Երևան քաղաք (Ջիվանի)
Երևան քաղաք
Մեր նահանգի թագուհին ես, պարծանքն ես,
Բարիքներով լեցուն, Երևան քաղաք.
Համարյա Կովկասի հոգին ես, կյանքն ես,
Ունիս բարձր անուն, Երևան քաղաք։
Արարատյան աշխարհի մեջ մեկ հատ ես,
Բազմատեսակ պտուղներով առատ ես.
Շատ դարերից վեր շեն ու ապատ ես,
Մնացել ես կանգուն, Երևան քաղաք։
Գավառիդ մեջ հազար տեսակ բարիք կա,
Մինչև անգամ քեզ կարոտ է Եվրոպա.
Ոսկին ու արծաթը ինքն իրան կուգա,
Առուտուրդ զեղուն, Երևան քաղաք։
Մեջիդ ժողովուրդը թե հայ, թե պարսիկ,
Ապահովված կյանք կվարեն երջանիկ,
Երկու սեռն էլ աշխույժ՝ տղա ու աղջիկ,
Հագած, կապած, սիրուն Երևան քաղաք։
Ձմեռը օրերդ ուրախ է անցնում,
Որդիքդ Բագոսին շատ են ուխտ գնում.
Հարսանիք ու հանդես, խնջույք կեր ու խում
Լինում է ամեն տուն, Երևան քաղաք։
Մարտի տասին ստանում ես նոր հոգի,
Կվերջանա ցուրտ ձմեռը սոսկալի.
Սկսում են ծաղկել պարտեզ ու այգի,
Երբ բացվում է գարուն, Երևան քաղաք։
Հունիսի քսանից համդ կըփախնի,
Շոգերը կսկսեն, օդդ կըփոխվի.
Տենդի մայր վարունգը, սեխը կհասնի,
Կդառնաս դողի բուն, Երևան քաղաք։
Ցերեկը մոծակն է տիրում քեզ վերա,
Ժողովրդիդ վիրավորում անխնա,
Գիշերն էլ մլակը խփելով ծնծղա,
Քեզ թողնում է անքուն, Երևան քաղաք։
Հարուստներդ երջանիկ են ամեն ժամ,
Գնում են Ծաղկաձոր ամառն ամեն ամ.
Վայելում են գինիդ ընտիր, քաղցրահամ,
Քո օղիդ փրփրուն, Երևան քաղաք։
Ջիվանը խնդրում է, որ խաղաղ մնան
Մարդիկ քրիստոնյա, թե մահմեդական,
Իրարու հետ սիրով վարվին մշտական,
Լինին խելքով հասուն, Երևան քաղաք։