Traduttore - traditore...
Նկատեմ անցողակի, որ այս ճշմարտութիւնը վերաբերւում է ոչ միայն դրական երկերին: Ահա երկու օրինակ բեմական արուեստից:
Տեսել եմ, ինչպէս Սարա Բերնարը ներկայացնում է Շէքսպիրի «Կլէոպատրան» ու չեմ ճանաչել ինձ ա՛յնքան ծանօթ եգիպտական թագուհուն. տաղանդաւոր դերասանուհին ֆրանսիականացրել էր անգլիական ստեղծագործութիւնը ու դրանով իսկ դաւաճանել էր հեղինակին: Սանձարձակ, անզուսպ վայրի, էստետիկական օրէնքներից ու կանոններից դուրս Շէքսպիրը անընդունելի է ֆրանսիացու համար: «Մեծ Սարան» չէր կարող ներկայացնել իսկական Շէքսպիրը,— պէտք է անպատճառ կռկէր, սանտրէր, ներկէր... Իսկ եթէ կարողանար էլ, չպիտի համարձակէր: Չպիտի համարձակէր՝ օրինակ՝ ծեծել բեմի վրայ ստրուկին. ունկնդիր սրահը իսկոյն կ՝մբոստանար այդպիսի գռեհկութեան, այդպիսի «տգեղութեան» դէմ, որ թոյլատրելի է - ծիծաղեցնելու համար - ֆարսի մէջ, բայց երբեք՝ ողբերգութեան:
Տեսել եմ Օտէոն թատրոնում Գէօթէի «Ֆաուստը», մեծ ծախքերով ու մեծ խնամքով բեմադրուած: Եւ ի՞նչ։ Գերման հանճարի տիեզերական ողբերգութիւնը բեմի վրայ իբրեւ մի շքեղ դիւթանք, շատ հաճելի աչքի համար, բայց - այդքան միայն։ Գէօթէի շունչը չկար, մնացել