Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւններ կազմելու, խօսելու, ու գրելու, ոճը:

Երեւակայեցէք, թէ այդպիսի ժառանգութիւն
ունեցող երեխան փակւում է մի գիշերօթիկ
դպրոցի մէջ, ուր իշխում է հակառակ ոճը, ուր
սովորեցնում են ու պահանջում՝ երկար ու սահուն
պարբերութիւններ: Ի՞նչ կը լինի հետեւանքը:
Այն, որ երեխան, լեզուի վերաբերմամբ անընդունակ
ու յետամնաց աշակերտ կը նկատուի:
Նրա դպրոցական շարադրութիւնները «վատ» կը
լինեն գրուած, չեն գոհացնի ուսուցիչներին: Եւ
իրօք վատ կը լինեն. ժառանգութիւնն ու դպրոցը
փոխանակ օգնէլու իրար, կռուի կը բռնուեն,
կը խանգարեն ու կը կաշկանդեն մէկը միւսին:
Երեխան բնազգային պահանջ ունի՝ կտրել խօսքը,
շուտով կէտ դնել։ Բայց չի դնում, աշխատում
է երկարացնել ու կլորացնել պարբերութիւնը,
որովհետեւ իրան ներշնչել են թէ այդ է
«լաւը»: Ու բնականօրէն չի յաջողում՝ ոչ «լաւի»,
ոչ «վատի» մէջ:

Նման մի երեւոյթ տեղի է ունենում, երբ
մարդ հարկադրւում է իւրացնելու օտար լեզու.
հինն ու նորը, սեփականն ու օտարը, բնածինն ու
արհեստականը խառնւում են իրար, չէզոքացնում
ու անզօրացնում միմեանց:

Ասել եմ արդէն ու կրկնում եմ դարձեալ, որ
չի կարելի մտածել հայերէն ու խօսել ռուսերէն.
ռուսերէն լաւ խօսելու համար պէտք է որ մարդ
նաեւ մտածի ռուսի պէս - այսինքն՝ ռուս լինի: