Էլ մի՛ խնդրիր․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էլ մի՛ խնդրիր․․․

Ալեքսանդր Ծատուրյան

ԷԼ ՄԻ՛ ԽՆԴՐԻՐ…

Էլ մի՛ խնդրիր, մանո՛ւկ սիրուն,
Տանջված սրտից քեզ նվեր՝
Ո՛չ երգ այրող, երգ վառվռուն,
Ո՛չ սիրո մեղմ նվագներ…

Զուր են, հոգյա՛կ, քո խանդալից
Այդ նոր ժըպիտն ու գգվանք.
Դու չես ցրվիլ իմ հեգ սրտից
Նենգված սիրո տառապանք…

Այն սև օրից, երբ փշրեցիր
Դու հույսերըս ոսկեվառ,
Անկեղծ սերըս անարգեցիր,—
Քնարս լռեց քեզ համար։

Այն օրից իմ այրված սրտում
Շիջավ չքնաղ քո պատկեր.
Այժմ անվերջ իմ երգերում
Ես գգվում եմ մի այլ սեր։

Սեր դեպի հոգս ու կարիքի
Քրտինք թափող զավակներ.
Սեր դեպի իմ ստրուկ ազգի
Կյանքը մաշող կապանքներ…

Այդ սերն է ինձ այժմ, ո՛վ կույս,
Ոգևորում, սիրտ տալիս.
Նա՛ է բուռըն խանդը հոգույս,
Այրվող նյութը երգերիս…
1890, 10 հունիսի