Jump to content

Ես մի քաղցր ձայն լսեցի… (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես մի քաղցր ձայն լսեցի…
Կուգան ու կերթան

Ես մի քաղցր ձայն լսեցի…


  • * *


Ես մի քաղցր ձայն լսեցի մարտի մեջը, մեծ պասին,
Օգտավետ ու դուրեկան էր նոր նվագը Կավկասին,
Արիք, եղբայրք կավկասեցիք, գնանք մեկտեղ լսելու,
Այդ վերանորոգիչ ձայնովը մենք նորոգվենք միասին։

Երբ փեսան գա տեսնի համերաշխության ջահը,
Հինգ հիմար կույսերի նման չը սիրենք նինջը, մահը,
Ձեռք-ձեռքի տանք, խոհեմ լինենք, հարգենք մեր երկրի շահը,
Մենք ինքներս առիթ չտանք նոր գալիք ջոկ վնասին։

Եկ Ջիվանուս հետ միասին մեկ խորհուրդով ընթանանք,
Բարեպատեհ ժամանակի պարգևից զուրկ չըմնանք,
Սիրենք անկեղծ սիրով իրար, միայն թե խելք ունենանք,
Մեր հոգսերը, մեր ցավերը ինքն իրանց կպակասին։

1905