Երկու տող (Ջիվանի)
Արտաքին տեսք
Երկու տող
Ով չի սիրիլ անձը իրան
Ուրիշին սիրել չի կարող.
Ինչ մարդ չի պահել պատվիրան,
Այլոց պատվիրել չի կարող:
Հասուն խելքն է բան շինողը,
Ընտիր խոսքեր հորինողը,
Կամացը տեր չը լինողը
Իր տանը տիրել չի կարող:
Ընկած–ելած մարդն է հարգի,
Նա է զտված մաքուր ոսկի,
Անփորձ, վախկոտ հարուստն իսկի,
Մի փող նվիրել չի կարող:
Ջիվանի, մարդն է բանական,
Դիմացող է մեծ նեղության
Չի ունենալ բարի վախճան,
Ով որ համբերել չի կարող: