Jump to content

Ես (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ես


Խեղճ հորից, խեղճ մորից գոյացա անբախտ,
Մի գյուղի անկյունում տղա եղա ես.
Սկսեց հարվածել բախտը ապերախտ,
Հայր ու մայրս մեռան, թշվառ ընկա ես։

Որբությունով մեծացրի հասակս,
Տխրության սև հոգին նստավ գավակս.
Օրըստօրե դառնացավ իմ վիճակս,
Երբ որ կյանքի ասպարեզը մտա ես։

Ոչ լավ բախտ ունեցա, ոչ հաջողություն,
Ոչ տաղանդ, ոչ ուսում, ոչ ուսողություն,
Ոչ միջակ կայք ունիմ, ոչ կարողություն,
Հապա ինչո՞լ համար աշխարհ եկա ես։

Ջիվանին եմ, սիրո ծարավ, փափագող,
Սիրո սեղանից փշրանքներ հավաքող,
Ոչ բարձր գրող եմ, ոչ լավ նվագող,
Հազիվ մի հասարակ աշուղ դարձա ես։

1893