Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բան է՝ մեքանիքօրէն խառնել իր լեզուին օտար
բառարան, օտար քերականութիւն, օտար ու
խորթ ոճ: Առաջի դէպքում լեզուն սնւում է,
մինչդեռ երկրորդ դէպքում՝ հիւանդանում է ու
այլասերում:

Ես ընկել եմ ռուսերէնի տիրական ազդեցութեան
տակ այն հասակում, այնպիսի պայմանների
մէջ, երբ իւրացնել՝ պահելով հանդերձ իմ
սեփականը անկարող եմ եղել։ Բայց այդ մի
օրինակի կողքին կարող եմ դնել իսկոյն մի ուրիշ
օրինակ — իմ հանգուցեալ բարեկամ Թումանեանի
օրինակը: Թումանեանը մօտեցել է ռուսերէնին
այն ժամանակ միայն, երբ անխորտակելիօրէն
հաստատուած է եղել Հայերէնի մէջ եւ
միանգամայն տարբեր արդիւնք է ստացել. այնտեղ,
ուր ես ունեցել եմ ողբալի կորուստ, Թումանեան
շահել է մեծապէս. ես փչացրել եմ ընդմի,
իմ լեզուն, Թումանեանը աւելի եւս զինել
է իրենը:

Ռուսի լեզուն թշնամի չէ իմ հայերէնին, ոչ
էլ վտանգ կամ սպառնալիք:

Վտանգ ու սպառնալիք դառնում է այն դէպքում
միայն, երբ ես չգիտեմ նրանից օգտուելու
ձեւն ու չափը կամ երբ ռուսը յարձակողականի
է դիմում ըւ, օգտուելով կողմնակի ոյժերից ու
հանգամանքներից, արգելքներ է դնում իմ լեզուի
ազատ զարգացման ու արհեստականօրէն
պատուաստում է ինձ իր ռուսերէնը: