Էջ:«Armenia og armenierne.» (Bodil Biørn okt. 1944).pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- 10 -

Չգիտեի, թե էլ ինչպես պետք է հաջողացնեի։ Հետո սկսեցի աշխատել փախստականների ճամբարում՝ հիվանդների և կանանց շրջանում։ Մի քանի փոքր և մեկ մեծ ճամբար կար՝ 12-15 000 մարդկանցով։ Նրանք ապրում են փոքր խղճուկ քոթեջներում կամ մեծ համայնքային բարաքներում։ Մեծ ճամբարով կոյուղու խողովակ էր անցնում, որը շատ վնասակար էր առողջության համար։ Հայերը փորձում էին ձևավորել տան առջևում գտնվող փոքրիկ այգիները։ Շատերը չունեին անկողին, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր։ Շատերը երջանիկ էին, եթե չոր հաց ունեին ուտելու։ Շատ բան կար անելու, և ես երջանիկ էի, որ Աստված մեզ վստահել էր այդ ծառայությունը մատուցել ամենաթշվառներին։ Հալեպի մոտ մեծ հայկական շրջան կար՝ Նորգյուղը՝ բազում նոր, փոքր տներով, որտեղ մոտ 6000 մարդ էր ապրում․ նրանք էլ մեծ կարիքի մեջ էին։ Պետք է վճարեին հիմնական վարձը, պատուհանների, դռների և այլնի համար։ Եվ նորից պետք է օգնեինք ինչ-որ մեկին նոր տան հարցով։ Մի քանիսին էլ օգնեցինք, որ ոտքի կանգնեն:

Հոգեպես ևս մարդիկ մեծ դառնություն էին զգում։ Վերջիվերջո, այս նոր եկած փախստականներից շատերը 10 տարի ապրել էին քրդերի շրջանում, իրենց կյանքը փրկելու համար աշխատել նրանց համար։ Բացարձակապես մոռացել էին իրենց քրիստոնյա լինելը, նույնիսկ Տերունական աղոթքը։ Այդպիսին էին հատկապես առաքելական եկեղեցու կանայք, որոնք պատկանում են հին հայկական եկեղեցուն․ հենց նրանցից էլ սկսեցի իմ գործը, քանի որ նրանք ամենաանկիրթն էին։ Բողոքականները սովորաբար ավելի լուսավորված էին։ Փախստականներից շատերը Խարբերդի շրջանից էին, Մուշից, Ուֆայից և Զեյթունից։ Բոլորն էլ խոսում էին հայերեն, իսկ Կիլիկիայից եկածները՝ հիմնականում թուրքերեն, քանի որ թուրքերն այնտեղ արգելում էին հայերենը։ Ինձ օգնում էր Աստվածաշունչ կարդացող մի կին, որը խոսում էր և՛ հայերեն, և՛ թուրքերեն։ Սկզբում սկսեցինք աշխատել մի մեծ լավ շենքում, որտեղ բազում փախստականներ էին հավաքվել։ Մի քանի կանանց հետ շաբաթը մեկ անգամ ժամերգություն էինք անում այնտեղ։ Այնտեղ նաև կիրակնօրյա դպրոց հիմնեցինք․ մեկն էլ հիմնեցինք Աքքաբա ճամբարում, որտեղ շատ երեխաներ էին եկել։

Նորգյուղում և 4 այլ ճամբարներում կանանց համար շաբաթը մեկ հանդիպումներ էինք կազմակերպում, Աստվածաշունչ կարդացող կինը նրանց Աստվածաշնչյան գիտելիքներ էր փոխանցում, սովորեցնում էր կարդալ և գրել։ Բացի այդ, կանանց համար երկու երեկոյան դպրոց էլ ունեինք, որտեղ երկու հայ հավատացյալ ուսուցիչներ էին դասավանդում։ Որոշ ժամանակ նման դպրոց ունեինք նաև տղամարդկանց համար։ Հաճելի էր տեսնել այդ անկիրթ կանանց առաջադիմությունը։ Նրանք հավատալով էին հաճախում դպրոց։ Թեև ամբողջ օրը աշխատում էին, շաբաթը երկու անգամ հաճախում էին երեկոյան դպրոց՝ ժամը 8-10-ը։ Նրանք սովորում էին Աստվածաշունչ, կարդալ, գրել և հաշվել։ 1932 թվականին նրանց շրջանում հավատացյալներ ի հայտ եկան, մի քանիսն Աստծո կյանք մտան և նվիրվեցին Նրան։ Օրհնյա՜լ լինի Աստված։

Շաբաթը մեկ անգամ մեր տանը հավատացյալ կանանց հետ հանդիպում ունեի։ Նախ աղոթում էինք, հետո խոստովանում․ ոգևորիչ էր լսել այդ խեղճ կանանց խոստովանությունները։ Թող Աստծո գթասրտությունը պահպանի նրանց։

Նորվեգացի ընկերներն օգնում էին մի քանի այրիների, նրանցից շատերը ծեր էին և կույր։ Շատ լավ էր ամեն ամիս օգնել այդ միայնակ ծեր մարկանց։ Ամեն ամիս նրանք նաև քարոզ էին լսում։ Նրանցից մի քանիսը շատ անգրագետ էին, բայց որոշներն էլ Աստծո զավակներն էին, ինչպես Վարդուհի Կույումջյանը, ում տնակում էլ կազմակերպում էինք մեր հանդիպումները։ Նա շատ ուրախ էր լսել Աստծո խոսքը, խոստովանում էր նաև մյուսներին։ Բազում հիվանդ մարդկանց համար բժիշկ, դեղորայք, սնունդ և այլն ունեինք։ Աքքաբա ճամբարում շատ ծերեր ապրում էին սարսափելի, սառը նկուղային տներում։ Նրանց մեջ կային նաև աչքի հիվանդությամբ տառապողներ։ Այնտեղ ես հանդիպեցի Մարիամ Մարգարյանին՝ մի ծեր միայնակ կնոջ, որը կորցրել էր իր ամբողջ ընտանիքին և որը եկել էր Խարբերդից։ Նա կատարակտ ուներ։ Մի լավ հայ ակնաբույժ ունեի, որը վիրահատեց նրան և վերադարձրեց տեսողությունը։ Քանի որ կարող էր կարդալ, նրան իսկապես մի լավ Կտակարան տվեցի։ Հավատարմորեն գալիս էր մեր հանդիպումներին և հավատափոխ եղավ։ Անկեղծ բարևներ է ուղարկում նորվեգացի ընկերներին։ Նա ասաց ինձ․ «Ի՜նչ երախտապարտ եմ,