Էպիգրամներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուտիճը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Էպիգրամներ)

Վարդան Հակոբյան

Փիս մարդը
ԷՊԻԳՐԱՄՆԵՐ


1.
Էն գլխից խոնարհ քայլում էր կողքիս,
Քսմսվում էր միշտ, անուշ կաղկանձում.
Մի օր էլ տեսա՝ կառչել իմ փողքից,
Իր ըռխին լայեղ՝ կծել է ուզում։
Եվ կծեց... Սակայն, գիտե՞ք, թե ինչից,
Մտերմախաղում աճած իր պոչից։

2.

Լ.Չ.Ֆ.-ին


Ցավը բռնեց՝ պաշտոն տվեք... Տարան նրան ուրիշ տեղ,
Դա էլ չօգնեց, ի՞նչ անեին, տվին նրան ուրիշ դեղ,
Դարձյալ ոչ մի աճ չերեւաց, բացի գանգուր միրուքից,
Այն էլ, ավա՜ղ, ասես բուսած միանգամայն... ուրիշ տեղ։

3.
Չմոռացավ տեղը պահել պատշաճ մոդան,
Զինվորական զգեստ հագավ, մտավ «մեյդան».
Հիվանդացավ՝ երբ որ պիտի մարտի գնար,
Իսկույնեւեթ՝ ձեռքը առավ մարտի քնար։

4.
Սրան նայեցեք, այս ողորմելի խեղճ ու անգետին,
Հորթուկին կյանքը թվում է կանաչ մի մարգագետին.
Աջ-ձախ դասեր է տալիս մաքրության, հղում է կոչեր,
Մինչդեռ՝ ճանճերի խրախճանք է իր վեր տնկած քթին։

5.
Այս լուն, նայեցեք, այս ոջլամանչը,
Խայթում է որպես բութ շնաճանճը,
Արյուն է ծծում, բայց ինքն՝ անարյուն,
Իր մեջ՝ կծողաց հին արյան կանչը։

6.
Ինքն իր կեղտի մեջ «կայֆ» գտած ճիճուն,
Թեպետ ի ծնե ապրում է ճահճում,
Մեկ-մեկ աշխարհիկ վայելքներ եւ կյանք,
Անգամ արծվի թեւ ու գահ է տենչում։

7.
Թե պետք եկավ, չքանում է՝ չկա՛մ ես,
Անբան է, ծույլ, բայց իր աչքում՝ լծկան եզ.
Հոխորտում է ակունքներից ջինջ, վարար,
Տողին նայես՝ ընդամենը... մկան մեզ։