Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միջազգային շփումը, յարաբերութիւններն
ու կապերը — մասնաւորապէս տնտեսական կապերը -
հարիւրապատկուել են: Ամենահեռաւոր
երկիրներն ու ժողովուրղներն անգամ կապուած
են այսօր առեւտրական կապերով, փոխանակում
են ապրանք ու հում նիւթ, օգտագործում ու
շահագործում են միմեանց. աշխարհը դառել է
այսօր մի հոյակապ շուկայ, ուր մշտական շփման
մէջ են ամէն կարգի ու ամէն գոյնի մարդիկ։

Այն դրութիւնը, որը ենթադրաբար պիտի
տանէր դէպի ապազգայնացում, իրականացած Է
արդէն շատ մեծ չափերով - աւելի մեծ չափերով,
քան կարող էր երազել սրանից մի—երկու
դար առաջ ամենավառ, ամենաանղուսպ երեւակայութիւնն
անգամ: Բայց ազգերի ապազգայնացումը
չի նկատւում:

Ի հարկէ (ու բարեբախտաբար), ազգերը այսօր
շատ աւելի մօտ ճանաչում են իրար, շատ աւելի
լաւ. հասկանում միմեանց, ուրեմն էլ շատ
աւելի հեշտօրէն գտնում են մի ընդհանուր լեզու
ընդհանուր գործերը կարգադրելու համար:
Կը սիրէի աւելացնել նաեւ - մի քիչ տատանուելով
ու որոշ վերապահումներով — շատ աւելի
համբերատար ու փափկանկատ են իրար հանդէպ,
քան 5—10 սերունդ մեզանից առաջ:

Բայց այս բարեբեր փոփոխութիւնը չի չէզոքացրել
ազգային անհատականութիւնները, չի վերացրել
կամ թուլացրել ազգային կապերը: