Jump to content

Երկուսը մեկ է (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկուսը մեկ է
Կուգան ու կերթան

Երկուսը մեկ է


Երբ որ լեզուն լուռ է, ոտք ու ձեռք կապած՝
Հա բանդ, հա գերեզման—երկուսը մեկ է,
Այն, որ մարդուն վերջը մահ կա անկասկած,
Հա, բարձ, հա կախաղան—երկուսը մեկ է։

Անվախներուն բյուր ու հազար երանի,
Մարդ նրանք են մարդկության մեջ պիտանի,
Կենդանին էլ անշուշտ պիտի մեռանի՝
Հա մեռած, հա կենդանի—երկուսը մեկ է։

Խելացի էակ է մարդը բնական,
Աստված պարգևել է լեզու և բերան,
Բայց երբ ազատ խոսքի չկա հրաման,
Բանավոր թե անբան — երկուսը մեկ է։

Եթե քննինք, մեկ է կյանքը հիրավի,
Ամբար է հոգսերու և բուն է ցավի.
Որովհետև Ջիվանն էլ կպառավի,
Հա պառավ, հա Ջիվան — երկուսը մեկ է: