարունակեր սիրել իդեալական սիրով, բայց Սավարյան ազդարարած էր, որ ուսանողները պետք էին հրաժարիլ աշխարհիկ կյանքե, մեկդի թողուլ կյանքի բովանդակ կրակը, երիտասարդության խոլական խաղերը և նվիրվիլ աստվածային ոգևորությամբ հեղափոխության փշոտ ճանապարհին:
— Պիտի ապրել հոգեկան աշխարհում, հայտարարած էր Սավարյան:
Համաձայն ամենատարրական տրամաբանության՝ Հանիֆեի սերը որևէ կապ չուներ աշխարհիկ կյանքի հետ և Սավարյանի «աշխարհիկ» դարձվածքը չպիտի խանգարեր մեր Բուրբոնի ultra-պլատոնական սերը: Ատիկա այդպես էր համաձայն... տրամաբանության, բայց Բուրբոնը չէր տրամաբաներ — Բուրբոնը կ'երևակայեր, հետևաբար կը գործեր, անիկա կյանքի ամենեն իրական սահմանին մեջ էր: Անիկա ուրեմն կը վայելեր. աշխարհիկ սեր, կը գրկեր և կը սեղմեր [ 417 ] իր կուրծքին Հանիֆեն, կը համբուրեր զայն, անվերջ կը համբուրեր, երբեմն նույնիսկ մարելով և իյնալով գետին անոր սիրո ազդեցության տակ։ Օրվան բոլոր ժամանակը Բուրբոն նվիրած էր Հանիֆեին հաճոյակատար ըլլալու ծառայության։ Անոր հետ գիշերները խնջույքի մեջ կը գտնվեր, կր գինովնար անոր սիրույն համար։
Կես-գիշերեն հետո Հանիֆեն կուգար... իր սենյակը, շոյելով և փայփայելով անոր խոնջած ճակատը։ Մթնշաղին կը մեկներ պարտեզի դուռնեն իր տունը, որպեսզի մարդիկ չի նշմարեին, տանելով իր հետ մեր գինով, արբշիռ Բուրբոնի սիրո աղաչանքներն ու պաղատանքները։
Այսպես կ'երևակայեր անիկա։
Բուրբոնը սկսավ լուրջ մտածել կնոջ և հայրենիքի մասին։ Սավարյան բոցավառ ճառերով պատկերացուցած էր գարիբալդիները, վաշինգտոնները, անդրանիկներն ու սերոբները։ Կոչ էր ըրած երիտասարդ ուսանողության հոգիին՝ նվիրվելու հանրային դատին և զոհվելու։
Կ'սկսեր խոսիլ ինքն իր դեմ շատ անգամ իր սենյակին մեջ կամ ծովեզրը։
Սե՞ր թե հայրենիք — այս էր Բուրբոնի երևակայության տանջանքը։
Արդարև, Սավարյանի «հեղափոխականացումեն» հետո՝ Բուրբոնի մեջ տեղի ունեցած էր նոր երևակայության հրդեհ, որ զինքը կը բարձրացներ իր համար մինչև այդ թվականը անծանոթ հորիզոններ։
Անիկա մտածեց կախաղանի մասին, բայց իրեն դաժան չթվեցավ, որովհետև Սավարյան պատմած էր զանազան դյուցազնական մահերու մասին։ Անիկա չսարսափեցավ բանտի հեռապատկերներեն, որովհետև Սավարյան կոչ էր ըրած ասպետին վայել հոգիով տոկալ փորձանքներու, դիմագրավել հեղափոխական մահացու վտանգները։ Բայց մյուս կողմեն կը տեսներ Հանիֆեն ծունկի եկած իր առջև, աչքերը դարձուցած արտասուքի աղբյուր, կը լսեր անոր երգը, որ հավիտենական հեծեծանքն էր սիրո թշվառության, բայց Սավարյանի պատգամը կը հնչեր. «Մի մոռանաք, ընկերներ, որ երբ ձեր կյանքը զոհում եք մի աղջկան համար, ձեր քույրերից [ 418 ] հազարավորներ գնում են անողոք յաթաղանի տակ»։
Բուրբոնը պետք էր միայն մեկ որոշում տար,— կամ մնալ Բեյրութ և սիրել Հանիֆեն և կամ ձգել վարժարանը և երթալ գյուղերն ու քաղաքները քարոզելու հեղափոխություն և ժողովուրդը ըմբոստացնելու բռնակալության դեմ։ Վարժարանը դյուրությամբ կրնար լքել, որովհետև իր պատանեկության ամենակարմիր երազը — կոչվիլ դոկտոր — իրականացած էր, բացի իր նամակներուն տակ «Դոկտոր Բուրբոնյան» ստորագրելը, այցետոմս տպագրել տված էր, չորս լեզուներով միևնույն հորջորջումով։
— Տիտղոսը ստանալես հետո պետք է նվիրվեմ... որո՞ւ, դժվար էր պատասխան տալ — Հանիֆե և Հայաստան,— երկուքն ալ այնքան տեսլական, այնքան շողով և քաղցրությամբ լեցուն։
Անիկա կրկնապատկեց իր ծովեզրյա պտույտները և ավելի կատաղի կերպով կը ճառախոսեր ալիքներուն։ Մերթ կ'ըմբոստանար տիրող պետական կարգերուն դեմ, կը տեսներ, որ հարյուրավոր մարդիկ շղթայված՝ սվիններով կը քշվեին դեպի բանտ։ Կը տեսներ, որ ձորի մը մեջեն հայդուկներ զենքը ձեռքերնին, «աչքերնին աստղերով լեցուն» դեպի լեռը կը բարձրանային, և կը պոռար որոտընդոստ.
— Ես ձեզի հետ կուգամ, ես լեռ կ'ելլեմ, ես զենք կ'առնեմ, և ես ձեզի օգնության կուգամ, ես՝ դոկտորս, կ'արհամարհեմ ամեն ինչ, և՛ փառք, և՛ հարստություն, և՛ սեր, և՛ հանգստություն։
Տուն վերադարձին կ'երևակայեր, որ Հանիֆեն արցունքներու մեջ կը խեղդվի, օգնություն կ'աղերսե, կը մարի, կ'իյնա, կը զառանցի։
Ահա Հանիֆեն՝ մազերը թափթփած իր ուսերուն վրա՝ աչքերը գիշերի չափ մութ և աղերսագին՝ ինկած է Բուրբոնի անկողնի վրա և բազուկները պարզած՝ կը պոռա. «Ինձ ծովը նետեցեք, մարեցեք իմ հոգիի հրդեհը, բռնեցեք մազերես և քաշեցեք փողոցներուն մեջ»։
Տակավին շատ երկար պիտի տևեին Բուրբոնի երևակայության չարչարանքները, եթե նոր պատգամ մը չի գար և կշիռքին մեկ կողմը զգալապես չծանրացներ։ [ 419 ]
Ամառվան արձակուրդեն քանի մ'օր առաջ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն գաղտնագիր նամակ ստացած էր ընկեր Սավարյանեն, որուն համար ուսանողները ժողով ունեցան։ Մեկ քանի հոգիներ իրարու քով եկան և սկսան գաղտնագիրը հեգել և դասավորել կարդալու համար Ժողովին առջև, որ ատեն դոկտ. Բուրբոնյանը սենյակին մեջ անհանգիստ պտույտներ կըներ ծանրակշիռ լուր մը լսելու կանխահոգությամբ։
— Կը զարնեն, կը թալանեն, կը սպանեն, ազատորեն ոճիրներ կը գործվին, ես անոնց կը սովրեցնեմ, ես կը նվիրվիմ անոնց ազատագրության, կը խոսեր ինքնիրեն դոկտ. Բուրբոնյանը։
— Ահավասիկ, պոռաց ուսանողներեն մեկը, որ ժողովի քարտուղարն էր և սկսավ կարդալ. «Սիրելի ընկերներ, նոր ուխտի զինվորներ, ես գրում եմ ձեզ այս նամակը Հայաստանի «Ժայռ» ռայոնից, ուր ես բաց եմ արել գործունեության նոր ասպարեզ։ Ողջ հայ տառապած ժողովուրդը ձեր օգնությանն է սպասում, դուք պիտի լինիք հեղափոխության և հայրենիքի աղը։ Պիտի ստեղծել ժողովուրդին մեջ հեղափոխական տենդենցներ։ Ես առաջարկում եմ «Կոհակ» կոմիտեիդ արձակուրդի առաջին իսկ օրից ընկեր Բուրբոնյանը ճամփա հանել դեպի Հայաստան, բոլոր գյուղերում ու քաղաքներում քարոզելու հեղափոխություն։ Իր հետ միք մոռանա տալ «Դրոշակ»-ի հրատարակություններից, որ ստացել էիք իմ միջոցով Ժընևից։ Պրոպագանդան պիտի լինի խիստ գաղտնի ընկեր Բուրբոնյանի կողմից։ Մաղթում եմ ձեզ եռանդ և ընկեր Բուրբոնյանին՝ անսահման անձնազոհություն, համբուրելով ձեր հեղափոխականի անբիծ ճակատները։ Լռակյաց։
Նամակի ընթերցումը լրանալեն անմիջապես հետո՝ ընկեր Բուրբոնյանը ցատկեց ոտքի և կոխոտելով իր հեղափոխականի ոտքերուն տակ Հանիֆեն ու կյանքի բոլոր վայելքները, սկսավ ոգևորիչ ճառ մը ըսել։ Անիկա փրփրած և կատաղած էր։
— Կեցե՛ք բարով, ընկեր ուսանողներ, ըսավ անիկա, [ 420 ] ես կերթամ դեպի բանտ և աքսոր, դեպի մահ ու կախաղան, դեպի փառք ու երկինք, դեպի Հայաստանի լեռները, դուք, ո՛վ բոլոր բռնակալներ այս աշխարհին, գողացեք, սասանեցեք, գուշակեցեք այն բոլոր սարսափները, զոր ես պիտի ուղարկեմ ձեզ, իմ հեղափոխականի անբիծ ճակատը երբեք չպիտի խոնարհի ձեր առջև, անիկա, իմ հեղափոխականի սեգ, վսեմ ու մաքուր ճակատը, պիտի հպի աստղերուն, կեցե՛ք բարով, ընկերներ, ես կը համբուրեմ ձեր ճակատները, դուք ալ համբուրեցեք իմ բոցավառ ճակատը։ Ես կ'երթամ, դուք կը մնաք հոս, ես կ'երթամ, դուք կ'արտասվեք հոս. կեցե՛ք բարով, կեցե՛ք բարով։
Տակավին շատ պիտի երկարեր, եթե լուրջ ուսանողներեն մեկը Սավարյանի նման չընդհատեր զայն, հիշեցնելով գաղտնի ժողովի հանգամանքը։ Ուսանողներեն մեկ քանին այնքան հուզված էին, որ սկսած էին արտասվել։ Բուրբոնյանը իր ճառը բարձրագույն հռետորական արվեստով լրացնելե հետո բռնեց բոլորին ձեռքերը և պինդ-պինդ համբուրեց բոլորին ճակատները։ Ուսանողներն ալ փոխադարձաբար համբուրեցին ընկեր դոկտոր Բուրբոնյանի հեղափոխականի անբիծ ճակատը։
Գիշերը ուշ ատեն ցրվեցան՝ ճանապարհորդության բոլոր ծրագիրները մշակելե հետո։ Բուրբոնյանը մերժեց ծովով ճամփորդել, որովհետև կուզեր ցամաքով երթալ արաբական նժույգի վրա նստած։ Ուսանողները համաձայնեցան այդ ցանկության։
Կես-գիշերեն հետո տուն վերադարձին՝ երևակայեց փողոցին մեջտեղը կանգնած Հանիֆեն, որ վհուկի մը պես աչքերը ոլորած, մազերը ցանուցրիվ, զգեստները պատառոտուն, թևերը պարզած՝ իրեն կաղերսեր և կաղաղակեր.
— Մի՛ ըլլար այդքան անգութ, ով իմ սրտին ծաղիկը, ես ալ կուգամ քեզի հետ դեպի սարեր ու ձորեր, ես ալ կընկերանամ քեզի, քու բանտերու չարչարանքներուդ, ես մինակ եմ այս ամայի աշխարհին մեջ, ոչ ոք ունիմ զիս սիրող, դուն ես իմ արևը, դուն ես իմ թագավորը, արքայից արքան, և ինկավ Բուրբոնի ոտքերուն։
Բուրբոնը արհամարհեց այդ բոլորը, անիկա որոշում [ 421 ] տված էր նվիրվիլ և զոհվիլ հայրենիքին համար և կին մը երբեք արգելք չպիտի ըլլար իր հեղափոխական քայլերուն։ Անիկա առանց տատամսելու, հպարտորեն և վեհորեն թողուց խեղճ, սիրավառ Հանիֆեն ամայի փողոցին մեջ և եկավ տուն մեկ քանի օրեն մեկնելու համար դեպի՜... հեղափոխություն։
Բուրբոնյան արաբական ձի մը գնեց և ճամփա ինկավ դեպի Հալեպ։ Անիկա հագված էր արաբ ձիավորի նման։ Առաջին օրեն իսկ անիկա սկսավ մտածել կարևոր բանի մը մասին։ Այդ բանը դարձավ հոգեկան տանջանք իր համար։ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն իրեն պատվիրած էր հեղափոխական քարոզչությունը տանիլ խիստ գաղտնի, տված էին անոր հեղափոխական արվեստի բոլոր նրբությունները,— ինչպես պետք էր մտնել քաղաք, ինչպես պետք էր ծանոթանալ հեղափոխական տիպերու հետ, բայց Բուրբոնյանը անոնցմե և ոչ մեկուն կարևորություն չտվավ։ Նոր հեղափոխականին տանջանքը այն էր, որ քարոզչությունը պիտի տարվեր խիստ գաղտնի, ուրեմն անիկա զրկված էր․․․ ճառախոսութենե։
Եթե մեկը ըլլար, որ իր ճառախոսությունը սաստեր և կասեցներ զայն, գեթ ինք կրնար երբեմն-երբեմն սկսիլ և մեկ քանի վայրկյան վայելչորեն... ճառախոսել։
Ճանապարհին ձիուն վրայեն ամայի արահետներու մեջ բավական գոհացում տվավ իր տոչորող մարմաջին, ճառախոսելով համարձակ և հեղափոխականացնելով․․․ լեռներն ու ձորերը։ Հանկարծ ուրիշ միտք մը սկսավ տանջել զինք, որ տիպար հեղափոխական ըլլալու համար պետք էր բանտ մտնել քեռիներու, երկաթներու, փինթի մինասներու, սյունկի ավետիսներու, ջան-թասներու, դժոխքներու, նժդեհներու պես։ Առանց այդ բանտային արկածի ինք չէր կրնար ըլլալ հեղափոխական հերոս, հետևաբար որոշեց սարսափելի քայլեր առնել փութացնելու համար արկածը, որուն ետևեն պիտի հասներ փառքը և հեղափոխական մեծ վայելչությունը։
Երբ անիկա մոտեցավ Հալեպին, արդեն ինքզինք կը զգար հոգնած և աշխատանքի ծանրության տակ ընկճված․.. Ձին կապեց ծառի մը և ստվերին տակ ընկողմանեցավ հանգստանալու։ Երկու ժամվա մրափե մը հետո, որ ատեն զառանցանքներ [ 422 ] կ'ըներ և թևերու ու գլուխի անհանգիստ շարժումներ, աչքերը բացավ և տեսավ երկու թուրք ժանդարմներ, որոնք իրենց ձիերուն վրա հեծած կամաց-կամաց ճանապարհը կը կտրեին։ Երբ անոնք մոտավորապես հիսուն քայլ հեռու էին՝ հեղափոխականը (տակավին հերոս չէր) ոտքի կանգնեցավ և սաստեց անոնց կանգ առնել։
— Ո՞ւր կերթաք, հարցուց անոնց։
Անոնք իրարու երես նայեցին և անմիջապես չպատասխանեցին։ Ընկեր Բուրբոնյանը անհամբեր՝ քաշեց իր ձիու արծաթազօծ մտրակը (այն ատեն չուներ ոչ մի զենք) և սպառնալով՝ վրանին խուժեց։ Ժանդարմները կարծելով զայն արաբ բարձրաստիճան սպա, ահաբեկված՝ իրենց ձիերը մղեցին քառատրոփ փութկոտության և փախան։ Երբ անոնք կտրվեցան տեսողութենե՝ Բուրբոնյանը վերադարձավ իր ձիուն քով և ճառախոսեց այսպես․
— Ո՛վ հայրենակիցներ․ ո՛վ տառապյալներ, ես եկա ձեզ փրկելու, ես ազատագրեցի ձեզ երկու սադայելներե։ Անոնք իմ շնորհիվ հավետ... կորած են։ Անոնց սուրը այլևս չկրնար բարձրանալ ձեր անմեղ վիզերուն վրա։ Ես կ'ազատագրեմ ձեզ բոլոր խուժդուժ, ցածոգի ժանդարմներե, կեցցե՜ հեղափոխությունը, կեցցե՜ հերոսությունր։
Ընկեր Բուրբոնյան այլևս հերոս էր, միայն աշխարհահռչակ դառնալու համար պետք էր բանտ մտներ։
Իրիկունը ուշ ատեն անիկա մտավ քաղաք և գնաց ընկեր լինելու ատակ երիտասարդի մը տունը, որուն հասցեն տրված էր իրեն «Կոհակ» կոմիտեեն։ Այս երիտասարդը անըմբռնելի երկչոտությամբ ընդունեց հերոսը։ Գոցեց դուրսի դուռը, փակեց լուսամուտի փեղկերը, որպեսզի, աստված մի արասցե, դուրսեն մեկը չտեսներ այդպիսի հեղափոխական տարազով մեկը։ Տնեցիները նշմարելով տղամարդու անսահման զգուշավորությունը, իրենք ալ սկսան ցած ձայնով խոսիլ, գրեթե փսփսալ իրարու։
Երկյուղը իր գագաթնակետին հասավ, երբ հերոս Բուրբոնյանը պատմեց իր ազատագրական առաջին ակտը։ Հյուրասերը տենչալով տենչաց առավոտը, որպեսզի կերպով մը ազատվեր իր հյուրեն։ [ 423 ]
Դոկտոր Բուրբոնյանը Հալեպ քաղաքը մոտենալու ճանապարհին հայտնաբերած հերոսությունը պատմելեն հետո՝ պատմեց և ուրիշներու հերոսությունները հեղափոխականացնելու համար իր շրջանակը։
Գիշերը անիկա երազեց, որ բռնակալ կառավարության կողմեն ձերբակալեցին զինք, նետեցին բանտ... «առանց քննության՝ երկու ժանդարմներ ռումբով սպանելու ամբաստանությամբ»։ Բվանտին մեջ սարսափելի տառապանքներու ենթարկեցին զայն, մեխերու վրա նստեցուցին, եռացած հավկիթներ դրին թևերուն տակ, տաքցած երկաթներով այրեցին մարմինը և անիկա հերոսաբար դիմադրեց բոլոր չարչարանքներուն և, հակառակ այնքան խոստումներուն, ոևէ հեղափոխական գաղտնիք չտվավ։ Հիշեց իր հանգիստ ուսանողական օրերը, հիշեց Հանիֆեն, անոր արցունքները, բայց հպարտ զգաց իր տանջանքներուն համար, որովհետև ամեն մեկ տանջանքով կազատագրեր հազարավորներ իր եղբայրներեն և քույրերեն։ Միայն անհունորեն կը տենչար, որ իր հեծեծանքները, իր հեղափոխականի վայել ընթացքը հառներ Սավարյանին և արժանի ըլլար անոր կեցցեին։
— Այդ լուրը ես շուտով կը հասցնեմ անոր ականջին, կը մտածեր ինքնիրեն բանտի... խոր լռության մեջ։
Առավոտուն անիկա արդեն լրիվ հերոս էր։
Երիտասարդ հյուրասերը, որ հեղափոխությունը և անոր քարոզչությունը այդ ձևով չէր հասկնար և լուռ աշխատանքի մարդ էր, նախաճաշը ընելեն հետո, դառնալով դոկտ․ Բուրբոնյանին.
— Ընկեր Բուրբոնյան, ըսավ լրջորեն, ես լուր ստացա, որ Տիգրանակերտի մեջ ձեր ներկայությունը շատ զգալի է, այնտեղ գործը բավականին քայքայված է և կառավարությունը դիմած է ամենեն անմարդավայել միջոցներու ձերբակալելու համար հայ ժողովուրդի մեծամեծները։ Մենք հոս բավականին առաջ տարած ենք կազմակերպության գործը, իմ և իմ ընկերներու կարծիքը այն է, որ դուք հիմա ճամփա ելլեք դեպի Տիգրանակերտ՝ ուր մեծ կարիք կա նոր և տիպար հեղափոխականի։
— Ես իսկույն կը մեկնիմ հոն և կազատագրեմ բոլորը։ [ 424 ]
— Միայն թե, ընկեր Բուրբոնյան, լավ... լավ չէ՞ր ըլլար որ... գիտե՞ք, մենք շատ հայ ազգաբնակչություն չունինք Հալեպի մեջ, դուք պետք է երթաք ավելի հայաշատ գավառներ։
— Ճիշտ է, ես Հայաստան կ'երթամ, պատասխանեց տիպար հերոսը և կ'ազատագրեմ բոլորը։
Երիտասարդ հյուրասերը չհամարձակեցավ ըսել թե ավելի լավ կ'ըլլար արաբական զգեստները փոխել, վախենալով, մի գուցե, որ օր մը ավելի կենար իր տանը նոր հագուստներ պատրաստելու համար, բայց ընկեր Բուրբոնյանը երբեք մտադիր չէր իր տարազին դպչիլ — իզուր էր երիտասարդի վախը։
1908 թ. հուլիսի 14-ին, Օսմանյան սահմանադրության նախօրին, դոկտ. Բուրբոնյան տակավին Տիգրանակերտ չէր հասած և Մշերիկ գյուղի մեջ զբաղած էր հեղափոխական կազմակերպության գործով։
Այսպես էր իր կազմակերպելու ձևը — կը կանչեր գյուղի երիտասարդներեն մին, առաջին անգամ կը պատմեր Հայաստանը ազատագրելու իր առաջին ակտը, ամեն անգամ զարդարելով, ամեն անգամ ավելի խոր գույներ տալով պատկերներուն, կը նկարագրեր իր բանտային տանջանքները և ոգևորությամբ կոչ կըներ նմանիլ իրեն։
— Դուք պետք է նմանիք ինձ՝ Արքայազնիս (այս էր իր հեղափոխական-պրոպագանդիստի ծածկանունը), կաղաղակեր։
Այդ մեկը կը խոստանար նմանիլ Արքայազնին։ Կը կանչեր մեկ քանի ուրիշ երիտասարդներ, անոնց ալ կը պատմեր միևնույն պատմությունը քիչ մը ավելի զարդարված, քան առաջինը։ Անոնք կը խոստանային նմանիլ... իրեն։ Բոլորին մեկանց երդում ընել կուտար մի ոևէ «հեղափոխական-հերոսի անհետ կորած սրբազանի գերեզմանի անունով» և վերջացած կը նկատեր իր գործը: Մեկ քանի գյուղերու մեջ գնաց եկեղեցին և արտոնություն խնդրեց ճառախոսելու։ Անիկա արևի ծագումը նկատելով իբրև հեղափոխության այլաբանություն՝ ճառախոսեց, երևան բերելով ուսանողական շրջանի նման անուններու և պատմական թվականներու այնպիսի [ 425 ] մեկին խառնիճաղանջությունն, որմե խեղճ գյուղացիները ափուբերան մնացին առաց բան հասկնալու, խոստովանելով նորեկի «յաման» ճառախոսելու կարողությունը:
Այս արարողություններեն հետո՝ Արքայազնը Համիդի ռեժիմը տապալելու համար 1907 թվին Փարիզի մեջ գումարված Կոնգրեի թռուցիկը կը բաժներ՝ ավելցնելով.
— Ես եկած եմ տապալելու համիդյան ռեժիմը, հույս մեծ ունեցեք, ես կը հաջողիմ իմ հեղափոխական-հերոսի փշոտ ճանապարհին։
Տակավին Մշերիկ գյուղի մեջ էր, երբ տարտամ լուրեր եկան Օսմանյան սահմանադրության հռչակման մասին։ Առաջին անգամ բավական զսպեց ինքզինք, բայց հետզհետե սկսավ երևակայել...— Կոնգրեն գումարվեցավ, ամբողջ Թուրքիան հեղափոխականացավ, ինքը արդեն հեղափոխական սերմեր տարածած էր Բեյրութեն մինչև Մշերիկ գյուղը և... ազատությունը եկավ։ Անիկա ձին հեծավ և քառատրոփ հասավ Տիզրանակերտ։ Քաղաքի մեծ պարիսպեն դուրս տեսավ գյուղացիներ, որ կը փութային դեպի ներս՝ սահմանադրական թափորներուն մասնակցելու համար։ Երբ դոկտ. Բուրբոնյանը ներս մտավ, հանդիպեցավ այդ թափորներեն մեկուն, որ գինովցած օրվան ազատութենեն, որովհետև բանտերեն և դժոխային զնդաններեն դուրս էին եկած հեղափոխական հինավուրց գործիչներ, գլխարկները օդին մեջ ճոճեցուցին «կեցցե» պոռալով։
Ընկ. Բուրբոնյան փութաց իրեն վերագրել այդ ցույցը։ Կանգնեցուց իր ձին, արաբական գլխանոցը հանեց գլուխեն և ճոճելով օդին մեջ՝ սկսավ... ճառել։
— Ողջո՛ւյն ձեզ հանուն Հեղափոխական Դաշնակցության, հանուն Ժընև քաղաքին։ Այս ազատությունը, որ կը վայելեք այսօր, դուք, երեկվան ստրուկներ, գործն է մերայնոց։ Շնորհակալ եմ ձեր ուրախության արտահայտությանց համար, որ կը պոռթկան դուրս ձեր կուրծքերեն ի պատիվ ինձ, անտեղի չէ այդ և անպտուղ չմնար երբեք։ Բոլոր հեղափոխությանց մեջ այսպես եղած է, ինչպես Գարիբալդին՝ ֆրանսական մեծ հեղափոխության հերոսը։ Ես լսեցի Հալեպի մեջ, որ Մեծն Տիգրանի այս քաղաքը վտանգված [ 426 ] է պաշտոնյաներու կողմե, վազեցի և եկա կտրելով անցնելով հազար ու մեկ խոչընդոտներ։ Հիմա կը տեսնեմ, որ կը ծափահարեք և երախտապարտ եք...
Այստեղ Բուրբոնյան քիչ մը կանգ առավ և սպասեց... ծափահարության, բայց ոչ ոք չի ծափահարեց։ Այս անգամ ահռելի ձայնով գոռաց՝
— Կեցցե՜ ժողովուրդը։
— Կեցցե՜ հեղափոխությունը։
Այս անգամ ժողովուրդը արդեն զգաց և ծափահարեց երկար և որոտընդոստ։
— Կեցցե՜ մեր հերոսը, արձագանքեցին անոնք։
— Մենք տապալեցինք օսմանյան բռնապետությունը, մենք կը հիմնենք Հայաստանի թագավորությունը, ավելցուց անիկա իր ճառին մեջ։
Իր առաջին ազատ ճառերուն մեջ նաև հայտնեց իր հեղափոխական-հերոսական ծածկանունը։
Դոկտ․ Բուրբոնյանը ինկավ ժողովուրդի առաջը խլելով դրոշակներեն մեկը և բռնելով իր ձեռքը, անցավ փողոցներով։
Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրը միայն մեկ բանով կը տարբերեր — Քրիստոս նստած էր իշու վրա, կրելով իշու վրա նստած ասպետի վայել համեստությունը։
Թափորը հանդիպեցավ ուրիշ թափորի մը։ Բուրբոնյանը, այս անգամ ազատության դրոշակը ձեռքը, երկրորդ անգամ ճառախոսեց գրեթե միևնույն նյութի մասին, ավելի ոգևորված, ավելի հուզված, կոչականներով և «ո՜հ»-երով լեցուն, պատմեց դարձյալ ազատագրության իր առաջին ակտը և բանտային չարչարանքները։
Ժողովուրդը երբեք չկասկածեցավ անոր հեղափոխականության մասին, ընդունեց զինքը իր հերոսներեն մեկը, ծաղկեփունջեր նվիրելով անոր։ Այն օրվան ծնված բոլոր տղամանուկները ութն օր հետո մկրտվեցան և անվանակոչվեցան Բուրբոն՝ ի հիշատակ մեծ հեղափոխական հերոսի։
Հերոս Բուրբոնյանը չբավականացավ ճառախոսություններով, զորոնք արտասանեց զանազան փողոցներու մեջ և մեծ հրապարակներու վրա, այլ միացած թուրք քաղաքական [ 427 ] աքսորականներու հետ՝ ժողովուրդը գրգռեց ընդդեմ նախկին ռեժիմի պաշտոնյաներու և հրապարակ բերելով զանոնք՝ հանձնեց ժողովուրդի դատաստանին։ Շատերը ծեծվեցան, մեկ-երկուքը սպանվեցան, մեկ-քանին անհետ կորան քաղաքին մեջ։
Թափորները և ցույցերը լրացնելե հետո՝ հեռագիր մը խմբագրեց և անմիջապես ուղարկեց Ժընևի «Դրոշակի» խմբագրության։
Հեղափոխական ընկերնե՛ր:
Ես ազատությունը գործադրեցի Տիգրանակերտի մեջ, քշեցի բոլոր նախկին վտանգավոր մարդիկը, և կառավարությունը առի իմ ձեռքին մեջ: Կանցնիմ ուրիշ քաղաքներ:
Կեցցե՜ ազատությունը:
Կեցցե՜ մեր գործը:
- ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ
Երկրորդ օրը, ի պատիվ դոկտ. Բուրբոնյան հեղափոխական-հերոսին, Տիգրանակերտի բարձր դասը և մտավորական երիտասարդությունը ճաշկերույթ մը սարքեցին մեծ սալոնի մը մեջ, ուրտեղ ներկա էին եվրոպական պետությանց հլուպատոսները և ամերիկյան միսիոնարական ներկայացուցիչները։ Ներկա էին նաև օտարականներու տիկինները և օրիորդները և մեկ-քանի ազատամիտ հայ վարժուհիներ։ Բուրբոնյանը սալոնին մեկ անկյունը ջղային շարժումներով շուրջիններուն կը պատմեր իր կռիվները թուրք ժանդարմներուն հետ, իր հարաբերությունները արտասահմանի հեղափոխականներուն հետ, կը պատմեր մեծ հիացումով և խոր հարգանքով ընկեր Ս. Սավարյանի մասին, որ գացած էր ամբողջ Կիլիկիան հեղափոխականացնելու։ Արդեն նստած էին ճաշի և բոլորը հերթով իրենց բաժակները կը պարպեին ի պատիվ մեծ հյուրին, որ հերոս էր և փրկած էր Հայաստանը գիշատիչ պաշտոնյաներե, երբ հանկարծ մեկ քանի բուրժուա տղոց հետ ներս մտավ շիք պարոն մը, կեղծ ծիծաղ մը իր դեմքին վրա։
Շիք պարոնը միջահասակ էր, լայն ճակատով, որ կը վերագրվեր [ 428 ] ավելի ճակատի մազը կանխահասորեն թափելուն, քան իմացական լայնաճակատության, քիթը քիչ մը հակած դեպի աջ կողմը, կը խոսեր ռնգային և կանացի խեղդված ձայնով, խոսած ժամանակն ալ ուսերը քիչ մը վեր կառներ, տեսակ մը կիսաեվրոպականացած գավառացիի ձախավեր արտահայտությամբ, հագած էր սև ռեդինգոթ, լամբակին վրա զետեղած էր մեծ, ճերմակ ծաղիկ մը, մատները անցուցած մեկե ավելի խոշոր ակով մատանիներ, նայվածքի կապկություններով։ Իրեն ընկերակցողներեն մեկը ներկայացուց կոչնականներուն նորեկ շիք պարոնը․
— Ձեզի կը ներկայացնեմ պարոն Տիրան Ղալանյան, հայտնի Ֆանթազիոն, որ երկար տարիներ, հակառակ իր երիտասարդության, ծառայած է հեղափոխության և հայրենիքին։
Ֆանթազիոն մոտեցավ առաջին անգամ տիկիններուն և համբուրեց անոնց ձեռքերը ի զարմանս տեղացի կոչնականներուն, որոնք առաջին անգամ կը տեսնեին այդպիսի բան, հետո հերթով սկսավ պարոններուն ձեռքը սեղմել ամեն մեկուն արտասանելով իր անունը․
— Ֆանթազիո, étudiant en driot։
Երբ կարգը եկավ դեկտ․ Բուրբոնյանին, Ֆանթազիոն զննողաբար դիտեց, որովհետև մեր հերոսը տակավին չէր փոխած իր արաբական ձիավորի տարազը։
— Դուք կը ներկայանաք դոկտոր Բուրբոնյանին, արտասանեց մեր հերոսը քիթը տնկած վեր, առանց ձեռքը երկարելու։
— Դուք կը ներկայանաք Ֆանթազիոյին, étudiant en driot, պարոն, պատասխանեց շիք պարոնը առանց ձեռքը երկարելու և գրավեց իրեն հրամցված աթոռը։
Շատերուն այնպես թվեցավ, որ Ֆանթազիոն և Բուրբոնյանը իրարու արդեն ծանոթ էին և անցյալին մեջ գժտված, բայց չուզեցին ուրիշներու ներկայության զգացնել և այդպիսի տարօրինակ ձևով ներկայացան իրարու։ Ֆանթազիոն և դոկտ․ Բուրբոնյան իրարու երբեք ծանոթ չէին, բայց առաջինը՝ Տիգրանակերտ մտնելուն պես լսած էր առաջի օրվան թափորի և Բուրբոնյանի ճառերու մասին։ [ 429 ]
Ֆանթազիոն հինգ տարիե ի վեր գտնված էր Ժընև և Փարիզ՝ իբրև իրավաբանության ուսանող։ Ւր իրավաբանական ուսանող ըլլալը կը կայանար այն իրողության մեջ, որ այցետոմս տպել տված էր իր անունով և ծածկանունով, ավելցնելով տակը — étudiant en droit, Ժընև և Փարիզ։ Չենք սխալիր, եթե ըսենք, որ պատահաբար ներկա գտնված էր, հինգ տարիներու ընթացքին, մեկ-երկու իրավաբանական դասախոսությանց։ Իր բովանդակ հմտությունն էր, թե օրենքը հիմնված է իրավունքի վրա, թե կա code de Napoleon-ը, թե եվրոպական արդի օրենքի հիմքը կը կազմեին հռովմեական և գերմանական օրենքները։ Անիկա իբրև շրջանավարտ վերադարձած էր Մալաթիա, իր ծննդավայրը, անհուն ուրախություն պատճառելով իր ծնողներուն։ Վկայականի մասին անիկա... վկայած էր, որ ետքը պիտի ղրկվի իրեն համալսարանեն։ Հայրը վաճառական մարդ և թանձրացյալ բաները սիրող, հարցուցած էր, թե՝ որ համալսարանին մեջ ավարտած էր ուսումը իր սիրասուն որդյակը, անիկա պատասխանած էր, որ ավարտած էր՝ թե՛ Ժընևի և թե՛ Փարիզի համալսարանները — փոխն ի փոխ։ Ֆանթազիոն այս պատասխանով չէր կրնար չզարմացնել նույնիսկ գավառի մեծ մտավորական մը, ուր մնաց իր քիչ զարգացած վաճառական հայրը։
Մալաթիա հասնելուն՝ հայրը ուղարկեց զայն Բաղդադ առևտրական գործով։ Դեպի Բաղդադ ճանապարհին հռչակվեցավ Օսմանյան սահմանադրությունը։ Ֆանթազիոն Ժընևի մեջ շատ մոտ եղած էր հեղափոխական գործիչներուն, որոնք առանց երկնչելու և երկմտելու «կարմիր նամակներ» կը գրեին թերթերու մեջ՝ ուղղված — Յըլտըզի մեծ հիվանդին, անդուլ և անդադար սպառնալիքներ տեղալով թուրք բռնակալության հասցեին։
Ֆանթազիոն մոտեն ծանոթ էր 1905-ի մահափորձին, մեկ քանի տեռորներու (ոչ թե գործադրությանց, այլ հղացման շշուկներուն) և տեսած էր բոլոր այն գործիչները, որոնք եկած և անցած էին Ժընևեն, շատերը նույնիսկ հյուր ըլլալով Ֆանթազիոյի սենյակը։ Օսմանյան սահմանադրության հոչակմամբ Ֆանթազիոն մոռցավ հորը իրեն [ 430 ] հանձնած առևտրական առաքելությունը և ինքնաբերաբար դարձավ հեղափոխական գործիչ և Տիգրանակերտ մտավ իբրև այդպիսին։ Զինքը ծանոթացնողները, երբ հայտնեցին, թե անիկա երկար տարիներ ծառայած էր հեղափոխության և հայրենիքին՝ իր մասին որևէ օտար աղբյուրներ չունեին բացի իր պատմածները։
Հերթը եկավ դոկտոր Բուրբոնյանին բաժակ առաջարկելու։ Տանտերը, որ հաստավիզ փաստաբան մըն էր և ամբողջ ճաշկերույթի ընթացքին ուրիշ բան չուներ ընելու, եթե ոչ իր ծառաներուն և մեծ տղուն վրա բարկացկոտ աչքեր պտտեցնել, արդեն պատրաստ էր մեծ հարգանքով և հպարտությամբ ընդունիլ բաժակը։ Ոչ ոք կը կարծեր, թե հերոսը պիտի մոռնար հիշել տանտերը։ Դոկտ. Բուրբոնյան ոտքի կանգնեցավ և սկսավ.
— Ազատ քազաքացինե՛ր, այս բաժակը (բոլորին թևերը իրենց օղիի լեցուն բաժակներով երկարեցան դեպի Գաբրիել էֆենտին, որ արդեն կանգնած էր պատրաստ), ես կառաջարկեմ խմել այս բաժակը բոլոր հեղափոխական-հերոսներուն ի պատիվ, որոնք ինկան և որոնք կանգնած են։ (Ֆանթազիոն, որ մինչև այդ խոսքը նստած էր... փութաց ոտքի կանգնիլ։) Թևերը քաշվեցան ետ և ոմանք ուղղվեցան դեպի առաստաղը, ոմանք դեպի Բուրբոնյանը և մեկ քանին ալ դեպի Ֆանթազիոն։
Դոկտ. Բուրբոնյանին մտքեն չէր անցներ երբեք ուրիշը նսեմացնել, բայց Ֆանթազիոն զգաց, որ պետք էր զարմացնել կոչնականները և ուշադրությունը շրջել իր կողմը։ Ֆանթազիոն սպասեց իր հերթին, մինչև այդ շաղակրատելով եվրոպացի տիկիններու հետ Փարիզի, Լոնդոնի, Նեապոլի, Ցյուրիխի, Մյունխենի և Մոնտե-Կարլոյի մասին ֆրանսերեն լեզվով, ծաղրելով անգլերենը և Շեքսպիրի լեզվին միմիքը ընելով իր քիչ մը դեպի ձախ հակած շրթունքներու տանջալից շարժումներով։
Դոկտ. Բուրբոնյանը, դարձյալ խոսք առավ և պատմեց իր քաջագործությունները, որոնց բոլորը մտիկ ըրին ապշած։ Նստելե հետո՝ մատի շարժումով կանչեց ծառաներե մին [ 431 ] և անոր պատվիրեց լավ նայիլ իր Փայլակին։ (Փայլակը իր ձիու անունն էր։)
— Շաա լավ, էֆենտի, պատասխանեց ծառան։ Բուրբոնյանը քիչ մը բարկացած, բայց զսպելով իր բարկությունը, միգուցե ուրիշները լսեին, ըսավ ծառային թեթև հանդիմանանքով մը։
— Ես դոկտոր եմ, կը հասկնա՞ս։
— Շատ լավ, շատ լավ, դոկտոր էֆենտի, պատասխանեց ծառան և ետ-ետ գնաց հանդիպելով Գաբրիել էֆ․-ի բարկութենեն ոլորապտույտ աչքերուն։
Կարգը եկավ Ֆանթազիոյին։ Անիկա ոտքի կանգնեցավ, լուռ կեցավ պահ մը, ուսերը բարձրացսւց վեր՝ պոլսահայ դերասանի անհաջող շարժումներով և սկսավ իր կանացի խռպոտ ձայնով։
— Տիկիննե՛ր (խոնարհվելով մինչև գետին) և պարոննե՛ր (առանց խոնարհության), դոկտ. Բուրբոնյանի քիչ առաջ պատմած դեպքը ունի բոլորովին անհատական և փոքրիկ բնույթ, ես ձեզի պատմեմ, թե ինչպես տեղի ունեցավ 1905-ի մեծ մահափորձը։
Բոլոր նստարանները շարժեցան, գավաթները վար դրվեցան, ծառաները ֆեսերնին վար առին և սկսան ապշած և բերանբաց մտիկ ընել։ Ֆանթազիոն պատմեց նախափորձերը, նախածրագիրները և հետո ամբողջ դեպքը, ինքզինքը ներկայացնելով կենտրոնական դեմքը, ներկայացուց օր․ Ռուբինան, բաղդատելով զայն ֆրանսացի Ժան դ'Արկի հետ և բաժակ առաջարկեց Ռուբինայի կենացը։ Ըստ իր պատմության՝ Ռուբինան չէր մասնակցած մահափորձին, բայց ոչ ոք անդրադարձավ այդ իրողության։ Հանկարծ ընդոստ վեր ցատկեց դոկտ. Բուրբոնյանը և բաժակ առաջարկեց իտալացի կառապանի հիշատակին։ Գաբրիել էֆենտին տեսնելով Ֆանթազիոյի հուզմունքը և զայրույթը դեպի Բուրբոնյանը (Բուրբոնյան երբեք չէր նայեր Ֆանթազիոյի կողմը), առաջարկեց խմել երկուքին ալ կենացը։ Իզուր Ֆանթազիոն ջանաց ըսել, թե մեկը մեռած է, իսկ մյուսը՝ ողջ, արդեն գավաթները պարպված էին և Ֆանթազիոն գավաթը ձեռքը՝ տատանեցավ և նստավ։ [ 432 ]
Եվրոպացի կոչնականները վերջին անգամ հաջողություն մաղթեցին Օսմանյան սահմանադրության, շնորհակալ եղան Գաբրիել էֆենտիեն և առանց երկու մեծ հյուրերուն ակնարկություն ընելու՝ հրաժեշտ առին և գացին։
Երկրորդ օրը դարձյալ տեղի կունենար մեծ խնջույք մը Ֆանթազիոյի նշանախոսության առթիվ։
Տիրան Ղալանյանի նախկին, բայց շատ սիրելի և հուզիչ սովորությունն էր՝ նշանվիլ հասած հարուստ աղջկան հետ, կորզելով մեծ գումար իր աներոջմեն զանազան սուտ պատրվակներով և անցնիլ ուրիշ քաղաք։
Գաբրիել էֆենտիի դուստրը, 18 տարեկան գեղանի օրիորդ մը, վերջընթեր զոհերեն եղավ Ֆանթազիոյի այս սովորության։ Անիկա կը խաբեր աղջիկները այն թեթևասրտությամբ, ինչ թեթևասրտությամբ որ մարդիկ առհասարակ հոտավետ ծաղիկ մը կը փրցնեն իրենց լամբակները զարդարելու։
Ոչ ոք տեղեկություն ուներ Ֆանթազիոյի անցյալ կյանքի մասին, ոչ ոքե ալ չուզեցին աղջկան ծնողները տեղեկություն առնել, որովհետև Ֆանթազիոն կը նկատվեր իդեալ փեսացու։
Նշանախոսությունն անցավ նշանակելի։ Դոկտ․ Բուրբոնյանը, որ հրավիրված էր նշանախոսության հանդեսին, ոգևորված ճառ խոսեցավ Ֆանթազիոյի իմացականության և անոր հեղափոխական փայլունության մասին։ Առաջի օրվան խնջույքին՝ Ֆանթազիոն լեցված էր ատելությամբ Բուրբոնյանին դեմ, բայց այդ իրիկուն բարեկամացան և քաշվելով անկյուն մը՝ երկար խոսեցան իրենց նախկին հեղափոխական սխրագործություններեն...
Դոկտ. Բուրբոնյան ցույց տվավ այն նամակը, որով ինք կը նշանակվեր շրջուն պրոպագանդիստ, ստորագրված Սավարյանի կողմե։
Ֆանթազիոն ինքն ալ իր գրպանի թուղթերուն մեջ շատ փնտրեց համապատասխան վավերաթուղթ մը, բայց, դժբախտաբար, չի կրցավ գտնել ըսելով, որ կորսնցուցած է։ [ 433 ]Բուրբոնյանը նախքան գյուղ մը կամ քաղաք մը մտնելը մարդ կը ղրկեր ծանուցանելու ժողովուրդին, թաղականներուն մասնավորապես, որ հեղափոխականը կուգա և պետք է դիմավորել։ Ազատությամբ գինով ժողովուրդը այս լուրին վրա թափոր կը կազմեր և մեծ շքով կընդուներ դոկտ. Բուրբոնյանը Փայլակին վրա նստած, հոխորտ և արհամարհոտ, քիթը այնքան վեր, որ կզակը զուգահեռական մը կը կազմեր իր ուսերուն հետ։
Բուրբոնյանը Տիգրանակերտեն դուրս ելլելուն փոխեց իր արաբական ձիավորի տարազը եվրոպացի որսորդի տարազի հետ, բայց շատ զղջաց, որովհետև ճանապարհի վրա հանդիպած միամիտ մարդկանց զարմանքը կորսվեցավ։
Երբ դրոշակակիր թափորներով կը դիմավորեին զինքը, Բուրբոնյանը, ըստ սովորության, ողջույններ կուտար հանուն հեղափոխության և ազատության, հետո՝ պերճախոսության այն ատենվան գերագույն ձևով, կը պատմեր իր կռիվները վայրեվայր ձևափոխելով, զարդարելով և զարմացնելու, ապշեցնելու բոլոր հնարավոր մանրամասնություններ ավելցնելով։ Փոքրիկ քաղաքի մը մեջ պատմեց, առաջին անգամ ըլլալով, որ ինք եղած է այսինչ իսլամական ուխտատեղին օդը հանողը։ Պարտեզի վրա այդպիսի ուխտատեղի չի կար, բայց անիկա օդը հանած էր զայն... մեկ քանի անգամներ։ Բուրբոնյանը սուտի մասին գաղափար չուներ։ Իր համար ամենաիրական բանը իր երևակայությունն էր և այն, ինչ որ կը պատմեր ու կը պատկերացներ՝ իր աշխարհի եղելություններն էին։
Զինքը դիմավորող թափորները կառաջնորդեր դեպի կառավարական շենքը և կոչ կըներ ժողովուրդին մատնանշել այն բոլոր հին պաշտոնյաներուն անունները, որոնք անիրավություններ գործած էին, որոնք այսպես թե այնպես խժդժություններ ի գործ դրած էին խեղճ, խաղաղ ժողովուրդի վրա։ Ազատությամբ գինով ժողովուրդը կը թվեր անունները բոլոր անոնց, որոնք իսկապես նախկին ռեժիմի օրով սիրտ և և խիղճ չէին ունեցած։ [ 434 ]
Բռնի ուժով դոկտոր Բուրբոնյանը դուրս կը կանչեր այս մարդիկը և կը հանձներ ժողովուրդի զայրույթին։ Ապա թափորը կառաջնորդեր, ինք միշտ ձիուն վրա նսաած, դեպի բանտը, միգուցե տակավին մնացած ըլլային ներսը քաղաքական բանտարկյալներ։ Իր վերջին ճառը կը խոսեր այդտեղ՝ պատմելով իր բանտային հուշերեն, իր անլուր չարչարանքներեն, պոռալով.
— Կեցցե՜ն բոլոր նախկին բանտարկյալները։
Արաբկիրի մեջ դոկտ. Բուրբոնյանը ճառախոսելու մարմաջեն՝ հանդիպեցավ անմահորեն ծիծաղելի պատահարի մը։
Իր Արաբկիր մտած օրը հուղարկավորությունը պիտի կատարվեր Գալուստ էֆենտի Յամանյանի, բայց գալստյան առթիվ հետաձգվեցավ հաջորդ օրը։ Հանգուցյալ Յամանյան էֆենտիի մոտիկ բարեկամները գացին Բուրբոնյանին և խնդրեցին գալ թաղման հանդիսին և դամբանական մը խոսիլ։ Դոկտորը այդպիսի առաջարկ մը մերժելու ուժ չուներ։
Հաջորդ օրը անիկա ներկա չգտնվեցավ պատարագի, բայց երբ հուղարկավոր թափորը հասավ գերեզմանատուն, դոկտ. Բուրբոնյանը ձիուն վրա նստած՝ հասավ վայրը, իջավ ձիեն (ձիուն սանձը բռնելու համար քանիներ վազեցին, բայց մեկին միայն բախտը շնորհվեցավ), մոտեցավ դագաղին, հանդիսավոր կերպով իր գլխարկը հանեց և կանգնեցավ սպասելով երգեցողության լրանալուն։ Առաջին անգամն էր, որ մարդիկ տեսան, թե դոկտ. Բուրբոնյանը կարճահասակ մարդ էր, երբ անիկա ձիեն վար իջավ։ Իրանը գրեթե համահավասար մեծություն և լայնություն ուներ բարձրահասակ և միջակ մարդոց իրաններու հետ, բայց սրունքները ծիծաղելիորեն կարճ էին։
Դոկտորը, երգեցողութենեն ետքը, սկսավ իր դամբանականը, պատմելով հայ հեղափոխության պատմությունը և հանգուցյալը ներկայացուց իբրև զոհը այդ հեղափոխության։ Դոկտ. Բուրբոնյանը երբեք չխորհեցավ, թե հանգուցյալի մասին ինք ոչինչ չգիտեր, կասկածելի էր, թե անունը իմացած էր, կարծեց թե մեռյալը դաշնակցական էր և ներբողը կարդաց [ 435 ] Դաշնակցական կուսակցության, որ այդպիսի անձնվերներ մեծցուցած էր իր ծոցին մեջ։
Եվ որովհետև հանգուցյալը կը պատկաներ Հնչակյան կուսակցության, աղմուկները ծայր տվին, անլուր հայհոյանքներ սկսան տեղալ օրվան ճառախոսին, մեկ քանիներուն քիթեն արյուն հոսեցավ, որովհետև Բուրբոնյանի պատկանած կուսակցության մարդիկը մեջ ինկան և հուղարկավորությունը վերածվեցավ չտեսնված կոմեդիայի մը։
Հանգուցյալին մոտիկ կիներ և երեխաներ դառնորեն կարտասվեին և կաղաղակեին։
Այդ բոլոր խայտառակության մեջ միայն հանգուցյալն էր անպարտ և արդար, որ անտարբեր կերպով կը ննջեր պատանքներուն մեջ։
Ավելի լուրջ մարդիկ կերպով մը կրցին կռիվը դադրեցնել, որմե հետո դամբանախոսը նստավ ձիուն վրա և հեռացավ առանց վայրկյան մը իսկ մտածելու հուղարկավորության լրջությունը խանգարած ըլլալուն։
Դոկտ․ Բուրբոնյանի համար կարևորը իր ճառախոսած ըլլալն էր։
Ամբողջ օրը գրեթե ձիեն վար չիջավ, պտտեցավ փողոցները, բոլորը պատուհաններեն և դուռներեն մատով կը ցուցնեին տարօրինակ ձիավորն Արաբկիրի փողոցներուն մեջ։
Գիշերը հավաքվեցան հնչակյանները և դոկտ․ Բուրբոնյանին դաշնակցական կլուբեն դուրս ելլելու ատեն հետևեցան անոր և մութ, ետ ինկած փողոցի մը մեջ հարձակեցան վրան և ծեծելով՝ կիսամեռ թողուցին և հեռացան։
Երկրորդ օրը դոկտ․ Բուրբոնյանը պատմեց դեպքը զինքը այցելողներուն բոցավառ գույներով, թե ինչպես 150 հին ռեժիմի ժանդարմներ հարձակած էին իր վրա, թե ինչպես ինք դիմադրած էր անհավասար կազմի մեջ և փախցուցած էր բոլորը առանց անդրադառնալու իր երեսին և կռնակին վրա տակավին չչորցած արյան հետքերուն և ոչ ոք ալ չհամարձակեցավ հարցուփորձել։ [ 436 ]
Ֆանթազիոն Տիգրանակերտեն վերադարձավ Խարբերդ։ Առաջին օրը հյուր եղավ Արփիարյան ընտանիքի տունը, ուր հավաքված էր մեծ բազմություն։ Ֆանթազիոն հարստացուցած էր իր դեմքի միմիքը և պատմությունները։
Ազատամտության իբրև առաջին քայլ՝ հրավիրված էին կիներ, որոնք սալոնին մեջ առանձին նստած, բայց կը մասնակցեին երեկույթին։ Ֆանթազիոն պատմեց հանդիսավոր կերպով, թե ինչպես ինք հեղափոխականացուցած էր բովանդակ Տիգրանակերտը, թե ազատության և հեղափոխության ինչ մեծ խանդավառություն կը տիրեր այն տեղի հայ և թուրք ազգաբնակչության մեջ։
Պատմեց անիկա իրեն ծանոթ հեղափոխականներու մասին, որոնք պատկառանքով մոտեցած էին իրեն, իբրև Ժընև և Փարիզ տեսնող մեկը, իբրև ամենամոտիկը հեղափոխության ռահվիրաներուն։ Հիացումը և ապշությունը կատարյալ եղավ, երբ Ֆանթազիոն անդրադարձավ դարձյալ 905-ի մեծ մահափորձին։
Ֆանթազիոն իր բոլոր ըսելիքները լրացնելե հետո՝ բաժակ առաջարկեց գեղեցիկ սեռի կենացը։
Կոչնականներու մեջ կային մարդիկ, որոնք մինչև անգամ չհասկցան «գեղեցիկ սեռ» բացատրությունը, բայց որովհետև շատերը դարձան դեպի կիները՝ կիները գլուխնին վար կախեցին և ամեն ինչ լռեց։ Ֆանթազիոն հեգնական քմծիծաղով մը շարունակեց իր խոսքը.
— Հելլենական և հռովմեական կյանքի մեջ, ըսավ անիկա, և նույնիսկ մեր նախկին թագավորության ժամանակ, երբ տակավին իսլամները չէին արշաված մեր սրբազան և անպարտելի լեռները, սովորություն կար, որ կիները և տղամարդիկ զիրար կը համբուրեին բազմության ներկայության և բաղնիս կերթային միասին, իսկ իսլամները...
— Պր. Ֆանթազիո, նկատեց ամենածեր կոչնականներեն մեկը, անցնենք ուրիշ նյութի։
— Դուք շատ նեղ կը մտածեք, ընկեր, պատասխանեց Ֆանթազիոն, պետք է թոթափել հինը և զգենուլ նորը՝ եվրոպական [ 437 ] վերջին խոսքը։ Եվրոպայի մեջ հիմա այլևս ամուսնություններ անգամ չկան. ով ինչ կին որ կուզե, կառնե և կը տանի իր սենյակը։
Այս խոսքին վրա շատերը ծիծաղեցան, բայց հանկարծ լսվեցավ մեծ աղմուկ։ Ներկա եղող ջղային մարդոցմե մեկը, որ երբեք չէր կրնար հանդուրժել այդպիսի միտք՝ առավ օղիի շիշը և նետեց Ֆանթազիոյի ճակատին։ Ֆանթազիոյի ճակատեն արյունը սկսավ հոսիլ։ Շիշը նետողին մոտիկ մարդիկ բռնեցին զայն մինչ ուրիշներ ալ կաշխատեին Ֆանթազիոն տանել ուրիշ սենյակ մը անախորժության վերջ տալու համար։
— Դուք վայրենիներ եք, դուք հակահեղափոխականներ եք, հին ռեժիմի գործակատարներ, սրիկաներ եք, աղաղակեց Ֆանթազիոն։
Կռիվը կերպով մը դադրեցուցին Ֆանթազիոն տանելով մյուս սենյակը։ Կիները սարսափելի կերպով վախեցած՝ կամաց-կամաց քաշվեցան գացին։ Սեղանը մնաց մեջտեղը։ Մյուս սենյակին մեջ ծխախոտ վառեցին և դրին պ․ Ֆանթազիոյի վերքին վրա, ուրկե արյունը կը կաթկթեր։ Երբ առավոտուն արթնացավ, թուղթ, թանաք և գրիչ ուզեց և հետևյալ հեռագիրը խմբագրեց ղրկելու համար Պոլիս՝ «Ազատամարտ»-ի խմբագրության․
- Եկա Խարբերդ քարոզելու համար հեղափոխության խոսքը, բայց վայրենի հակառակորդներ իմ ճակատը ծակեցին։ Այս տիպի մարդոց պահանջն է նախկին կառավարության ձևը և նախկին պաշտոնյաներու վերագրավումը իրենց աթոռներուն։ Հեղափոխությունը վտանգի մեջ է, հեռագրեցեք՝ թե ինչ կերպ վարվելու եմ։
- Կեցցե՜ Ազատությունը։
- Կեցցե՜ Հեղափոխությունը։
Ֆանթազիոն տակավին անկողնի մեջ էր և դուրս չէր ելած իր վերքը չցուցնելու համար, երբ հեռագիր ստացավ [ 438 ] Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինեն հետևյալ բովանդակությամբ.
- Ընկեր Ֆանթազիո,
- Տեղվույդ հեղափոխական ուժերու աջուկցաթյամբ բանտարկեցեք և խստիվ պատժեցեք այդպիսի տիպերը:
- Կեցցե՜ Ազատությունը:
Պոլսի պատասխանատու մարմինը նաև դիմեց Պոլսի Իթթիհ ատ Վե Թերագգը օսմանյան կոմիտեին հեռագրելու Խարբերդի իր մասնաճյուղին աջակցելու համար ընկեր Ֆանթազիոյին։ Խարբերդի իթթիհատականները իրենց Պոլսի մարմինեն հեռագիրը ստանալուն պես՝ փութացին գտնել Ֆանթազիոն։
Ֆանթազիոյին շիշ նետող մարդը, Ազնավուրյան էֆենտին, իր բոլոր արբանյակներով մյուս օրը քշվեցավ, բայց այդ գիշերը Ֆանթազիոն վախնալով ժողովուրդի ցասումեն՝ փախավ ուրիշ քաղաք։
Դոկտ. Բուրբոնյանը մտադրեց մտնել իր ծննդավայրը։ Անիկա փոխեց իր զգեստները, դարձյալ հագավ արաբական ձիավորի տարազը և մտածեց ի՞նչ ձևով ներս մտնել։
— Բոլորը ինձ պիտի հնազանդին, սկսավ խոսիլ ինքնիրեն, ամբողջ քաղաքը պետք է դաշնակցական ըլլա և ինձ ծաղկեփունջեր նվիրե, ինչպես առաջ, երբ տակավին ես դոկտոր չէի։
Մտածեց նաև իր ընտանիքը փոխադրել տալ մի ուրիշ տուն, բայց բարեբախտաբար գտավ, որ իրենց տունեն ավելի լավ տուն չի կար փոքրիկ քաղաքին մեջ։ Կանչեց գյուղացի մը և անոր հրամայեց.
— Կերթաս մեր քաղաքը, կը հասկնա՞ս։
— Հրամայեր եք, էֆենտի։
— Դոկտոր էֆենտի, սաստեց Բուրբոնյանը խեղճ շինականին։ (Շինականը կանգնած տեղը ցնցվեցավ [ 439 ] և ինքնաբերաբար արտասանեc — դոկտոր էֆենտի։) Կերթաս մեր քաղաքը, կը տեսնես թաղականները և բոլոր մեծավորները և կըսես անոնց, որ դոկտոր Բուրբոնյանը վաղը պիտի ժամանե, երկսեռ վարժարանի բոլոր աշակերտությունը ծաղկեփունջերով ինձ դիմավորելու կը հանեն, տեղվույն առաջնորդը ինքը անձամբ կը դիմավորե ինձ, հրաման կընեն, որ ներս մտած ատենս երկու եկեղեցիներու զանգակները ղողանջեն և եկեղեցիներու երգեցիկ խումբերը խառն երգեն «Մեր Հայրենիքը»։ Կը հասկընա՞ս, հիմար, այսպես՝ կերթաս և կը պատվիրես, եթե ոչ գլուխդ կը թռցնեմ։
— Հրամայեր եք, էֆեն… դոկտոր էֆենտի։
— Հիմա ճամփա կելլես և կերթաս, հեռացիր։
Շինականը հրաժեշտ առավ և ճամփա ելավ դեպի Չմշկածագ, որ հազիվ երկու ժամ հեռավորության վրա էր: Բուրբոնյանը գիշերն ամբողջ չկրցավ քնանալ և ծրագրեց մեկ քանի տեղեր ճառեր խոսիլ և մեծ հանդիսավորություն ստեղծել։ Անիկա Եփրատ Կոլեջի մեջ գրեթե անգիր ըրած էր Քրիստոսի պատմությունը։ Իր մուտքը դեպի իր ծննդավայրը նմանցուց Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն։ Անիկա առաջին անգամն ըլլալով կասկածեցավ Հիսուսի այն նշանավոր խոսքին վրա թե՝ Մարգարեն պատիվ չունի իր գավառին մեջ։
— Հիսուս արքան մեծ մարդ էր, բայց վերջապես հյուսնի մը որդին էր, ատոր համար իր գավառին մեջ պատիվ չուներ, մտածեց անիկա։
Որպեսզի նմաներ իր Չմշկածագ մտնելը Քրիստոսի Երուսաղեմ մտնելուն, մտածեց Փայլակը փոխել ավանակի մը հետ, բայց երբեք չկրցավ այդ մտածման հետ հաշտվիլ:
— Ես… իշու վրա նստած… այդ դարը անցած է, մտածեց և բոլորովին դուրս վռնտեց էշը իր խելապատակեն։
Խանին տերը լսեց շինականին տված պատվերը և փեշերը իրարու բերավ։ Առաջ, որ Բուրբոնյանը կը նկատեր իբրև հասարակ ճամփորդ մը և իր տանուտերի սովորական հարգանքը կընծայեր, այս անգամ սկսավ վախնալ։ Երբեք չկրցավ հասկնալ, թե ինչ տիպի մարդ կրնար ըլլալ նա, որուն համար ամբողջ քաղաքը պաշտոնապես բարի գալուստի պիտի [ 440 ] գար, եկեղեցին զանգակները պիտի ղողանջեին, երգեցիկ խումբը և առաջնորդը նույնիսկ պիտի գային դիմավորելու։
— Իմ տեսած բժիշկներուն համար այդ տեսակ ցույցեր չէր սարքված, ուսուցիչ մը այսքան փառասեր չէր կրնար ըլլալ, կը մտածեր խանին տերը։ Երբեք չգուշակեց իր հյուրին ինչ տեսակ մարդ ըլլալը, վերջերս շատ էր լսած հեղափոխականներու մասին, բայց նայելով Բուրբոնյանի հասակին, որ շատ կարճ էր, խանին գեղջուկ տերը չէր կրնար կարծել, որ այդ հասակով հեղափոխական կրնար ըլլալ։ Անիկա կերևակայեր տիտանյան հասակ, սադայելական նայվածքներ, սարսափելի ձայն մը, որ քարայրի մեջ հնչող պղինձի նմաներ և անպայման մեկ քանին պետք էր մինչև այդ ատեն ծեծ կերած ըլլային իրմե։
Իրիկունը, երբ անիկա դոկտորին տված բոլոր պատվերները երկյուղածորեն կատարեց՝ հանդգնեցավ մոտենալու իր հյուրին, որուն համար վաղը զանգակները պիտի ղողանջեին։ Անիկա հազալով և վիզը քորելով մոտեցավ դոկտ. Բուրբոնյանին, որ ատեն դոկտորը պեխերը կոլորեր։
— Դոկտոր էֆենտի, ուրիշ պատվերներ ունի՞ք։
— Ոչ։ Այս խանը քու սեփականությո՞ւնդ է, հարցուց հանկարծորեն։
— Ձեր շնորհիվ, պատասխանեց գեղջուկը, բայց սարսափած, որ մի գուցե անհարմար ըլլար շիտակ խոսիլը։
— Կարգվա՞ծ ես, մանուկներ ունի՞ս, լավ դրամ կը շինես, հը՞։ Ինչպե՞ս է գործդ։
— Լավ է, շատ լավ է, էֆենտի, բայց ասկե առաջ շուները համ չէին տար։
— Հիմա ինչպե՞ս են, թերպիե եղան, չէ՞։
— Հիմակուհիմա ակռա չեն կրնար սեղմել, կըսեն որ մեր ֆիտայիները եկած են Ստամբոլ և գործը լավ կերթա։
— Այո, եկած են, բոլորն ալ ցրված են երկրի չորս կողմերը։ Ես ալ եկած եմ հոս, ես բոլոր ժանդարմներուն քիթը կոտրեցի, ես ահավոր չարչարանքներ քաշած եմ, բանտերուն մեջ պիտի փտեի, այլևս դուք ազատ եք, ես ազատությունը բերի այստեղ, չըլլա, չըլլա որ շուներուն մեկ խոսքին ականջ [ 441 ] կախեք, եթե անոնք համարձակին որևէ իրենց նախկին սովորություններեն կրկնել՝ ես հոս եմ, ես հոս եմ։ Հետո դոկտ. Բուրբոնյան շարունակեց պատմել խանին միամիտ տիրոջը իր ավելի ճոխացուցած հեղափոխական-հերոսական սխրագործությունները, որոնց խանին տերը մտիկ ըրավ ապշությամբ և երկյուղածությամբ, բայց երբ դոկտորը դիմեց իր պատմությանց փոքրիկ մանրամասնությանց, խանին տերը, որ առավոտեն մինչև իրիկուն հոգնած էր, սկսավ քնել, բայց երբեմն ընդոստ կը ցատկեր, երբ դոկտորը կը կրկներ իր ժանդարմներուն և զանազան զինվորականներուն հետ ունեցած կռիվներ ու աղաղակները։
— Հե՛յ, էշշեկ հերիֆ, ես կր պատմեմ և դու կը քնանա՞ս, այդպես է, որ շուները ձեզ կը հալածեն, երբ չես կրնար լսել ազատագրության հրաշալի պատմությունները, գնա՛, կորի՛ր այս տեղեն, սաստեց դոկտորը հոգնած խանին տիրոջը, որ ոտքի ելավ,— ներողություն կընեք, էֆենտի,— ըսավ և գնաց քնանալու։
— Հեղափոխական է եղեր, եզրակացուց ինքնիրեն։
Գիշերն ամբողջ կեցցեներու և ծափահարությանց ձայներուն ունկնդրեց Բուրբոնյանը։
Հաջորդ առավոտ իր պատվերին համաձայն ետ եկավ իր ղրկած շինական պատգամավորը և լուր բերավ որ մինչև անգամ պետք չկար ընդունելության կանխավ թելադրությանը։
— Երբ խոսքս բացի, որ դուն պիտի մտնես Չմշկածագ, դոկտոր էֆենտի, ըսավ շինականը, ամբողջ մեծավորները թունդ ելան, դոկտոր էֆենտի, ավելորդ էր ըսելս թե դուն կուզես, որ քեզ մեծ շքով դիմավորեն — դոկտոր էֆենտի, ամբողջ քաղաքը իրար խառնվեցավ, դոկտոր էֆենտի, երբ առաջնորդին քով գացի լուր հաղորդելու, դոկտոր էֆենտի, դեղնեցավ մնաց, դոկտոր էֆենտի, անմիջապես կանչեց բոլոր թաղականները, դպրոցներուն տեսուչները, քահանաները և պատվիրեց որ տոնախմբության պատրաստ ըլլան, դոկտոր էֆենտի, ալ ինչ ըսեմ, դոկտոր էֆենտի, ամենքն ինձ պատիվ կուտային, որովհետև ես բաղդը ունեցա առաջին անգամ հաղորդելու լուրը, դոկտոր էֆենտի, ես քու ոտքերուն ղուրպան, դոկտոր էֆենտի։ [ 442 ]
Երբ շինականը կը խոսեր, դոկտոր Բուրբոնյանը կոկոզավիզ դունչը երկինք ցցելով՝ իր պեխին հետ կը խաղար, աշխատելով ստորակետներու ուղղությունը պահել և հասցնել մինչև իր բիբերուն դեմ դիմաց։
— Առաջին անգամ, որ գացիր, ի՞նչ ըսիր, հարցուց մեկեն ի մեկ մեր հերոսը։
— Դոկտոր էֆենաի, ըսի որ դոկտոր էֆենտին կուգա, դեմ եկեք։
— Չհարցուցի՞ն քեզի թե ո՞ր դոկտոր էֆենտին է։
— Երբեք, դոկտոր էֆենտի, ի՞նչ համարձակությամբ։
Դուրսը արդեն հիվանդներու պոչը ավելի կերկարեր և խանին տերը հազիվ համարձակությունն ունեցավ գալու և հայտնելու։ Սովորություն կար Հայաստանի գյուղերու և ետ ինկած քաղաքներուն մեջ, որ երբ բժիշկ մը կը հայտնվեր, բոլորը կը փութային ինքզինքնին քննել տալ — հիվանդ կամ ոչ հիվանդ և կամ կարծեցյալ հիվանդ։ Բուրբոնյան ամենեն շատ հանդիպեցավ այս սովորության, որուն կը համբերեր մեծ հաճույքով։
Ինչպես մենք տեսանք, Բուրբոնյանը հազիվ տարի մը մնաց բժշկական ֆակուլտետին մեջ և չէր կրնար տարրական լուծողականի մը դեղագիրը պատրաստել և որպեսզի առաջքը առներ այս անհարմարության, անիկա ստիպվեցավ խորապես հավատալ առանց դեղի բժշկության մեթոդին։ Իրեն այցելող բոլոր հիվանդներուն բազկերակը կը նայեր, սիրտը մտիկ կըներ և մեկ երկու վայրկյան խորհելե հետո, կըսեր.
— Օրական երեք անգամ մսի ջուր խմե, կամ օրական երեք անգամ բացօթյա պտույտներ ըրե, կամ՝ միս մի ուտեր, կամ՝ կը թելադրեր հավկիթ, մածուն ուտել և կաթ խմել և զանազան այս տեսակ գյուղացիները ապշեցնող բժշկություններ։ Ծանր հիվանդներուն չէր այցելեր, պատճառաբանելով, որ ժամանակ չունի, թե ազգային հեղափոխական գործը երեսի վրա կը մնա, իսկ վիրաբուժության համար՝ գործիքները դժբախտաբար հետը չէր առած։
Հիվանդները քննելե հետո, կեսօրին ճամփա ելավ դեպի իր ծննդավայրը։ [ 443 ]
Չմշկածագցի Քրիստոսը կը մտներ իր Երուսաղեմը։
Մեկ երկու ժամեն արդեն Բուրբոնյանը հասած էր քաղաք։ Հեռուեն եկեղեցու մեծ զանգակները կը ղողանջեին ծանուցանելով այդ բնավայրի ամենախոշոր զավակին հաղթական մուտքը։ Մեկ քանի ժամվան մեջ արդեն ստեղծված էին այլևայլ առասպելներ Բուրբոնյանի շուրջը։ Անոր արտակարգ մանկությունը կը պատմվեր արևելյան գույներով. զինքը մկրտող Մամբրե քահանան, որ հիմա եկեղեցիի իր բոլոր իրավունքները, խոր ծերության պատճառով, զիջած էր նորընծայի մը, երջանիկ հիշատակներով կը պատմեր փոքրիկ Բուրբոնի ծնունդը, անոր արտակարգ ընդունակությունները։ Բուրբոնյան տան դրացիները բոլորն ալ վերհիշեցին զայն և ամեն անոնք, որոնք ավելի շատ բան կը հիշեին, ավելի բաղդավորված կը զգային ինքզինքնին։
Տեղվույն առաջնորդական տեղապահ Բառնաբաս վարդապետ Տեր-Կարապետյան, որ Արմաշի դպրևանքը երկու օրվա տեսած ըլլալուն համար ամեն օր և ամեն մարդու հպարտությամբ կը պատմեր, իր փոքրավորով և քարտուղարով, դեմ էր եկած վեղարը գլուխը և գավազանը ձեռքը։ Երբ հանդիպեցավ թափորին, որուն մասնակցողները կեցցեներ կը գոռային և վարդապետին հրամանով ուռիի ճյուղեր բռնած էին իրենց ձեռքերուն մեջ, պեխերը ավելի սրեց, ծնոտը ցցեց դեպի երկինք և աղաղակեց.
— Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Դաշնակցությունը։
Ժողովուրդը ինքնաբերաբար կրկնեց և քաղաքին բոլոր անկյունները արձագանքեցին այդ երջանիկ աղաղակը։ Բուրբոնյան Քրիստոսի նմանելու համար մեկ բան կը կարոտեր — իր գլխուն շուրջը չուներ լուսեղեն պսակ։ Դժվար է արձանագրել այստեղ թե մեր հերոսը այդ մասին մտածե՞ց թե ոչ։
Երջանիկ ամբոխը շրջապատեց Բուրբոնյանը։ Երգեցիկ խումբը զինքը առաջնորդեց դեպի եկեղեցին։ Ճանապարհին վրա, անիկա պետք էր անցներ իր պապենական տան առջևեն։ Իր հայրը և մայրը մնացած էին տունը ն ելած էին տանիքը, դիտելու տեսարանը, իսկ իր մեծ եղբայրները իրենց արտակարգ եղբոր ձիուն երկու կողմերեն կը քաշեին ձիուն ասպանդակները բռնած։ [ 444 ]
Երբ հասավ հորենական տան առջև, խոնարհություն ընելով և ողջույններ ուղարկելով բոլորին, իր ծնողները տանիքին վրա ուրախութենե կուլային։ Նախ ողջունեց իր ծնողները, որոնք բավականին ծերացած էին արդեն, առանց ձիեն վար իջնելու երկրորդ անգամ ըլլալով աղաղակեց.
— Կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ հայրենիքը։ Ամբոխը դարձյալ կրկնեց ավելի ուժգին և խելահեղ։
Թափորը հասավ եկեղեցին, Բուրբոնյանը իջավ ձիեն, մտավ մատուռը և խաչակնքեց իր երեսը։ Մոտիկ եղողները նշմարեցին արցունքի քանի մը կաթիլներ իր աչքերուն մեջ։
Երգեցիկ խումբը սկսավ երգել — «Ուրախ լեր, բերկյալդ» — մինչև դուրսը ամբոխը կը շատնար և ներս մտնելու հնարավորություն չի կար։
Բուրբոնյանը ձիուն մտրակը ձեռքը, արաբական շորերով, բարձրացավ խորան և սկսավ արտասանել մինն իր նշանավոր ճառերեն.
— Հայրենակիցնե՛ր և ազատ քաղաքացինե՛ր, ազատությունը կը կայանա այն բանին մեջ, որ ամեն մարդ... ազատ է, որ ամեն մարդ ազատ է (այս վերջին խոսքերը հատիկ-հատիկ և մանր շեշտերով կրկնելուն պատճառը այն էր, որ դոկտորը կսպասեր բուռն ծափահարության, բայց ծափահարության փոխարեն տիրեց լուրջ և ծանր լռություն)։ Հայ հեղափոխությունը և հատկապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր, որ բերավ ազատությունը և հեղափոխությունը մինչև այս ետ ինկած անկյուններուն մեջ (դարձյալ լռություն, բայց այս անգամ Բուրբոնյանը խզեց զայն ցասումով)։ Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հայ հեղափոխությունը (այս անգամ որոտընդոստ ծափեր)։ Մեր ճառախոսը փոքրիկ հազով մը իր կոկորդը մաքրեց և շարունակեց փրփրած և կատաղած.
— Մեր դարերու ստրկությունը այսօր անդառնալի կերպով կը սրբվի մեր ճակատներուն վրայեն։ Ազատության մրրիկը կը փչէ Պոլսեն մինչև Բաղդադ և Վասպուրականեն մինչև Մեքքե-Մեդինե։ Մեր նահատակներուն սրբազան ոսկորները [ 445 ] կը շարժին, հողին տակեն ահավասիկ կը պոռան. —Դուք հանգչեցուցիք մեր հոգնած և ջարդված ոսկորները — ո՞ւր եք դուք, որ ավա՜ղ, չտեսաք ազատության և հերոսության արշալույսը որ բարձրացավ Արարատի ձյունապատ կատարեն և մեզ բոլորս ողողեց իր կաթոգին ճառագայթներով։ Ես ձեզի բերած եմ, ով իմ սիրելի հայրենակիցնե՛ր, այդ ճառագայթը, այդ արևը։ Այսօր աշխարհի բոլոր պատմաբանները իրենց աչքերը տնկած են մեզ, որովհետև մենք երևան կը բերենք տիեզերքի ամենամեծ երևույթը, հեղափոխություն, ապստամբություն, մահ բոլոր հին ռեժիմի մարդոց և անոնց զավակներուն։ Ինչ որ դարեր քարոզեցին աշխարհի մեծ մարդիկը՝ Թալես, Սոկրատ, Վաշինգտոն, Լյութեր, Դարվին, Լյուդովիկոս ԺԴ, քրիստափորներ, հեգելներ, շոպենհաուերներ և նիցշեներ, այսօր մենք՝ դաշնակցականներս, կը գործադրենք մեր սրբազան երկրին մեջ։
— Ով ազատ քաղաքացինե՛ր, դուք կապրիք աշխարհի պատմության ամենաերջանիկ դարուն մեջ, ձեր պապերը ստրուկ մեռան, դուք ստրուկ ծնեցաք, դուք ազատ պիտի մեռնիք և ձեր զավակները ազատ պիտի ծնին, կեցցե ազատությունը (բուռն և երկարատև ծափեր)։ Անիծվի այն մարդը, որ ազատության կը կասկածի. անիծվի այն մարդը, որ հեղափոխության ընդդեմ մտածումներ կունենա։ Այդ մարդոց գլխուն մենք պատրաստ ենք մեր ահաբեկիչներու գնդակը իջեցնել։
Այնուհետև, ըստ իր սովորության, պատմեց երկարորեն և ռազմական ճիչերով «Դաշնակցություն» կուսակցության պատմությունը, անոր հերոսներու սխրագործությունները, իր, բանտային չարչարանքները, ժանդարմներու հետ ունեցած կռիվները, իր հաղթությունները, զանց առնելով «գաղտնի դիվանագիտության մանրամասնությունները, որոնք չէին պատկաներ ժողովուրդի լայն խավերուն»։ Կոչ ըրավ զինվորագրվել իր կուսակցության։
Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ տակավին թարմ էր իր մանկության պատմությունը իր ծննդավայրին մեջ։ Անիկա հիշեց որ այնտեղ կային կաթոլիկ հայեր, թվով մոտավորապես 50 տուն, որոնք կը դավանեին, թե իրենք հայ չեն, այլ [ 446 ] կաթոլիկներ։ Անիկա պատեհ առիթ համարեց խոսիլ հայ կաթոլիկներու մասին և սաստել զանոնք՝ դաոնալ հայ-լուսավորչականներ և ընդգրկել Հ. Հ. Դաշնակցության «աշխարհահռչակ» ծրագիրը։ Այս ատենն էր, որ Պոլսի մամուլին մեջ կը հուզվեր հայ-կաթոլիկներու խնդիրը, և իր ծննդավայրի մեկ քանի կաթոլիկ տուներ ունեցած էին դեպի իրենց մայրենի եկեղեցիին գիրկը դառնալու ջերմագին մտադրություն։ Անիկա խոսքը ուղղելով հայ-կաթոլիկներուն, ըսավ.— Հայաստանյայց կաթողիկե եկեղեցին է, որ պահած է դարերե ի վեր մեր ազգային գաղափարը, մենք կը պարտինք այս եկեղեցիի սյուներուն մեր այսօրվան ազգային ազատագրության ոգին և տենչանքը, պետք է խորթ չմնալ մեր եկեղեցիեն, պետք է առանց մտածելու թոթափել պապականության լուծը և վերադառնալ բուն Քրիստոսի, հայ հեղափոխության գիրկը։ Օ՛ն, ես, ես կոչ կընեմ ձեզի հետևիլ ինձ։
Երբ այս աղաղակը վերջացուց, բոլորը մեկանց սկսեցին ծափահարել։ Աղմուկին մեջեն կը լսվեին մեկ քանի երիտասարդներու ձայները, որ կը պոռային.
— Մենք կը վերադառնանք մեր մոր գիրկը, մենք կը թոթափենք անարգ պապականությունը։
Ժողովուրդը «կեցցե»-ներով դուրս բերավ դոկտ. Բուրբոնյանր։ Անիկա անմիջապես հեծավ իր ձին, որովհետև ամբոխին մեջ չափազանց կարճ կերևեր։ Թափորը դարձյալ շարժեցավ գյուղաքաղաքի նեղ փողոցներեն և հասավ գերեզմանոցը։ Դոկտ. Բուրբոնյանը իր ձիուն գլուխը ուղղեց դեպի հին երկու նահատակներու շիրիմներու մոտ, ուր թափորին առջևեն քալող ժողովուրդը խառնված էր։ Կիներեն ոմանք կուլային իրենց ուրախությունեն, աղջիկները տանիքներու վրայեն երեսնին լաչակ մը ձգած, գաղտագողի, բայց բուռն տենչանքով կը դիտեին օրվան հերոսը, այդ ձիուն վրա նստած երիտասարդը, որուն մանկության արտակարգ պատմությունը իսկապես համապատասխան էր իր այսօրվան փառահեղ մուտքին և քաջագործությանը։
Դոկտ. Բուրբոնյանը առանց ձիուն վրայեն վար իջնելու սկսավ հուզված և արտասվաթոր աչքերով ճառել երկու նահատակներուն վրա. [ 447 ]
— Դուք, սրբազան նահատակներ, Մարտիրոս և Գարեգին, որ հիմա կը դիտեք ազատության արշալույսը, որ ես բերի այստեղ։ Ես գիտեմ, որ ձեր հոգիները հանգիստ են, և ձեր վրդովված գանկերը չեն թափառիր ուրվականներու պես մթության մեջ։ Ես ինքս վրեժ լուծեցի ձեր սրբազան մարմինները հոշոտող ժանդարմներեն, բացեք ձեր պայծառ աչքերը և տեսեք թե ինչպես անոնք կը հեծեծեն մութ բանտերու մեջ, տեսեք թե անոնք ինչպես հալածված են լուսավոր աշխարհեն և արևու լույսին կարոտ կը մնան։ Հանգիստ, խաղող և անդորր քնացեք դուք ձեր գերեզմաններուն մեջ, ո՜վ նահատակ եղբայրներ, Մարտիրոս և Գարեգին, որովհետև իմ ձեռքով ձեր վրեժը լուծված է։
Ճառախոսը իր ամբողջ թույնը թափելե հետո հին ռեժիմին վրա՝ վերջացուց այսպես.
— Մենք կը տանինք, մենք կը շարունակենք, ես կո խոստանամ բոլորին առջև, ձեր գործը ամենայն հավատարմությամբ, հարգանք և երկրպագություն ձեր թարմ շիրիմներուն։
Դոկտոր Բուրբոնյանը երբեք չհիշեց, որ շիրիմները 27 տարվան հնության կը ներկայացնեին։
Բոլորը կուլային, բոլորը կը հեկեկային։
Թափորը առաջ շարժեցավ, դոկտ. Բուրբոնյանը արդեն չափազանց հոգնած՝ իր ձիուն քայլերը ուղղեց դեպի իր հայրենի տունը։ Երբ հասավ դռան առջև, ձիուն վրայեն անգամ մըն ալ աղաղակեց.
— Կեցցե՜ Ազատությանը,
— Կեցցե՜ Հեղափոխությունը,
— Կեցցե՜ Չմշկածագը։
Ամբոխը խելահեղորեն պոռաց.
— Կեցցե՜ դոկտոր Բուրբոնյանը։
Դոկտորը խոնարհություն ըրավ և ձին քշեց դեպի ներս, գրեթե փակելով ձիու քամակին՝ միգուցե գլուխը զարներ դռան առիքին։ Անոնք, որոնք շատ մոտ էին Բուրբոնյանի տան՝ մտան ներս անձամբ տեսնվելու։ Առաջնորդը իր ամբողջ կազմով առանձնապես գնաց ժամանումը շնորհավորելու և իր հոտին ողջույնը մատուցանելու։ [ 448 ]
Հետզհետե նոր ամբոխ հավաքվեցավ դռան առջև և անհանգիստ՝ տեսնելու դոկտ. Բուրբոնյանը։
Հայրը խնդրեց իր տղային ելլել տանիքը՝ որպեսզի զինքը տեսնելու համար անհանգստացող ամբոխը գոհացում ստանար։ Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես ցատկեց դեպի տանիքը և ողջունելով ամբոխը՝ ըսավ անոնց.
— Ես շատ զգացված եմ, որ դուք այնքան խանդավառորեն կուզեք ինձ տեսնեք, մեկը՝ որ ձեզի բերած է ազատությունը։ Դուք ազատ եք հավիտյան, ոչ ոք կրնա դպչիլ ձեր քաղաքացիական իրավունքներուն։ Դուք այլևս գյուղացիներ չեք, այլ քաղաքացիներ։
Գյուղացիները զարմացան...
Իրիկունը հայ-կաթոլիկներու կողմեն իր մոտ եկավ հինգ հոգիե բաղկացյալ պատգամավորություն մը և հայտնեց որ հիսուն տուն հայ-կաթոլիկները կը դառնային իրենց մայր եկեղեցիին գիրկը և կընդգրկեին Դաշնակցության ծրագիրը։
Դոկտ. Բուրբոնյանը կարծեց ամենամեծ հաղթությունը տարած ըլլալ և անմիջապես հեռագիր մը խմբագրեց Պոլսի «Ազատամարտ» թերթին հետևյալ բովանդակությամբ.
- Ես հասա իմ ծննդավայրը, ազատությունը տարածեցի բոլորին վրա: Ինձ մեծ շքով ընդունեցին: Հայ-կաթոլիկ հիսուն տուն վերադարձնել տվի Մայր Հայաստանյայց Կաթողիկե եկեղեցիի գիրկը և ընդունել տվի Հ.Հ. Դաշնակցության ծրագիրը:
- Մենք նվաճեցինք Հռովմը,
- Անկցի՜ պապականությունը,
- Կեցցե՜ Դաշնակցությունը:
Դոկտ. Բուրբոնյանը իր ծննդավայրին մեջ «Ռազմիկ» Դաշնակցական խումբը կազմակերպելե հետո՝ անցավ Խարբերդ։ Իր ականջին արդեն հասած էր ռուսական ցարիզմի [ 449 ] ճիրաններուն մեջ խեղդվող իր ընկերներու լուրը. անիկա «Ազատամարտ»-ի մեջ կարդաց. «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքը, ուր անծանոթ հեղինակավոր մարդ մը կը պատմեր հարյուրավոր ռուսահայ մտավորականներու ձերբակալումը։ Ամբողջ գիշեր մը չկրցավ քնանալ այդ հոդվածաշարքի ընթերցումեն հետո, նույնիսկ գիշերը զառանցեց.— կը բռնեն, կը դատապարտեն, կը կախեն, ողջ-ողջ կը թաղեն։— Առավոտ, երբ արթնացավ, Հողե գյուղին մեջ էր (15 տունով գյուղ մը)։ Կանչեց այնտեղի մեծերը, թաղականները և քահանան և հրամայեց հավաքել բոլոր գյուղացիները բողոքի ցույց կազմակերպելու համար ընդդեմ ցարիզմի բռնություններուն։ Բոլորը հնազանդեցան, որովհետև դոկտ. Բուրբոնյանը առաջին հեղափոխականն էր, որ կը մտներ Հողե գյուղը։
— Ըսեք բոլոր գյուղացիներուն, որ հավաքվին եկեղեցիի դռան առջև, ով որ անհնազանդ գտնվի, գլուխը կը թռցնեմ։
Երկու ժամեն բոլոր գյուղացիները հավաքված էին եկեղեցիի դռան առջև։ Բուրբոնյանը եկեղեցիի կողքին գտնված սենյակե մը դուրս եկավ, բարձրացավ ժամուն բակը գտնված «բարեբար»-ի մը բարձր գերեզմանին վրա և սկսավ խոսիլ։
Ճառը երկար էր և շատ հուզված։ «Մի ժողովուրդ մեղադրական նստարանի վրա» հոդվածաշարքի պարունակությունը ծայրե ի ծայր պատմեց և կոչ ըրավ.— բողոքի ձայն բարձրացնել ռուսահայ եղբայրակից մտավորականներու համար, որոնք ռուսական սարսափելի բանտերու մեջ կը տառապեին, ձայն բարձրացնել ահարոնյաններու, օհանջանյաններու, իսահակյաններու համար։
Հողե գյուղացիները անգիտակ ըլլալով «բողոքի ձայն բարձրացնելու» մասին, սկսան որոտընդոստ և աղմկալից աղաղակել.
— Անկցի՜ ռուսական ցարիզմը, անկցի ռուս թագավորն ու բռնապետական կառավարությունը։
Այս աղմուկներուն մեջ դոկտ. Բուրբոնյանը իր գրպանեն հանեց թուղթ մը և մատիտ մը և խմբագրեց հետևյալ բողոքի «սուր բանաձևը». «Մենք, Հողե գյուղի հայ բնակիչներս, [ 450 ] բուռն կերպով կը բողոքենք ռուսական բռնակալ կառավարության կողմե մեր հայրենակից մտավորականներու հանդեպ ի գործ դրված տառապանքներուն և անլուր չարչարանքներուն համար։ Կուխտենք անոնց վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է։
Անկցի՜ ոուս ցարիզմը,
Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Հողե գյուղի հայ բնակիչներու կողմե ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ»։
Այս բողոքի հեռագիր-բանաձևը լրացնելե հետո՝ դարձյալ բարձրացավ գերեզմանին վրա։ Աղմուկները լռեցին, անիկա կարդաց։ Ժողովուրդը կրկնեց.
— Անկցի՜ ռուս ցարիզմը։
— Կեցցե՜ Հայ հեղափոխությունը։
Երկու օրինակ գրվեցավ այդ հեռագիր-բողոք-բանաձևեն, մեկը ուղարկվեցավ «Ազատամարտ»-ի խմբագրության, իսկ մյուսը Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինին։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը հարմար դատեց «կուխտենք այդ վրեժը չմոռնալ մեր կյանքին մեջ և հատուցանել ինչպես որ հարկն է» խոսքերը հրատարակության չտալ։ Այդ գիշերը դոկտ. Բուրբոնյանը շատ գոհ էր, որովհետև անիկա խորագույն հավատքն ուներ, որ իր եղբայրակիցներուն ցավը կը մեղմանար, և այդ օրեն սկսյալ ցարիզմը լրջորեն նկատի կառնե Հողե գյուղի զայրույթը։
Դոկտ. Բուրբոնյան շարունակեց իր ճամփորդությունը ավելի և ավելի գունավորելով և խտացնելով զայն։ Անիկա կը գտնվեր Այնթապի մեջ, երբ Կիլիկյան եղեռնը պատահեցավ։ Բուրբոնյանը արդեն մեծ անուն հանած էր Անատոլուի գավառներուն մեջ իբրև հեղափոխական պրոպագանդիստ։ Անիկա մյուսներուն նման իր վարկը և հմայքը չկորսնցուց իբրև հեղափոխական, որովհետև մեկ վայրի մեջ չմնաց, գիսավորի պես երևցավ և անցավ։ Շատ մը տեղեր նույնիսկ փորձեր եղան զինք ղրկելու Օսմանյան պառլամենտ, բայց տարիքը և օրինական պայմանները չներեցին։ Ադանայի ջարդերու լուրը առավ թե ոչ, փութաց մեկնիլ դեպի եղեռնի վայրը։ Անիկա ցուցուց խոշոր ծառայություն խեղճ հայ ժովուրդի [ 451 ] ահաբեկյալներուն հանդիպելով ամեն գյուղ և քաղաք և խոսելով մխիթարական ճառեր։ Ամեն քաղաքե և գյուղե իր պարտականությունը սեպեց հեռագիրներ ուղղել Պոլսո «Ազատամարտ» օրաթերթին և Օսմանյան պառլամենտի հայ երեսփոխաններուն։ Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի ցուցակներուն մեջ նշանակված էր դոկտ. Բուրբոնյանը բժիշկներու կարգին առանց գիտնալու, որ Բուրբոնյանը բժիշկ չէր, այլ դոկտոր...
Ահավասիկ մեկ քանի նմուշներ իր քաշած հեռագիրներեն:
- Հասա Ադանա և ականտես եղա ահավոր և անասելի կոտորածեն ազատած բեկորներու, որոնք մերկ և անօգնական կը թափառեին հրդեհված քաղաքի փողոցներուն մեջ: Ես կատարեցի իմ ընկերական պարտականությունս մխիթարելով զանոնք և արթնցնելով անոնց մեջ վրեժի զգացումը։ Կաշխատիմ գտնել հանցավորները և անձամբ պատժել: Հանցավորները հազարավորներ են: Ես այստեղ բոլորին վրեժը կը լուծեմ: Ինձ ուղարկեցեք պետք եղած հեղինակությունը:
- Ես տեսա իմ աչքովս հարուստներ աղքատացած և աղքատներ հավասարած հարուստներուն...
- Մեզ թող կոտորեն, բայց մենք նորեն կը ծնինք:
- Կեցցե՜ Կիլիկյան թագավորությունը:
«Ազատամարտ»-ի խմբագրություն
(Խիստ գաղտնի)
- Որովհետև շշուկներ կան, որ Տիգրանակերտի մեջ ոճրածին գանկեր կը հղանան միևնույն հայկական աղետը ի գործ դնել, ես պարտք կը համարիմ իմ հեղափոխական անվանս համար անմիջապես մեկնիլ Տիգրանակերտ: Վստահ եղեք որ ես կը զսպեմ բոլոր ոճրական մտքերը և կը հաստատեմ խաղաղություն և արդարություն: Շուտով ղրկեցեք այնտեղ հեղափոխական զինվորներ իմ հրամաններուս անսալու համար: Մենք կը կռվինք և կը հաղթինք:
Երբ Տիգրանակերտ հասավ դոկտոր Բուրբոնյանը, անոր հանձնվեցավ շտապողական հեռագիր մը, որուն մեջ իրեն հրաման կըլլար անմիջապես մեկնիլ դեպի Սեբաստիա շատ կարևոր առաքելությամբ մը, զոր այնտեղ պիտի հայտնվեր իրեն։
Դոկտ. Բուրբոնյանը այս հեռագիրը կարդալուն պես փութաց ճամփա ելլել փոքրիկ չափով մը իսկ չկասկածելով, որ Սեբաստիա գործ չի կար և Տիգրանակերտեն զինքը հեռացնելու պատճառը իր սասանեցուցիչ հեռագիրն էր, որ ինքը հղած էր «Ազատամարտ»-ի խմբագրության ծանուցանելով իր Տիգրանակերտ գալուն պատճառը։ Բայց նախքան Տիգրանակերտեն մեկնիլը՝ կանչեց իր ընկերները, որոնք մեծ հարգանք կընծայեին ի հիշատակ իր առաջին մուտքին, և պատմեց անոնց Տիգրանակերտի մեջ կատարվելիք կոտորածի շշուկներու մասին, և որովհետև ինք հեղափոխական գործով պետք էր մեկներ Սերաստիա, ինքնապաշտպանության և հերոսական դիմադրության գործը կը թողուր անոնց։ Ընկերները երբեք չմտածելով հավաքական կոտորածի մասին, ահաբեկման ենթարկվեցան և իրենք իրենց մեջ ստեղծեցին խուճապ։ Այդ գիշեր զանազան տուներ երիտասարդներուն մեջ փսփսուքներ կային և վախ ու սարսափի նշաններ։
Դոկտ. Բուրբոնյանը անմիջապես մեկնեցավ Սեբաստիա։ Ճանապարհին անիկա մեծ մտահոգության մեջ էր, թե ինչպես պիտի դիմավորեին ընկերները, թե ինչ հրդեհներ [ 453 ] պիտի պատահեին և ինչ հերոսական երևույթներ տեղի պիտի ունենային։ Անգամ մը լրջորեն մտածեց ետ դառնալ և մասնակցիլ ինքնապաշտպանության և ռազմական ընդունակությունները երևան հանել, բայց մտածեց, որ թերևս Սեբաստիո մեջ ավելի կարևոր գործ մը կսպասեր իրեն։
Մալաթիայեն հեռագրեց «Ազատամարտ»-ի խմբագրության հետևյալը.
- Որքան որ ձեր թելադրանքներուն համաձայն ես ճամփա ելա Տիգրանակերտեն, բայց պետք եղած թելադրությունները և ռազմական հրահանգները տվի ընկերներու ինքնապաշտպանության համար: Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա, և իմ այցելությունս օգտակար կը հանդիսանա ընկերներուն:
«Ազատամարտ»-ի խմբագրատունն ալ մատնվեցավ խուճապի, որովհետև Բուրբոնյանը կը հեռագրեր, որ «Հիմա արդեն կռիվը սկսած կըլլա», և հեռագրողը քանի մը օր առաջ գտնված էր Տիգրանակերտի մեջ։ «Ազատամարտ»-ի խմբագրությունը դիմեց Հ. Հ. Դ. Կ․-ի Պոլսո պատասխանատու մարմնին այս առթիվ։ Մարմինը ստիպվեցավ հեռագիր քաշել Տիգրանակերտի իրենց կոմիտեին «օրվան կացությունը անմիջապես տեղեկացնելու»: Այս հեռագրին ի պատասխան Տիգրանակերտի «Սուր» կոմիտեն հեռագրեց հետևյալը.
- Առայժմ հանգիստ ենք և խաղաղ:
4
Դոկտ․ Բուրբոնյանը կամաց-կամաց զգաց, որ այս հեղափոխական-պրոպագանդիստի կյանքեն բան մը դուրս չը գար,— երևակայեց ավելի գործնական միջոցներ ձեռք առնել ավելի օգտակար ըլլալու համար։ Անիկա մտածեց բանակ կազմել և միշտ ունենալ այդ բանակը ձեռքի տակ։
Բայց այդ բանակը ինչի՞ համար։
Դոկտ. Բուրբոնյանը այս բանակի մասին պահեց արտասովոր գաղտնապահություն, բայց պարզ էր անոր հոգեբանությունը։ [ 454 ] Դոկտ. Բուրբոնյանը շատ շուտով նկատեց, որ իր պատկանած կուսակցության սոցիալիստական ծրագիրը հով էր։ Այս կուսակցությունը կը հետապնդեր զուտ նացիոնալիստական մտքեր։ Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ հայ նացիոնալիզմը հայոց հին թագավորության վերահաստատումն էր։
— Այս նոր թագավորության հիմնադիրը ես պիտի ըլլամ, մտածեց պահ մը և այդ մտածումին հաջորդեց իր բոցավառ երևակայությունը։
Անոր թվեցավ, որ մեկը կը հակաճառե իրեն, զայրացավ, ոտքերը գետնին զարկավ և աղաղակեց.
— Ո՞վ է ինձ չի հավնողը, ես եմ, և մտքին մեջ ըսավ. հայոց Բուրբոնյան թագավորություն Քրիստոսի թվականին 19...— չի կրցավ ճիշտ թվականը որոշել և թռղուց զայն մոտավոր ապագային։
Բայց անիկա ուժեղ կերպով հետապնդեց բանակ կազմելու գաղափարը։
Բանակ կազմելու համար իր առաջին գործը եղավ երթալ շուկա և փոքրիկ, սիրուն տետրակ մը գնել զինվորներ արձանագրելու համար։ Անիկա սկսավ, իր ճառախոսություններու ընթացքին, կոչ ընել ունկնդիրներուն արձանագրվիլ Հայաստանի ազատագրության համար։
— Ով որ պատրաստ է իր կյանքը զոհել՝ թող ձեռք բարձրացնե, կաղաղակեր իր ճառախոսության վերջը։
Հասարակության մեջ գտնվող հարյուրավոր ձևի մարդիկ կր բարձրացնեին իրենց ձեռքերը։ Դոկտ. Բուրբոնյանը աչքե կանցներ ձեռք բարձրացնողները և տետրակը հանելով իր գրպանեն տեղնուտեղը կարձանագրեր։
— 150 քաջ զինվորներ Բեսիրիկ գյուղին մեջ, 200 անձնվեր զինվորներ Մարաշի մեջ, 3 500 ռազմիկներ Սեբաստիայի մեջ (նահանգը), 7 000 կրակոտ մարտիկներ Մուշի մեջ (դաշտը մեջը), 5000 անհաղթելի կտրիճներ Վասպուրականի մեջ, իսկ այստեղ ալ (անմիջապես արձանագրելով տետրակին մեջ) Արաբկիրի մեջ՝ 750 երկաթե կուրծք ունեցող ֆիտայիներ...
Հետզհետե այս թիվերը շատցան և դոկտ. Բուրբոնյանի [ 455 ] երևակայության մեջ սկսան զինվորական մարզանքներու։ Անիկա հաճախ կը ցատկեր ոտքի և կը պոռար ահռելի ձայնով.
— Կեցցե՜ բանակը։
Ո՞ր բանակը, որտե՞ղ, ինչո՞ւ — ո՞վ էր հարց տվողը։ Հասարակության պաշտոնն է զարմանալ և անիկա... կը զարմանար։
Շուտով վրա հասավ Իտալո-թուրք պատերազմը։ Ռազմական մարդոց համար հարց չկար թե՝ ինչո՞ւ կը մղվեր այս պատերազմը։ Պատերազմը ինքնին տրամաբանական էր։ Դոկտ. Բուրբոնյանը առժամանակապես լքած իր կազմած բանակին նպատակը՝ երևակայեց գործնական միջոցներ ձեռք առնել իր ռազմական ընդունակությունները ցույց տալու օգնելով... թուրք բանակին։
Անիկա բացավ իր ծոցի տետրակը, աչքե անցուց իր արձանագրած հայ ռազմիկներու թիվը և անմիջապես թռուցիկ մը խմբագրեց և ղրկեց զանազան գավառներ կոչ ընելով երիտասարդության՝ կազմելու համար կամավորական բանակ մը կռվելու իտալական ոտնձգությանց դեմ։
Թռուցիկին մեջ հիշված էր, որ «դրականորեն պատասխանողները» պետք էին շուտով մեկնիլ դեպի Պոլիս՝ անկեց ալ դեպի ռազմաճակատ — և ինք մեկնեցավ անմիջապես Թուրքիո մայրաքաղաքը նախապես հեռագրելով Օսմանյան պետության պատերազմական նախարարության։
Իտալո-թրքական պատերազմի սկսելուն մեր հերոսը կը գտնվեր Երզնկայի մեջ։ Թրքական 4-րդ զորաբանակի հրամանատարը, ոգևորված հայու մը այս ժեստեն, փութաց նշան նվիրել դոկտ. Բուրբոնյանին Պոլիս մեկնելե առաջ։ Երզնկայի կառավարական շենքի մեծ հրապարակին վրա թուրք հրամանատարը մեծ ցույց մը սարքեց, հրամայեց զինվորական երաժշտախմբին դուրս գալ և նվագել։ Բազմաթիվ ժողովուրդ հավաքված էր հրապարակը և դոկտ. Բուրբոնյան զինվորներու «փադիշահըմ չոք յաշա» օվսաննաներու և ժողովաւրդի կեցցեներու մեջ հրավիրվեցավ և նշան ստացավ։ Դոկտ. Բուրբոնյան նշանը առնելե հետո՝ ցատկեց կառավարական շենքի սանդուխներու վրա և թուրքերեն արտասանեց [ 456 ] ոգևորիչ ճառ մը, շեշտելով որ — հազարավորներ՝ հայ երիտասարդութենեն պիտի հետևին իրեն փշրելու համար իտալական գրոհները, ոտքի պիտի ելլեն, աղաղակեց անիկա, հայ ռազմիկները Բեյրութեն մինչև Վասպուրական և Իզմիրեն մինչև Բաշկալե։
Ժողովուրդը ցրվեցավ, զինվորական երաժշտախումբը նվագելով գնաց զորանոց, իսկ դոկտ. Բուրբոնյան տեղվույն առաջնորդին հետ հրավիրվեցավ հրամանատարին տունը ճաշի՝ ուր շարունակեց իր ճառերը, խոստանալով — կտոր-կտոր ընել իտալական բանակները։ Երեկույթին անիկա իր ծոցի գրպանեն տետրակ մը կը հաներ և հաշիվներ կըներ։ Բուրբոնյանը կը հաշվեր իր ռազմիկներուն թիվը։ Անիկա փոխանակ եղած թիվը կրճատելու կեսի կամ ավելի պակասի, ընդհակառակը թիվերը կը բազմապատկեր երկուքով, երեքով և ավելիով, կունենար հսկայական թիվ — որու առջև ոչ մեկ բանակ կրնար դիմանալ — կը մտածեր անիկա, և հուզված ու խելահեղ կառներ օղիին գավաթը և կը շարունակեր իր ճառը հավատացնելով մինչև անգամ... հայոց առաջնորդին։ Ամենեն ավելի անիկա նկատի կառներ Երզնկայի ռազմիկներու թիվը, որոնք վաղն առավոտ պիտի հավաքվեին զորանոցը, որոնք ինք անձամբ պիտի բաժներ զենքերը, ինչպես թուրք հրամանատարը խոստացած էր։
Առավոտ ոչ ոք երևաց զորանոցը, բացի Կարապետ անուն Խոլթեքենի-Բալանղացի մը, մեկ աչքը կույր, որը պատրաստ էր իր կյանքը զոհելու «մեր հերոսին» համար։ Դոկտ. Բուրբոնյանը առանց շվարելու ոգևորությամբ և քաջալերանքներով ընդունեց Խոլթեքենի-Բալանղացի Կարապետը, որ իր տեղացիներեն կը կոչվեր «թեք տապանչա» և հուսաց որ մինչև կեսօր բոլորը կուգային իր երևակայության ահռելի պարապը լեցնելու։
Իզուր սպասեց մինչև երեկո։ Բայց որովհետև ինք շատ չէր կրնար սպասել, թռուցիկները արդեն գրված էին և երկրի զանազան կողմերեն արդեն կը փութային դեպի Պոլիս, գիշերը նամակ մը գրեց թուրք հրամանատարին, որ ինք ստիպված էր շուտով մեկնիլ դեպի Պոլիս տեղավորելու համար կամավորները։ Իր երկտողով խնդրած էր հրամանատարեն [ 457 ] եկող կամավորներուն զենք բաժնել և «անմիջապես ուղարկել Պոլիս, ուր հարկ եղած կարգադրությունները ինք կընե»։ Կարապետը ընտրեց իրեն հավատարիմ և հլու ծառա և կես-գիշերին երկու ձիով մեկնեցավ դեպի Բաբերդ և անկեց ալ Տրապիզոն:
Երբ ճամփա ինկավ դոկտ. Բուրբոնյանը՝ Կարապետին տվավ հարկ եղած «զինվորական» հրահանգները.
— Կարո, ինձ նայիր, ինձ կը կանչես դոկտոր էֆենտի և միշտ բարև բռնած, ինչպես հլու-հնազանդ և կարգապահ զինվոր։
— Շատ աղեկ, դոկտոր էֆենտի, պատրաստակամ պատասխանեց Կարոն։
— Ուր որ կը հասնինք, շարունակեց Բուրբոնյանը, անմիջապես կը վազես և Փայլակիս սանձը կը բռնես, մոտիկ մարդոց նշան կընես ինձ մոտենալ պատկառանքով։ Ո՛վ գիտե, կրնա ըլլալ մարդիկ պատահին, որ ինձ չճանչնան...
— Ձեզ չճանչնա՞լ, դոկտ. էֆենտի, ես բոլորին ալ ճանչցնել կուտամ Ձեզ։
— Աֆերիմ, Կարո, աֆերիմ, իմ ծառայիս պարտականությունը այդպես պիտի ըլլա։
Մինչև այս` Կարոն գիտեր, որ ինք կամավոր զինվոր է և ոչ ծառա, ինչպես Բուրբոնյանը կը հորջորջեր, բայց նախընտրեց լռություն պահել առայժմ։ Կարոն ինքն ալ իր անհատական կյանքին մեջ ինքզինք էֆենտի կզգար, բայց բաղդը զինքը աղքատացուցած էր և հիմա ստիպված էր հերոս ըլլալ։ Բուրբոնյանի կոչը լավ առիթ էր, մանավանդ որ մեկ աչքը չկար և հեղափոխական կեղծ անունն ալ պատրաստ էր՝ Թեք Տապանչա։
Բուրբոնյանը և Կարոն հասան Տրապիզոն, ճանապարհին ժամանակ չունենալով մնալ որևէ տեղ և ճառախոսել, զինվորներ հավաքել, որովհետև, ինչպես Բուրբոնյանը ամեն վայրկյան կը կրկներ, «զինվորներ հավաքված կըլլան Պոլիս և համապատասխան կարգադրություններ չեն ըլլար»։ Անոնք ստիպված եղան երկու օր սպասել Տրապիզոնի մեջ, որովհետև նավ չկար։ Բուրբոնյանը հարմար տեսավ հրապարակային միտինգ կազմակերպել և կոչ ընել «գիտակից երիտասարդության» [ 458 ] գալ իր ետևեն և ջախջախել իտալական բանակները։
Համաձայն իր տետրակին՝ Տրապիզոնը կուտար 50 ռազմիկ։ Ատենին երբ անիկա Տրապիզոն գնաց հեղափոխական պրոպագանդի՝ հուսահատ դուրս եկավ։ Հիմա կոկորդը պատռելու չափ պոռաց և աղաղակեց, բայց մյուս օրը Կարոյի չափ ալ արդյունք չտվավ, բայց այս պարագան երբեք չհուսահատեցուց մեր հերոսը, որովհետև Տրապիզոնը արդեն գրեթե դուրս էր ծրագրեն։ Երկու օր հետո նավը եկավ և անիկա ուղևորվեցավ օսմանյան մայրաքաղաքը։
Երկրորդ անգամ ըլլալով, հեռագրեց Թուրքիո պատերազմական նախարարության և Հ․ Հ․ Դաշնակցության Կ․ Պոլսո պատասխանատու մարմինին, կամ ավելի ճիշտ է ըսել, Թուրքիո և Հայաստանի պատերազմական երկյակ նախարարությանց։
Առաջին օրը Բուրբոնյանը իջևանեց Pera Palace օթելը, վարձեց վերի հարկի վրա սենյակ մը իր համար և վարի հարկը սենյակ մը՝ Կարոյին համար։ Առաջին գիշերը ուզեց հանգստանալ. ոևէ պաշտոնական մարմինի լուր չտվավ իր ժամանելը։ Բայց իրիկունը՝ քնելե առաջ, երևակայեց․
— Իմ զորքերը կըլլան ավելի ուժեղ և թարմ, որովհետև անոնք կուգան Հայաստանի անառիկ լեռներեն, խմած են հայրենիքի զով և կազդուրիչ ջուրը, ծծած են առողջարար օդը։ Իտալացիներու վրա տարած հաղթություններես ետքը ես շքով և փառքով կը վերադառնամ Հայաստան և իմ հաղթական լեգեոններով կը հայտարարեմ Արևելյան Անատոլուի անկախություն։ Այդ հաղթություններես ետքը ոչ ոք կրնա իմ դեմ խոսիլ։ Կը փշրեմ բոլորը, ես հաղթական եմ, ես ջախջախեցի իտալական կատաղի զինվորները։
Տակավին շատ պիտի երկարեր երևակայությանց այս սարսափելի շարքը, եթե հանկարծ Կարոն չմտներ և չընդհատեր։
— Դոկտոր էֆենտի, փաշփորթ կուզեն։
— Շատ լավ. կը հրամայեմ՝ ինձ ներկայանալ և ստանալ։
Կարոն անմիջապես դուրս գնաց և հայտնեց Բուրբոնյանի [ 459 ] կամքը։ Համաձայն իր տված պատվերներուն՝ Կարոն աչալուրջ էր Բուրբոնյանը ներկայացնելու այնպես, որ նոր տեսնողներուն պատկառանք և վախ ազդեր։ Կարոն ուրիշներու ներկայության Բուրբոնյանի առջև կը կենար այնպես, ինչպես մոմը աշտանակին վրա։
Օթելին տերը ներկայացավ Բուրբոնյանին ամենախորին հարգանքով և ներողություն խնդրեց, որ ինք ստիպված էր հետևիլ մայրաքաղաքի օրենքներուն։
— Այո, այո, պետք է կետ առ կետ հետևիլ պետական օրենքներուն, պատասխանեց դոկտ․ Բուրբոնյանը և գրպանեն հանեց Երզնկայի օրտու գումանտարիին արտոնագիրը։
Օթելին տերը երբ կարդաց արտոնագիրը, ծռեցավ մինչև գետին հարգանքի լայն արտահայտությամբ և վերադարձուց թուղթը Բուրբոնյանին։ Օթելի տերը մեկ քանի անգամներ խոնարհություն ընելե հետո՝ դուրս եկավ։
— Կարո, աղաղակեց Բուրբոնյանը, ինձ մտիկ ըրե, հաղթություններես հետո քեզ մեծ պաշտոններու կը հասցնեմ։
Կարոն, որ շատ խորամանկ մարդ էր և գիտեր այս բոլորին ունայնությունը, պատասխանեց.
— Ես մեծ հույս ունիմ, դոկտոր էֆենտի, որ իմ վիճակը վերջը-վերջը կը բարելավվի, և ես ալ համեստ պաշտոնի մը կը հասնիմ ձեր շնորհիվ։
— Իմ շնորհիվ շատ բաներ կը տեսնես, Կարո, հույս ունեցիր, ես կը հաղթեմ և դու կը տեսնես։
— Կասկած չունիմ, որ կը հաղթես և կը փշրես բոլորին բազուկները։ Մեր գյուղին մեջ կոշկակար մը կար, որ կը հավատար, թե ինքը ծնած է քահանա ըլլալու և ծառայելու տիրոջը, բոլորը վրան կը ծիծաղեին, բայց երբ Տեր Գրիգորը վախճանեցավ, գյուղացիք այդ կոշկակարին վրա միտք դրին և քահանա ձեռնադրել տվին, դոկտոր էֆենտի, թերևս կը ճանչնաս մեր Բալանղայի Տեր Նշանը։
Դոկտ․ Բուրբոնյանը չսիրեց այդ կոշկակարի օրինակը և անմիջապես խոսքը փոխելով հարցուց․
— Կոշիկներս ներկա՞ծ ես, Կարո, զգեստներս արդուկել տվա՞ծ ես։
— Հրամմեր եք, դոկտոր խումանտար։ [ 460 ]
Բուրբոնյանը քիչ մնաց ցատկեր և Կարոն համբուրեր, երբ անիկա զինքը խումանտար կոչեց։ Աչքերը փայլեցան, ուրախության ճաճանչներ դուրս խուժեցին անոր աչքերեն, պեխերը ոլորեց, շտկեց ստորակետները և բարձրաձայն և վերջեն գտած ազնվականի մը տոնով, ըսավ.
— Կարո, Կարո, տակավին ինչ բաղդավորություններ պիտի տեսնես իմ շնորհիվ։
Առավոտ ժամը 9-ին փութաց դեպի «Ազատամարտ»-ի խմբագրությունը, ուր ստացված էր իր հեռագիրը։ «Ազատամարտ»-ի խմբագրապետը ողջունեց Բուրբոնյանի գալուստը և հայտնեց, որ պատասխանատու մարմինները մեծ անհամբերությամբ կսպասեին իր գալստյան։ «Ազատամարտ»-ի պետը ապշությամբ դիտեց Բուրբոնյանը թրքական զինվորական ուսադիրներով, ձեռքը արծաթ կոթով մտրակ մը, մեջքը ատրճանակի կաշիե աման մը։
— Իմ ռազմական առաքելությունը անշուշտ կանդրադառնա մեր Հայաստանի վիճակին վրա և մենք աշխարհի առջև կը ցուցադրենք մեր ռազմական ընդունակությունները, Եվրոպայի առջև բացի մեր դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները ի սպաս դնելե, կարևոր էր որ ռազմորեն ալ մեր երեսը ճերմակ ըլլար,— ճառի նման արտասանեց դոկտոր Բուրբոնյանը։
«Ազատամարտ»-ի խմբագրապետը իր մտքին մեջ կը չարչարվեր գտնելու դիվանագիտական, վաճառականական և փիլիսոփայական հզորությունները, երբ Բուրբոնյանը իր ծոցի գրպանեն հանեց օրտու գումանտարիին արտոնագիրը և երկարեց խմբագրապետին։ «Ազատամարտ»-ի ղեկավարը կարդալե հետո՝ հարեց.
— Բայց երբեք կարիք չկար, որ մենք խառնվեինք ոևէ կերպով Իտալիո դեմ մղված արդարացի պատերազմի մը։
— Ի՞նչպես թե արդարացի, Իտալիա բացորոշորեն կը կողոպտե մեր երկրի լավագույն մեկ մասը, պատասխանեց գրգռված Բուրբոնյանը։
— Պետք է գիտնալ թե Թուրքիան ոչ մեկ կերպով օգտակար չէ հանդիսացած Տրիպոլիսի, ինչպես որ առած էր, այնպես ալ, թերևս անկե ալ ավելի ավերած, պիտի հանձնե [ 461 ] իտալացիներուն, հակաճառեց լրջորեն «Ազատամարտ»-ի պետը:
— Ես կր փրկեմ դրությունը, իմ բանակը թույլ չի տար, որ Թուրքիան հանձնե Տրիպոլիսը իտալացիներուն, ընդդիմախոսեց մեր ռազմագետը:
Խմբագրապետը ընկողմանեցավ իր աթոռին մեջ և սկսավ խոր մտածել, որ իր առջև կը գտնվի սարսափելի երազե մը արթնցող խելագար մը։
Անիկա երբեք չհասկցավ թե Բուրբոնյանը ինչ կը շարունակեր փաստաբանել, որովհետև անոր չէր ունկնդրեր, միայն սթափվելե հետո՝ ըսավ.
— Ընկեր Բուրբոնյան, նախքան ձեր մասնակցիլը այս պատերազմին՝ կուսակցության պատասխանատու մարմինը իր վճիռը պետք է տա։ Ես կը խնդրեմ ձեզնե չներկայանալ երբեք պատերազմական նախարարության, մինչև այս իրիկվան պատասխանատու մարմնին կարծիքը առնեք։ Տակավին կամավորներ չեն եկած և ի՞նչ հարկ դիմել պատերազմական նախարարության առանց զինվորական որոշ թիվ մը ներկայացնելու։
Բուրբոնյան խոստացավ չներկայանալ նախարարության, ոչ թե անոր համար, որ կսպասեր լսել պատասխանատու մարմնի կարծիքը և վճիռը, այլ անոր համար, որ ինք թռուցիկներու մեջ կամավորներուն հասցե տված էր «Ազատամարտ»-ի խմբագրատունը և ոչ ոք տակավին չէր եկած։
— Ձեզ հետ ոևէ կամավորներ ունի՞ք, հարցուց խմբագրապետը։
— Այո, կան և բոլորն ալ կտրիճ տղաք են, Կարոն հրաշալի զինվոր մըն է, պատասխանեց դոկտ. Բուրբոնյանը։
«Ազատամարտ»-ի պետը կարծեց, որ Կարոն ամբողջ խումբի մը ղեկավարն է։
Շաբաթներ անցան և պատասխանատու մարմինը չի համաձայնեցավ ընկեր Բուրբոնյանի պատերազմի մասնակցելու մասին վճիռ տալ, իսկ Բուրբոնյանը կուզեր, որ այդ վճիռը ուշանար, վիճաբանությունները որչափ կարելի է երկարին, որովհետև հակառակ իր հսկայական բանակի թվին, մեջտեղը ոչինչ կար։ Իր համբերությունը ջարդուփշուր [ 462 ] եղավ, աչքը դեպի նավահանգիստը հառած մնաց և մեկ հատ կամավոր չժամանեց։ Դոկտոր Բուրբոնյանը շարունակեց Պոլսի փողոցները պտտիլ զինվորական ուսադիրներով։ Պոլիս ժամանելեն մեկ քանի շաբաթ հետո՝ իր ուսադիրներուն վրա նշանները փոխեց՝ կամովին բարձրացնեքով իր զինվորական աստիճանը, օրտու գումանտարիին այն խոսքին վրա, որ «մեկ քանի շաբաթ հետո՝ մենք կը բարձրացնենք Ձեր աստիճանը»։ Երբեք կարելի չէր ըսել թե առանց պատերազմի մեջ մտնելու անիկա իր աստիճանները բարձրացուց, որովհետև Բուրբոնյանը կը գտնվեր գործնական և արյունալի պատերազմներու մեջ։ Անիկա կռիվ կը մղեր և հաճախ կը հաղթեր, անիկա իր բանակով գրոհ կուտար իտալական զինվորներուն վրա և անոնց ստիպել կուտար անպատիվ նահանջել։ Քանի անգամներ վերք ստացավ, եկավ հիվանդանոց, թուրք հանըմներ իր վերքը լվացին, դեղեցին և կապեցին, ինք ճառ խոսեցավ անոնց, որ «կարող էր սրտեն վերք առնել և չմեռնիլ, անգամ մը ևս թշնամիին կուրծք տալու համար»։
Պոլսի դաշնակցական պատասխանատու մարմինը իզուր կը ջանար արգիլել Բուրբոնյանին կռիվ չհայտարարել Իտալիո դեմ։
Պատասխանատու մարմինն ալ նվազ տառապանքի և երևակայության մեջ չէր։ Բուրբոնյանի նման խելացնորի բաղձանքը նյութ դարձուց «սկզբունքային հսկայական» վիճաբանության, ցնցվեցավ, ջղայնացավ, մերթ լրջորեն խորհեցավ, մերթ թեթևորեն, առանց վայրկյան մը իսկ անդրադառնալու, որ կամավորներ չկային և Բուրբոնյանի կամավոր երթալը թրքական խարխուլ նավի մը վրա դեպի Տրիպոլսի ափերը՝ Իտալիան չէր կարող հուզել և շփոթության մատնել։ Պատասխանատու մարմինը թողուց իր բանն ու գործը և բոլոր ժողովներու օրակարգի նյութ դարձուց «ընկեր Արքայազնի պատերազմի մասնակցելու հարցը»։ Հեռագրվեցավ Ժընև և Կովկաս, պատասխան ստացվեցավ. «Խստիվ արգելել հայկական բանակ ուղարկել իտալական բանակներսւ դեմ»։
Այս վիճաբանություններն ու հուզումները տակավին շատ պիտի երկարեին և ստանային անիմանալի ծավալ և [ 463 ] Բուրբոնյանը իր ուսադիրները պիտի փութար փոխել զինվորական ավելի բարձրագույն աստիճաններու, եթե չպատահեր բարեբաղդ դեպք մը.— Թուրքիան պարտվեցավ և հաշտություն կնքվեցավ Իտալիո հետ Տրիպոլսի կորուստով։ Այդ բարեբաղդ դիպվածեն ոչ այնքան իտալական պատերազմական հրամանատարությունը և Թուրքիո պատերազմական նախարարությունը հանդարտեցան, որքան Հ. Հ. Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինը և խեղճ Կարոն, որ ամեն գիշեր Բուրբոնյանի սենյակին մեջ գավազան մը ձեռքը (իբրև հրացան) Բուրբոնյանի հրամանները կը գործադրեր մերթ պառկելով անկյունը և նշան առնելով պատեն կախված պատկերներուն, որոնք կենթադրվեին իտալական բանակները ըլլալ և մերթ ցատկելով Բուրբոնյանի «մարշ» աղաղակեն՝ վար կը բերեր բոլոր պատկերները իբրև հաջող հարձակողականի մանյովր։
Ահա Կարոն իրիկվան ընթրիքեն հետո կանգնած է Բուրբոնյանի սենյակին մեջ։ Բուրբոնյանը արծաթ կոթով մտրակը ձեռքը, վերեն վար զինվորական շորերը հագած, դիտակը կախած ուսն ի վար, սուրին և ատրճանակին կաշիները բոլորը իր տեղը առանց սուրի և ատրճանակի, ինչպես այրի կին մը, հանկարծ կը պոռա.
— Պատրա՛ստ...
Կարոն կը փութա ձեռք առնել գավազանը, որ ատեն Բուրբոնյանը դիտակը կը հանե և կը դիտե ուշի-ուշով դեպի թշնամու բանակը — պատերը, պահ մը դիտելե հետո՝ կը պոռա.
— Մա՛րշ...
Կարոն կը վազե մինչև դիմացի պատը, Բուրբոնյանը երբեք չմոռնար պատեն երկու քայլ մնացած հրամայելու՝ պառկի՛լ.— Կարոն կը պառկի և գավազանին ծայրը կը դըպցնե պատին։
Բուրբոնյանը դարձյալ կզբաղի դիտելու պատին վրա կատարված շարժումները իբրև թշնամիի հայտնի կամ գաղտնի շարժումներ և հանկարծ.
— Կրա՛կ, անդադար կրա՛կ... կը պոռա։
Կարոն շատ լավ կը հասկնար և կըմբռներ այս մարդկային [ 464 ] կատակերգության բովանդակ վայելքը և կը համբերեր, որովհետև կը մտաբերեր Խոլթեքենի֊Բալանղայի մեջ կտոր մը չոր հացի կարոտությունը։
— Ժամ մը Բերա Բալասի մեջ ռազմական «մանյովր» և հրաշալի սենյակ, Պոլիս՝ մայրաքաղաքը, հրաշալի ուտելիք, հագվելիք և մեծ հրամանատարի ծառա, առանց վերք ստանալու, առանց ձյունին և անձրևին տակ զինվորական ծառայություն ընելու, ժամ մը մանյովր և ամեն ինչ...
Կը մտածեր Կարոն — իմ բաղդես էր, կը փսփսար ինքնիրեն, եթե այս խենթը չըլլար, ես սատկեր էի շան նման։
Դոկտ. Բուրբոնյան Իտալո-թուրք պատերազմը վերջացնելե հետո իր բանակին — Կարոյի հետ — վերադարձավ Անատոլի։ Մեր հերոսը ընկճված չէր, որովհետև, ինչպես մենք տեսանք, անիկա պատերազմեցավ, բայց ինչ ընենք, որ թուրքերը պարտվեցան։
Մինչև Թոգատ հասնիլը Բուրբոնյանի երևակայությունը կը վառեր անկանոն կերպով՝ երբ Թոգատի մեջ հանդիպեցավ մեկուն, որ բարեբախտաբար լուր ուներ անոր Իտալո-թուրք պատերազմին մասնակցության։
— Դոկտոր էֆենտի, ըսավ այդ մեկը, դուք ալ չկրցիք փրկել պատերազմը։
— Անկարելի էր, բարեկամ, պատասխանեց մեր հերոսը, երբ իմ բանակս հասավ՝ արդեն գործի անհաջողության կեսը կատարված էր, անկարելի էր փրկել, բայց մի մոռնաք, հարեց Բուրբոնյանը, որ մեր ճակատամարտները ահռելի բնույթ ստացան, իմ անձնվեր զինվորը ականատես եղած է կռիվներուն, և ձեռքովը նշան ըրավ Կարոյին:
Կարոն անմիջապես հասկցավ բանի էությունը և վերահաստատեց.
— Մանավանդ մեր հինգերորդ օրվան կռիվը, հարեց Կարոն, ճակատագրական բնույթ ստացավ, մեր դիմացի պատին... ը՜ը՜ը՜, դիմացի նավուն մեջ ինչքան որ մարդ կար ծովը թափվեցավ։ [ 465 ]
Բուրբոնյան Կարոյի այս խոսքին վրա բոլորովին ոգևորվեցավ և անմիջապես վճռեց օգտագործել իր ռազմական համբավը, որ անպայման տարածված կըլլար ամբողջ Անատոլիի մեջ, ի հաշիվ իր ապագա ծրագրին — հայոց թագավորության։
— Մեր ճիգերը իզուր անցան, բարեկամ Թուրքիան պարտվեցավ, բայց ես ուրախ եմ. մին կործանեցավ, բայց մյուսը կը ծնի։
— Ի՞նչ է այս մյուսը, հարց տվավ խոսակիցը։
Բուրբոնյանը պեխերը ոլորեց, հպարտացավ, փքվեցավ և իմաստություն համարեց չպատասխանել։
Մինչ Սեբաստիա հասնիլը՝ անոր երևակայության մեջ հայոց թագավորությունը կանգուն էր, միայն կը մնար «չնչին» ձևականությունները կատարել։ Սեբաստիայի մեջ, օր մը, հանկարծ Կարոյին դառնալով՝ ըսավ.
— Կարո, ինձ նայե, Բուրբոնյան թագավորություն, հը՞, ի՞նչպես է։
— Աղեկ չհասկցա, դոկտոր էֆենտի, միտքս ուրիշ տեղ էր, մրթմրթաց Կարոն։
— Տեր արքա ըսե, շունշանորդի, տակավին չմոռցա՞ր դոկտորը։
— Ներեցեք, վեհափառ, իմ խելքը ուրիշ տեղ էր, պատրաստակամ պատասխանեց Կարոն, գուշակելով որ Բուրբոնյանը կը ցանկանար կաթողիկոս ձեռնադրվիլ։ Կարոն հայոց թագավոր մտքեն անցնելու չափ հիմար չէր։
Բայց կամաց-կամաց Կարոյի համար պարզ եղավ իր տիրոջ որ հորիզոնները թևակոխած ըլլալը, և սկսավ լրջորեն մտահոգվիլ իր քաղաքական վիճակի մասին։
Սեբաստիայի մեջ մեկ քանի գաղտնի ժողովներե հետո՝ գահաժառանգ Բուրբոնյանը հայոց Արամյանց վարժարանի բակին մեջ հրապարակային միթինկ կազմակերպեց։ Նախքան միթինկը գահաժառանգը մտավ եկեղեցի և խոր աղոթեց, երբ եկեղեցիեն դուրս եկավ, անիկա թողած էր իր արագ շարժուձևերը, լուրջ և տժգունած, պաշարված էր ծանր խորհուրդով։ Անիկա կզգար, որ բավականին լուրջ և պատասխանատու գործի մը կը ձեռնարկեր։ Երբ Կարոն ձին մոտեցուց, [ 466 ] որ մոտիկ ապագայի արքան ցատկե վրան, արքայազուն նշան ըրավ ձին հեռացնել և քալեց հետիոտն։
Մեծ բազմություն հավաքված էր հայոց Արամյանց վարժարանի բակը լսելու համար իրենց հին ծանոթ ճառախոսը։ Երբ անիկա մոտեցավ վարժարանի մեծ դռան, գլուխը կախ, բարձրանալու փայտե շինված բարձր պատվանդանի մը վրա, բազմությունը ապշանքով սկսավ դիտել անոր արտասովոր լրջությունը։
Գահաժառանգը բարձրացավ պատվանդանին վրա, ծանր և խորին նայվածքով դիտեց իր շուրջը և սկսավ... ճառա¬խոսել.
— Հայրենակիցնե՛ր, դարերը դարերու կը հաջորդեն, լեզուները՝ լեզուներու, ազգերը՝ ազգերու, ծովերը՝ ծովերու, պատերազմները՝ պատերազմներու, հրդեհները՝ հրդեհներու և... (քիչ մը կանգ առավ և տոնը բարձրացնելով) թագավորությունները կը հաջորդեն թագավորություններու։
— Թագավորություն կը նշանակե ըլլալ պատվավոր՝ դարերուն և ազգերուն մեջ, կը նշանակե ունենալ փառք և հարստություն, բանակներ և նավատորմիղներ, մղել պատերազմներ, ճակատ ճակատի գալ շրջապատած թշնամիներու հետ... կը նշանակե ապրիլ, կռվիլ և... չմեռնել։
Դոկտ. Բուրբոնյան գահաժառանգը այստեղ քիչ մը մտահոգվեցավ, որովհետև սպասած ծափահարությունը կուշանար։ Կարոն ամբողջ լսողություն էր կտրած հասկնալու իմաստը իր «տիրոջ» վերջին ցնորքներուն։
— Մենք, շարունակեց մեր ճառախոսը, կորսնցնելով մեր թագավորությունը, կորսնցուցինք մեր պատիվն ու փառքը, մենք պարտական ենք վերականգնել մոխիրներու տակեն մեր փառապանծ թագավորությունը, մեր սրբազան պարտքն է այդ։
Կարոն խորապես զգալով իր անձնական քաղաքական վիճակի վտանգը՝ անմիջապես ձին կապեց ծառի մը և կորսվեցավ ամբոխին մեջ։ Հասարակությունը սկսավ հարցականորեն իրարու նայիլ, բայց քիչ չէին նաև անոնց մեջ հայոց թագավորության ոգեկոչումով բոցավառվողները։ Բարձրացավ [ 467 ] կարճլիկ և վախկոտ ծափահարություն, և ամեն ինչ լռեց: Մեր ճառախոսը շարունակեց, և իբրև փորձառու հռետոր, գիտցավ սթափեցնել և ոգևորել։
— Այսօր, աստծու կամքով և իմ անձնական պատասխանատվության տակ, կը հռչակեմ հայոց թագավորության վերահաստատումը և ես ինքս — Բուրբոնյանս — կստանձնեմ թագը՝ ամուր և անքակտելի հիմքերու վրա դնելու համար հայոց նորածին թագավորական տունը։
Այստեղ քիչ մը կանգ առավ անթագակիր արքան և սպասեց կեցցեներու։ Բուրբոնյան կը հավատար, որ գեթ Կարոն կսկսի և ամբոխը կը հետևի։ Անիկա իզուր աչքերով Կարոն փնտրեց, բայց չգտավ։ Հասարակության այն մասը, որ վտանգի ներկայությունն զգալու իմաստությունն ուներ՝ սկսավ հեռանալ Արամյանց վարժարանի բակեն, բայց տակավին բավական հասարակություն մնաց լսելու հայոց ժամանակակից արքան։
— Լսեցե՛ք, իմ հավատարիմ հպատակներ, մեծ է աստուծո կամքը, մեծ կըլլա և իմ ուժը կառավարելու, վերացնելու անարդարություններն ու թշվառությունները, մեծ կըլլա և իմ սիրտը տոկալու արքայական բոլոր տրտմություններուն, բոլոր զրկանքներուն։ Այս պատիվը, որ դուք կընեք ինձ՝ ընտրելով ինձ ձեր թագավորը՝ կերդնում առաջի աստուծո, որ կը վարձատրեմ լիուլի, կը լեցնեմ ձեր ամբարները, կը ծաղկեցնեմ ձեր շուկաները և պատերազմ կը մղեմ բոլորին դեմ։
Հասարակությունը կամաց-կամաց ավելի հեռացավ, այնպես որ ճառին մինչև այս կետը ճառախոսին անգամ նկատելի դարձավ այդ։
— Իմ զինվորնե՛րս և պաշտոնյանե՛րս, երեք օրեն կը կազմվի կառավարություն, կորոշվի մայրաքաղաքը և թերևս կառավարության կազմի հռչակման հետ միաժամանակ՝ երջանիկ առիթը ունենանք պատերազմ հայտարարելու նորածին թագավորության թշնամիներուն դեմ։
Հանկարծ Արամյանց վարժարանի բակը լեցվեցան հարյուրավոր թուրք ոստիկաններ, պաշարեցին հայոց արքան և հասարակությունը։ Անոնց հրամանատարը մոտեցավ արքա [ 468 ] Բուրբոնյանին և հրամայեց հետևիլ իրեն: Բուրբոնյան պատրաստվեցավ հարձակիլ վրան, երբ տասնե ավելի ոստիկաններ մոտեցան և շղթայեցին զայն, ապա ձերբակալեցին հասարակության մեջ քաղաքի աչքի ինկնող անձնավորություններեն 50 հոգի և ցրվեցին ամբոխը:
Երբ Բուրբոնյանը դուրս կառաջնորդեին բակի դռնեն, անիկա դարձավ իր ետևը և ամբոխին վրա խոժոռ նայվածք մը պտտցնելե հետո` աղաղակեց.
— Ձեր արքան է ձերբակալված, ստրուկ ժողովուրդ, ինչո՞ւ եք վարաներ: Ոստիկանները լռեցուցին զինքը և տարին բանտ:
Քաղաքացիք խանութները փակեցին և տուն մտան, ամբողջ գիշերը ահ ու սարսափի մեջ անցնելով:
Բուրբոնյանը բանտի իր խուցին մեջ հանդիպեցավ Ֆանթազիոյին, որ հինգ տարվան համար բանտարկության էր դատապարտված դրամաշորթության հանցանքով: Երբ Ֆանթազիոն տեսավ իր ծանոթ Բուրբոնյանը, անմիջապես մոտեցավ քովը:
— Բարև՛, բարև՛, դոկտոր, ի՞նչպես ես, ինչու՞ քեզ այստեղ բերին, հարցուց:
Բուրբոնյանը սուրի պես կտրող նայվածք մը նետեց Ֆանթազիոյի երեսին և պատասխանեց.
— Ես դոկտոր չեմ, ստրուկ, ես արքա եմ:
Գիշերը, շղթայակապ, կը զառանցեր, անհասկանալի աղաղակներ կարձակեր, երբ քովը պառկող բանտարկյալ մը արթնցոցւ զինքը։ Բուրբոնյանը ցատկեց, շեշտակի նայեցավ զինքը արթնցնողին և զայրութով պոռաց անոր վրա.
— Մի՞թե առանց թագուհի ունենալու կարելի չէ թագավոր օծվիլ...