Jump to content

Երնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երնում


Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կ'ելլեն քարայրներեն`
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՛լ կամնըված հունձքը կ'երնեն`
Հըծծելով երգն Աշխատության.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։―

Հարս ու աղջիկ, պարմանիներ,
(Ժըպտուն վարդեր մասուրի քով)
Իրենց ձեռքին հոսելիներ
Կը ճեղքեն թեղն, հույսերու բով.
Ու կը պոռթկա երգն հաղթական.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։―

Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու…
Հեղեղներ են` որ հապշտապ
Վեր կը նետվին` սաթ տեղալու.
Ու կ'եռա երգն ալետատան.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։―

Հովեր կ'անցնին, խարտիշահեր,
Թողլով որ վա՛րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ`
Ու սարյակներ կը թափառին`
Սուլելով երգը ցընծության.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։―

Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…
Ցորենին հետ, հատիկ հատիկ,
Կը թափի ցողն իրիկվան գեջ:
Ու կ'ըղձա երգն երանության.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։―

Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.
Հարսերն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր`
Զոր գա լուսնակն օրհնել վերեն`
Պիտի նվաղի երգն աղվական.
― Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան: