Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ կարգի մի օրինակ.

Մեծ պատերազմի սկզբին, երեք շաբաթուայ
ընթացքում, Գերմանիան զէնքով նուաճեց, տիրացաւ
ամբողջ Բելգիային, իսկ չորս տարի անցած,
պատերազմի վերջին, հարկադրուած եղաւ
ոչ միայն դատարկել երկիրը, այլեւ ենթարկուեց
առասպելական տուգանքի՝ բելգիացիների աւերուած
տնտեսութիւնը վերաշինելու անուան տակ:
Փոքրիկ Բելգիան յաղթեց պատերազմի դաշտում
ահարկու Գերմանիային եւ լիուլի օգտուեց յաղթողի
բոլոր հնարաւորութիւններից: Ի՞նչպէս
պատահեց այս հրաշքը, ինչո՞ւ Գերմանիան — ամենազօր
Գերմանիան — տուեց իր օձիքը անզօր
հարեւանի ձեռքը, որ այսօր խեղդում է իրեն,
թալանում ու ցեխին հաւասարեցնում: Որովհետեւ
Բելգիայի հետ էին — ու մասամբ են
Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Հիւսիսային
Ամերիկան, Ճափոնիան... Այս է իր ոյժի գաղտնիքը:
Եւ սա բացառիկ դէպք չէ, այլ շատ ընդհանրացած
երեւոյթ. իրականութեան մէջ փոքր
պետութիւնները չեն մնում մեկուսացած, աշխարհից
կտրուած ու միմիայն սեփական կարողութեան
ապաւինած: Քաղաքական շատ բարդ
ու կնճռոտ combinaisonների նրանք կապուած
են լինում, աւելի կամ պակաս հաստատուն, աւելի
կամ պակաս տեւողական կապերով, ուրիշ
պետութիւնների կամ պետական խմբակցութիւնների
հետ՝ ընդհանուր շահերը ընդհանուր ոյժե–