Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգերը կային (ու կան), մինչդեռ համանուն
պետութիւնները չկային (ու չկան):

Մի ուրիշ հանգամանք եւս. պետական սահմանները
անկայուն են, ենթակայ ամէն տեսակ
պատահարների ու յանկարծական փոփոխումների
(մինչդեռ ազգը շատ աւելի հաստատուն եւ
տեւողական երեւոյթ է: Մի պատերազմի ու
դաշնագրութեան հետեւանքով (իսկ անցեալում նաեւ
վեհապետների ամուսնութեան պատճառով կամ
ժառանգական կարգով) պետութեան սահմանները
կարող են փոխուել մի օրուայ մէջ, բայց այդ
սահմանների մէջ ապրող մարդիկ մնում են ազգայնօրէն
նոյնը, ինչ որ եղել են:

Անգլիացի պատմաբան Greenը ասում է, որ
պետութիւնը պատահական երեւոյթ որ հեշտութեամբ
կարող է կազմուել ու լուծուել. մինչդեռ
ազգը իրականութիւն է, որ ոչ կարելի է շինել,
ոչ էլ քանդել:

Արտայայտութիւնը՝ իր կտրուկութեամբ,
ճիշդ չէ. պետութիւնը պատահական երեւոյթ չէ
եւ այնքան էլ հեշտութեամբ չի կազմւում. միւս
կողմից ազգութիւններն էլ շինւում են ու քանդվում:
Բայց անհերքելի է, որ վերջին պրոցեսների
համար հարկաւոր են գերազանցօրէն մեծ
ոյժեր եւ շատ երկար ժամանակ — դարեր ու սերունդներ:

Մեծ պատերազմից յետոյ (մի—երկու տարուայ
ընթացքում, մի քանի դաշնագրերով, Եւրոպայի