Զվարթնոց, Գագկաշեն/Զվարթնոցը գեղարվեստի պատմության մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զվարթնոցը գեղարվեստի պատմության մեջ

Թորոս Թորամանյան

[ 57 ]

5. ԶՎԱՐԹՆՈՑԸ

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈԻԹՑԱՆ ՄԵՋ[1]

Հյուսիսային բարբարոս ազգերու արշավանքի պատճառով հունա-հռոմեական արվեստի անկման վերջին կնիքը եղավ Pantheon-ը Արևմուտքի մեջ։ Իսկ Արևելքի մեջ, սկսած Սելևկյանց շրջանեն մինչև արաբական արշավանքը, թեև կշարունակվեր գեղարվեստական կոթողներու կանգնումը Սյուրիո և Փոքր Ասիո շրջաններու մեջ, սակայն քրիստոնեական անձեռագործ տաճարի վարդապետությունը մեկ կողմեն, քրիստոնեության և հեթանոսության մեջ գոյություն ունեցող երկարատև պայքարները մյուս կողմեն, ոչ նվազ հյուծեցին գեղարվեստական և ճարտարապետական աշխարհը, մշտապես տատանման և վարանման մեջ թողնելով գեղարվեստասեր տարրերին Կայսրության հարավային սահմաններուն մեջ։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուն հետ մեկտեղ սկսվեցավ հռոմեական արվեստի ավերակներեն վերածնիլ մի նոր արվեստ արևելյան և արևմտյան խառն տարազով, որուն նոր գիտությունը բյուզանդական արվեստ անունը տվավ։

Այդ արվեստը իր զարգացման գագաթնակետին հասավ VI դարուն Կ. Պոլսո աշխարհահռչակ ս. Սոֆիայով, սակայն անկից հետո ոչ Բյուզանդական կայսրությունը մի նոր Հուստինիանոս ունեցավ և ոչ բյուզանդական արվեստը մի նոր ս. Սոֆիա։

Թեև Հուստինիանոսեն հետո ավելի քան մեկ դար շարունակվեց շինարարական գործունեությունը Արևելյան կայսրության սահմաններուն մեջ, սակայն այդ մեկ դարու շինարարական աշխատությունները մի նորություն չի բերին նույնիսկ հետագա դարերուն, որով VI դարը ընդմիշտ մնաց բյուզանդական ճարտարապետության ոսկեդարը։

Արաբիո անապատներեն VII դարուն խուժող բարբարոսական արշավանքը միանգամայն խամրեցուց հեթանոսական դարերեն սկսած պարբերական ելևէջներով անընդհատ շարունակվող ճարտարապետական արվեստի այլազան պտուղները Սյուրիո, Պարսկաստանի և Հայաստանի մեջ՝ այս երկրներու արաբական նվաճումով։ Մասամբ աննվաճ մնացած Բյուզանդիան անգամ իր նախկին թափը կորսնցուց և ս. Սոֆիայով փառաց գագաթնակետին հասած բյուզանդական արվեստը իր օրհասականին մոտեցեր էր, մեկ կողմանե քաղաքական [ 58 ] կան արտաքին և ներքին տագնապով, մյուս կողմանե պատկերամարտության հարցով, եթե Բարսեղ կայսրը չիգար մի նոր սյուն ավելացնելու ահեղ Կայսրության խարխլած քաղաքական կյանքին և վերջնական անկման մոտեցած բյուզանդական արվեստին (պատկերամարտությունը Հուստինիանոսի ժամանակեն սկսած է):

Բարսեղ կայսեր կանգնած ս. Զորավար, (որուն պատմական նկարագիրը միայն մնացած է) բյուգանդական արվեստի նոր վերածնությունը համարեցին մեր ժամանակի գիտնական արվեստագետները։

Թե որչա՞փ տևեց այս նոր վերածնությունը և թե ի՞նչ նախանձելի բարձրության հասավ, այդ մասին խոսելն իսկ ավելորդ է, որովհետև, ինչպես նկատեցի, VI դարը բյուզանդական արվեստի մեջ այլևս չի կրկնվեցավ, միայն թե պարբերական վերածնություններով շարունակվեցավ քանի մը դար ևս, առանց սակայն իր ոսկեդարը գերազանցող բարձրության հասնելու։

Քանի դեռ հյուսիսային բարբարոսներու արշավանքով Արևմտյան կայսրությունը, բաժանբաժան լինելով, քայքայման հեռանկարի առջև սարսափած, գոյության կռիվ կմղեր, քրիստոնեությունը պետական կրոն դառնալով, Արևելյան կայսրությունը զորացած Պարսկաստանի հետ կչափվեր, հաճախ ոտքի տակ կոխկրտելով Հայաստանը. և Հայաստանը մերթ մեկին և մերթ մյուսին հպատակ, կամ ավելի ճիշտը՝ գերի, ոչ միայն լռիկ-մնջիկ կշարունակեր զարգացնել մի ինքնուրույն ճարտարապեթյուն, այլև ունեցավ Երերուքի, Թալինի, Թալիշի, Մրենի և բազմաթիվ այլ հոյակապ տաճարներով իր ճարտարապետության և գեղարվեստի ոսկեդարը VII դարուն, որուն ճարտարապետական բազմաստեղյան երկնակամարին վրա փայլուն աստղ մը եղավ աննման վսեմությամբ կանգնված Զվարթնոց տաճարը։

Ի՞նչ համեմատություն Բյուզանդիայի և Հայաստանի միջև։ Հուստինիանոս, երբ բյուզանդական արվեստի գլուխգործոց ս. Սոֆիան կանգնեց, ինքնակալն էր 64 նահանգներու, որոնց մեկին՝ Եգիպտոսի մեկ տարվան տուրքով զարդարվեցան ներքին շարժական զարդերը, իսկ Հայաստանը, հազիվ հավասարվող Բյուզանդիո մեկ նահանգին, կանգնեց հայ ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց մը, որն որ շատ հեռու կմնա ս. Սոֆիայի համար թափված ոսկիի կույտերեն իր նյութական արժանիքով, այնուամենայնիվ իբրև հանճարի անօրինակ հղացում, ճարտարապետության մեջ իբրև չնաշխարհիկ նմուշ միշտ պիտի մրցի ս. Սոֆիայի հետ իր գեղարվեստի բարձր արժանիքներով։

Ս. Սոֆիայի ամենամեծ արժանիքը կկայանա իր անօրինակ լայն՝ 31—35 մետր տրամագծով գմբեթին մեջ[2], ահավոր կերպով դրված է շենքի գլխին, սակայն ոչ նվազ պատասխանատու և զարմացման արժանի է Զվարթնոցի ութ տկար կետերու վրա բարձված 24 մետրեն ավելի տրամագծով կանգնված միջնագմբեթը կամ երկրորդ հարկը, որուն ծանրության չափը զգալիորեն կբազմապատկե յուր շուրջանակի galeria–ին (սրահ) վրա ծածկած կամարի կեսին ծանրությունը։

Բյուզանդիայի և Պարսկաստանի նենգավոր քաղաքականության մշտապես զոհ դարձած բուռ մը հայ ժողոփուրդը, ծանր հարկերե և տուրքերե ավելացնելով, երբ կկանգնե Զվարթնոցի նման մի գլուխգործոց և զուգընթացաբար մեծագործություններ համարվելու չափ ուրիշ բազմաթիվ գեղարվեստական կոթողներ, եթե բյուզանդական կայսրության գանձարանը ունենար իր ձեռքին մեջ, շատ ս. Սոֆիաներ կարող էր կանգնել, որովհետև մեծագործ Զվարթնոցը մենակ չէ մնացած Հայաստանի մեջ, ինչպես մնացեր է ս. Սոֆիան Բյուզանդական բովանդակ կայսրության մեջ։

X դարուն կան երկու Զվարթնոցներ ևս կանգնված, ոչ նվազ մեծագործ քան ներսեսաշենը, և դեռ չգիտենք, թե ապագան քանի հատ ալ պիտի տա մեզ, երբ հառաջիկային խուզարկություններ լինին մեր հնագիտական ուսումնասիրություններե գրեթե կույս երկիրը։

Արվեստագետներ եթե լրջորեն քննեն և համեմատեն, պարզ կտեսնեն, որ բացի ս. Սոֆիայեն, [ 59 ] բյուզանդական կայսրության սահմաններուն մեջ մինչև VII դարու վերջը կանգնված կոթողներուն համահավասար և երբեմն ավելի արժանավորություններով կմրցեն փոքրիկ Հայաստանի մեջ եղած հիշատակարանները և համեմատական թվարկությամբ գուցե նաև գերազանցեն իսկ[3]։

Մենք աններելի կերպով մեղանչեր ենք մինչև այսօր, որ մեր ունեցած ազգային գեղարվեստի և ճարտարապետության անսպաո գանձարանը չենք բացեր եվրոպական գիտության առջև, որպեսզի ավելի կանուխ ստանայինք քաղաքակիրթ ազգերու շարքին մեջ ստեղծագործող ազգ լինելու պատվավոր վկայականը։

Մինչև այսօր եվրոպական գիտության ինչքան որ հայտնի եղեր է հայ պատմական ճարտարապետության գեթ աղոտ ուրվագիծը, այն ալ նույնիսկ Եվրոպայի գիտնականներու ուսումնասիրական ձեռներեցության ենք պարտական։ Անոնք միշտ ինքնաբերաբար կամ պատահաբար անցնելով Հայաստանեն՝ տեսեր և հետազոտեր են, որով փոքր-ինչ ընդարձակվեր է հայ արվեստի մասին գիտական աշխարհի ծանոթությունը։ Իսկ վերջերս, բացի մեծանուն գիտնական պրոֆ. Ն. Մառի բազմաբեղուն աշխատություններեն, որան արդյունքը թերևս ի մոտո մամուլի և հասարակության սեփականություն դառնա, սրտանց հայ արվեստի ուսումնասիրության նվիրվող եվրոպացի գիտնականներեն մեկը՝ Հ. Ստրժիգովսկի, որ Վիեննայի համալսարանի ուսուցչապետներեն է, ոչ միայն առաջին անգամ հայտարարեց, թե առանց պատմական հայ արվեստի ուսումնասիրության արևելյան արվեստներու պատմական առեղծվածները լուծել անկարելի է, այլև այդ ուղղությամբ ինք երկար ճանապարհորդություններ արավ Հայաստանի մեջ։ Ամենում հայտնի է Ստրժիգովսկիի 1913 թվականի աշնանը կազմած գիտական արշավանքը Վիեննայի համալսարանի ծախքով՝ սկսյալ Շիրակեն մինչև Երասխաձոր։ Սա առաջին օտար գիտնականն է, որ բազմաթիվ հայկական հոյակապ հիշտակարաններ անձամբ տեսավ, որոնք IV դարեն մինչև XIII դար կանգնված էին, բայց մինչև VII դարու վերջը կանգնվածները ավելի պատկառանք կազդեին, որոնք իրենց կարգին պատկառելի թիվ մը կկազմեին։ Ամբողջ մեկ ամիս տևեց Ստրժիգովսկիի ճանապարհորդությունը, որում անձամբ կընկերանայի ես, թե առաջնորդելու և թե ցուցումներով գոհացնելու անոր հետաքրքրությունները։ Քանիցս ապշած ու զարմացած, յուրաքանչյուր քայլափոխի անդադար հանդիպելով մեկե ավելի հոյակապ շինություններով կդառնար ինձ և կըսեր. «Եգիպտական աշխատանք է կատարվեր այստեղ, ո՞ւր է այժմ այս ժողովուրդը»։ Ի՞նչ պատասխան կարող Լի տալ ավելի պերճախոս, քան անմահ վիպասան V. Hugo–ի «Les Tures ont passe la» պատասխանը:

Հայաստանի հողի վրա զարհուրելի էր արաբական արշավանքի պատճառած ավերն ու աղետը։ Հրաբուխի նման պայթեցավ, հրաշեկ լավայի պես տարածվեցավ ամեն կողմ այս այրող ու խանձող հոսանքը։ Ավելի քան 700 տարի Եվրոպա և Ասիա շշմած տեղի տվին այս անսպասելի փոթորիկի առջև, բյուզանդական ու սասանական ահավոր գահերը փշրվեցան Մահմեդի կտակած յաթաղաններու առջև, մեկ կողմեն Վենետիկ ու Վիեննա, մյուս կողմեն մինչև Հնդկաստան հասավ հոսանքը։ Հազիվ երկու դար առաջ հիասթափված Եվրոպան կամաց-կամաց սկսեց մեղմել այս աշխարհավեր հոսանքի շրջանակը։ Եվրոպան փրկվեց, բայց Ասիան ճակատագրապես մահվան հռնդյուններու տագնապի մեջ կհեծեր քաղաքակրթության երդվյալ թշնամի այս բարբարոս ցեղի լուծին ներքև։

Ի՞նչ կարող էր անել մի փոքրիկ Հայաստան այս գազանային ուժի առջև, բախվիլ, փշրվիլ ու փոշիանալ և կամ տեղի տալ հեռատես քաղաքագիտությամբ և սպասել նպաստավոր ժամանակին՝ վերականգնելու համար։

Հայ ժողովուրդը այս ճկուն հատկության շնորհիվ էր, որ թեև VII դարեն մինչև X դար տառապեցավ և քար քարի վրա չի կարողացավ դնել, այնուամենայնիվ X դարու սկզբներին, օգտվելով նպաստավոր պատահարներն, անմիջապես վերածնվեց քաղաքականապես և վերածնության հետ մեկտեղ անմիջապես սկսեց շինարարական այնպիսի մեղվաջան աշխատանք, որ X դարեն մինչև XIV դար [ 60 ] անթիվ գողտրիկ շինություններով ծածկեց Հայաստանը, որոնք թեև. դարձյալ ենթարկվեցան միևնույն ավերել ու քանդել միայն գիտցող բարբարոսներու հարվածներուն, այնուամենայնիվ այդչափ ավեր ու քանդումե հետո ալ թշնամին չի կարողացավ ջնջել այդ ուժեղ քաղաքակրթության և մեծ գեղարվեստին հետքերը։

Ահա այս X դարու վերածնութենեն հետո եղած հիշատակարաններն են մեծ մասամբ, որ հայտնի են եվրոպական գիտնականներուն, որոնցմե ոմանք այս վերածնության մեջ տեսնել կարծեցին արաբական քաղաքակրթության ազդեցությունը Հայաստանի վրա, շատ անգամ նույնիսկ հակասելով իրենք իրենց։ Որովհետև մեկ կողմանե խոստովաներ են արաբներու քաղաքակրթութենե զուրկ և ավերող ու քանդող և ոչ ստեղծագործող ժողովուրդ լինելը, մյուս կողմանե Հայաստանի մեջ այնքան փայլուն կերպով ծաղկող արվեստի վառարանը Բաղդադի մեջ տեսնել ուզեցին։

Բաղդադը եթե ունեցեր է բանաստեղծություններու, գրականության և այլնի փայլուն շրջան մը, որը ամենայն հավանականությամբ ավելի բնիկ ժողովուրդին տաղանդի արդյունքն է, քան արաբներու, այնուամենայնիվ Հայաստանի ճարտարապետության զարգացման մեջ ազդեցություն ունենալը երբեք ընդունելի չէ։

ճարտարապետական մեծ պատմաբաններեն մեկը կըսե, «Եթե Բաղդադի մեջ արաբական ճարտարապետության հետքեր չեն մնացեր, անոր շարունակությունը պետք է Հայաստանի մեջ փնտրել»։ Շատ տարօրինակ կարծիք։ Բաղդադի արվեստի արտադրությունները եթե մինչև այսօր Հայաստանի մեջ կմնան, ի՞նչ պատճառ կա, որ ավելի մեծ չափով Բաղդադի մեջ պիտի չի մնային, եթե կային։ Ավելի շուտ պետք է հավատանք, որ ջնջվելու և անհետանալու վտանգը Հայաստանի էր հատուկ, որովհետև Բաղդադը և իր շրջանը երբեք այնքան քաղաքական փոթորիկներու և կործանարար արշավանքներու չէ ենթարկված, ինչպես Հայաստանը։ Բաղդադի արաբական տիրապետության ժամանակ ամենամեծ արկածը Հուլաղու խանի երկարատև արշավումով գրավվիլն էր, որը երբեք ավերումի և քանդումի չի ենթարկվեց։

Թաթարները նույնիսկ Հայաստանի մեջ թույլատու և ներողամիտ էին հայ գեղարվեստի զարգացման և հայ ժողովուրդի բարեկեցության, քանի դեռ մահմեդականություն չէին ընդունած։ Հայաստանը քարուքանդ լինելուն ամենամեծ պատճառներեն մեկը հայերու քրիստոնյա լինելն էր։ Արաբները կքանդեին, կավերեին իբրև պղծություններ՝ ինչ որ քրիստոնյաներուն կպատկաներ, ինչպես եկեղեցի, տաճար, վանք, մենաստան ևն։ Իսկ հայ իշխանական ցեղը և հասարակ ժողովուրդը միշտ խոշտանգանաց տակ կհեծեր մահմեդականությունը չընդունելու համար։

Բնականաբար, եթե մահմեդականության այդ պահանջին գոհացում տային, ոչ մի ավերում տեղի չէր ունենար։

Բաղդադի և շրջակայից մեջ հայեր գրեթե չիկային, և մահմեդականությունը վաղուց ծավալված էր այն տեղերը, հետևաբար պատճառ բնավ չիկար, որ մեծամեծ հիշատակարաններ ավերվեին ու քանդվեին, ընդհակառակը, ավելի շուտ պիտի պահվեին իբրև դավանակից ժողովուրդի կրոնական սրբություններ, որոնք ավելի շատ երկարատև կյանք ունին ժամանակի ընթացքին մեջ, քան քաղաքային ուրիշ շենքեր և պալատներ։

Հայաստանը ոչ միայն քանդվեցավ ի հնումն արաբներու, մահմեդական թաթարներու և այլ զանազան բարբարոս ցեղերու ձեոքով, այլև հետո իսկ, մինչև մեր օրերը դարձյալ քանդումը կշարունակվի քաղաքակիրթ պետությանց աչքին առջև և անոնց հովանավորության տակ։ Ինչո՞ւ, դժվար է հասկանալ։ Ապահովաբար դեռ կշարունակվի այն հին քաղաքականությունը, շրջապատող և տիրող մեծ պետություններու միջև, այն է, համառ կերպով իր հայրենի օջախին կպած հայ ժողովուրդը ջնջել իր սեփական հողին վրա և տեղը դնել մի նոր ժողովուրդ։ Անշուշտ այս մտածողությամբ է, որ կանոնավոր կարգով կջնջվին հայուն պատմական քաղաքակրթության մատուցած ծառայության անվիճելի փաստերը և մնացածն ալ աղավաղել միտումնավոր բացատրություններով։ Հայուն վերագրել այնպիսի հոգեկան և բարոյական նկարագիր, որպիսին երբեք չէ ունեցեր։ Վերագրել այդ քաղաքակրթության զարգացումը այնպիսի ազգերու և ցեղերու, որ ընդհակառակը, [ 61 ] հակառակը, հայը ինքն է եղեր անոնց համառ ուսուցիչը և բռնի քարշ տվեր իր ետևեն իրեն սեփական ապահովության և հանգստության համար։

Այստեղ կրկին պիտի անդրադառնամ գիտական այն մեծ վճռին, թե ազգի մը արժանիքին չափը ճշտիվ որոշողը իր ետևը թողած գեղարվեստական հիշատակարաններն են։ Որչափ բարձր արժանիքներով օժտված են այդ գեղարվեստական հիշատակարանները, այնքան բարձր է զանոնք կանգնողներու ստեղծագործական արժանիքը իրենց ապրած դարաշրջանին մեջ։

Եվրոպական անաչառ գիտնականները, որոնք բնավ չեն առաջնորդված քաղաքական թաքուն հաշիվներով, գրեթե միահամուռ հիացմամբ կդրվատեն պատմական շրջաններու հայն ալ, հայուն ստեղծագործական հանճարն ալ։

Ես այստեղ կուտամ քանի մը նշանավոր հեղինակներու տպավորությունները հայ արվեստի և ճարտարապետության նկատմամբ, որոնց խոսքը շատ մեծ կշիռ ունի գեղարվեստական աշխարհին մեջ։

Եվ ի՜նչպես կարելի է արեգակի նման ճառագայթող ճշմարտությունը քողարկելու ջանալ, քանի որ հայտնապես կանգուն են բարեբախտաբար մինչև այսօր այնպիսի մեծամեծ գեղարվեստական հիշատակարաններ, այնպիսի դարաշրջաններու մեջ իրագործված, որում դեռ քաղաքակիրթ Եվրոպան մթության մեջ կխարխափեր։ Նա արևմտյան հին ճարտարապետության երկարատև անկումեն հետո, նոր պիտի տաներ արևելքից մի նոր արվեստի վերածնության տարերքը։

Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…

Ահա այս մեծ դպրոցն է, որ պարգևեց մեզ ու համայն գիտական աշխարհին հայր Խաչիկ Դատյանի տասը տարվա աննկուն աշխատությունը[4]։

Ոչ մի պատմագիր այնքան կենդանի լեզվով չէր կարող բացատրել մեզ VII դարու հայոց կրոնական և քաղաքական կյանքը, անոնց արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերությանց աստիճանը՝ որչափ Խաչիկ վարդապետի բացած Զվարթնոց եկեղեցին։ Այդ ավերակը անդրադարձուց մեզի նույն դարու ժողովրդին նյութական ու բարոյական իսկական վիճակը, ներկայացուց մեզ <Ներսես> Շինողի գեղարվեստական կիրթ ճաշակեն զատ՝ անոր անձնական նկարագիրն ու հոգեկան բոլոր ձգտումները։ Այդ ավերակը տվավ մեզ արվեստագիտական այնպիսի խիզախություններ՝ որոնցմով ջախջախեց ժամանակակից արվեստագետներ ու շատ մը թեորիաները։ Այդ ավերակը վայելչագրության այնպիսի ճաշակ մը պարզեց՝ որուն առջև ներկայիս գեղարվեստագետի հովերով թռչող շատ մը հպարտ ճակատներ խոնարհեցան։

Իրավամբ թող պարծենա Խաչիկ վարդապետ՝ միշտ «տեսեք ինչ եմ տվեր հայոց ազգին» ըսելով։ Այո, շատ մեծ բան է տված ոչ թե մենակ հայոց ազգին, այլ ամբողջ համաշխարհային գիտության ու պատմության…»[5]։

Ինչպես եկեղեցական, նույնպես ալ գեղարվեստական ճարտարապետության մեջ եզակի օրինակ մէ Զվարթնոց եկեղեցին։ Թեև շատ է խոսված այս հրաշակերտ հիշատակարանին վրա, բայց որչափ որ խոսվի, դարձյալ քիչ է։ ճշմարիտ է, որ ան չունի Պանթեոնի և ս. Սոֆիայի գմբեթներու վիթխարի տրամագիծը և ոչ ալ անոնց մեջ վազած ոսկիի հեղեղները կան այստեղ, բայց կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին։

Մովսես Կաղանկատվացվո վկայության նայելով, Կոստանդին կայսրը զմայլված մնաց [ 62 ] այս եկեղեցիի գեղարվեստական մեծագործության առջև և իր հետ տարավ ճարտարապետը Պոլսո մեջ ալ նմանը շինել տալու համար, սակայն ճարտարապետը ճանապարհին մեռավ:

Եթե Զվարթնոցի բոլոր զարդարանքները ձուլածո ոսկիով ու արծաթով շինվեին, այնքան սքանչացում չպիտի պատճառեին, որչափ որ կպատճառեն ներքուստ ութ սյուներու վրա կախված կրկնակ հսկա գմբեթները և գմբեթներու խարիսխը կազմող ութը աղեղները, որոնք արտաքին պատին զուգահեռական կրթությամբ ձգված են մեկ սյունեն դեպի մյուսը։

Զվարթնոցի ավերակները պարզապես կծաղրեն մեր այսօրվան գիտական օրենքներու վրա հիմնված տարողությանց նրբին հաշիվները. եթե, նախքան Զվարթնոցի գտնվիլը, նույն ծրագիրը հրապարակի վրա դրվեր, ներկա արվեստագետներ, սոսկումով լեցված, խելագար պիտի համարեին ներկայացնողը, բայց իրականությունը լռեցուցած է ամեն հավակնոտ բերաններ։

Այս տարօրինակ հանդգնությամբ կանգնված շենքը երեք հարյուր տարի շարունակ կանգնած մնացած էր. սա արդեն ապացույց է կանգնող ճարտարապետին լիակատար գիտակցության և մասնագիտական գերագույն աստիճանի հմտության[6]։

Ս. Սոֆիայի կանգնումեն դար մը հետո, Հայաստանի սրտին վրա կանգնվեր է Զվարթնոց եկեղեցի մը, որուն կազմությունը դարձյալ կոչված է ընդմիշտ զարմացնելու արվեստագիտական աշխարհը։

Այս չնաշխարհիկ հիշատակարանին Հայաստանի մեջ գոյությունն ալ պարտական ենք Ներսես Շինողին, որուն փառասիրությունը և թաքուն ձգտումները թռիչք տվին բնիկ հայ հողի վրա, հայրենիքի ծոցին մեջ ծնող ու զարգացող արվեստագետի մը հանճարին։ Ինչպես առանց Հուստինիանոսի Անթեմիուս և Իզիտոր գոյություն չէին ունենար, հետևաբար բյուզանդական արվեստն ալ այսօրվան անունն ու հռչակը չէր վայելեր, այնպես ալ Հայաստանը առանց Ներսեսի պիտի զրկվեր ճարտարապետական սքանչելիքե մը, որն որ շատ իրավամբ ս. Սոֆիայի բարձակից պիտի ըլլա արվեստից պատմության մեջ։

Ոչ նվազ հանդգնություն, համարձակություն և արվեստագիտական նուրբ հաշիվներ կբովանդակե Զվարթնոցի շենքը, որպիսին էր ս. Սոֆիան։ Քսանևհինգ մետրե ավելի տրամագիծ ունեցող միջին հարկ մը ունեցեր է, որն որ կատարյալ վստահությամբ ճարտարապետը հանձներ է ութը սյուներու կամ զանոնք միացնող աղեղներու տարողության, որոնց տրամագիծը ու թանձրությունը 60—80 սմ ավելի չեն։

Մովսես Կաղանկատվացիի պատմելով Կոստանդիանոս կայսեր ծախքով շինվեցավ այս եկեղեցին, և ինքն ալ հրավիրվեցավ օծման հանդեսին ներկա գտնվելու։ Կայսրը այնքան հափշտակվեցավ այս շենքով, որ անմիջապես հրամայեց շինողներուն հետևիլ իրեն մինչև Կոստանդնուպոլիս, այնտեղ ալ նմանը կանգնելու համար։

Բյուզանդացի հպարտ կայսրը Հուստինիանոսին ս. Սոֆիայով ստեղծած փառքը նսեմացնելու միջոցը գտած էր հանակնկալս. պետք էր ինքն ալ հաղթեր իր նախորդին, ինչպես նախորդը Սողոմոնին։ Այդ հաղթության կոթողը պետք էր ըլլար Զվարթնոցի օրինակը՝ բնականաբար ավելի մեծ և ավելի շքեղ, քան իր նախատիպը։

Անտարակույս կայսեր ծանոթ չէր իր բովանդակ երկրին մեջ այդքան գեղարվեստական ներդաշնակությամբ և անօրինակ հանճարով գլուխը հանված շենք մը, գուցե նախ վըստահ ալ չէր իր օրով Բյազանդիոնի մեջ նույն ծրագիրը իրագործելու կարող ճարտարապետի մը գոյության, այդ պատճառով ալ ստիպվեցավ իր բաղձանքի իրագործումը հուսալ Զվարթնոցի ճարտարապետեն։

Բայց դժբախտաբար մահվան մանգաղը չորացուց ոչ միայն կայսեր սրտին բաղձանքը, այլև ապագա հայությունը կորսնցուց Բյուզանդիոնի մեջ հյուսվելիք նախանձելի փառաց պսակ մը։ [ 63 ] Ի՞նչ փաստ կարող ենք գտնել, որ Զվարթնոցի ճարտարապետը միևնույն ծրագիրը չէր կարող երկու անգամեն ալ ավելի մեծ շինել, եթե բավարար քանակությամբ ոսկի ու արծաթ գտնվեր Ներսեսի գանձարանին մեջ։ Բայց այս եղածն ալ բավական փաստ է հավատալու, որ թե Զվարթնոցի ճարտարապետը Հայաստանի մեջ պակաս մրցակից չէր բյուզանդական ճարտարապետներ Անթեմիուսի և Իզիտորի [7]։

Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի ս. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխը կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուգանդական շինություններու մեջ։ Համեմատությունը գուցե շատ անհեթեթ գտնեն ս. Սոֆիայի նման աշխարհահռչակ կոթողի մը հանդեպ, սակայն, երբ ի նկատի ունենք 62 նահանգներու տիրապետող Բյուգանդական կայսրության ուժն ու հարստությունը, միակ մեկ ս. Սոֆիան քիչ էր Բյուզանդիայի համար, իսկ Զվարթնոցը շատ էր Հայաստանի համար և այն ալ այնպիսի ժամանակի մեջ, որում ոչ միայն արվեստ, գիտություն արմատախիլ լինելու վտանգի տակ էին, այլև ամբողջ հայության գոյությանը կսպառնար ջնջվիլ աշխարհի երեսեն։ Վերցուցեք պահ մը ս. Սոֆիան մեջտեղեն և ահա պիտի տեսնեք, որ բովանդակ Բյուզանդական կայսրության մեջ գոյություն ունեցող հիշատակարաններու հետ մրցող, եթե քիչ քանակով, բայց որակով գերազանցողներ իսկ կան Հայաստանի մեջ։ Իսկ եթե թվական համեմատության դրվին երկու երկիրներու մեջ եղած հիշատակարանները, բաղդատմամբ երկրի բազմամարդության, հարստության և տարածության հետ, այն ժամանակ անգամ մը ևս կհամոզվինք, որ Հայաստանը որոշ չափով գերազանցեր է, քան իր դրացի մեծ Բյուզանդիան [8]։

Վերջապես հայ ճարտարապետությունը VII դարուն այնպիսի գլուխգործոցներ ունի, որոնք գրչով նկարագրել գրեթե անկարելի է… Պետք է արվեստագետ մասնագետներ իրենց սեփական աչքերով տեսնեն և քննեն այն հոյակապ շենքերը, որոնք միահամուռ մեծ մասնագետ գիտնականների հիացումն են գրավել և հավիտյան հայ ճարտարապետության պարծանքը պիտի լինեն գիտական աշխարհի մեջ։ Ամեն տեսակ քննադատություններից բարձր պիտի կանգնին Մրենի, Թալինի, Թալիշի և Զվարթնոցի հոյակապ տաճարները՝ իրենց հսկայական մեծությամբ, արտաքուստ և ներքուստ սքանչելի պարզությամբ, շինանյութերի և շինելակերպերի վերին աստիճանի խնամքով և կատարելությամբ, կամարների, աղեղների շլացուցիչ սլացքներով և վերջապես զարդաքանդակների մասին թեև ժլատ, այնուամենայնիվ եղած դույզն քանակը ևս իր հարմարագույն տեղերու վրա ներդաշնակ դասավորությամբ։ Վերջապես այս երկրորդ վերածնությունն է, որ իր հուշարձանները կանգնել է զուտ արևելյան, ավելի ճիշտը զուտ հայկական ոճով, առանց օտար խառնուրդների։

Օտար խառնուրդների տեսակետով Զվարթնոցն է, որ մի քիչ շեղվում է իր ժամանակակից ոճերից, մի քանի գեղարվեստական մասերի փոխառության տեսակետով։ Համարձակ կարելի է ասել, որ Զվարթնոցը իր ոճով և շինելակերպով միակն է ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ, քանի դեռ չէ գտնված իր նախորդը որևէ երկրամասի վրա։ Գիտնական ճարտարապետներ գրեթե մաղել են Արևելքն ու Արևմուտքը և իրենց տեղեկություններն ու մանրամասն ուսումնասիրությունները վաղուց մամուլի սեփականություն դարձրել, սակայն գեթ Զվարթնոցի հեռավոր նմանություն ունեցող շենքերից ոչ մեկը չունին Զվարթնոցի ճարտարապետի խիզախ հղացումը և հանդուգն, բայց հեռատես ու նրբին հաշիվները կառուցման գործի մեջ։ Զվարթնոցը մինակ չէ Հայաստանի մեջ, մինչև XI դարու վերջը մի քանի հատ են կանգնվել Զվարթնոցի օրինակով, ինչպես Թավուզքյարում, Բանակում, Անիում ևն, ևն [9]։

Համեմատաբար ավելի հետաքրքրված է հեղինակը Զվարթնոց եկեղեցիով, գրքին մեջ[10] դրած է թերի հատակագիծ մը, հավանաբար [ 64 ] Ստրժիգովսկիի մեկ աշխատութենեն արտատպված։ Նկարագրական տեղեկություններ բավարար են, բայց տրամագծին երկայնությունը 39 մետր գրված է. ուղիղ չափը պետք է ըլլա 35—75 մետր։ Արևելյան կողմին կպած քառակուսի բաժանումը մատուռ է համարած, որ մատուռ չէ, այլ պարզապես սրբազան անոթներու և այլ եկեղեցական իրերու հատուկ պահարան, չգիտեմ թե ի՞նք եզրակացուցեր է, թե մեկ ուրիշին կարծիքով ղեկավարվեր է։ Գալով իր մասնավոր տեսության, հետևյալ կարծիքը կհայտնե.

«Հիմնարկության թվականը կարելի է ճշտիվ որոշել։ Այդ եկեղեցին կանգնվեցավ Ներսես Գ կաթողիկոսի ձեռքով, որ գահակալեց 640-են 666, որուն փակագիր արձանագրությունները կան եկեղեցվո խոյակներուն վրա։ Որովհետև, ըստ Սեբեոսի, այս Ներսեսը ի մանկութենե սնած էր հունական երկիրներու մեջ, սովորած էր նաև բյուզանդացվոց լեզուն ու գրականությունը։ Իրաց այս վիճակին մեջ, ամենայն հավանականությամբ, հույն վարպետներ գործածեց այս հիշատակարանին շինության ժամանակ։ Սյուները կկրեն իրենց վրա կողովաձև խոյակներ հոնիական խոյողներով, զուտ բյուզանդական։ Բայց մյուս կողմանե հատակագիծը մաքուր արևելյան է և կկապվի ասիական և սիրիական բազմաթիվ եկեղեցիներու հետ։ Այս հատկությամբ և իր մեջ երևցող ազդեցություններու խառնուրդով, շենքը շատ հետաքրքրական է։ Ստրժիգովսկիի կարծիքով, հայոց Լուսավորչի վկայաբանությունը արտաքո կարգի կարևորություն ունի արևելյան քրիստոնեից պատմության համար, հետևաբար նաև Արևմուտքի համար։

Անոր ներկայացուցած օրինակը հաճախ կրկնված կերևի, օրինակի համար, Saint Laurent de Minan շատ մոտ նմանություն ցույց կուտա։

Ստուգիվ Ներսեսի ստացած հունական կրթությունը և դեպի քաղկեդոնականություն ունեցած հակումը չէին կարող չազդել անոր ճաշակի վրա։ Զվարթնոցի մեջ հայ ճարտարապետության զարգացման ընդհանուր ուղղութենեն շեղող օտար ոճերու խառնուրդներ շատ կան, այնուամենայնիվ անոր հատակագծի ընդհանուր ձևը և elevation–ի (ճակատ) մեջ գործ դրված անօրինակ ծրագիրը տակավին եզակի ըլլալ կթվի՝ միմիայն Հայաստանի հատուկ, քանի որ նույն ծրագրով շինված նախորդ մը չէ երևցած ոչ մեկ երկրի մեջ։ ճիշտ է, որ Saint Laurent-ի հետ բաղդատելով, առաջին տպավորությամբ իրարու նման կերևին, սակայն, երբ քիչ մը ավելի հառաջ տանենք բաղդատական քննությունը, տպավորությունը անհունապես կփոխվի։ Saint Laurent, եթե Զվարթնոցի նման կիսաբոլորակ վերջացած թևերով խաչաձև ներքին սյունազարդ բաժանում մը ունի, արտաքուստ ևս ներքին խաչաձևին զուգահեռաբար կրկնված է միևնույն խաչաձևը, որով շինարարական գործողությունը անհունապես կդյուրանա առանց ճարտարապետին որևէ մտահոգություն պատճառելու վտանգներու կամ արկածներու մասին։ Մինչդեռ Զվարթնոցի մեջ արտաքին բոլորակը ներքին խաչաձևի հետ ձուլվելու և կրկնակ գմբեթով շենքը պսակելու համար ճարտարապետին գործ դրած հանճարեղ և նրբամիտ միջոցներուն քով շատ կփոքրանա Saint Laurent-ի ճարտարապետը։ Պետք է մոտեն քննել և տեսնել, թե երկու տարբեր հատակագծեր իրարու մեջ պատշաճեցնելու համար ո՞ր չափ ծանրությանց ճնշում սպառնացող կետեր հառաջ եկեր է Զվարթնոցի մեջ և ի՞նչ հեռատես միջոցներով ճնշումներն հառաջ գալիք վտանգը չեզոքացուցեր է անոր ճարտարապետը։ Այնքան ապահով և հաստատուն շինված էր, որ առնվազն երեք հարյուր տարի կանգուն մնացեր է այդ շենքը…[11]։

Հեթանոսական դարերեն սկսած մինչև մեր օրերը բազմաթիվ շենքեր կան կանգնված բոլորակ կամ խաչաձև Արևելքի և Արևմուտքի մեջ։ Սակայն այս երկու տարբեր ձևերու, այսինքն՝ բոլորակի և խաչաձևի այնքան վայելչորեն և նրբամտորեն ի մի ձուլումը առայժմ կմնա իբրև հայկական ստեղծագործություն և միշտ պատիվ պիտի բերե շինողին ալ, շինել տվողին ալ, և այդ տեսակ սքանչելիքներ կերտել գիտցող հազվագյուտ հանճարներ իր ծոցին մեջ զարգացնող ցեղին ալ»[12]։ Իսկ երբ հետզհետե գիտնականներ էջմիածնի [ 65 ] և Զվարթնոցի ներքինին նման խաչաձև հատակագծերու ծննդավայրը Հայաստանը ըլլալուն համոզիչ փաստեր կգտնեն, այն ատեն անգամ մը ևս Զվարթնոցի հատակագիծը զուտ հայկական ոճ և ստեղծագործություն ըլլալը հաստատվելեն զատ, հայ ճարտարապետության պատմության մեջ փառավոր էջ մը ալ կբացվի ընդհանուր արվեստից պատմության մեջ և մինչև ցարդ թյուրիմացությամբ հունական խաչաձև անվանված ոճը հայկական խաչաձև անունով կճանչցվի ապագա գիտական աշխարհի մեջ։ Ավելցնենք ասոր վրա Զվարթնոցի կրկնահարկ գմբեթավորումը՝ որուն ուրիշ օրինակը ոչ մեկ տեղ չի գտնվելեն զատ, Հայաստանի մեջ երեք միանման օրինակներ միանգամեն գտնվեցան՝ Զվարթնոց, Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Բանակի եկեղեցին։ Չորրորդ մանրանկար մը ևս կա այս երեք մեծերուն, որ բարեբախտաբար տակավին կանգուն, բայց դժբախտաբար ոչ ոքի ուշադրության չարժանացած։ Այս մանրանկարը Անիի պարիսպներեն դուրս, հայ ճարտարապետության գոհարներեն մեկը, Հովվի եկեղեցի ըսվածն է։

Ներքին խաչաձևի սյունաշարերը (Saint Laurent–ի—կազմողներ) պարզապես abside–ներ են (խորան), որոնց վրայի կիսագմբեթները հավաքված են գմբեթի ստորին օղակի շուրջը և ասոնք սովորական խաչաձևի արժեքը ունին, առանց երկրորդ հարկ ունենալու, գմբեթեն զատ։

(Galare–ին (սրահ) կողմեն ալ պանտանտիվներու պետք չիկար, որ ամենեն նշանակալից մասն է Զվարթնոցի մեջ, որովհետև չորս անջատ սյուներու վրա շինված կամարները դյուրացուցեր են galerie-ին վրա կամարով ծածկելու գործողությունը։ Այս կառուցվածքի բնական հետևությամբ, այս եկեղեցին չէր կարող եռահարկ լինել[13]։

Սամուել Անեցու Զվարթնոցի համար «լուսազարդ» ածականով ներբողելը, թերևս, կբացատրվի եկեղեցվույն շատ խոշոր պատուհաններ ունենալովը։

Մարդոց և կենդանիներու քանդակներուն համար անհաջող շրջանն է երկրորդ վերածնությունը, այդ ճյուղը զգալի կերպով ինկած է հակառակ մյուս ճյուղերու կատարելագործության…

Զվարթնոց եկեղեցին VII դարու հայոց ճարտարապետության գլուխգործոցն է, և անհամեմատ մեծ արվեստագիտությամբ փորագրված են բոլոր քանդակները, սակայն այնտեղ ալ բոլորովին անհաջող են մարդոց պատկերներու քանդակներ[14]։

VII դարու կեսից հետո պսակները սկսում են միօրինակ ձև ստանալ, գրեթե համանման moulure–ներով (բարձրաքանդակ), սակայն մեջտեղը մի լայն բաց մաս է թողված, որուն մեջ առանց բացառության քանդակված են հյուսկեն քանդակներ:

Ամենայն հավանականությամբ Զվարթնոց եկեղեցիի պսակն է եղած այս ձևի պսակների նախատիպը Հայաստանում, միայն թե Զվարթնոցի մեջ խիստ հառաջակարկառ է, որով թե հաստության տեսակետով կասկածելի էր և թե շինությունը ավելի դժվար, հետագայում պսակի այս ձևը ընդունվելով, ենթարկված է զգալի բարեփոխության[15]:

Սկսած Զվարթնոցի կանգնման թվականից մինչև XIII—XIV դարերը ոչ մի պատմագիր չէ մոռցած հիշատակել այս աննման կոթողը և ներբողներ հյուսել նրա հոյակապ կառուցման շուրջը[16]։

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 77—80։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 14—17։
  2. Սուրբ Սոֆիայի գմբեթի տրամագծի մասին իր մեկ այլ աշխատության մեջ Թորամանյանը գրում է․ «Զանազան հեղինակներու տված չափերը համանման չեն… 31-են մինչև 35 մետր տրամագիծ ցույց տվողներ կան, չգիտեմ, թե ո՞րն է ճիշտը»։ «Անահիտ», 1911, № 9-11, էջ 216 (կազմողներ)
  3. Սրանից հետո մատիտով հեղինակի ձեռքով ավելացված է՝ «Այստեղեն սկսած հետագա ուսումնասիրությունը» (կազմողներ)։
  4. Թորամանյան Թ․, Զվարթնոցի տպավորությունների մատյանից (մայիս, 1910) «Հայաստանի կոչնակ», № 15, Նյու Յորք, էջ 587։
  5. Անիի պեղումներու առթիվ, «Հուշարար», 1907, № 8, էջ 120։ Թորամանյան Թ․, Զվարթնոց, էջ 18։
  6. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ» Փարիզ, 1911, № 1-2, էջ 15։ Թորամանյան Թ․, Զվարթնոց, էջ 18։
  7. Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին, «Անահիտ», 1911, № 9—12, էջ 215—216
  8. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 236։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 19:
  9. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 90։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 24
  10. Charles Diehl, Manuel L'art Byzanyin, Pariz 1910
  11. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, 9—12, էջ 204։
  12. Նույն տեղում, էջ 205։
  13. Սևագիր նշումներ՝ գրված ս. Լորենցո եկեղեցու լուսանկարի վրա (կազմողներ)։
  14. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, № 1—2, էջ 15։
  15. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 89—90։
  16. Նույն տեղում, էջ 91։