Երեք ձայն (Ջիվանի)
Արտաքին տեսք
Երեք ձայն
Երեք ձայն կա, շատ է սիրում ականջս,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն,
Այդ երեքն են մշտական իմ պահանջս,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն։
Ջուրը կյանք է, ոսկին զորավոր, հաղթող,
Սիրունից կլսես կենսատու ներբող,
Արդյոք մարդ կա այդ երեքին չսիրող,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն։
Գրպանդ ունենաս ոսկով լի քսակ,
Մոտդ մի չքնաղ կույս, դիմացդ գետակ,
Երեքին էլ լսես գիշեր ժամանակ,
Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջրի ձայն:
1898