Jump to content

Երգ Հայաստանի (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգ Հայաստանի
Կուգան ու կերթան

Երգ Հայաստանի


Մեկ ժամանակ կփայլեիք
Ինչպես արև, լուսնյակ, հայեր,
Բազում, մասամբ այլ չէիք
Տեղ-տեղ ցրված բանակ, հայեր։
Գնաց ձեռքե ցամաք ու ծով,
Փչեց գարնան ձմռան վատ հով,
Մեկմեկու սեր չունենալով
Ունեցաք դառ վիճակ, հայեր։
Ձմեռ դառավ ձեր գարունը,
Կորուցիք Հայկա անունը,
Այլոց տվիք ձեր վեհ տունը,
Մնացիք անբնակ, հայեր։
Առանց հովիվ թափառող հոտ,
Չունեք ճարակ դալար արոտ,
Օրեկան ապրուստի կարոտ,
Պարապ ու անվաստակ, հայեր։
Որըդ գիտուն, որըդ հիմար,
Տեղ-տեղ ցրված գումար-գումար,
Ջերմեռանդ ձեր հավատի համար,
Զոհվեցաք անդանակ, հայեր։

Չունեք մի ոք ձեզի ցավող,
Օրը մի սար, մի ձոր չվող,
Այլոց մեծ օգուտներ տվող,
Ձերոնց անընդունակ, հայեր։
Չունեք հաստատ ուսումնարան,
Ոչ վարժապետ և ոչ իշխան,
Օտարք ուսումով մեծացած
Դեռ դուք եք պատանյակ, հայեր։
Ծնվել էի վասն ողբալու,
Դուք կաշխատեք այլոց տալու,
Գիտության ծովը ման գալու
Չունիք մեկ հատ նավակ, հայեր։
Ցավերդ տուն ու թաղ ձեզի,
Պատրաստել է դագաղ ձեզի.
Ավա՜ղ, հազար ավաղ ձեզի,
Որ եղաք օրինակ, հայեր։
Թարշամեց ձեր վարդի տերև,
Չունիք մեկ իշխանից պարգև,
Առանց լույս ու առանց արև,
Ամպի ստվերի տակ, հայեր։
Ո՞ւր է ձեր պետը պատվական,
Ո՞ւր Է Վարդան, Մուշեղ, Վահան,
Էժանացաք հողի նման,
Հազվագյուտ թանկագին ակ, հայեր։
Խնդրեք անմահ վեհ իշխանին,
Այց անե ողջ Հայաստանին,
Կհասնեք ձեր աստիճանին
Կըգա մեկ ժամանակ, հայեր։

Ջիվանին ձեզանից չէ դուրս,
Մեզ այց անե անմահն Հիսուս,
Ավել պակաս խոսածներուս
Ներեցեք, իմ հոգյակ հայեր։