Ես և աստված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ես և աստված

Շուշանիկ Կուրղինյան


Ես և աստված


Տիեզերքին
Եվ իմ երգին
Չկա ոչ մի ախոյան․
Ես և աստված
Կյանք ենք տված
Նոցա անմեռ գոյության։

Օվկիանոսին,
Իմ սեր, հույսին
Չկա շղթա, գերիշխող․
Ես և աստված
Ուժ ենք տված
Նոցա տիտան ու իշխող։

Տիեզերքի
Եվ իմ երգի
Ցավն է խորունկ, անհատակ․
Բայց արարիչ
Չի զգա ոչինչ,
Ես եմ տնքում ցավի տակ․․․


1907 թ. 8 հոկտեմբերի