Երեսը մի տեսնիր նախանձ… (Ջիվանի)
Արտաքին տեսք
Երեսը մի տեսնիր նախանձ…
- * *
Երեսը մի տեսնիր նախանձ, տմարդին,
Գլուխդ առ, նորա մոտից հեռացիր,
Բարի, ընկերասեր երիտասարդին
Պատվե, սիրե և արժեքը իմացիր։
Նախանձոտը երբեք օր-արև չունի,
Մարդ է ծնվել, բայց մարդկության ձև չունի,
Երբ տեսնում ես մի ծառ, որ տերև չունի,
Մի մոտենալ դու, շատ հեռվից անցկացիր։
Ներսից էլ ներս հողի տակը հատակ կա,
Զգուշացիր, մոխրի մեջը կրակ կա,
Կյանքի մեջը հազար ու մի առակ կա,
Մտիր նորա խավերի մեջ, հասկացիր։
Ճիշտ որ մարդը ծառ է, աշխարհն է սղոց,
Անպաշտպան կտրում են, թե ունենա խոց,
Թե խելք ունիս, ցավդ մի ասեր այլոց,
Դու սիրով տար համբերելով դիմացիր: