Jump to content

Երգ (1901) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգ
Պաղ աղբյուրի մոտ

Երգ


Դու ո՞ր վարդարանի վարգն ես, սիրահար սոխակդ ո՞վ է,
Ո՞րի տան ճրագի լույսն ես, ասա, թիթեռնիկդ ո՞վ է.
Ո՞րի ծոցումն է պահված քու գեղեցիկ նկարդ, չքնաղ,
Երանի ես գիտենայի թե քու հոգյակդ ո՞վ է։

Տեսած չեմ քեզ նման մեկը, տարազիդ տեսակը այլ է,
Դու ո՞ր խմբակի տիկինն ես, կենակից տատրակդ ո՞վ է.
Չըլինի՞ կույր սերը սիրտդ կապել է մի անարժանի հետ,
Դու որ այդքան տոչորում ես, քու այրող կրակդ ո՞վ է։

Ո՞րի ձեռքիցը խմեցիր դու սիրո նեկտարը հանկարծ,
Քեզ ո՞վ հարբեցրեց այդպես, խոսիր, մատրվակդ ո՞վ է.
Թե որ մի բան ուղիղ սրտով սիրում ես, Ջիվանի երգիչ,
Առանց սեր մարդ չկա երբեք, սիրե, խոտորնակդ ո՞վ է։

1901