Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Խաչե՛ր,— կըսեր Մարսուպը իր եղբոր, տարին մեկ անգամ,— էդ գործերուն մեջեն պոչդ դուրս քաշե։

— Չէ՛, դուն տեղդ ձանտր նստե, ես բոլորին կը սովրեցնեմ,— կը գոռար Խաչերը։

Մարսուպը կը լռեր, կը խոժոռեր, քիթը կը կախեր և կնիկը առած կը հեռանար իր սենյակը, հազալով և գլուխը շարժելով դժկամության արտահայտությամբ։

Ապա Խաչերը կը դառնար իր կնոջը.

— Իմ պապս որ չըլլեր, էն եկեղեցին հիմա չիկար, բոլորըս պետք էր տաճիկ դառնայինք, իմ խոսքս պիտի ընեմ, ի՛մ խոսքս, վերջացա՛վ։

— Մարդոց աննամուսը շատ է, դուն գլոխ չես կրնար ելլալ, Աղան շիտակ է,— կըսեր կինը։

— Կնիկ ես, խելքիդ բան չի պառկիր,— կը կշտամբեր Խաչերը։

Այսպես ամեն օր կռիվ մը ուներ ազգին հետ։

Ովքե՞ր էին իր թշնամիները, ինքն ալ չէր գիտեր, միայն սիրտը կռիվ կուզեր, խոսք կուզեր, աղմուկ կուզեր։

Եկեղեցին ներս մտած ատենը անպայման նկատողություն մը կունենար ժամկոչին ընելու.

— Կը թողուս, որ ագռավները նստեն զանգակատան վրա և ծրտեն ու աղտոտեն,— ամենապարզը իր նկատողություններեն։


Բ

Վերջին տարիները Մարսուպ աղայի հոգեկան վիճակը սկսավ լրջորեն մտահոգիչ դառնալ, նախ՝ տնեցիներուն և ապա՝ դուրսի մարդոց։

Իր լռակյաց բնավորության հաջորդեց համրություն, և օր մըն ալ երկու ձեռքերը դրավ երկու գրպանները և ա՛լ դուրս չհանեց մինչև իր մահը։

Աչքերը կը դարձներ չորս կողմը և ապուշի նման կը նայեր։ Անվնաս, անաղմուկ, անհասկանալի հիմարություն մը սև ամպի նման իջավ վրան և մնաց։

— Հայվանի պես է,— կըսեին զինք տեսնող մոտավորները։