Զղջում (Ջիվանի)
Զղջում
Ծերության հասակումս չարչարվելս ի՞նչ բան է ինձ.
Ո՞վ պիտի հոգսը քաշե, ողջագուրե, պաշտպանե ինձ,
Շուտ հասիր, ով փաստաբան, տարակուսանքից հանե ինձ,
Մարդատյաց աշխարհի լեզուն չգիտեմ, թարգմանե ինձ,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժա՛ն է ինձ։
Արևն երդիկից անցավ, ես քնեցի, նո՛ր արթնացա,
Թանկագին ժամանակի արժեքը շատ ո՛ւշ հասկացա,
Վաստակածս ցրվեցի, չպահեցի, տնանկացա,
Գինովի, ապուշի պես վերջին բաները չիմացա,
Նեղվիլս, տանջվիլս, արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։
Կորուսի ոսկի օրերս, ցավում եմ, զուր անօգուտ,
Իմ գարունս անցկացավ ամիսն եկա՛վ աշնանամուտ,
Ոտքերուս տակ հող չունեմ, երերուն եմ, դիրքս խախուտ,
Հոգսերս բազմազան են, վերքս խորունկ, ցավս կապուտ,
Նեղվիլս, տանջվիլս, արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։
Ուրիշին խրատեցի բայց ինքս ինձ ոչինչ չարի,
Ունեցած-չունեցածս անմտածել քամուն տվի,
Երբ ջուրը հորից պակասեց, համն ու հոտը չըզգացի,
Սև, տգեղ աղքատության գարշելուհին մոտս բերին,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։
Ընկել եմ դռնեիդուռ, քաղքե-քաղաք ես ման կուգամ
Մի պատառ հացի համար տառապելով կյանքս կուտամ,
Ճուտերս սնունդ կուզեն, սպասում են ժամեիժամ,
Ընկել եմ տանջարանը անբախտ Ջիվանս ինքնակամ,
Նեղվիլս, տանջվիլս արթնանալու խթան է ինձ,
Կրածս մեղքիս պատիժն է, թող կրեմ, արժան է ինձ։