Զրույց սև թթի, սպիտակ վերնաշապիկի, մերկ թագավորի, Պըլը-Պուղու, թթի օղու և այլնի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դաշտ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Զրույց սև թթի, սպիտակ վերնաշապիկի, մերկ թագավորի, Պըլը-Պուղու, թթի օղու և այլնի մասին)

Վարդան Հակոբյան

Cosmos
ԶՐՈՒՅՑ ՍԵՎ ԹԹԻ, ՍՊԻՏԱԿ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ, ՄԵՐԿ ԹԱԳԱՎՈՐԻ, ՊԸԼԸ-ՊՈՒՂՈՒ, ԹԹԻ ՕՂՈՒ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ


(Ժողովրդական)

Սեւ թթենու տակ,
սպիտակ վերնաշապիկը հագին,
շուրթերին՝ սեւ թթից էլ սեւ բառեր,
նստել է Մելիք Շահնազարը՝
Հայոց Արեւելից աշխարհ Արցախի տերն ու արքան,
որ երկրի դարպասները բացել է շեյթանների առաջ,
ունկերում ձենն է Պուղու.
-Թագավորը մերկ է...
-Հա, հա, հա...,- քրքիջների արձագանքը
երաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամից
վրա է տալիս, ծառին էլ թո՞ւթ կմնա։
-Պուղի, չեղավ,- Մելիքն է,- ազգն ինձ կուտի,
ո՞նց թե՝ ես մերկ եմ, միտքն այս ուզում եմ մեկնել։

Սեւ թթենու սեւ թութը
մի սպիտակ երակ ունի.
-Թագավորը մերկ է... ազգի խաթրու,
որ մարդիկ չասեն՝ մենք սոված, տկլոր,
թագավորը տես ոնց է հագել...
-Հա, հա, հա...,- քրքիջների արձագանքը
երաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամից
վրա է տալիս, Շոշում էլ թո՞ւթ կմնա։

Սեւ թթենու սեւ թութը
մի սպիտակ երակ էլ ունի.
-Թագավորը մերկ է... գիտեք՝ ինչո՞ւ,
որ իր հագնելիք-կապելիքն էլ ազգը վայելի,
իր տերությունում սոված ու տկլոր մարդիկ չլինեն։
-Հա, հա, հա... ,- քրքիջների արձագանքը
երաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամից
վրա է տալիս, Ղարաբաղում էլ... թոթդ կմնա։

Սեւ թթենու սեւ թութը
մի սպիտակ երակ եւս ունի.
-Թագավորը մերկ է... Ի՜նչ տգետ ազգ ենք,
դարեր պետություն, թավագավոր չենք ունեցել
եւ մինչեւ հիմա չենք էլ իմանում՝ էլ ի՞նչ թագավոր, որ մերկ չլինի։
-Հա, հա, հա... ,-քրքիջների արձագանքը
երաշտ տարվա սեւ քաշերի սեւ երամի պես միանգամից
վրա է տալիս։

-Չէ, չէ սեւ թութը սեւ է, թագավորն ապրած կենա,
սեւ թութը թե որ սպիտակ երակ ունենար,
սեւ թթից էլ օղի դուրս կգար,- ժպտում է Պուղին։

Սեւ թթենու տակ
սպիտակ (արդեն՝ սեւ) վերնաշապիկը հագին,
շուրթերին՝ սեւ թթից էլ սեւ բառեր,
նստել է Մելիք Շահնազարը՝ բաժակը ձեռքին քարացած, իսկ Պուղին
խմում է սպիտակ, սպիտակ, խնկահամ թթից դեռ չքաշած օղին.
-Կենացդ, Ղարաբաղ...