Եղածն եղել է (Ջիվանի)
Եղածն եղել է
Անցած բանի համար ցավելն իզուր է,
Օգուտ չի տալ քեզի, եղածն եղել է,
Վնասը մեկ քեզի չէ, ընդհանուր է,
Ափսոս ես, մի տրտմիլ, եղածն եղել է։
Երեկը որքան որ անցրիր պայծառ,
Չէ արժել մեկ այսօր, լինիս էլ թշվառ.
Աշխատիր դու գալոց ցավի առաջն առ,
Կոտրվածը չի շինվիլ, եղածն եղել է։
Անցյալը քեզ համար խրատ է ընտիր,
Ներկայումս եթե լինիս քաջ ու ժիր,
Շնորհք ունիս նորը ձեռք բեր, տեղը դիր,
Հինը ձեռք չի անցնիլ, եղածն եղել է։
Անցած օրը կրկին ետ չի գար բնավ,
Համարյա ձեռիցդ թռչուն էր, թռավ.
Ամեն կորուստ հեշտ չի գտնվիլ դյուրավ,
Իզուր մի աշխատիլ, եղածն եղել է։
Ծերը երբեք չի մանկանա, խեղճ տխմար,
Ունայն մի տառապիր, չես գտնիլ հնար,
Թող առաջուց լայիր վատ գործի համար,
Հիմա չա՛ր թե բարի՝ եղածն եղել է:
Ջուրը ջուր կդառնա, հողը՝ կրկին հող,
Քու էլ վերջդ այդ է, ի՛նչ ես ելել դող,
Քո ցավդ լաց, ննջեցյալին հանգիստ թող,
Չես կարող տալ հոգի, եղածն եղել է:
Պիտո է հանցանքը չգործա՛ծ ցավել,
Զուր է վերջը զղջալ և ապաշխարել.
Որդին իր հոր մեղքը չի կարող քավել
Հարյուր տարի ճգնի՝ եղածն եղել է:
Անփոփոխ, միակերպ բնությունն է մին,
Մարդոց երևէջն շատ վաղուց է հին,
Առաջինն արթուն կաց, դու չընկնիս գետին,
Ընկար՝ շուտով կանգնիր, եղածն եղել է։
Հանցանքդ քեզ վրա հաստատվեց, դրվեց,
Վկաներդ փախան, փաստերդ ջրվեց,
Մեղքդ դատարանով արձանագրվեց,
Լացով չես պրծնիլ, եղածն եղել է:
Ջիվանի, մտածե գործը հետագա,
Երջանիկ անցյալդ էլ ետ չի դառնա,
Տա աստված նոր ծառը որդունք չունենա,
Փտածը չի ծաղկի, եղածն եղել է։