Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթէ ազգը լինէր ազգակցական միութիւն
(ցեղային հաւաքականութիւն) կամ քաղաքական
միաթիւն (պետական կազմակերպութիւն), պարզ
է որ երկրի նշանակութիւնը կը դառնար վճռական.
ցեղային ինքնուրոյնութիւնը կամ պետական
կազմը պահելու համար, մարդկային խմբակցութիւնները
անհրաժեշտօրէն պիտի կապուին
որոշ հողամասի հետ եւ ամփոփուին նրա սահմանների
մէջ, երկրից պոկուած՝ ոչ ցեղ կարող
է լինել, ոչ պետութիւն:

Բայց ազգը ցեղային միութիւն չէ, ոչ էլ պետական
եւ նրա կապը որոշ աշխարհագրական
վայրի հետ չի հանդիսանում իբրեւ conditio sine
qua non. ապացոյց՝ ազգագրական քարտէզները։

Դանուբի կամ Վոլգայի աւազանները, Կովկասն
ու Անդրկովկասը, Հայկական Բարձրաւանդակը
ու Փոքր Ասիան, Բալկանեան թերակղզին
ամբողջովին ու Մակեդոնիան մասնաւորապէս,
Ալպեան լեռներն ու Մերձ—Բալտեան երկիրը,
Հիւս—Ամերիկեան մեծ տափարակը ու Կենտրոնական
Ամերիկայի պարանոցը — սրանք բոլորն էլ
որոշակի սահմանուած աշխարհագրական միութիւններ
են, բայց սրանց բոլորի էլ ազգագրական
քարտէզը շատ բազմագոյն է:

Territoire-ը (երկիրը) չի բնորոշում ազգը։

Ազգերը չեն պարփակւում միայն որոշ աշխարհագրական
սահմանների մէջ, յաճախ դուրս
են գալիս այդ սահմաններից, նուաճում են ուրիշ