Երկու բանաստեղծ (Ջիվանի)
Երկու բանաստեղծ
Ծեր Կռոնոսը սրեց գերանդին.
Եկավ կանգնեցավ մեր արտի գլխին,
Նա քաղեց երկու ծաղիկ թանկագին,
Մեկը Ծերենցն էր և մյուս՝ Րաֆֆին,
Քանի մտիկ տանք նրանց երկերին,
Միշտ պիտի հիշենք մենք այդ երկուսին։
Ովքեր են դրանք, հարուստ թե իշխան,
Որ ժողովուրդը ցավում է այդքան,
Բայց ոչ հարուստ են, ոչ ազնվական,
Գրչով աշխատող մեկ-մեկ վիպասան,
Հարազատ մշակ, աշխույժ պատմաբան,
Հոգով ծառայող խղճուկ հայ ազգին։
Հայոց երկնքից պակասեց երկու
Փայլուն ու պայծառ աստղեր լուսատու.
Երկուսն էլ գրչով, խոսքերով ազդու,
Ծաղիկ հավաքող ժրաջան մեղու,
Կրթիչ մարմնու և կրթիչ հոգու,
Մարդկանց նորոգող, կյանք տվող կրկին։
Ծերենցը պայծառ որպես Արուսյակ,
Եղավ շատերին բարի օրինակ,
Թողեց հայ ազգին նա մեծ հիշատակ,
Չունեցավ Րաֆֆու նման շատ հռչակ,
Րաֆֆու գրչից դուրս գալով կրակ,
Աշխույժի բերեց շատ սառը մարմին։
Ծերենցն ինքնուրույն գրող էր հաստատ,
Սեթևեթներից հեռու և ազատ,
Անմահ Րաֆֆին գովված բազմաշխատ,
Համարյա չկա նրան համեմատ,
Մեռնելով ծնավ Րաֆֆիներ շատ,
Իջնի մեզ վերա կենդանի հոգին։
Ծերենցն համեստ էր, մաքուր, խուփբերան,
Համեստ կերպով էլ թաղեցին նրան,
Բայց Րաֆֆիին խումբը գիտնական,
Շատ փառք ու պատվով տարին գերեզման,
Մինչ ութսուն պսակ մարդիկ զանազան,
Բերին շարեցին դագաղի չորս դին։
Ջիվան, ազգային հին առած է սա,
«Խաչին յուր տերը զորություն կուտա»,
Մարդը մարդով է, ուր կուզե գնա,
Միայնակ մարդը շատ դեր չի խաղա,
Մեծ Րաֆֆին այնքան փայլուն չէր դառնա,
Թե նորան չօգներ Գրիգոր Արծրունին։