Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր կենդանի իտալական լեզուն եւ որովհետեւ,
միմեանցից անջատուած Պիեմոնտում ու Սարդինիայում,
Տոսկանայում ու Հռովմում, Վենետիկում
ու Ջենովայում մարդիկ կարդում էին Դանտէի
հոյակապ տեսիլները ու Բոկկաչիոյի գողտրիկ
պատմութիւնները, սնւում էին նոյն լեզուով
ու փոխադարձ կապւում լեզուային պինդ
կապերով,- իտալական ազգը մնաց կենդանի ու
կենսունակ:

Պարսիկները, հռովմԷացիները, բիւզանդական
յոյները, արաբները, թուրքերն ու ռուսները՝
յաջորդաբար, մէկը միւսի ետեւից՝ սրով ու
հրով մտան Հայաստան, քանդեցին ու աւերեցին
երկիրը, ստրկացրին ժողովուրդը, անդամահատ
արին ազգային մարմինը, պետական սահմաններով
բաժանեցին իրարից ազգային հատուածները։
Բայց, որովհետեւ Սիւնիքում ու Շիրակում, Արարատեան
դաշտում ու Կիլիկեան լեռներում,
Տարօնում ու Վասպուրականում հայ մարդիկ շարունակում
էին խօսել հայ լեզուն, կարդում էին
Խորենացու ու Նարեկացու գրքերը, սնւում էին
թարգմանիչներից ժառանգած լեզուային անսպառ
հարստութիւններից, — հայ ազգը մնաց կենդանի
ու կենսունակ:

Ազգը կենդանի է իր լեզուով, ինչպէս եւ լեզուն
կենդանի է այնչափ միայն, որչափ կենդանի
է ազգը։

Լեզուի մահը՝ ազգի մահն է, ինչպէս եւ ազգի
մահը լեզուի մահն է: