Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ ոք չի գրաւել Վրաստանը, թէ Վրաստանը այսօր
էլ մնում է Վրաստան ու փոխուել է միայն
պետական վարչաձեւը — մի բան, որ ամէն մի
պետութեան կատարեալ իրաւունքն է: Վրաստանի
աշխատաւորական զանգուածները, բանուորութիւնն
ու ընչազուրկ գիւղացիութիւնը — այսինքն՝
ազգաբնակութեան ճնշող մեծամասնութիւնը —
ըմբոստացել է մանր—բուրժուական
վարչաձեւի դէմ, տապալել է մենչեւիկների լուծը,
հաստատել է բանուորա—գիւղացիական իշխանութիւն
ու ապա կապուել է դաշնակցական
կապերով խորհրդային միւս պետութիւնների
հետ... Սա ինքնորոշման սկզբունքին հակառակ
բան չէ, այլ փայլուն ու լրիւ իրագործումը:

Չվիճենք ռուսների ու ռումինների հետ
դա բեսարաբցիների ու վրացիների գործն է,
այլ արձանագրենք, մի անգամ եւս, որ վիճող
կողմերը — երկուսն էլ — աշխատում են յենուել
երկրների ազատ կամքի վրայ, որ երկուսն էլ
յայտարարում են անբռնաբարելի:

Այսպէս ուրեմն, սկզբունքի վերաբերմամբ
վէճ չկայ այլեւս: Ժողովուրդների, ազգերի ու
ազգային հատուածների ինքնորոշման իրաւունքը
— հետեւապէս եւ սեփական պետութիւններ կազմելու
իրաւունքը — ճանաչուած է, յայտարարուած
ու ընդունուած։ Միքազգային ու միջպետական
կնճռոտ վէճերը փաստարանւում են այսօր,
պաշտպանւում ու հերքւում այդ իրաւունքի
անունով։