Երգիչը (Ջիվանի)
Երգիչը
Սայաթ-Նովի ասածի պես ազգի մշակ է երգիչը,
Հազար ցավով մարտիրոսված ճիշտ նահատակ է երգիչը.
Սառը մարդկանց տաքացնող հատուկ կրակ է երգիչը.
Ով ուզում է թող սովորի, տեղով առակ է երգիչը.
Արդարության և բարության ծարավ, պապակ է երգիչը,
Որովհետև անխարդախ է, սրտով իստակ է երգիչը։
Ով երգիչ լինել է ուզում պետք է խոնարհ լինի հատուկ,
Ինքը համեստ, խորհրդապահ, տեսած բանը պահի ծածուկ,
Այո-ն այո, և ոչ-ն ոչ, բնությունով խոհեմ, փափուկ,
Պետք է ընտիր խոսքեր խոսի, ինչպես հակինթ, ոսկի, կնդրուկ,
Չըպետք է խաբեբա լինի, կամ կախարդող թովիչ վհուկ.
Ձայնը քաղցր, լեզուն անուշ, քանզի սոխակ է երգիչը։
Նրա համար ամեն մի տուն սուրբ է ինչպես թե մի տաճար,
Երգիչ մարդը ամենևին չի ունենալ վատ գաղափար,
Կըպատահի բացառություն, ես չեմ ասում թե չըկա չար,
Այնպիսիները երգիչներու վարկը կոտրող են և հիմար,
Թմրյալներր կըսթափվին երբ առնում է ձեռին քնար,
Քնածներին արթնացնող մի կերպ զանգակ է երգիչը...
Երգիչը ինչ ազգի մեջ ծնված լինի՝ հարազատ է,
Իր կոչումին հավատարիմ, իր խոսքի մեջը հաստատ է,
Քսու, մատնիչ լինելուցը հեռու, անմեղ,անարատ է,
Օգնությունը նրան մահ է, երգելու մեջը նա ազատ է,
Բարին սիրող, բարին հարգող, չարությունը սրտով կատե,
Զգացումները միշտ լարված, մտքով բարակ է երգիչը։
Իմ տեսածս երգիչներու մեջը հարուստ մարդ չը տեսա.
Օրական ապրուստ ճարող ոչ մեկի մոտը դրամ չըկա,
Երգիչներին գնահատող մեր երկիրը չէ եվրոպա,
Բայց նոքա չեն հուսահատվում տեսնելով բարի ապագա,
Սգո և տրտմության տունը ամենևին չեն էլ գնա,
Ջիվան, մարդկանց ցնծում տվող բարի խոսնակ է երգիչը։