Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասել՝ թէ Բալկանեան ազգերը ըմբոստացան
թուրքերի դէմ, թէ հրեայ սիոնիստները ձգտում
են մի ազգային տուն հիմնել Պաղեստինի մէջ, թէ
Հայերը անկախ յայտարարեցին իրանց 1918 թ.
կամ ֆլամանդները պահանջում են աքսորել ֆրանսական
լեզուն Գենտի համալսարանից, որովհետեւ
այս էր պահանջում ամենակարող բուրժուազիայի
դասակարգային շահերը ու այս էր
կամեցել նա,- այսպէս ասել էր նշանակէր բացասել,
խեղաթիւրել կամ անգիտակցել փաստերը,
չտեսնել կամ չկամենալ տեսնել իրականութիւնը:

Բուրժուազիան ինքնըստինքեան ու իբրեւ դասակարգ
պէտք չունի շարժման մէջ դնելու ազգերը,
ազգային ինքնահաստատման իրաւունքներ
պահանջէլու: Նոյնիսկ կարելի է ասել, որ ազգային
բնազդը շատ թուլացած է բուրժուազիայի
մէջ, մանաւանդ նրա վերին խաւերում: Զտուած,
բիւրեղացան բուրժուազիան, դասակարգի eliteն
ու ղեկավարը (խոշորագոյն կապիտալների տէրերը
կազմում են այսօր մի միջազգային կամ ապազգային
ընտանիք, - ճիշդ այնպէս, ինչպէս անցեալներում
կազմում էին այդպիսի մի ընտանիք
վեհապետական տները: Բարձր, տիրող բուրժուազիան
այսօր այլասերուած է ազգայնօրէն,
ինչպէս անցեալներում այլասերուած էր բարձր
ազնուականութիւնը։ Եւ եթէ՝ որոշ պայմանների
մէջ՝ բուրժուազիան այնուամենայնիւ հարկադրւած
է լինում յենուելու ազգային գիտակցութեան