Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յովհ. Թումանեանը թարգմանել է ռուս ժողովրդական «բիլինաներից» մէկը - «Մուրոմի Իլիան Վլադիմիր իշխանի պալատում»: Արտակարգ յաջողութեամբ է կատարել այս խիստ դժւար գործը, լեզուն անվիճելիօրէն հայերէն է — ինչպէս եւ առհասարակ Թումանեանի ամէն մի ասած կամ գրած խօսքը, - բայց եւ այնպէս սա այն լեզուն չէ, որով նոյն Թումանէանը պատմած է՝ օրինակի համար, Սասմայ ծուռ Դաւթի վէպը:

Երկուսն էլ հայերէն են, մի քիչ տարբեր տեսակի... Եւ եթէ մեր տաղանդաւոր բանաստեղծը գիտենար անգլիերէն ու թարգմանած լինէր նաեւ անգլիական «բալլադ»ներից մէկը — այս նոր թարգմանութեան լեզուն էլ, իր հերթին՝ չէր նմանի ոչ Մուրոմցի Իլիայի, ոչ Սասմայ քուռի լեզուին. մի նոր բան կը լինէր սա՝ միշտ հայերէն մնալով հանդերձ:

Եւ մեր լեզուն շատ բան շահած կը լինէր անգլիւական «բալլադ»ի թարգմանութիւնից, ինչպէս շահել է ռուսական «բիլինայ»ի թարգմանութիւնից. թարգմանիչը, շփման գալով անգլիական լեզուի հետ, նոր գծեր ու նոր շեշտեր կը մտցնէր իր հայերէնի մէջ, ինչպէս մտցրել է՝ շփման գալով ռուսերէնի հետ:

Թերեւս անգիտակցօրէն ու ակամայից, բայց անխուսափելիօրէն անելու էր այդ:

Հայ լեզուն, որ արդէն իր կազմակերպման շրջանում բարդ է եղել, կրել է դարերի ընթաց–