Զվարթնոց, Գագկաշեն/Զվարթնոցի հիմնարկության և ավարտման թվականների մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զվարթնոցի հիմնարկության և ավարտման թվականների մասին

Թորոս Թորամանյան

[ 42 ]

3. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ

ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ[1]։

Զվարթնոց եկեղեցվո ճարտարապետական հռչակը այնքան մեծ էր, որ դարուց ի դարս պատմագիրներ մեծ մասամբ առանց հիշատակության չեն թողած, կառուցանողի անվան հետ անբաժան։ Նույնիսկ իր ամբողջական կործանումեն հետո ալ պատմագրաց անհիշատակ չի թողելեն զատ, թագավորներ և իշխաններ աշխատեր են նույնությամբ վերականգնել ճարտարապետական այդ չնաշխարհիկ կոթողը՝ Հայաստանի ուրիշ մասերուն վրա։

Անիի մեջ Գագիկ Ա Բագրատունի թագավորը, Բանակի մեջ Ատրներսեհ թագավորը գրեթե նույնությամբ վերականգներ են. ներսեսաշեն հոյակապ Զվարթնոցի գեղարվեստական հիշատակը հավերժացնելու միակ նպատակով։ Անիի պարիսպներեն դուրս Հովվի եկեղեցի կամ, ըստ ռամկական հորջորջման, «Նախրճուն ժամը» անունով փոքրիկ մատուռը Զվարթնոցի մի չքնաղ մանրանկարն է։ Կհավաստեն, թե կան ուրիշ տեղեր ալ Զվարթնոց եկեղեցվո ընդօրինակություններ, սակայն ինձ հայտնի չեն։ Այս տեսակետով քննելի է Օլթիի շրջանին մեջ Թավուզքյարի եկեղեցին, որուն համար կըսվի, թե ոչ միայն Զվարթնոցի նմանն է և կանգուն է մինչև ցարդ, այլև ներսեսաշեն լինելուն ապացույցներ կան։

Պատմագիրներու մեջ առաջին հիշատակողն է Ներսեսի ժամանակակից, Զըվարթնոցի անպայման ականատես Սեբեոս եպիսկոպոսը, որուն մասին թեև հակիրճ, բայց վերին աստիճանի սքանչացումով կնկարագրե անոր շքեղությունն ու մեծությունը հետևյալ կերպով. «Յայնմ ժամանակի արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն՝ որ ի Վախարշապատ քաղաքին ի վերայ ճանապարհին՝ յորում ասեն ընդ առաջ եղև թագաւորն Տրդատ՝ սրբոյն Գրիգորի։ Շինեաց անդ և եկեղեցի մի անուն երկնաւոր Զուարթնոցն, որոց երևեալի տեսլեան սրբոյն Գրիգորի բազմութիւն երկնաւոր զաւրացն. և շինեաց եկեղեցին բարձր շինուածաւք և չքնաղ զարմանալեաւք, արժանի աստուածային պատւոյն՝ որում նուիրեացն։ Ած ջուր և եբեր զգետոյն և արկ ի գործ զամենայն վայրսն առապար, տնկեաց այգիս և ծառատունկս, և շուրջանակի պատուարեաց զբնակութեամբ գեղեցկագիր յաւրինուածով բարձր պարսպաւ ի փառս աստուծոյ»[2]։

Այս պատմագրական հակիրճ տեղեկութենեն կերևի, որ եկեղեցին վերջացած էր և նույնիսկ պարսպապատված։

Սեբեոսի պատմության ընթացքեն կերևի, որ, քաղաքական ալեկոծություններու պատճառով, Ներսես չէ կարողացեր շուտով լմնցնել սկսած ամեն գործ իր ձեռքով, որովհետև ստիպվեր է միառժամանակ հեռանալ և շինությանց գործին ղեկավարությունը հանձնել իր սենեկապետ Անաստաս Ակոռեցիին (իրեն հաջորդած կաթողիկոս): Վեց տարի բացակայելեն հետո, երբ վերադարձեր է, այն ժամանակ անձամբ վերջացուցեր է կիսատ մնացած մասերը, այս մասին հետևյալ կերպով կպատմե. «Իսկ կաթուղիկոսն Հայոց Ներսէս գնաց ընդ թագաւորին, որպէս վերագոյն ասացի, և չուեաց ընդ նմա ի Կոստանդնուպաւլիս։ Եւ ընկալաւ զնա անդ պատուով. և ետուն [ 43 ] նմա ինչս և արձակեցին անդրէն ի տեղի իւր, և եկն դադարեաց ի Տայս՝ մինչև մեոավ Ռշտունեաց տէրն, դադարեաց ասպատակ Տաճկին. և ապա յետ վեցերորդի ամի հալածանացն դարձաւ անդրէն ի տեղիս իւր. և հաստատեցաւ յաթոո կաթուղիկոսութեան. փութայր կատարել զշինուած եկեղեցւոյն՝ զոր շինեաց ի վերայ պողոտային Վաղարշապատ քաղաքի»[3]։

Սեբեոսեն հետո եկող պատմագիրներ, անոր գործը հաստատելեն հետո, զանազան հետաքրքրական լրացուցիչ տեղեկություններ կուտան թե Զվարթնոցի և թե անոր շինող Ներսեսի մասին։

Մովսես Կաղանկատվացին, որ Ներսեսի ապրած դարաշրջանի պատմագիր կհամարվի, կպատմե, թե «Սա էր (Ներսես) հայրագիր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից ի Քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր և ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յաւէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր» զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն» այս հատվածն ալ ցույց կուտա, որ եկեղեցվո շենքը վերջացած էր. «Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր՝ ի ճանապարհին վախճանէր»[4]։

Մովսես Կաղանկատվացու տված այս տեղեկության մեջ, Ներսես Գ-ի Կոստանդին կայսեր հայրագիր լինելուն և եկեղեցին կայսեր ծախքով շինվելուն պատմական ի՞նչ արժեք ունենալը հաստատել կամ հերքել պատմաբան քննադատներու գործն է, սակայն ես պիտի հայտնեմ իմ առանձին կարծիքս այս մասին իր կարգին, առայժմ կշարունակեմ թվել այն պատմագիրներու տեղեկությունները, որոնք թեև ոչ ժամանակակից, այնուամենայնիվ դարուց ի դարս ծանոթ են Զվարթնոցի եկեղեցվո ճարտարապետական ե գեղարվեստական մեծ հռչակին և որոշ չափով հավելածական լրացուցիչ տեղեկություններ կուտան, բացի Զվարթնոցեն, նաև Ներսեսի անձնական նկարագրին և անոր ուրիշ կատարած կարևոր գործերու մասին։

Ղեոնդ, թեև պատահական կերպով կհիշատակե, սակայն չի մոռանար Ներսեսի անվան կից անոր պարծանքը եղող եկեղեցին ալ միասին հիշատակելու, ըսելով «Շինող սրբոյն Գրիգորի»[5]։

Գրեթե երեք դար հետո, պատմագիր Հովհաննես կաթողիկոս, որ ամենայն հավանականությամբ կանգուն տեսած էր Զվարթնոց հոյակապ տաճարը, Սեբեոսի նման պատմելով և հիացմամբ դրվատելով անոր ճարտարապետական բարձր արժանավորությունները, քանի մը լրացուցիչ մանրամասնություններ ևս կուտա՝ թերևս ուրիշ ժամանակակից աղբյուրներե ալ օգտվելով և կըսե. «Դարձեալ յուսացեալ ի տէր և ոչ ածեալ զմտալ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց՝ գեղեցիկ իմն մոլութեամբ դնէ ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծառ յարկի տանն Աստուծոյ ըստ անաունակրութեան սրբոյն Գրիգորի՝ յանձն առնելով զկատարումն իմաստութեան շինողին Քրիստոսի։ Իսկ ի հիմնարկել զաստուածակերտ փարախն բանաւոր հօտին Քրիստոսի՝ ի ներքոյ չորից սեանցն հաստահեղուսից բաժանեալ դնէ զնշխարս ոսկերաց սրբոյն Գրիգորի առ ի անշուշտ մնացականութեամբ պահիլ գանձոյն երկնաւորի ի գերչաց ապականչաց և ի պարծանս հաւատոյ քրիստոնէական կարգաց։ Իսկ զքրիստոսադրոշմ և զպատուական գլուխն ոչ ի խորոջ, այլ արտաքոյ ի գզրոցի եղեալ՝ դնէ ի գանձարանս աստուածութեանն ի յոյս բարեաց փափագողաց նմա և բժշկութիւն ախտակրելոց»[6]։

Ներսեսի վերադարձեն վեց տարի հետո, անոր կատարած գործերու մասին կպատմե այսպես, «…հայրապետն Հայոց Ներսէս ետ վեց ամի հալածանաց իւրոց՝ իբրև լուաւ զվախճանն Թէոդորոսի և զդադարումն Իսմայէլեան ասպատակին, դարձաւ անդրէն ի տեղի իւր։ Եւ միախորհ ապա լեալ ընդ նախարարացն՝ իշխան ի վերայ Հայաստանեայցս կացուցանեն զՀամազասպ Մամիկոնեն, որ էր այր ընթերցասէր և ուսումնասէր և վարժ ի բոլոր հրահանգս, և զնախնական քաջութեացն պայման միշտ ջանայր լրութեամբ կատարել մրցարանաց կրթութեամբ։ Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ՝ զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ՝ շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբ։ Այլ և կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս [ 44 ] երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց. և ածեալ ջուր ի Քասաղ գետոյ՝ զամենայն աւազախիր առապար դաշտավայրն ի գործ արկանէր, տնկէը այգիս և բուրաստանս ծաղկոցաց»[7]:

Ստեփանոս Ասողիկ նախորդ պատմագիրներե առնելով կգրե, թե (Ներսես) «…շինեաց զվկայարան սրբոյն Գրիգորի ի վերայ վիրապին յԱրտաշատ, զմիւա ևս հրաշապայծառ եկեղեցին զսուրբ Գրիգոր ի Վաղարշապատու առապարին, զանազան յօրինուածով»։ [8]:

Ստեփանոս Ասողիկ թերևս Զվարթնոցի ավերակնեղն ալ չէբ տեսած, այլ ի լրո գիտեր անոր «փլեալ և կործանեալ» լինելը, սակայն անոր մասին իր ունեցած պատմագրական տեղեկություններեն զատ՝ Անիի մեջ գագկաշեն ս. Գրիգորը, որ ընդօրինակությունն էր Զվարթնոցի, փառաբանելով՝ կփառաբաներ նաև նույն ինքն Զվարթնոց եկեղեցին։

Թովմա Արծրունի Զվարթնոցի անունը կհիշատակե Դվնա մեծ երկրաշարժի պատճառով՝ կաթողիկոսական աթոռի տեղափոխության առթիվ, երբ հարկ եղեր է հիշել Ներսեսի անունը և բնակարանը, ստիպվեր է անոր անվան պսակը եղող Զվարթնոցն ալ հիշատակել միասին. այսպես. «Բայց երանելի հայրապետն Տէր Գէորգ սաստկագոյն քան զտիեզերական կործանմանն առ Նոյիւ բերելով զտրտմութեանն թախիծս, հանդերձ եպիսկոպոսիւն Գրիգորիւ, զԱբրահամեանն վաղնջուց աղաչանսն ի կործանմանն Սոդովմայ, յառաջբերեալ մարդասիրին Աստուծո. եւ թողեալ զբնակելն ի Դուինն, ելեալ բնակեցաւ ի Նոր քաղաքին ի մեծ եկեղեցւոջն որ յանուն սրբոյն Գրիգորի շինեալ էր երանելւոյ Տեառն Ներսէսի երկրորդի (իմա Գ-ի) հայոց կաթողիկոսի»[9]:

Այս հատվածեն կերևի, որ Գևորգ կաթողիկոսի օրով դեռ Զվարթնոց կործանած չէր և նույնիսկ Դվնա երկրաշարժիցն էլ վնասված չէր։

Սամուել Անեցի ժամանակագիրը, Ներսեսի մյուս շինություններն ալ հիշատակելով, առանձնապես կգովե Զվարթնոց եկեղեցին, բնորոշելով «զզարմացուցիչն տեսողաց» բառերով և կհավելու «բայց յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի ի Դուին, և զոր ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի»[10]:

Կիրակոս Գանձակեցի գրեթե նույնությամբ կրկնելով Սամուել Անեցու գրածը, կավելացնե միայն, «որ յետոյ աւերեցաւ ի տաճկաց»[11]:

Մխիթար Այրիվանեցու տեղեկությունն, թե «Շինողն Ներսէս շինե զԱռապարի ս. Գրիգորն, զզարմացուցիչն տիեզերաց, որ քակեցավ ի տաճկաց», գրեթե կրկնությունն էիր նախորդներուն[12]:

Վարդան Բարձրբերդցին, հավանորեն Հովհաննես կաթողիկոսեն առնելով, կգրե Զվարթնոցի և Ներսեսի կաթողիկոսանալու հանգամանքներուն վրա այսպես. «Յորում յաւուրս մեռավ Եզր, և յաջորդեաց զաթոռն Ներսէս եպիսկոպոս Տայոց, զոնի տասն ամին Եզրի. բայց յափշտակութիւն եղեալ վասն անհնարին կոտորելոցն, խորհեցաւ փախչել, իբր ոչ բաւական մեծի աստիճանին։ Եւ աղաչեցեալ ի բազմաց դադարէ. և հաւաքեալ զբազմութիւն դիակացն թաղէր, և ի նմին տեղւոջ շինէր զհրդեհեալ վկայարան սրբոյն Սարգսի։ Շինէ տաճար սրբութեան և ի վերայ վիրապին, և արկանէ հիմն տաճարին մեծի յառապարի յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի, և դնէ ի ներքոյ չորից սեանցն զհասարակ նշխարս սրբոյն Գրիգորի, և զգլուխն ի գզրոցի եդեալ՝ պահէ ի պէտս բժշկութեան ախտաժետաց. անդ դնեն և զնշխարս սրբոյն Յիզտբուզտեայ, և զԴաւթիս վկային»[13]։

Իսկ Ներսեսի հեռանալուն և վեց տարի հետո վերադարձի մասին կգրե. «Եւ ի գնալ թագաւորին երկուցեալ Ներսէս յՌշտունեաց տեառնէն, գնայ ի Տայս, և զկնի վեց ամի դարձաւ լուեալ զմահն Թէոդորոսի. և շինէ իւր կայս առընթեր մեծ եկեղեցւոյն, և կացուցանէ ամբոխութիւնս երդումարդոց, ըստ օրինի քաղաքականութեան, և ածէ ջուր ի Քասախ գետոյ, և տնկէ անտառս և այգիս»[14]։ [ 45 ] Հայաստանի մեջ բազմահազար մեծ ու փոքր եկեղեցիներ են շինված, սակայն անոնցմե ոչ մեկը գրեթե Զվարթնոցի նման բոլոր պատմագիրներե առանձնապես հիշատակված չի լինելեն զատ, անոր տրված արդարացի գովեստները շատ քիչերուն են շռայլված գեղարվեստական մեծագործության տեսակետով։ Սակայն ափսոս, որ զլացեր են փոքր ի շատե մանրամասն նկարագրություն տալ անոր ներքին և արտաքին ձևերու, զարդաքանդակներու և ուրիշ հատկանշական մասունքներու մասին։

Ճարտարապետական շինվածներու նկարագրության մասին Թովմա Արծրունին միակ բացառությունն է մեր պատմագիրներու մեջ, որ շատ մը ուրիշ բերդերու, տաճարներու, ջրմուղներու, ճանապարհներու ևն շինությանց և շինելակերպերու մանրամասն նկարագրութենեն զատ իրենց տոհմակից Գագիկ Արծրունիի, Ախթամար կղզիի մեջ շինել տված եկեղեցվո, ապարանքի և ծովային պարիսպներու շինության և գործավարության մասին այնպիսի մանրամասնություններ կուտա, որ ընթերցողը կրնա որոշ չափով գաղափար կազմել չափերու, ձևերու և առանձնահատկություններու մասին` առանց իրական շենքը տեսած լինելու։

Բարեբախտաբար Զվարթնոցի ավերակներու պեղումները անոր չափը, ձևը և բոլոր մանրամասնությանց հատկանիշները լուսաբանող այնքան նյութ տվին, որ այսօր կարելի է ըսել, գիտենք անոր ամբողջությունը բոլոր մանրամասնություններով, ինչպես որ էր նորոգ կանգնված ժամանակ։

Թեական կամ ենթադրական դույզն մասերուն ամբողջացման ալ լիուլի նպաստեցին Անիի գագկաշեն ս. Գրիգորի պեղումները և Փենեկի (Բանակ) նույնանման շինված կիսականգուն հոյակապ եկեղեցվո հետազոտությունները։

Ինչ որ ցանկալի էր ճշտությամբ գիտնալ, այդ Զվարթնոցի շինության սկզբնավորության, տևողության և վերջավորության թվականներու խնդիրն է. դժբախտաբար որոշ ոչինչ չունինք, հին տեղեկություններն ալ մի քիչ հակասական կթվին, սակայն պատմագրական զանազան տեղեկությունները և արվեստագիտական օրենքները լրջորեն հետազոտելով, դժվար չի պիտի լինի հասնել ամենահավանական եզրակացության։ Հետագա ժամանակների պատմիչներ թեև հաստատուն թվականներ ունին նշանակած, սակայն անոնք Զվարթնոցի շինության ժամանակեն դարերով հեռու են և նշանակած թվականին ալ մեկզմեկե անհամեմատ տարբեր լինելով, դժվար է բոլորովին հիմնվիլ անոնց վրա։

Զվարթնոցի շինության ժամանակագրության տեսակետով, ամենեն ավելի ստույգ և վավերական աղբյուրներեն մեկը պետք է համարել Շինողի ժամանակակից և շինության ականատես Սեբեոսի տեղեկությունը, ուստի նախապես քննենք անոր տեղեկատու հատվածը. «Յայնմ ժամանակի արկ մի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն՝ որ ի Վաղարշապատ քաղաքին… Շինեաց անդ և եկեղեցի մի յանուն երկնաւոր Զուարթնոցն…»[15]։

Սեբեոսի պատմության ԼԳ գլխուն այս հատվածին մեջ «յայնմ ժամանակի» խոսքը կվերաբերի Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթութենեն մինչև հույներու Պռոկոպ զորավարին միջոցավ արաբաց հետ հաշտություն կապելու ժամանակին։ Այս դեպքերը տեղի են ունեցեր ըստ Սեբեոսի «յամին երկրորդի Կոստանդնի», որ է 642 թվականը (Կոստանդ գահակալեց 641-ին), ուրեմն այս 642-են հետո, 643 և 644 թվականներուն մեջտեղ պետք է որ հիմնարկված լինի Զվարթնոցը ըստ Սեբեոսի։ Բայց առաջ եկեղեցին հիմնարկեց, թե՞ «իւր բնակութիւն», այդ հարցը քննության կարոտ է[16]։

Սեբեոսի վերոհիշյալ «արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն մերձ առ սուրբ եկեղեցեացն» հատվածին վրա հենվելով, Զվարթնոցը ոաումնասիրողներեն ոմանք կհետևցնեն, թե Ներսես եկեղեցիեն առաջ շինեց շրջակա շինությունները և հուսկ հետո ձեռնարկեց եկեղեցվո հիմնադրության։ Սակայն իմ կարծիքով այս հատվածի իմաստը սխալ է ըմբռնված։ «Արկ ի միտս իւր» խոսքի պարզ իմաստն է, թե Ներսես որոշեց կամ միտքը դրավ յուր բնակությունը կամ կաթողիկոսարանը Դվինեն փոխադրելով՝ Վաղարշապատի եկեղեցիներու մոտը հաստատվիլ։

Թե հետագա մատենագրական ավելի մանրամասն հիշատակությունների և թե ճարտարապետական ու շինարարական օրենքների քննությամբ [ 46 ] պիտի տեսնենք, որ նախքան եկեղեցվո հիմնարկությունը, թեև կային այնտեղ վաղեմի շինություններ, սակայն մեր այսօրվան ավերակներու մեջ տեսած շինությունները, քիչ բացառությամբ հիմնարկված են եկեղեցվո շինութենեն հետո կամ առ առավելն եկեղեցվո շինության վերջանալուն մոտիկ։

Սեբեոսի տեղեկութենեն ավելի որոշ, թերևս մեզ անհայտ մի ուրիշ աղբյուրե քաղելով, Հովհաննես կաթողիկոս բնակարաններու շինությունը Ներսեսի վերադարձեն հետո կդնե, և հատվածը այնքան պարզ է այդ շինվածամասերու համար, որ բնավ կասկած չի կարող լինել ուրիշ շենքերու մասին, «յօրինեալ ի նմա յարիս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք»[17] խոսքը միմիայն կաթողիկոսարանի շինության համար կարող է լինել։ Առանց Սեբեոսի գրելուն, Հովհաննես կաթողիկոս չէր կարող իրմե մոտավորապես երեք հարյուր տարի առաջ շինված շենքի մը համար ժամանակագրական այդքան մանրամասնություն տալ, առանց իր աչքին առջև շինության ժամանակակից ուրիշ գրական աղբյուր մը ունենալու, և ի՞նչ օգուտ կունենար Հովհաննես կաթողիկոս մտացածին հավելումներ անելով, քանի որ խնդիրը կրոնական, քաղաքական կամ անձնական նկատումներու հետ ոչ մի կապ չունեցող, պարզ շինության մը վերաբերյալ ժամանակագրական տեղեկություն է։ Բայց առայժմ թողունք այս հարցը, քիչ հետո կրկին անդրադառնալու պայմանավ, որովհետև, բացի այս պարագան, Հովհաննես կաթողիկոսի տված տեղեկությունները իրենց խիստ շահեկան և հետաքրքրական կողմերն ունեն, որոնց վրա մի քիչ ծանրանալ անհրաժեշտ է։

Թեև ես հառաջիկային առիթ պիտի ունենամ զուտ ճարտարապետական և շինարարական տվյալներով ապացուցանելու, որ եկեղեցին շատ ավելի վաղ շինված է, քան մոտակա շինությունները, այստեղ միայն կմատնանշեմ մի երևույթ, որ միանգամայն անվիճելի կդարձնե կաթողիկոսարանի շինության ավելի ուշ լինելը։

Զվարթնոցը տեսնող և քննողներեն շատերուն հայտնի է, որ եկեղեցվո արտաքին բոլորակ պատը զարդարված էր որմայեց աղեղնակապ զույգ սյուներով։ Հատկապես այդ արտաքին պատի համար տաշված միացյալ սյուներեն մի բեկոր այժմ կտեսնվի հարավային կողմի շինության միջին շենքի արևելակողման սենյակներեն մեկուն հիմին մեջ, հյուսված իբրև հիմնաքար։ Չափով, ձևով և նույնիսկ քարի տեսակով եկեղեցվո իբրև որմասյուն տաշված լինելուն ոչ մի կասկած չիկա, սակայն ի՞նչ պատճառով հյուսվեր է մոտակա շինության հիմին մեջ, այդ ալ շատ պարզ կլինի մասնավորապես մասնագետներու կամ շինարարությամբ զբաղվողներու համար։

ա. Որոշված քանակութենեն ավելի տաշված կլինի.

բ. տաշվածքի մեջ սխալմունք կլինի.

Այս երկու պարագային մեջ ալ գրեթե նույն քարը այլևս ուրիշ բանի չի ծառայեր, բացի հիմնաքար կամ որմաքար լինելե։ Զվարթնոցի մեջ այս բ. պարագան է, որ ամենայն հավանականութամբ, նույն քարը անպետքանալով, այն ժամանակ իբրև հիմնաքար ծառայեր է, իսկ բարեդեպ դիպվածով մը ալ այսօր մեզ կծառայե իբրև ժամանակագրական ապացույց։

Այժմ դառնանք այն հարցին, թե ե՞րբ կարող է հիմնարկված լինել եկեղեցին կամ ո՞ր թվականին։

Շատ բնական է, որ Ներսես իր գահակալության տարին ավելի շտապողական և անհետաձգելի զբաղումներ ուներ, քան եկեղեցվո կամ կաթողիկոսարանի շինությունները։

Արաբներու աշխարհավեր արշավանքով (641, ըստ ոմանց՝ 642), երկիրը նյութապես և ֆիզիկապես քայքայված, տասնյակ հազարավոր դիակներ Դվինի և շրջակայից մեջ բացօդյա թափված, կենդանի մնացած ժողովուրդը լիակատար սուգի և շիվանի մատնված էր, միևնույն ժամանակ նորանոր վտանգներու և ավերումներու սպառնալիքները դեռ չի չեզոքացած, Ներսեսի համար առաջին պարտականություն էր արկածյալներու համար նյութական և բարոյական օգնություն հասցնել, ցիրուցան թափված բազմահազար դիակները հավաքել և թաղել, արկածյալներուն զուտ հոգեկան սփոփանք պատճառելու համար նահատակելոց անվան դամբարան հիշատակարաններ կանգնել և որ ավելին է, արտաքուստ հայրենիքին սպառնացող աղետներու առջևն առնելու համար հայ իշխաններու և նախարարներու խորհրդակցությամբ քաղաքական հարաբերություններու մեջ մտնել դրացի մեծ պետություններու [ 47 ] հետ, և այս ամենը անմիջական ծանր աշխատանք կպահանջեր։

Ինչպես վերև նկատեցի, Ներսես Զվարթնոցի հիմնարկության պետք է սկսած լինի Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթութենեն անմիջապես հետո , ըստ Սեբեոսի տեղեկության՝ 642—3, բայց որովհետև ըստ Սամուել Անեցվո «յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի ի Դուին, և զոր ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի»[18]։ Այս վկայարանները, ամենայն հավանականությամբ, նույնիսկ արաբները քաշվելեն անմիջապես հետո սկսեց շինել, որովհետև պահանջը անհետաձգելի էր և գործը բավական մեծ, որը հավանորեն ծանր աշխատանք և երկար ժամանակ կպահանջեր։ Այս տեսակետով Վարդան Բարձրբերդցու տված տեղեկությունը ավելի պարզ է և կբնորոշե պարագային կացությունը, թե «Հավաքեալ զբազմաթիւն դիականցն և ի նմին տեղւոջ շինէր զհրդեհելա վկայարան սրբոյն Սարգսի»[19]։

Որովհետև արաբները Դվինը գրավելու ժամանակ միայն ս. Սարգիս եկեղեցվո մեջ կոտորեր էին 1200 մարդ[20], այնպես որ նահատակներու արյունը մինչև սեղանը ծածկեր էր, գուցե նաև այրեր էին եկեղեցին, ուստի Ներսես շտապեց անմիջապես ս. Սարգիսը վերաշինելու «Եւ զոսկերս սպանելոցն ամփոփեաց հայրապետն ի նոյն վկայարանն»[21]։

Դվնո ս. Սարգիսը մեզ չի հասած, սակայն Վիրապի եկեղեցվո այսօրվան մասնակի մնացորդներեն դատելով, այնքան ալ մեծ բան չէ, մանավանդ որ հնադարյան սովորության համաձայն վկայարանները ընդհանրապես փոքր շենքեր էին, քան հասարակաց եկեղեցիները։ Հռիփսիմեի և Գայանեի վկայարանները իրենց մեծության և ընդարձակության կողմանե առաջին և թերևս վերջին բացառություններն էին հայոց եկեղեցական ճարտարապետության մեջ, առաջինը՝ Կոմիտաս կաթողիկոսի, երկրորդը՝ Եզր կաթողիկոսի ձեռքով շինած։

Իմ տեսությամբ, Վիրապի եկեղեցին պետք է որ իբրև վկայարան շինված լինի, որովհետև արաբներու սուրը ինչպես Դվնա մեջ, այնպես ալ Դվինեն դուրս ոչ ոքի չէր խնայած, անպայման մեծ քանակությամբ դիակներ ալ թաղեց Վիրապի մեջ։ Եթե այդպիսի նպատակ չի լիներ, հարկ չիկար, որ Ներսես շտապեր անմիջապես շինելու ձեռնարկել Վիրապի եկեղեցին։

Ուստի այս տեսակետով ալ այդ երկու եկեղեցիներու շինությանց համար, եթե երկու տարին շատ երկար ժամանակ չէ, այնուամենայնիվ կարող է անպայման վերջացած լինել նույնիսկ 642 թվականի վերջերին, հաշվելով Ներսեսի կաթողիկոսանալու 641 թվականեն։ Այս հաշիվը ուղիղ կհամեմատի Սեբեոսի տված թվականի, այսինքն՝ Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթության թվականի հետ, որուն ժամանակն է 642։

Ուրեմն անվրեպ կարող ենք ընդունել, որ Զվարթնոցի շինության հիմնարկելը տեղի ունեցավ 643 թվականի գարնանը։ Այս թվականին քաղաքական կացությունն ալ հուսալի էր, նախընթաց տարիներու սարսափելի աղետի տպավորությունը արդեն մեղմացած էր, Ներսես ևս հիմնված Բյուզանդիո կայսեր հետ իր ունեցած թե անձնական մոտիկ հարաբերության և թե անոր Հայաստանի համար խոստացած պաշտպանության վրա, համոզված էր, որ Հայաստանը ազատ պիտի մնար արաբական արշավանքներու վտանգեն, ուստի ինքն ալ ազատ կարող էր նվիրվել իր մեծ ծրագրի իրագործման, որը, ըստ իս, որչափ կրոնական, նույնչափ ալ քաղաքակրթական նշանակություն ուներ և ապագային իր անվան համար անջնջելի հսկայական կոթող մը պիտի լիներ, եթե երբեք կարողանար մինչև վերջը հասնել իր նպատակին։

Արդ Զվարթնոցի շինության սկզբնավորության թվականը 643-ի գարնանը լինելը ըստ իմ տեսության պարզված համարելեն հետո, երկու խոսք ալ կուզեմ ավելցնել պատմագրաց կողմանե տրված թվականներու մասին, որոնք անհամեմատ տարբեր են մեկզմեկե։

Մխիթար Այրիվանեցին շինության հաստատուն թվական կնշանակե 641 թիվը, իսկ Սամուել Անեցին՝ 654 թիվը։ Մխիթար Այրիվանեցու տված 641 թվականը առ առավելն կարող է ապացուցանել նույն թվականի Ներսեսի կաթողիկոսական գահ Բազմելը, հակառակ ոմանց 642 [ 48 ] թվին վերագրվելուն։ Իսկ մյուս կողմանե Զվարթնոցի այդ թվականին հիմնարկված լինելը անկարելի լինելուն մասին արդեն գրեր եմ պատմական արվեստագիտական տվյալներու վրա հիմնված և դեռ առիթ կլինի գրելու։

Իսկ Սամուել Անեցվո տված 654 թվականը պատմական անցքերու համեմատությամբ միանգամայն սխալ է։ Այդ թվականը որոշ չափով կարող էր համապատասխանել եկեղեցվո շինության վերջավորության, բայց որովհետև նախ՝ առարկություն շատ կվերցնե բուն եկեղեցվո շինության ավարտումը մինչև այդ թվականը ուշացած լինելը՝ Ներսեսի այդ թվականին վերադարձած չի լինելուն համար, երկրորդ՝ եթե ենթադրենք հարակից շինություններու մասին, որու շարունակությունը հանձնված է Անաստաս Ակոռեցուն, այդ մասին ալ որոշ կերպով գիտենք, որ Ներսեսի վերադարձին ժամանակ (658) դեռ չէր վերջացած, և Ներսես ինքը անձամբ շարունակեց գործը մինչև իր մահը (661)։

Արդյոք վերջացո՞ւց ամեն գործ ըստ իր նախնական ծրագրի, այդ արդեն տարակուսելի հարց է, որուն մասին, ըստ իս, արժե փոքր-ինչ խորանալ։

Այժմ այստեղ միջանկյալ մի ուրիշ հարց կծագի, թե որչա՞փ տևեց բուն եկեղեցվո շինությունը մինչև վերջնականապես ավարտելը, որո՞ւ ձեռքով կատարվեցավ բոլոր աշխատանքը, կամ ի՞նչ գործեր հանձնվեցան Անաստաս Ակոռեցու ղեկավարության[22]։

Հովհաննես կաթողիկոսի տված մեկ տեղեկության հիման վրա Անաստաս Ակոռեցին «…սենեկապան լեալ մեծին Ներսէսի՝ և վերակացու շինուածոյ հրաշակերտ եկեղեցւոյն գտանէր հրամանալ Ներսէսի, մինչ էր նա ի հալածանս ի գալստին Տայոց»[23]։

Այս հատվածի հիման վրա հառաջ եկած է անշուշտ այն շփոթությունը, թե Ներսեսի հեռացած ժամանակ եկեղեցին տակավին վերջացած չէր, հետևաբար Անաստաս Ակոռեցին շարունակեց եկեղեցվո շինությունը մինչև Ներսեսի վերադարձը։ Այս թյուրիմացության ոչ նվազ նպաստեր է Սեբեոսի «արկ ի միտս իւր կաթուղիկոսն Հայոց Ներսէս շինել իւր բնակութիւն»[24]։ Խոսքին սխալ ըմբռնվելը, ինչպես բացատրեցի վերևը, որպես թե նախ կաթողիկոսարանը շինվեր է և հետո եկեղեցին հիմնարկվեր է։

Բուն եկեղեցվո համար տաշված որմասյան կտորին, մոտակա կաթողիկոսական բնակության հատուկ շինության հիմին մեջ հյուսված լինելու փաստը առանց ի նկատի ունենալու, եթե Սեբեոսի «արկ ի միտս իւր» խոսքը կաթողիկոսական տան նախապես շինված լինելուն իբրև ապացույց ընդունենք, այն ատեն պիտի տեսնենք, որ Հովհաննես կաթողիկոս պարզապես ինքզինքին պիտի հակասած լինի, որովհետև նույն հեղինակը Ներսեսի շինությանց շարունակությանը Անաստասին ղեկավար նշանակվելու տեղեկութենեն առաջ, արդեն գրած է. «Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ՝ զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ՝ շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք»[25]։ Այստեղ «զոր իւր իսկ էր շինեալ» հատկապես շեշտված խոսքը կասկած չի թողուր, որ Ներսես, նախքան յուր մեկնելը, արդեն եկեղեցին ավարտած էր, իսկ վերադարձեն հետո ալ շինած գործերու մասին ղարձյալ խիստ պարզ և հստակ է պատմագրի տեղեկությունը, թե եկեղեցին «պատուար պարսպով» փակեր է, շինելով «ի նմա յարկս բնակութեան ինքեան»[26]։

Ուրեմն, այստեղ պարզ է, որ Ներսես վերադարձեն հետո շինեց յուր բնակարանները և շուրջանակի պարսպով պատեց։

ճիշտ է, որ Հովհաննես կաթողիկոսը ժամանակակից չէր եկեղեցվո շինության, սակայն պետք է հավատալ, որ անպայման ժամանակակից ուրիշ մի հավաստի պատմագրի մանրամասն տեղեկություններեն քաղեր է, անկախ Սեբեոսի պատմութենեն։

Այս տեսությունովս ես չեմ ուզեր հերքել [ 49 ] Անաստաս Ակոռեցու շինությանց ղեկավարության պաշտոն ունենալը և կընդունեմ, որ Ներսեսի բացակայության ժամանակ Անաստաս այնտեղ շինարարական գործ կկատարեր և բանվորներ կաշխատցներ, սակայն ի՞նչ էր անոր աշխատանքը կամ թե ամբողջ շինությանց ո՞ր մասը կղեկավարեր, որոշ պատասխանելու համար վերոգրյալ հարցը պետք է քննել թե ժամանակագրական և թե շինարարական օրենքներու հիման վրա, որն որ դարձյալ մեզ պիտի բերե այն եզրակացության, թե նախքան Ներսեսի մեկնելը եկեղեցին ամբողջ ավարտած էր, իսկ մնացած շինություններեն որոշ մասեր Անաստասի ղեկավարությամբ հառաջ տարվեցան, սակայն ամբողջ շրջակա շինություններու ավարտումը կատարվեցավ Ներսեսի ձեռքով իր վերադարձեն հետո։

Ըստ ոմանց կարծեաց, եթե պահ մը ենթադրենք, որ Ներսես շինությանց գործը 645—648 թվականներեն հետո է սկսած, նաև ընդունենք, թե նախքան եկեղեցին շինելը կաթողիկոսարանը շինեց և հետո հիմնարկեց եկեղեցին, այն ժամանակ այս 645—648 առաձգական թվականներով վրա պետք է որ գոնե երեք տարի ևս ավելցնենք և հասնենք 648—651 թվականները՝ եկեղեցվո հիմնարկության սկզբին հասնելու համար, որովհետև կաթողիկոսական տան այն ընդարձակ շինությունները, ինչպես կտեսնենք տեղի ավերակներով վրա, հազիվ ամբողջանային երեք տարի ժամանակամիջոցի մը մեջ։ Ուստի այդ առաձգական թվականներեն առաջին 648-ը վերցնելով, մինչև Ներսեսի մահը կմնա 13 տարի, իսկ երկրորդ 651 թիվը վերցնելով, կմնա 10 տարի։ Արդ այս թվականներեն եթե զեղջենք Ներսեսի վեց տարվան բացակայությունը, առաջինեն կմնա 7 տարի, իսկ երկրորդեն՝ 4 տարի։ Այս թիվերեն ալ եթե զեղջենք կաթողիկոսարանի շենքերու համար անհրաժեշտ երեք տարի ժամանակամիջոցը, առաջինեն կմնա 4 տարի, երկրորդեն՝ մեկ տարի։ Այս պարզ հաշվով ուրեմն, մարդ որչա՞փ միամիտ պետք է լինի, որ հավատա, թե Զվարթնոցի նման հսկա, տարողությանց նրբին հաշիվներով պատասխանատու և գեղարվեստական բազմակողմանի աշխատանքներ պահանջող մի շենք կարելի կլինի <այդքան կարճ ժամանակամիջոցով ամբողջացնել՝ նույնիսկ 648 թվականեն հաշվելով շինության ձեռնարկության սկիզբը։ Անիի մեջ գագկաշեն բոլորակ ս. Գրիգոր եկեղեցին, որ գեղարվեստական արժանիքով անհամեմատ ստորին ընդօրինակությունն է Զվարթնոցի, առանց որևէ հարակից շինություններու, դարձյալ հինգ տարի տևեր է ըստ վկայության Սամուել Անեցվո, և այդ հապճեպ շինության հետևանք կարող է լինել, որ ՆԿԲ թվականին, վաղահաս կործանման վտանգին դիմագրավելու համար, ներքին կամարներուն ներքև կրկնակի շրջակամար ավելցուցեր են և սյուներու շուրջը մեծ մույթեր հյուսեր են։

Պահ մը ենթադրենք, որ Ներսես 645 թվականին ձեռնարկեց կաթողիկոսական տան շինության և վերջացուց 648 թվականին, որ անկարելի էր ավելի կարճ ժամանակամիջոցում վերջացնել, ուրեմն 649 թվականին պետք էր որ հիմնարկված լիներ բուն եկեղեցին։ Այս թվականեն մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականը կմնա երկու տարի, որովհետև Ներսես 652 թվականի գարնանը հեռացավ, հետևաբար ամռան մեջ գործի ժամանակ բացակա էր։ Ենթադրենք նաև, թե կաթողիկոսական տան շինությունը երկու տարվան մեջ ամբողջացավ, և եկեղեցին հիմնարկվեցավ 648 թվականի գարնանը և ոչ 649–ին, հետևաբար մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականը կմնա երեք տարի։ Արդ շինարարական օրենքներով լրջորեն դատելով, անկարելի էր, որ Զվարթնոց եկեղեցվո մեկ հարկեն ավելին շինել հնար լիներ, որովհետև առնվազն մեկ տարի հարկավոր էր անոր ահագին թանձրությամբ հիմերը այնքան խնամքով լեցնել, ինչպես կտեսնենք տեղին վրա, իսկ մնացած երկու տարվան մեջ հազիվ կարող էին առաջին հարկի մինչև պսակները բարձրանալ, ինչքան ալ որ գործավոր և հում շինվածանյութ պատրաստ լիներ շենքին մոտը։ Ուրեմն առաջին հարկեն վեր, երկրորդ հարկը և գմբեթը մինչև կատար Անաստաս Ակոռեցու ղեկավարությամբ պետք է շինված լինին։ Բայց արդյոք Անաստաս Ակոռեցին կարող էր մենակ ղեկավարել այդ պատասխանատու և վերին աստիճան արվեստագիտական հմտություն ու գեղարվեստական ըստ ամենայնի զարգացած ճաշակ պահանջող գործը, մինչև իսկ առանց ճարտարապետի հսկողության, քանի որ կայսրը 652 թվականի գարնանը եկեղեցին շինող ճարտարապետին ալ միասին տարավ՝ ըստ Մովսես Կաղանկատվացու վկայության։ Այժմ քննենք այս խնդիրը։ [ 50 ] Ըստ իս, ոչ Ներսես կարող էր վստահել Անաստաս Ակոռեցուն այնքան խոր հմտություն և զարգացած ճաշակ պահանջող գործին ղեկավարությունը, և ոչ ալ Անաստաս հանձն կառներ իր հմտութենեն ու գիտակցութենեն բարձր գործի մը պատասխանատվությունը։ Ներսեսի հանձնարարությունը կարող էր ճիշտ լինել, բայց ոչ երբեք բուն եկեղեցվո նկատմամբ։

Բուն եկեղեցվո շինության ղեկավարությունը Անաստաս Ակոռեցուն հանձնված չի լինելուն մեկե ավելի ապացույցներ կարելի է գտնել, իսկ կողմնակի շինություններու մասին կարելի է հավատալ, որովհետև որոշ մասերու մեջ Ներսեսի ճաշակի և գիտակցության բացակայությունը ակներև է։

Ով որ արվեստագիտական աչքով կդիտե այսօրվան մեր ձեռքը հասած Զվարթնոցի ավերակներն ու անոր ճարտարապետական բեկորները, կտեսնե, որ ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված է գեղագիտական հմտությամբ օժտված ղեկավարի մը շնորհքը և Ներսեսի հատուկ ճաշակը։ Այդ շնորհքը կամ գիտությունը Զվարթնոցի ինքնուրույն ոճի նկատմամբ, Անաստաս Ակոռեցին երբեք չէր կարող ունենալ։ Բացի այն, որ պատմական տեղեկությունները Անաստասի շատ սահմանափակ զարգացումը կապացուցանեն, այլև մոտակա շինությանց մեկ մասին մեջ, որուն կառուցումը Անաստասի ղեկավարությամբ կատարված լինելը հավանական է, կան այնպիսի բնորոշ մասեր, որոնք Ներսեսի ներկայությամբ կամ անոր ղեկավարության ներքո երբեք չէին կարող շինվել այնպես, ինչպես որ կա այժմ:

Զվարթնոց տաճարի պատուհաններու լայնության ու բարձրության անհամեմատ խոշոր համաչափությունները, լույսի և օդի մասին Ներսեսի բացառիկ գիտակցության միայն կարելի է վերագրել։ Ե—է դարերը, որ հայ եկեղեցական ճարտարապետության մեջ խոշոր ու լայն բացվածքներով պատուհաններու շրջանն են, նույն դարերու մեջ կանգնված ոչ մի հիշատակարանի վրա չենք գտներ ոչ միայն Զվարթնոցի պատուհաններու լայնության և բարձրության հավասարող պատուհաններ, այլև բազմաթիվ պատուհաններու միջոցով լույսով ողողված մի տաճարի ներքին։

Բացի պատուհաններու խոշորությունը և այլազան ձևերով անոնց բազմաթիվ լինելը, աստիճաններեն քիչ վերև հավասար բարձրությամբ և հավասար մակարդակի վրա շարված լինելը միմիայն Զվարթնոցի հատուկ ինքնուրույն բացառություն է, իսկ ասոր հակառակ, Ե—ԺԴ դարերուն մեջ կանգնված բոլոր հիշատակարաններու վրա պատուհաններ, գրեթե առանց բացառության, ոչ միայն թվով սահմանափակ են, այլև դասավորված են թե անհավասար բարձրության վրա և թե անհավասար չափերով, նույնիսկ միևնույն ճակատի վրա, միևնույն ժամանակ անհամեմատ բարձր դրված հողի մակերևույթին կամ աստիճաններեն վերև, ըստ քմաց ճարտարապետի կամ ըստ ժամանակի ոգու պահանջման։

Համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը, ոչ միայն Հայաստանում մի ընդհանուր պահանջ է եղած հայոց հին ճարտարապետության մեջ, այլև եկեղեցիներու պատուհաններու տեսակետով, կարծեք մի խորհրդավոր թիվ կար և հատուկ տեղ անոնց համար՝ եկեղեցվո պատերուն վրա, որով գրեթե սկզբեն մինչև վերջը տարօրինակություն մը կգտնենք անոնց տեղին և դիրքին նկատմամբ հազվադեպ բացառությամբ։

Եկեղեցվո կառուցման ոճի և ճաշակի բոլոր կանոնավորություններու հակառակ, մերձակա կաթողիկոսական տան շինությանց մեջ Ներսեսի բացակայությունը միանգամայն զգալի է։ Այսօր մեզ հասած ըստ բավականին բարձրությամբ պատերու վրա պատուհաններու բնավ հետք չի գտնվելեն զատ, ներսի կողմեն գետնադամբանի մը նման աղեղներով ու կամարներով խճողված են բացառությամբ կաթողիկոսական մեծ դահլիճի և անոր հարավակողման մի քանի բաժանումներու. ամենայն հավանականությամբ պատուհաններ կամ շատ բարձրեն դրված էին և կամ տանիքեն լույս ստացած էին։

Ծանրատեսիլ, համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը, գլխավորապես մասնավոր շենքերու, բնակարաններու, դամբարաններու և եկեղեցիներու հարակից շինություններու համար շատ սովորական երևույթ էր Հայաստանի մեջ, սակայն Ներսեսի անձամբ ծրագրած բուն եկեղեցվո շենքին համաչափություններն ու հարամասունքներու պատշաճ դասավորությունները գրեթե սովորական են Ներսեսի շրջած ու գործած Արևմտյան և Հարավային երկիրներու ճարտարապետական ոճերուն, ինչպես հռոմեականը, բյուզանդականը և սիրիականը։ Եվ այս վերջինիս ներգործությունը Զվարթնոցի վրա ավելի [ 51 ] զգալի է՝ քան ուրիշ արևմտյան ոճերը, հակառակ Ներսեսի վերագրված հունասիրության կամ բյուզանդական դաստիարակության։

Մովսես Կաղանկատվացու տված մի տեղեկությունը շատ բան կպարզե Զվարթնոցի շինության ղեկավարության և շենքի ավարտման ժամանակի մասին։

Կաղանկատվացին կպատմե, թե Ներսես «…էր հայրագիր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից ի Քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր և ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յաւէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր, զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն։ Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր՝ ի ճանապարհին վախճանէր»[27]:

Ներսեսի Կոստանդ կայսեր հայրագիր լինելուն և կամ անոր ծախքով եկեղեցին շինած լինելուն մասին ինչ հայացք ալ որ ունենան քննադատներ, այնուամենայնիվ, Կոստանդի Հայաստան գալու թվականի որոշությունը և անոր հետ կապված Կաղանկատվացու Զվարթնոցի վերաբերող հատվածը ոչ միայն հեռու է առասպել լինելե, այլև եկեղեցվո ավարտման ժամանակն ալ կճշտե։

Կայսեր Դվինի կաթողիկոսարանի մեջ Ներսեսի հյուր լինելու թվականը արդեն 652 լինելը ընդունված է։ Զվարթնոցի հիմնարկության թվականը ընդունելով 643, մինչև 652 թվականը ինը տարվա ժամանակամիջոց մը կա, որ լիովին բավական էր եկեղեցու շինությունը ի կատար ածելու, և կասկած չի կարող լինել, որ Ներսես օգտվելով առիթեն՝ փութացուց օծման հանդեսը և եկեղեցու շինության մեկենաս կայսերն ալ հրավիրեց հանդեսին։ Ուրեմն այստեղ առասպելական ոչինչ չիկա, Մովսես Կաղանկատվացին չէ գրած, որ կայսրը Պոլիսեն հրավիրվեցավ Հայաստան հատկապես եկեղեցվո օծման հանդեսին համար, այլ պարզ հրավերի մը վրա է խոսքը։ Ի՞նչ կասկած կարող է լինել, որ այդ հրավերը եղավ Դվինեն դեպի Վաղարշապատի առապարի նորակառույց եկեղեցին։

Եթե Կոստանդ կայսեր ծախքով շինվելը պիտի համարվի առասպել, ապա նախ պետք է հերքել Ներսեսի Կոստանդ կայսեր հայրագիր լինելու փաստը։ Երբ այս մասին բացասական ոչ մի ապացույց չունինք, այն ժամանակ, շատ բնական է, որ Կոստանդ չէր խնայեր իր հարուստ գանձարանեն նվիրաբերել, իր հայրագրին բաղձանքին գոհացում տալու համար, այնպիսի մի ժամանակի մեջ, երբ արաբներու արշավանքով Հայաստան արյան ու կրակի մատնված, թալան ու կողոպուտներով նյութապես քայքայված, երբեք հնարավորություն չէր կարող տալ Ներսեսին՝ իր հղացած ծրագիրն իրագործելու։

Եթե նախքան եկեղեցվո հիմնարկությունը կաթողիկոսական տան շինության ձեռնարկված լիներ, նույնիսկ եթե ընդունենք 645—48 առաձգական թվականը մինչև կայսեր Հայաստան գալու 652 թվականը, անշուշտ ավարտած կլիներ կաթողիկոսական տան շինությունը, կաթողիկոսն ալ փոխադրված կլիներ այնտեղ ըստ իր կանխակալ մտադրության, և կայսրն ալ կհյուրասիրվեր նորաշեն կաթողիկոսարանի մեջ։ Այս պարագան ալ ցույց կուտա, որ եկեղեցին ավարտած էր և պատրաստ օծման հանդեսին, սակայն բնակարանն էր թերի մնացած, որ դարձյալ Ներսեսին պիտի վիճակվեր ավարտել, կամավոր աքսորեն վերադարձեն հետո։ Իսկ եկեղեցին այնպիսի մանրամասն կատարելությամբ ավարտված պիտի լիներ, որ իրավամբ կայսեր հիացումը գրավեց և ստիպված եղավ ճարտարապետին միասին տանելու իր պալատական եկեղեցին ալ նույն ձևով շինել տալու համար բուզանդական մայրաքաղաքին մեջ. եթե ոչ, ոչ կայսրը առիթ կունենար հիանալու և ճարտարապետին հրավիրելու միասին գնալու համար, և ոչ ալ կայսրը թույլ կուտար իրեն ծախքով սկսված այդ հոյակապ գործին վրայեն, դեռ անկատար վիճակի մեջ ճարտարապետին հեռացնել, եթե նույնիսկ Ներսես չընդդիմանար կայսեր այդ դժվարին առաջարկին։

Մովսես Կաղանկատվացու տված տեղեկությունը իսկապես առասպել կլիներ, եթե եկեղեցվո ավարտումը Ներսեսի վերադարձեն հետո համարելով, անկախ կայսեր 652 թվականին Հայաստան գալեն, խոսքը մի երկրորդ այցելության կամ Ներսեսի վերադարձեն հետո եղած հրավերի մը մասին լիներ, որովհետև Ներսես 659 թվականին էր, որ վերադարձավ Տայքեն և երկու տարի միայն հազիվ կյանք ունեցավ անկեց հետո։ [ 52 ] Ենթադրենք, թե Ներսես այդ երկու տարվան մեջ ամբողջացուց թե եկեղեցին, թե շրջակա շենությունները և կայսեր ալ հրավիրեց Հայաստան 659 և 661 թվականներու միջոցին։ Այդ Ժամանակվան պատմական խոշոր անցքերը եթե ի նկատի ունենանք, պիտի տեսնենք, որ այդ թվականներուն ոչ Ներսես կհամարձակեր կայսրը հրավիրելու, և ոչ ալ կայսրը կուգար Ներսեսի նորաշեն եկեղեցին շնորհավորելու։

Ներսես Տայքեն վերադառնալեն հետո էր, որ Բյուզանդական կայսրության Հայաստանի վրա ունենալիք պաշտպանութենեն հուսահատ, իշխաններու խորհրդով Հայաստանը դրավ արաբաց իշխանության տակ, որով Ներսեսի և կայսեր բարեկամական հարաբերությունը միանգամայն խզվեցավ։ Այդ թվականներուն կայսրը, եթե Հայաստան գար, պատմական այդ խոշոր իրողությունը մեր պատմագրաց կողմանե անհիշատակ չի մնալեն զատ, այդ գալուստը կլիներ ավելի շուտ իբրև ապստամբ երկիր Հայաստանը ջնջելու և Ներսեսին ալ պատժելու համար։ Գուցե տեղի ունենար կայսեր կողմանե այդպիսի մի տխրառիթ այցելություն առանց հրավերի սպասելու, ինչպես նախորդ անգամին, սակայն նույն ժամանակներուն թե Բյուզանդական արքունիքի մեջ տեղի ունեցող ներքին պառակտումները և թե արտաքուստ երկրին սպառնացող վտանգները միանգամայն մոռացուցին կայսեր հայն ու Հայաստանը։

Ուրեմն, մինչև այստեղ իմ կատարած հետախուզության հիման վրա եզրակացությունս այն է, որ Զվարթնոց եկեղեցին հիմնարկվեցավ 643 թվականեն ոչ ուշ, հավանորեն եկեղեցվո շենքը բավական հառաջ գնալեն հետո, թերևս ավարտման մոտ, հիմնարկեցան կաթողիկոսարանի հատուկ շինությունները։ Անաստաս Ակոռեցին շարունակեց կիթողիկոսարանի շինությանց մեկ մասը, բացառությամբ մեծ դահլիճի և անոր հարակից բաժանումներու։ 659 թվականին Ներսես՝ իր վերադարձեն հետո ամբողջացուց կաթողիկոսական բնակությանց հատուկ շենքերը և պարսպով պատեց եկեղեցին:

Արդյոք Ներսեսի Վաղարշապատի առապարին մեջ սկսած շինարարական գործը սահմանափակված էր եկեղեցիով ու կաթողիկոսարանո՞վ, թե՞ ուրիշ շինարարական ավելի մեծ և ընդարձակ ձեռնարկություններ ունեցավ։ Եթե ունեցավ, ի՞նչ աստիճան կարողացավ հառաջ տանել ծրագիրը։ Այս հարցերում հաստատական որևէ կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանալ Ներսեսի անձնական նկարագրին և բովանդակ կենսագրության, հիմնված պատմագրական մի քանի աղոտ, բայց բնորոշ ակնարկներու վրա։

Այս մասին իմ անհատական կարծիքս, թե նա հղացած էր մի մեծ և փառավոր ծրագիր, որ կոչված էր իր անվան մեծ փառքը և այսօր մեր ազգին պարծանքը լինելու, սակայն դժբախտաբար վաղաժամ մահը իր խանձարուրին մեջ խախտեր է Ներսեսի բոլոր քաղաքակրթական և գեղարվեստական ծրագիրներու լիակատար իրագործման ջերմ ակնկալությունները։ Եթե այդպես չի լիներ, նա չէր կարող Շինող պատվանունը ստանալ ժողովրդի կողմանե, Զվարթնոցը և ուրիշ քանի մը մանր ու միջակ շինություններ բավական չէին զինքը այդ մականվամբ օժտելու, եթե ինքը ոչ միայն եկեղեցաշեն, այլև աշխարհաշեն հատկություններով օժտված չի լիներ։

  1. Թորմանյան Թ., Նյութեր… հ. 1, էջ 251-259: Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 25-28
  2. Սեբեոս, նշ. աշխ., էջ 192-193
  3. Սեբերա, նշվ. աշխ., էջ 244։
  4. Մովսեսի Կսւղանկատւացւոյ սլատմութիւն Աղու անից աշխարհի, Մոսկվա, 1860, էջ 255։
  5. Ղևոնդ, նշվ. աշխ., էջ 14։
  6. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 83—84։
  7. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ, աշխ., էջ 88։
  8. 2 Ասողիկ, նշվ. աշխ., էջ 88—89։
  9. Պատմութիւն տանն Արծրունեաց ի Թովմայ վարդապետէ Արծրունւոյ, Կոստանդնուպոլիս, 1852, էջ 260։
  10. ։Սամուել Անեցի, նշվ. աշխ., էջ 83։
  11. Պատմութիւն Հայոց արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ, Թիֆլիս, 1909, էջ 58։
  12. Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն հայոց, Մոսկվա, 1860, էջ 50։
  13. Հաւաքումն պատմութեան, Վարդանայ վարդապետի լոաաբանեալ, Վենետիկ, 1862, էջ 67 (Պարզված է, որ «Հաւաքումն պատմութեան» երկի հեղինակը Վարդան Արևելցին է։ Տե՛ս Հայ մշակույթի նշանավոր գործիչները, Ե., 1976, էջ 319—խմբ.)։
  14. Նույն տեղում, էջ 69
  15. Սերբեոս, նշվ. աշխ., էջ 192:
  16. Նույն տեղում։
  17. Հովհաննես Դրասխանակերտցի նշվ. աշխ., էջ 88։
  18. Սամուել Անեցի նշվ. աշխ., էջ 83։
  19. Վարդան Բարձրբերդցի Հաւաքումն պատմութեան, էջ 67։
  20. Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն հայոց, Մոսկվա, 1860, էջ 50։
  21. Կիրակոս Գանձակեցի Պատմութիւն հայոց, էջ 58։
  22. Անաստաս Ակոռեցին «…սենեկապան Ներսէսի… որ նորին հրամանաւ շիներ զսուրբ Գրիգորն, մինչ էր նա ի Տայս»։ Տես Հավաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լոաաբանեալ, Ազգապատում, Վենետիկ, 1862, էջ 735։ Անաստաս Ակոռեցիին շինելու մանրամասնությունները–Ազգապատում, էջ 746, Հովհաննես կաթողիկոսեն քաղված (ըստ Թ. Թորամանյանի– կազմողներ)։
  23. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 90։
  24. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 192։
  25. Հովհաննես Դրասխանակերացխ նշվ. աշխ., էջ 88։
  26. Նույն տեղում։
  27. Մովսես Կաղանկատվացի, նշվ. աշխ., էջ 363—364։