Էլի նորան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Էլի նորան

Հակոբ Հակոբյան


Էլի նորան


Այո՛, դո՛ւ էիր, որ արմատախիլ
Արիր իմ մատաղ կյանքի ծաղիկը,
Դո՛ւ էիր, որ քո անմիտ վարմունքով
Երգչիս դարձրիր քո խաղալիքը։

Եվ ուրախ էիր, որ քո դյութական
Քմահաճությամբ մի սիրտ մաշեցիր․
Դու ետ չըդարձար նայելու անգամ,
Ո՜րչափ անողորմ ինձ հետ վարվեցիր։

Եվ ո՛չ ցավեցիր, որ համառ կամքով
Քարուքանդ արիր սիրույս աղբյուրներ,
Ուր ցայտում էին անզուսպ հոսանքով
Ազնիվ ձգտումներ, սուրբ նպատակներ։

Ասա՛ գոնե այժմ, ե՞րբ պիտի մոտ գաս
Այս կորստաբեր ցավից փրկելու,
Լուռ տանջվող երգչիս, ե՞րբ պիտի հույս տաս
Մեր սիրո դաշն կրկին կապելու․․․

Օ՜, այն ժամանակ․․․ եթե իմանաս,
Որպես պիտ տոնեմ իմ վերածնություն,
Որպես պիտ գրկեմ սիրովդ ներշնչված՝
Նոր կյանք խոստացող համայն բնություն։


1894