Ես ձեզ սիրել եմ քրոջ նման․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ձեզ սիրել եմ քրոջ նման․․․

Թաթուլ Հուրյան

Ես ձեզ սիրել եմ քրոջ նման,
Ես ձեզ սիրել եմ և սիրով անծայր,
Կսիրեմ ես ձեզ նույն սիրով ցմահ,
Աղջիկնե՛ր իմ լավ, աղջիկնե՛ր պայծառ․․․

Շատերդ ինձ եք թախիծ պատճառել,
Շատերիդ ես եմ թողել կարոտով,
Լուսինն է կարծես կապույտում սառել,
Ինչպես քահանա ճերմակ աղոթող։

Ես ձեզ հիշում եմ մեկ-մեկ, իմ սերեր,
Եվ ձեր կարոտն եմ իմ երգով ջրում․
Այն, որ ոչ մի սիրտ լացով չբերեց,
Այն որ հեռու էր, միֆ էր և ուրու․․․

Ձեզ համար հիմա այլ սիրտ է երգում,
Շատերը ձեզնից մանուկներ ունեք,
Բայց ձեր անունը մնաց իմ երգում,
Թեպետ մազերիս նստում է ձյունը։

Ես դուրս եմ գալիս մայթերի վրա,―
Աղջիկներ անգին, լուսե նոր սերե՜ր,
Որոնք աճում են երգով հուրհրան,
Որոնց կուզեի գրկե՜լ, համբուրե՜լ․․․

Եվ եղբոր նման կուզեի սիրե՜լ,
Կուզեի սիրել սիրով իսկակա՜ն,
Ինչպես թափվում է ջրվեժը բյուրեղ
Արտերի վրա, հողերի՝ պապակ։

Ես չեմ նեղանում ձեզանից երբեք
Եվ ձեր դեմ ոչ մի բողոք չեմ բառնում,
Խնդրում եմ դուք էլ սիրով ինձ ներեք,
Աղջիկներ իմ լա՛վ ու պայծառանո՜ւն․․․