Jump to content

Ելույթ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանի բացմանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



[էջ]



ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

[խմբագրել]
(1 ապրիլի, 1991թ.)

Նստաշրջանի աշխատանքն սկսելուց առաջ, ինձ թվում է, անհրաժեշտ է գոնե թռուցիկ հետադարձ հայացք նետել անցած ժամանակաշրջանի վրա, որ բխում է մեր հետագա գործունեության մեջ նախկին սխալները չկրկնելու հրամայականից։

Որեւէ իշխանության գործունեության գնահատման համար, կարծում եմ, գոյություն ունի երեք առարկայական չափանիշ։

Առաջին չափանիշը տվյալ իշխանության որդեգրած քաղաքականության, այսինքն` նրա կողմից ընդունված ծրագրի իրականացման հետեւողականությունն է։ Հանրապետության ներկա իշխանությունների գործունեության հիմնական ծրագիրը Հայաստանի անկախության մասին Հռչակագիրն է։ Բացելով Հռչակագիրը` դժվար չէ համոզվել, որ անցած յոթ ամսվա ընթացքում հանրապետության իշխանությունները հետեւողականորեն կենսագործել են նրա դրույթները։

Այսպես, ամբողջովին, իսկ որոշ դեպքերում` դեռեւս մասամբ, իրականացած կարելի է համարել Հռչակագրի հետեւյալ կետերը.

«Հայկական ԽՍՀն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն… Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը»(ինչպես հայտնի է, հանրապետության զինանշանի եւ հիմնի` օրհներգի համար հայտարարված է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն շուտով)։
[էջ]
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները» (բացառություն է կազմում միայն տնտեսական ոլորտը, որտեղ առայժմ, անհրաժեշտաբար, հիմնականում պահպանվում է միութենական օրենքների գերակայությունը)։

«Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը» (արված է հսկայական գործ` հայ զորակոչիկների ծառայությունը հանրապետության տարածքում կազմակերպելու ուղղությամբ)։

«Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները եւ կարգը» (այդ առթիվ ընդունվել են կարեւոր օրենքներ, որոնց հիման վրա արդեն սկսվել եւ լայն թափ է ստացել սեփականաշնորհման գործը, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում)։

«Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն… բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում» (նշված իրական ազատություններն ու իրավունքներն արդեն ամրապնդված են նաեւ համապատասխան օրենքներով. օրենսդրական կարգավորման կարիք ունի միայն մամուլի ազատության ապահովումը, որը մտնում է մեր երկրորդ նստաշրջանի խնդիրների մեջ)։

Թվարկելով այս ամենը, ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ, չնայած հրապարակախոսության մեջ դրսեւորվող որոշ ժխտողական տրամադրություններին, համենայն դեպս ակնհայտ են այն հաջողությունները, որոնց մեր իշխանություններն իրենց հետեւողականության շնորհիվ հասել են Հռչակագիրն իրականացնելու ուղղությամբ։ Իսկ հետեւողականությունը, ինչպես նշվեց, ցանկացած իշխանության գործունեության գնահատման կարեւորագույն չափանիշներից մեկն է։

Իշխանությունների գործունեության գնահատման երկրորդ չափանիշն, իմ կարծիքով, առկա հնարավորությունների օգտագործման կարողությունն է։ Պարզ է, որ որեւէ իշխանությունից չի կարելի սպասել ամեն ինչ։ Պետք է ակնկալել եւ պահանջել այն, ինչ հնարավոր է իրականացնել տվյալ պայմաններում։ Այդ չափանիշով մոտենալով, ինչպես
[էջ]
հայտնի է, մեր ժողովուրդն իրավացիորեն դժգոհ է եղել հանրապետության նախկին իշխանություններից։ Համարյա ողջ 70 տարիների ընթացքում այդ իշխանությունները ոչ միայն չեն օգտագործել եղած հնարավորությունները, այլեւ, չնչին բացառությամբ, չափազանց երկչոտ են գործել անգամ թույլատրվածի սահմաններում` ի տարբերություն մի շարք այլ հանրապետությունների ղեկավարների, որոնք կարողացել են միեւնույն պայմաններում, Կենտրոնի միեւնույն ճնշող մամլիչի տակ այս կամ այն կերպ առաջնորդվել սեփական ժողովրդի շահերով։

Չի կարելի, իհարկե, բացարձակ ժխտողական վերաբերմունք ցուցաբերել անցյալի նկատմամբ` անտեսելով խորհրդային իշխանության տարիներին իրականացած նաեւ դրական տեղաշարժերը՝ մշակույթի, տնտեսության, կրթության, շինարարության եւ այլ բնագավառներում։ Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ տրված հնարավորությունները լիովին չեն օգտագործվել։ Եղել են, իհարկե, բացառություններ, եղել են հայրենասեր, խիզախ գործիչներ, ինչպես` Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը եւ Հակոբ Զարոբյանը, բայց, դժբախտաբար, բոլորն էլ զոհ են գնացել հենց այն բանին, որ համարձակվել, խիզախել են անցնել թույլատրվածի սահմանը։

Համենայն դեպս, այս բացառությունները չեն կարող արդարացնել Հայաստանի նախկին իշխանություններին, քանի որ կային ակնհայտ բաներ, որ կարելի էր առանց խիզախության իրականացնել, բայց, դժբախտաբար, չեն արվել։ Կարելի էր, օրինակ, չկեղեքել սեփական ժողովրդին, բայց դա շարունակ տեղի է ունեցել։ Կարելի էր բարձրորակ շինարարություն իրականացնել, որպեսզի երկրաշարժը այդպիսի աղետալի հետեւանքներ չունենար։ Կարելի էր ավելի խոշոր տնամերձ հողամասեր հատկացնել մեր գյուղացիներին, ինչպես արվել է բոլոր մյուս հանրապետություններում։ Կարելի էր այդքան ռուսական դպրոցներ չբացել եւ հայկական դպրոցը ստորադաս վիճակի մեջ չդնել եւ այլն։

Նկատի ունենալով այս դառը ճշմարտությունները` Հայաստանի ներկա իշխանությունները ըստ կարելվույն փորձում են (ես չեմ կարող հավաստիացնել, թե դա նրանց լիովին հաջողվում է) օգտագործել առկա բոլոր հնարավորությունները։ Սա է մեր մոտեցումը եւ մեր գործունեության հիմնական սկզբունքը։ Որովհետեւ չօգտագործել տրված հնարավորությունները` կնշանակի, լավագույն դեպքում անճարակու
[էջ]
թյուն, իսկ վատագույն դեպքում` դավաճանություն։ Թե որքանով է իշխանություններին հաջողվում հավատարիմ մնալ այդ սկզբունքին` դա արդեն մնում է ժողովրդի եւ ժամանակի դատին։

Եւ վերջապես, իշխանության գործունեության գնահատման երրորդ չափանիշը պետության կողմից օրենքի կիրառման եւ օրինականության ապահովման աստիճանն է։ Իրավական պետության ստեղծումը մեր կարեւորագույն նպատակներից է, բայց հասկանալի է, որ կատարյալ իրավական պետության ստեղծումը կարող է տասնամյակներ պահանջել` մանավանդ նկատի ունենալ ով մեր պայմաններում այդպիսի պետության ավանդույթների լիակատար բացակայությունը, իրավապահ մարմինների համարյա համատարած նեխվածությունը, նոր պահանջները բավարարող կադրերի սղությունը։

Օրինականության ապահովումը, իրավապահ մարմինների արմատական վերակառուցումը, թերեւս, ներկա իշխանությունների առջեւ ծառացած դժվարագույն խնդիրն է։ Բայց այստեղ էլ, ինձ թվում է, նշմարելի են որոշ դրական տեղաշարժեր։ Կարծում եմ, անժխտելի է, որ Հայաստանի ներկա իշխանություններին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում էապես կայունացնել հանրապետության սոցիալքաղաքական իրավիճակը, ապահովել հասարակական կարգուկանոնը եւ սահմանների անվտանգությունը, վերացնել անպատժելիության մթնոլորտը։

Հասկանալի է, սակայն, որ նշվածն ամենեւին էլ գոհացուցիչ չէ, եւ այս առումով դեռեւս չափազանց շատ անելիք կա, որոնցից, ինձ թվում է, առաջնային են` կադրային փոփոխությունները, քրեական ու քաղաքացիական օրենսդրության արմատական վերամշակումը եւ, վերջապես, էական կառուցվածքային փոփոխությունների իրականացումը թե՛ միլիցիայի, թե՛ դատախազության, թե՛ դատական համակարգերում։

Ամփոփելով այս հակիրճ ակնարկը, կարող ենք նկատել, որ հանրապետության իշխանությունների գործունեության մեջ, անհրաժեշտությունից թելադրված, առայժմ առաջնային տեղ են զբաղեցրել քաղաքական խնդիրները։ Ի դեպ, նույն պատկերն է տիրում նաեւ այլ հանրապետություններում եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում, քանի որ խորհրդային հասարակության զարգացման անհրաժեշտ պայմանը նախ եւ առաջ քաղաքական վերափոխումներն են։ Մինչեւ քաղաքական
[էջ]
կարեւոր խնդիրները չլուծվեն, հասարակության եւ տնտեսության զարգացման որեւէ ծրագիր հնարավոր չէ իրականացնել։

Առաջիկայում եւս, ամենայն ակնհայտությամբ, քաղաքական խնդիր ները մեր հանրապետության կյանքում կարեւորագույն տեղ կզբաղեցնեն` նկատի առած Կենտրոնի եւ մյուս հանրապետությունների հետ ունեցած դեռեւս անհստակ հարաբերությունները, առաջիկա հանրապետական հանրաքվեն, գործադիր իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եւ այլն։

Սակայն ոչ մի քաղաքական վերափոխում` որքան էլ առաջադիմական, չի կարող էապես ազդել հասարակության զարգացման վրա, եթե այն չամրապնդվի լուրջ տնտեսական միջոցառումներով։ Այս նկատառումով առաջիկայում, իրենց կարեւորությամբ հանդերձ, քաղաքական խնդիրներն անխուսափելիորեն առաջնայնությունը պետք է զիջեն տնտեսական խնդիրներին։ Եւ հանրապետության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանն էլ, ըստ երեւույթին, իր գործունեությունը պետք է վերակառուցի տվյալ նկատառումով։ Մոտ օրերս մենք կլսենք հանրապետության վարչապետի հաղորդումը տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ, ուստի ես չեմ ուզում առանձնապես ծանրանալ դրանց վրա։

Հարկ եմ համարում միայն մի քանի խոսքով անդրադառնալ այսօր վա կարեւորագույն գործնական խնդրին` հողաբաժանման հարցին։ Հողաբաժանման գործն արդեն սկսվել է եւ, որքան էլ թերի` սպասածից ավելի լավ է ընթանում։ Ինչպես գիտեք, կային տարակուսանքներ, թերահավատության դրսեւորումներ եւ, նույնիսկ, սոցիալական բախումների սպասումներ, որոնք, սակայն, իրականում փարատվեցին։ Կար (եւ դժբախտաբար մինչեւ հիմա էլ կա) լուրջ դիմադրություն՝ հատկապես իշխանության ստորին օղակներում, գյուղական տնտեսությունների մակարդակում։ Դա բացատրվում է նրանով, որ, հողը հատկացնելով գյուղացուն, այդ տնտեսությունների ղեկավարները փաստորեն զրկվում են իշխանությունից, դրա համար էլ տեղի են ունենում առկա ձգձգումներն ու երբեմն նաեւ` բացահայտ խափանումները։

Այնուամենայնիվ, ուրախությամբ պետք է նշել, որ չնայած այս բացասական երեւույթներին, ժողովուրդը հիմնականում մեծ խանդավառությամբ է ընդունել այս կենսական միջոցառումը, եւ այն շրջաններում, որտեղ հողաբաժանման գործընթացն սկսված է, արդեն լուրջ տե
[էջ]
ղաշարժեր են կատարվել։ Դա վերաբերում է առաջին հերթին Արարատյան դաշտավայրին, որտեղ հողաբաժանման աշխատանքները, եղանակային պայմաններից թելադրված, ավելի շուտ են սկսվել։ Հուսով եմ, որ Արարատյան դաշտի օրինակը կարող է ընդօրինակելի դառնալ նաեւ Հայաստանի նախալեռնային եւ լեռնային գոտիների համար։

Կարծում եմ, սակայն, չպետք է բավարարվել ձեռք բերածով։ Մեր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչների հետ միասին, նստաշրջանների մեկամսյա ընդմիջման ընթացքում բավականին աշխատանք են կատարել հողաբաժանման գործում։ Ես ուզում եմ այդ առումով ընդգծել հատկապես պատգամավորներ Գրիգոր Ավագյանի, Խաչիկ Սաֆարյանի, Նորայր Մանասերյանի եւ Մարտունիկ Ղահրամանյանի եռանդուն գործունեությունը։ Խնդրում եմ, որ երկրորդ նստաշրջանի ընթացքում էլ չդադարեցվի այս օգնությունը եւ, որքան հնարավոր է, շատ պատգամավորներ ընդգրկվեն հողաբաժանման աշխատանքների կազմակերպման գործում։

«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991 թ.։

ՀՀԱՆԱ, 28/02.04.91։ Բնագիր։ Ինքնագիր։