Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազատության ջերմ փափագով
Ազգից խնդրեց ողջակեզ,
Նոքա անլաց, վառված հոգով
Վերջի՜ն համբույր տվին ձեզ…

Վերջի՜ն համբույր… Եվ սըլացա՜ն
Դեպի լեռներ արնաներկ.
Մատաղ ձեռքին — սուր, հրացան
Վարդ-շրթունքին — ազատ երգ…
Մի՛ լաք, մայրե՛ր, դուք երջանի՜կ
Եվ անմա՜հ եք, որ ազգին
Պարգևեցիք հերո՛ս որդիք.
Փառք չի՛ հասնիլ ձեր փառքին…


ԻՄ ՕՐԱԳՐԻՑ

Այսքան չարություն, այսքա՜ն անողոք
Բախտի հալածանք և թույն տանջանքի
Անմեղի արցունք, անզորի բողոք…
Օ՜, մի՞թե այս է կամքը երկնքի,
Մի՜թե լոկ ծաղրի համար ես, աստվա՛ծ,
Խեղճին, տկարին դու կյանք պարգևած…


ՍԻՐԵԼԻ՛ ԸՆԿԵՐ…

Սիրելի՛ ընկեր, դու մի՛ զարմանար,
Որ մատաղ կյանքիս եռուն հասակում
Այնքա՜ն տխուր է հնչում իմ քընար։
Վիշտ ու թախիծ ես կարդում իմ երգում։

Ծնված հեգ երգիչ մի դժբախտ ազգի,
Միշտ մըռայլ տեսա երկինքը գլխիս.
Ես շատ վա՛ղ ուսա տանջանքը կյանքի,
Վա՛ղ մտերմացավ վըշտի հետ հոգիս։