Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնաքարը 1918 թ. Մայիս 28ին ու այսօր մենք
ունենք Հայաստանի Խորհրդային Հանրապետութիւնը։

Բայց պետութիւն է արդեօք այս հանրապետութիւնը:

Այո՛, պետութիւն է այն իմաստով, ինչ իմաստով
պետութիւններ են Վիւրտենբերդի հանրապետութիւնը
գերմանական Միութեան մէջ,
Նեւշատէլ կանտոնը Զուիցերիական կոնֆեդերացիայի
մէջ կամ Կալիֆորնիա ստէյֆը Հիւսիս–
ամերիկեան Միացեալ Նահանգների մէջ: Եւ աւելի
ճիշդը՝ պետութիւն է այն իմաստով, ինչ
իմաստով պետութիւններ են Վիկտորիան Աւստրալիական
դաշնակցութեան մէջ, Օնտարիոն՝
կանադական ու Տրանսվայը՝ Հարաւ-աֆրիկեան
դաշնակցութեան մէջ:

Ինչպէս Օնտարիոն կապուած է դաշնակցային
կապերով կանադական միւս նահանգների հետ ու
սրանց հետ միասին մտնում է Անգլիայի շուրջ
խմբուած Միութեան մէջ, այնպէս էլ Հայաստանը
կապուած է դաշնակցային սերտ կապերով
անդրկովկասեան միւս հանրապետութիւնների —
Վրաստանի ու Ադրբեջանի — հետ ու ապա՝ սրանց
հետ միասին՝ մտնում է Ռուսաստանի շուրջը
խմբուած Խորհրդային Միութեան մէջ[1]:

  1. Այժմ Հայաստանը
    ուղղակի անդամ է Խորհրդային Միութեան: