Երեկոյան դեմ արի (Ջիվանի)
Արտաքին տեսք
Երեկոյան դեմ արի
Թե պիտի գաս, ո՛վ սիրելի, երեկոյան դեմ արի,
Շատ մի ուշանալ, նազելի, երեկոյան դեմ արի.
Ցերեկը փակվիր սենյակում, մի երևար ոչ ոքի,
Շատ շատերին չես հաճելի, երեկոյան դեմ արի։
Արևը նախանձելով այրել կուզե քո պատկերդ,
Զգուշացիր, երանելի, երեկոյան դեմ արի.
Ես ու դու, աստվա՛ծ միայն գիտնանք պիտի մեր գաղտնիքը,
Էլ չեմ ասում քեզ ավելի, երեկոյան դեմ արի:
Գիշերը հանգիստ, խաղաղ նստենք մի տեղ, զրույց անենք,
Իմ գեղեցիկ, իմ գովելի, երեկոյան դեմ արի.
Շոգերին դուրս է գալիս յուր բնիցը վատ սողունը,
Թունավոր օձը գարշելի, երեկոյան դեմ արի։
Թող օդը քիչ մեղմանա, քաղցր գեփյուռը թող փչե,
Բարձրապատիվ երևելի, երեկոյան դեմ արի,
Տարածե բազուկներդ եղբորդ՝ Ջիվանու վզով,
Սպիտակ շուշան փարելի երեկոյան դեմ արի։
1898