Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴՈՒ ԱՆՎԻՇՏ․․․
Դու անվիշտ երգ ես խնդրում հայ երգչից
Ներկա օրերին, նազելի՜ ընկեր.
Բայց, տե՛ս, արյուն է կաթում իմ սրտից,
Աչքիցս հոսում այրո՜ղ արցունքներ...
Չարագուժ ամպեր, լեռների նըման,
Եկել կիտվել են մեր անտեր գըլխին.
Մռա՜յլ հորիզոն, հեռվո՜ւմ Գողգոթան,
Ծա՜նըր է մեր խաչը, դժվա՜ր - մեր ուղին...
Մենք կյանք մաշեցինք այս անհավասար,
Դարևոր կռվի փոթորիկներում,
Բայց հաղթանակի այգը լուսավառ
Չշողաց մի օր հայրենի երկրում։
Թափվեց և՛ արյուն, ընկան և՛ զոհեր,
Բյուրավոր զոհեր անզուսպ չարության,
Բայց դարձյա՛լ նույն վիշտ, նույն դաժան օրեր,
Նույն խավար կյանքը, որպես գերեզման...
Վերջ ուրախ երգիս. իմ չքնա՛ղ մանուկ.
Էլ ի՞նչ ուրախ երգ ներկա օրերում.
Տե՛ս. ծով է կապել հայի արտասուք,
Կյանքը սևացել հայրենի երկրում...
|
|