Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուն, այլ եւ չեն սիրում յիշել ու յաճախ ուրանում
են իրանց հայ լինելը: Մինչդեռ կախեթիայի
կամ Քարթալինայի հայ—լուսաւորչականները (որ
նոյնպէս վրացախօս են) պահել են անխախտ
ազգային գիտակցութիւնը. սրանց համար լուսաւորչական
եկեղեցին հանդիսացել է անցեալում եւ
մեծ չափերով մնում է մինչեւ այսօր էլ իբրեւ ամէնից
կենդանի ու ամէնից կենսունակ կապ՝ ազգային
միութիւնը պահպանելու համար:

Մի ուրիշ օրինակ: Թիւրքիայի հայ—կաթոլիկներն
ու հայ—բողոքականները մինչեւ վերջին
տասնամեակը (մինչեւ Մեծ Պատերազմը, որ ուժգին
զարկ տուեց ժողովուրդների ազգային գիտակցութեան)
մնացել էին անմասնակից հայ ազատագրական
շարժումներին: Շարժումները բացարձակապէս
ազգային—քաղաքական էին, չունէին
ոչ մի առնչութիւն դաւանական բաժանումների
հետ. բայց եւ այնպէս, ոչ—լուսաւորչական հատուածները
բռնել էին չէզոք, նոյնիսկ անբարեացակամ
հանդիսատեսների դիրք: Ոչ միայն չէին
միանում լուսաւորչականներին՝ համազգային դատը
պաշտպանելու համար, այլ եւ ամէն կերպ աշատում
էին ցուցադրել, որ կապ չունեն հայութեան
հետ, որ իրանք տարբեր մարդիկ են, տարբեր
ըմբռնումներով ու տարբեր ցանկութիւններով:
Օտար դաւանանքը մթնացրել էր հայ մարդու
ազգային գիտակցութիւնը, անդամահատ էր