Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 01.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԳԻՆ ԲԱՐԵՐԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ


Ա

Երկու եղբայրներ էին անոնք՝ Փորսուխենց Մարսուպ և Խաչեր աղաները, որոնք կըլլային մոտավորապես 40—50 տարեկան, մեծ ընտանիքով։

Արվեստով ոսկերիչ, հին վարպետներ։

Փորսուխենց տան փառասիրական ավանդությունն էր այն, որ քաղաքի մայր եկեղեցիի կալվածը մեկ մասն էր Մարսուպի և Խաչերի մեծ, ընդարձակ պարտեզին՝ ատենին նվիրված ազգին իրենց պապի կողմեն, որուն իբրև հոգեկան վարձատրություն, պապի գերեզմանը կը հանգչեր եկեղեցիի պատին քովիկը, փոքրիկ գերեզմանոցի մը մեջ, տեսակ մը պանթեոն, որ ամեն գավառական եկեղեցի կունենար։

Մեծ օր էր Փորսուխենց տան համար, երբ, տարին անգամ մը, հոգեհանգստի ժամանակ, ավագ քահանան պիտի հիշեր այդ նվիրատվությունը։ Այդ օրը Փորսուխենց տան բոլոր մարդկային տարրը կը հավաքվեր լսելու համար այդ հիշատակությունը։

Մարսուպ աղան, երեցը, լուռ մարդ էր, խոժոռ, կախ ինկած ականջներով, կարճահասակ, կլոր, թրքական ոճով մորուքին մեջ արդեն ճերմակը ալիք կուտար։ Այնքան լուռ ու խոժոռ էր Մարսուպ աղան, որ շատերուն սկսած էր ապուշության կասկածներ ներշնչել։

Իսկ, ընդհակառակը, Խաչեր աղան սարսափելի շատախոս, կռվարար, ուրիշներու գործին խառնվող, եկեղեցի և ազգ իր սեփականությունը համարող, անոնց գործերու վատ ընթացումը իր դատապարտելի անտարբերության վերագրող մարդ էր։ Ֆիզիկականով նման իր եղբոր մազերու ավելի քիչ ճերմակով և գլուխը ճաղատ։

— Երկու եղբայրներն ալ իրարու քիթե են ինկեր,— կըսեին բոլոր ճանաչողները։

Կասկած չիկար, որ Մարսուպ աղան ավելի իմաստուն մարդ կը կարծվեր, քան Խաչեր, որուն ակռան ամենուն մսին և ոսկորին դպած էր։