Jump to content

Երգ (1907) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգ
Պաղ աղբյուրի մոտ

Երգ


Գեղեցիկ, քնքուշիկ, քաղցրահամ տիկին,
Երանի շարունակ ինձ մոտ լինեիր,
Հրճվեինք մենք, կյանք վարեինք միասին,
Միշտ, ամեն ժամանակ ինձ մոտ լինեիր:

Վստահ ու համարձակ դեպի քեզ գայի,
Ինչ որ պահանջեիր ուզածդ տայի,
Կարոտակեզ քո բլբուլը դառնայի.
Դու վարդի նման ինձ մոտ լինեիր։

Միտքս խաղաղ լիներ, սիրտս անխռով,
Դառնայի քեզ համար հոգիագորով,
Փայփայեի, սիրեի քեզ սերտ սիրով,
Դու իբր աղավնյակ ինձ մոտ լինեիր։

Ջիվանին եմ, իզուր գնար ջանքս,
Խղճի գայիր, կատարեիր բաղձանքս,
Գուցե դու կնորոգեիր իմ կյանքս,
Ա՜խ, թե սիրուն խոսնակ, ինձ մոտ լինեիր։

1907