Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ համամարդկային հաւաքականութիւնը
կարիք ունենայ տարբեր ազգութիւնների, ինչպէս
օրքեստրը կարիք ունի տարբեր գործիքների։
Թող մարդկութեան շահերը պահանջեն, որ ես
լինեմ ու մնամ հայ...

Ես ինչո՞ւ պիտի յարգեմ այդ կարիքը կամ
ենթարկուեմ պահանջին: Ես ապրում եմ ինձ
համար, ծանրաբեռնուած ու մտահոգուած իմ
անձնական հոգսերով եւ - ներեցէք - բաւական
անտարբեր եմ մարդկութեան ապագայի հանդէպ:

Ես մի հայ մարդ եմ ու ուրիշ երկու—երեք
միլիոն հայ մարդկանց հետ կազմում եմ հայ ազգը:
Թերեւս ճիշդ է, որ այս ազգի գոյութիւնը
հարկաւոր է համամարդկային ամբողջութիւնը
լրացնելու համար, ինչպէս օրֆեստրի մէջ հարկաւոր
է կոնտրբասը՝ առաջի ջութակներին ձայնակցելու
համար: Բայց ես՝ իբր կոնտրբաս ինչո՞ւ
պիտի ձգտեմ յաւերժացնելու իմ կոնտրբասային
գրութիւնը: Ինչո՞ւ պիտի մնամ կանգնած
օրֆեստրի յետին շարքերում ու շարունակ «վըֆ–վըֆ,
վըֆ-վըֆ» անեմ... Աւելի լաւ չէ՞ — ինձ
համար աւելի լաւ չէ՞, որ խառնուեմ ջութակներէն
ու նրանց հետ միասին նուագեմ առաջնորդող
մելոդիան:

Անշուշտ, պարապ բան կը լինէր պահանջել
ինձանից, որ գիտակցօրէն ու կամովին հրաժարուեմ
իմ սեփական, իմ անմիջական կարիքներից՝
համամարդկային հեռաւոր նպատակների սիրոյն։