Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անալոգիաների մէջ առաջին տեղը պիտի տրուի
ազգային խմբաւորումներին, որ կարելի է նկատել
իբրեւ մի ուրոյն ու շատ կարեւոր օրգան համամարգկային
օրգանիզմի մէջ, — հոգեկան կեանքի
եւ հոգեկան մշակոյթի օրգան:

Ազգ—օրգանը պարազիտ չէ: Նա ոչ միայն
սպառում է, այլ եւ առատօրէն արտաբերում՝
կուտակում է, խտացնում, զարգացնում եւ անընդհատ
ստեղծագործում հոգեկան արժէքները,
— արժէքներ, առանց որի մարդը մարդ չէ:

Եւ ազգը համամարդկային օրգան է այն
մտքով, որ ամէն մի ազգային ստեղծագործութիւն
ոչ միայն ազգային է, այլ նաեւ համամարդկային,
որովհետեւ ազգային արժէքների
սպառողը ոչ միայն ազգն է, այլ եւ մարդկութիւնը
իր ամբողջութեամբ:

Միտքս պարզելու համար դիմեմ մի անգամ
եւս լեզուի օրինակին:

Ասել եմ արդէն, որ լեզուները անփոխարինելի
են ու անթարգմանելի... բնականօրէն հարց
է ծագում. եթէ ճիշդ է իմ ասածը, ապա ուրեմն
ի՞նչ համամարդկային արժէք կարող են ունենալ
այդ անթարգմանելի ազգային լեզուները: Օրինակ՝
ի՞նչ արժէք կարող են ունենալ ռուսի համար
անգլիական լեզուի հարստութիւնները, եթէ
ռուսը չի հասկանում անգլիերէն ու անգլիացու
խօսքն էլ չի կարելի թարգմանել ռուսերէնէ...

Հակասութեան մէջ չե՞մ ընկնում արդեօք: