Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

IV


Ազգային հակումները աննախընթաց թափով
հրապարակ եկան 19րդ դարի սկիզբներից։
Մասնաւորապէս շեշտուեց ազգութիւնների բուռն
տենչը՝ քաղաքականապէս ազատագրուելու եւ
ազգային անջատ պետութիւններ կազմելու։
Ազգային գիտակցութիւնն ու ազգային պահանջները
դարձան քաղաքական մի նոր, շատ կարեւոր գործօն
եւ իրանց դրոշմը դրին նորագոյն պատմութեան
վրայ:

Բալկանեան թերակղզու ազգութիւնները՝
յոյները, ռումանացիները, սերբերը, բուլղարները,
որոնք դարերով տառապած էին օտար պետութեան
լուծի տակ, ազատագրուեցին, անջատուէցին
օսմանեան կայսրութիւնից։ Բելգիան ապստամբեց
Հոլլանդիայի դէմ ու առանձին պետութիւն
կազմեց: Իտալական ազգը ազատագրուեց
Հաբսբուրդների տիրապետութիւնից, Նորվեդիան
բաժանուեց Շուէդից: Լեհաստանը արիւնահեղ
փորձեր արաւ թօթափելու իր վրայից ռուսական
լուծը, Հունգարիան՝ աւստրիականը, Իրլանդան՝
անգլիականը:

Միւս կողմից՝ Իտալիան ու Գերմանիան, որ
անցեալներում բաժանուած էին բազմաթիւ, իրար
հետ շարունակ պայքարող մանր—մունր տէրութիւնների,
համախմբուեցին, միացան եւ համազգային
հզօր պետութիւններ կազմեցին ։